Զարնենի սպիտակ գիրք

ձեռագիր

Զարնենի սպիտակ գիրք (գերմ.՝ Weisse Buch von Sarnen), միջնադարյան Շվեյցարիայի պատմական տարեգրությունների և փաստաթղթերի ձեռագիր ժողովածու, որը կազմել է մատենագիր Հանս Շրիբերը[1] 1470-1472 թվականներին, այնուհետև նրա կողմից լրացումներ են կատարվել մինչև 1474 թվականը։ Այդ գործը շարունակել են հինգ այլ հեղինակներ 1481-1607 թվականներին։ Պահվում է Զարնեն քաղաքի Վհուկների ամրոցի պետական արխիվում[2]։

Զարնենի սպիտակ գիրք
Վհուկների աշտարակը Զարնենում

Բովանդակություն խմբագրել

Զարնենի սպիտակ գիրքը բաղկացած է երկու մասից։ Առաջին մասում, մոտավորապես 350 էջերում, շարադրված է Օբվալդեն կանտոնի պատմությանը, տնտեսությանը և գույքային հարաբերություններին առնչվող տարբեր փաստաթղթերի բովանդակությունը, ներառյալ այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են ձևավորվող Համադաշնության[1] անդամների հարաբերություններին։ Դրանք տեքստեր են, որոնք պարունակում են տվյալներ կենտրոնական Շվեյցարիայի տարբեր քաղաքների և շրջանների, իշխանների և տիրակալների, եպիսկոպոսների և հոգևորականների, ֆրանսիական և գերմանական թագավորների, ձկնորսության իրավունքների մասին որոշումներին, 1424 թվականից Լյուցեռնի և Ալպնախի միջև նավարկության կարգավորման, սահմանային հարցերի և այլ իրադարձությունների մասին՝ սկսած 1315 թվականից։ 22 էջանոց երկրորդ մասում նկարագրված է Ուրի, Շվից և Ունտերվալդեն կանտոնների պատմությունը։ Այդտեղ, 14-րդ դարի կեսերի ավելի վաղ աղբյուրների հիման վրա, առաջին անգամ ներկայացվում են ավելի հին լեգենդար պատմության հիմնական դրվագները՝ օտար նվաճողներից շվեյցարացիների ազատագրվելու և պատմական այլ իրադարձությունների մասին, որոնք հետագայում դարձան քրեստոմատիական՝ չար ֆոգտը, ով կոպտորեն խախտելով իր իրավասության սահմանները ծաղրում էր թույլերին ու աղքատներին, ճանապարհը, «Ռյութլիի երդմանը» տանող ուղին, Համադաշնության ստեղծումը և այլն։ Այդտեղ պատմվում է նաև ոմն «Thall»-ի (Վիլհելմ Տելլ) և նրա հակառակորդ «Gijssler»-ի, Ուրի և Շվիցի կուսակալ Հերման Գեսլերի մասին, ով կախել էր էրցհերցոգի գլխարկը Ալտդորֆի կենտրոնական հրապարակի լորենու վրա։

Պատմություն խմբագրել

1507 թվականին մատենագիր Պետերման Էտերլինը Սպիտակ գրքի տեքստերի մի մասը, հիմնականում Վիլհելմ Տելլի պատմությունը, տեղափոխել է իր «Շվեյցարական Համադաշնության տարեգրություն»։ Իսկ 1534-1536 թվականներին գլարուսցի պատմաբան Էգիդի Չուդին միավորել է Սպիտակ գրքից և իրեն հայտնի մի շարք այլ աղբյուրներից ունեցած տեղեկություններ։ Դրա արդյունքում գրվել է «Շվեյցարիայի պատմություն»-ը (Chronicon Helveticum), որը շատ տարածված էր մի քանի դարերի ընթացքում։ Սակայն այդտեղ նկարագրված իրադարձությունների պատմական հավաստիության մասին գիտությունը սպառիչ ապացույցներ չունի։ Այնուամենայնիվ, 1734-1736 թվականներին Բազելում հրատարակված Սպիտակ գրքի պատճենի հիման վրա Ֆրիդրիխ Շիլլերի գրած հանրահայտ «Վիլյամ Տելլ» դրաման, Շվեյցարիայի անկախության համար այդ առասպելական մարտիկի պատմությունը և առաջին երեք կանտոնների ներկայացուցիչների մտացածին երդումը Ռութլիում (1307), համաշխարհային համբավ են ձեռք բերել։ Այդ ժամանակ Սպիտակ գրքի առաջին ստեղծող՝ 15-րդ դարի համայնքային գրագիր Հանս Շրիբերը, լիովին մոռացվել է։

Երկրորդ անգամ Զարնենի սպիտակ գիրքը պատահաբար հայտնաբերվել է 1854 թվականին՝ լքված ձեղնահարկում, հին թղթերի մեջ։ Կանչով Զարնեն ժամանած Ցյուրիխի պետական արխիվագետ Հերոլդ Մեյեր ֆոն Կնոնաուն, անմիջապես գտածոյի մեջ ճանաչել է երկրի խոշորագույն  գրավոր ազգային հուշամատյաններից մեկը։ Հետագայում Սպիտակ գրքի մասին իմանում է նաև Ցյուրիխի պատմության պրոֆեսոր Գեորգ ֆոն Վիսը և նրա ու ֆոն Կնոնաուի միջև պայքար է սկսվել սկզբնաղբյուրը հրապարակելու իրավունքի համար։ Միայն 1928 թվականին Նիդվալդենից պետական արխիվագետ Ռոբերտ Դյուրերը կարողացել է գիտականորեն ապացուցել, որ հենց Հանս Շրիբերն է եղել Սպիտակ գրքի և համապատասխանաբար, Վիլհելմ Տելի պատմության հեղինակը։ Գերմանագետ Պիտեր ֆոն Մետը Սպիտակ գրքի և Հանս Շրիբերի մասին գրել է․ «Շվեյցարացի ոչ մի հեղինակ չի ստեղծել ավելի մեծ նշանակություն ունեցող ստեղծագործություն («Kein Schweizer Autor hat je ein Werk von grösserer Wirkung verfasst.»):

2012 թվականից Զարնենի սպիտակ գրքի ֆաքսիմիլեն հասանելի է նաև առցանց։

Գրականություն խմբագրել

  • Gerold Meyer von Knonau: Die Chronik im weissen Buche zu Sarnen. Zürich, 1857.
  • Bergier, Jean-François. Wilhelm Tell: Realität und Mythos. München: Paul List Verlag, 1990.
  • Johnson, Edgar N. "Reviews" Speculum 26.2 (1951): 428–430.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bergier, p 63.
  2. Johnson, p 428.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարնենի սպիտակ գիրք» հոդվածին։