Լեոնիդ Ենգիբարյան
Լեոնիդ Ենգիբարյան (մարտի 15, 1935[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 25, 1972, Մոսկվա, ԽՍՀՄ), ծաղրածու, մնջկատակ, կրկեսի հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1971)։
Լեոնիդ Ենգիբարյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 15, 1935[1] |
Ծննդավայր | Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | հուլիսի 25, 1972 (37 տարեկանում) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | կրկեսային և էստրադային արվեստի պետական ուսումնարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, ծաղրածու, կրկեսի արտիստ, բռնցքամարտիկ, միմոս, գրող և թատերական ռեժիսոր |
Ակտիվ շրջան | 1952-1972 |
Ամուսին(ներ) | Յարմիլա Գալամկովա |
Երեխա(ներ) | Բարբարա Ենգիբարյան |
Պարգևներ և մրցանակներ | ՀԽՍՀ ժողովրդական արտիստ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Մոսկվայում։ Հայրը «Մետրոպոլ» ռեստորանի շեֆ-խոհարարն էր։ Ենգիբարյանների ընտանիքը ապրում էր Մոսկվայի Մարյինա Ռոշչայում, մեկ հարկանի փայտե տանը։
Մինչև իր կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարյանը փորձել է մի քանի այլ մասնագիտություններ։ 1952 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է ձկնային տնտեսության ինստիտուտ։ Սակայն այնտեղ սովորել է ընդամենը կես տարի՝ տեղափոխվել է ֆիզկուլտուրայի ինստիտուտ։ Այդ ժամանակ նա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր և մինչև 1950-ական թվականների կեսերը լավ արդյունքների էր կարողացել հասնել այդ բնագավառում։
1952-1953 մրցաշրջանում բռնցքամարտի Մոսկվայի առաջնությունում Ենգիբարյանը տանում է 9 հաղթանակ և պարտվում ընդամենը մեկ անգամ։ Արդյունքում գրավում է 3-րդ տեղը իր քաշային կարգում։ 1952 թվականին սկսելով երրորդ կարգից՝ 1954 թվականին արդեն առաջին կարգային բռնցքամարտիկ էր։
Գործունեությունը կրկեսում և կինոյումԽմբագրել
1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է կլոունադայի բաժին և Լեոնիդը ընդունվում է այդտեղ։ 1959 թվականին, ավարտելով ուսումնարանը, գալիս է Երևան և ընդունվում հայկական կրկեսախումբ։ 1956 թվականից Լեոնիդը նկարահանվել է կինոյում։ 1958 թվականին նա հայտնվել էր «Կոմունիստ» ֆիլմի փոքրիկ մի դրվագում՝ խաղալով կինոնկարի գլխավոր հերոսին սպանող հանցագործներից մեկի կերպարը։ 1962 թվականին արտիստին առաջարկեցին կինոյում խաղալ ինքն իրեն։ Հենրիկ Մալյանը և Լևոն Իսահակյանը մտահղացել էին ֆիլմ նկարել կրկեսի ծաղրածուի մասին և այն անվանել էին «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թվական)։
1964 թվականին Պրահայում տեղի ունեցած ծաղրածուների միջազգային մրցույթում Ենգիբարյանն արժանանում է առաջին մրցանակի՝ Է. Բասի անվան գավաթին։ 1960-ական թվականների վերջերը ամենահաջողն էին Ենգիբարյանի ստեղծագործական կենսագրության մեջ։ Նա հաջողութամբ հյուրախաղերով հանդես է գալիս ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս (Ռումինիա, Լեհաստան, Չեխոսլովակիա)։ Կրկեսից բացի հանդես է գալիս էստրադայում «Մնջախաղի երեկոներով»։ Բացի այդ գրում է փայլուն արձակ ստեղծագործություններ։ Կինոյում նկարահանվում է այնպիսի վարպետների մոտ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը («Մոռացված նախնիների ստվերները», 1964 թվական), Ռոլան Բիկովը («Այբոլիտ-66» 1967 թվական), նույն թվականին նկարահանվում է «Մանեժում պատանեկությունն է» ֆիլմում։ Վասիլի Շուկշինը («Վառարան-նստարաններ», 1972), Թենգիզ Աբուլաձեն («Վզնոց իմ սիրելիի համար», 1972)։
Այդ նույն ժամանակ էլ նկարահանվում են տաղանդավոր ծաղրածուի ստեղծագործության մասին պատմող երկու ֆիլմ. «Ծանոթացեք՝ Լեոնիդ Ենգիբարյան» և «2-Լեոնիդ-2»։ Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ» 1971 թվական, «Վերջին ռաունդ» 1984 թվականին գրքերը (երկուսն էլ ռուսերեն), արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող։ 1971 թվականին Ենգիբարյանը հեռանում է «Սոյուզգոսցիրկից»՝ այն բանից հետո, երբ իր գործընկեր Բելովին չեն թույլատրում իր հետ մեկնել արտասահմանյան հյուրախաղերի։
Գործունեությունը մնջախաղի էստրադային թատրոնումԽմբագրել
Ենգիբարյանը ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոնը՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությանը»։ Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրև», «Ծաղրածուի տարօրինակությունները»։ Նա ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարանները, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում։ Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջ ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», «Ջութակ», «Լույս և ստվեր» և այլ մանրապատումներ։
Լեոնիդ Ենգիբարյանը մահացել է Մոսկվայի իր բնակարանում։
1972 թվականին Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան (հիմնադիր և ղեկավար՝ Սոս Պետրոսյան), կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը (1995 թվական), քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան)։
Լեոնիդ Ենգիբարյանի անվան փառատոնԽմբագրել
Երկու տարին մեկ Ծաղկաձորում կազմակերպվում է Մնջախաղի միջազգային փառատոն՝ ՀՀ Մշակույթի նախարարության, Երևանի մնջախաղի պետական թատրոնի, Ազգային թատերական ստեղծագործական միավորման և Ծաղկաձորի քաղաքապետարանի կողմից։ 2010 թվականին Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը Ծաղկաձորում կոչվեց հայտնի ծաղրածու-մնջախաղաց Լեոնիդ Ենգիբարյանի անունով։ Իսկ արդեն 2012 թվականին, երբ Ծաղկաձորում անցկացվեց հերթական Մնջախաղի միջազգային փառատոնը, կենտրոնական հրապարակում տեղադրվեց աշխարհահռչակ Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե արձանը։
2008, 2010 և 2012 թվականներին անցկացված փառատոների շրջանակներում մասնակցել են թատերախմբեր և անհատ կատարողներ Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Ռուսաստանից, Լատվիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից, Լեհաստանից, Դանիայից, Ճապոնիայից, Ղազախստանից, ինչպես նաև հայկական թատերական, կրկեսային խմբեր, նվագախմբեր, հրե շոուներ, երիտասարդական խմբեր։ Հաջորդ փառատոնը կայանալու է 2014 թվականին՝ օգոստոսի 10-15-ը։
Ֆիլմեր Ենգիբարյանի մասինԽմբագրել
- «Վառարան-նստարաններ», ռեժիսոր՝ Վասիլիյ Շուշկին, 1975
- «Մեր մանկության կրկեսը», ռեժիսոր՝ Ալեքսեյ Գաբրիլովիչ, 1983
- «Լեոնիդ Ենգիբարով», ռեժիսոր՝ Լիլիան Ստեփանյան,1984
- «Մարդը՝դեղին մոլորակից», թողարկում Իգոր Կիոյի «Բոլորը ծաղրածու են։ 4-րդ եթերաշրջան։ Լեոնիդ Ենգիբարով»,1986
- «Լեոնիդ Ենգիբարյան։ Հեռուստամեմուարներ։ Նա արևոտ ծաղրածու էր...» Ռոլան Բիկովը Լեոնիդ Ենգիբարյանի մասին
- «Լեոնիդ Ենգիբարյան-բոլոր ռեպրիզները», Մարիետա Ռուդինա, 1993
- «Լեոնիդ Ենգիբարյան», Վլադիմիր Օրենով, 1997
- «Գրպանահատների արքան»։ Լեոնիդ Ենգիբարյան
- «Լյոնյա, մեզ մի բան ցույց տուր», ռեժիսոր՝ Տատյանա Վիլկինա
- «Աստղային ծաղրածուն», անիմացիոն կինոնկար, ռեժիսոր՝ Կսենիա Կռատովա, սցենարի հեղինակ՝ Մարիա Ռոմանուշկո, 2003
- «Ծիծաղի արքաները։ Ենգիբարյան», ռեժիսոր՝ Դմիտրի Լյուտիկով, 2003
- «Լեոնիդ Ենգիբարյան(Ինչպես գնացին կուռքերը)» 2006
- «Սիրտը՝ափի մեջ», նվիրվել է Լեոնիդ Ենգիբարյանի 70 ամյակին, 2005
- «Լեոնիդ Ենգիբարյան. ժպիտ՝ արցունքների միջից», ռեժիսոր՝ Սերգեյ Խալոդնիյ, 2005
- «Պոետն ու ծաղրածուն», ռեժիսոր՝ Օլեգ Վասին, 2008
- «Ճանապարհ դեպի կրկես», ռեժիսորներ՝ Լևոն Իսահակյան, Հենրիկ Մալյան, 1963
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Енгибаров Леонид Георгиевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.