Երևանի կրկես
Երևանի պետական կրկես, Հայաստանի գլխավոր կրկեսն է և նրա կոլեկտիվը։ Հիմնվել է 1956 թվականին։
Երևանի կրկեսը 2019 թվականին | |
Տեսակ | կրկեսի շենք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Կենտրոն վարչական շրջան |
Հիմնադրված է | 1930 |
Փոխարինված է | Երևանի կրկես |
Պատմություն
խմբագրելԿրկեսի հայ արտիստները մինչև 1956 թվականը հանդես են եկել պետական կրկեսների կենտրոնական վարչության համակարգի զանազան կոլեկտիվներում։ Հայկական կրկեսի զարգացմանը մեծապես նպաստել է հեծանվորդներ Վարդանովների ընտանիքը։ 20-րդ դարի սկզբին տարբեր կրկեսներում հաջողությամբ գործել են նաև Ա․ Մինասովը (ակրոբատ), էկվիլիբրիստներ Մանուկյանների ընտանիքը (Ռ․ Մանուկյանն առաջինն է արժանացել ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման)։ 1956 թվականին, հայկական արվեստի և գրականության տասնօրյակի նախօրեին, ստեղծվել է հայկական կրկեսի կոլեկտիվը (1961 թվականից՝ «Երևան»), որի գեղարվեստական ղեկավարն էր ճանաչված էկվիլիբրիստ Վ․ Արգումանյանը։ Կոլեկտիվի առջև դրված էր ազգային ինքնատիպ կրկես ստեղծելու խնդիրը։
Արտիստներ
խմբագրելԿոլեկտիվում իր ստեղծագործությամբ որոշակի տեղ ուներ ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Ն․ Շիրայը։ Տրյուկը և կերպարը ճշգրիտ գոյակցել են ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ա․ Մաղդասյանի «Բրոնզե մարդիկ» համարում, որը ներկայացվել է խմբային ակրոբատիկայի ժանրով։ Ուժային ակրոբատիկայի ժանրում հաջողությամբ հանդես են եկել Ռ․ Մանասարյանը և Ռ․ Կասեևը։ Պլաստիկական էտյուդով ելույթ է ունեցել Ն․ Պապյանը, վարժեցված շնիկներով՝ Հայկական ՍՍՀ վաստակավոր արտիստ Շ․ Գևորգյանը, ծաղրածուական համարներով՝ Ռ․ Հարությունյանը և Լ․ Միներևյանը։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ստեփան Իսահակյանը սովետական կրկեսի նոր ուղղության վարժեցնող է։ Նրա «Կենդանիների խառը խումբ» ատրակցիոնի հիմքը հայկայկան ժողովրդական հեքիաթի հերոս Քաջ Նազարի արկածներն են։ Օդային մարմնամարզուհի ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Ե․ Ավանեսովայի համարներն աչքի են ընկել կատարման բարձր տեխնիկայով։ Իրենց ինքնատիպ արվեստով առանձնանում են ակրոբատներ Ի․ Շեստուան և Ասատրյան եղբայրները։ Հայկական կրկեսի և թատրոնի ավանդույթները խիստ կապված են միմյանց։
Հայկական կրկեսի լարախաղացներ Դ․ Գրիգորյանի, Ս․ Մինասյանի, Ն․ Մանուկյանի, Ա․ Ղարիբյանի ելույթներն ուղեկցվել են հայկական ժողովրդական գործիքների նվագակցությամբ։ Կրկեսային արվեստի զարգացմանը մեծապես նպաստել են ակրոբատ էքսցենտրիկների (ղեկ․ Հ․ Խազխազյան) և ակրոբատցատկորդների (ղեկ․ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ա․ Դուդուկչյան) խմբերը։ Երկար տարիներ հայկական կրկեսի կոլեկտիվում են աշխատել ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Բ․ Ղազարյանը (1973 թվականից՝ հայկական կրկեսի կոլեկտիվի ղեկ․)։ Նա ղեկավարել է «Ակրոբատներ գնդերի վրա» համարը, ուր դրսևորված է սպորտի անխզելի կապը կրկեսի հետ։ Նորարար արտիստ Վ․ Բենիամինովը (Բենիամինյան) մշակել է «Անցասանդուղք» ինքնատիպ տրյուկային համարը։ Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստներ, եղբայրներ Մ․ և Ռ․ Հակոբյանները (օդային մարմնամարզիկներ) տրյուկներով ստեղծել են թեմատիկ ներկայացում։ 1969 թվականից Մ․ Հակոբյանը կնոջ՝ Ա․ Հակոբյանի հետ հանդես է եկել որպես ձեռնածու։ Ռ․ Հակոբյանի (ծաղրածու 1972 թվականից) արվեստը տոգորված է լավատեսությամբ։ Հայկական կրկեսում մեծ ծառայություն ունի ծաղրածու, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Վ․ Մելիքջանյանը։ Երաժշտական էքսցենտրիկայի ժանրում հաջողությամբ ստեղծագործում են ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Բ․ Մարտիրոսյանը, Ս․ Դանիելյանը և Դ․ Սարգսյանը։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Մ․ Բաղդասարովը վարժեցված գազաններով ստեղծել է «Սասունցի Դավիթ» խառն ատրակցիոնը։ Հայկական կրկեսի կոլեկտիվում գործում են՝ Ն․ և Դ․ Մինասովների «Արջի բենեֆիս» ատրակցիոնը, Վ․ Արզումանովայի «Վարժեցված շընիկները», Դ․ Բաղդասարովի «Վարժեցված իշուկները», Ռ․ Նիկողոսյանի ղեկավարած «Խմբային աճպարարները», էկվիլիբրիստներ Ի․ և Ռ․ Սարոդյանները, սալտոմորտալիստ (ձիու վրա) Ու․ Սարգսյանը, «Ուրախ հովիվներ» Կ․ և Լ․Գալստյանները, «Գեղարվեստական-ակրոբատիկ կանանց խումբը»՝ Ռ․ Ղազարյանի գլխավորությամբ, ուժային ակրոբատներ Կ․ և Դ․ Գասպարյանները, ծաղրածու Ա․ Փիլոսյանը և ուրիշներ։
Շենքը
խմբագրել1930-ական թվականներին Երևանում եղել է փայտաշեն ժամանակավոր կրկես։ Երևանի կրկեսի առաջին շենքը գտնվում էր ներկայիս կրկեսի վայրում և նախատեսված էր 800 հանդիսատեսի համար։ Շենքի հեղինակն էր Նիկողայոս Բունիաթյանը։ 1939 թվականին նույն տեղում կառուցվել է նոր շենք (ճարտարապետներ՝ Ա.Ասատրյան և Ալեքսանդր Սահինյան), որը հիմնովին վերակառուցվել է 1950 թվականին ճարտարապետներ Վաղարշակ Բելուբեկյանի և Կառլեն Վարդանյանի նախագծով, իսկ 1962 թվականին այն կրկին վերակառուցվել է։ 2011 թվականից շենքը վթարային վիճակում էր, սկսվեց նրա վերանորոգումը, բայց 2012 թվականի սեպտեմբերի 8-ին պայթեցվեց[1]՝ 2014 թվականի նոր կրկես ունենալու պայմանով[2]։ Նախագծի համաձայն՝ կրկեսի գմբեթի բարձրությունը նախկին 16.5 մետրից կհասնի մինչև 21 մետր։ Նստատեղերի քանակը 700-ից կդառնա 1700[3]։
1995 թվականին կրկեսի շենքի առջև կանգնեցվել է ծաղրածու, կրկեսի հայ դերասան Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը։ Քանդակագործը Լևոն Թոքմաջյանն է։
Պատկերասրահ
խմբագրել-
Առաջին փայտե շինության նկարը
-
Երևանի պետական կրկեսի նախկին շենքը
-
Երևանի կրկեսի 50-ամյակին նվիրվածը 2006 թվականի ՀՀ փոստային նամականիշ
-
Լեոնիդ Ենգիբարյանի հուշարձանը
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Երևանի պետական կրկես կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |