Երաժշտության պատմություն

Երաժշտության պատմությունը երաժշտագիտության (գիտություն և ուսումնական գիտակարգ) բնագավառ է, որն ուսումնասիրում է երաժշտությունն ըստ դարաշրջանների, երկրների և դպրոցների։ Երաժշտությունը, որպես մշակույթի մաս, գտնվում է նրա բոլոր բաղկացուցիչ մասերի ազդեցության տակ՝ ներառյալ սոցիալ-տնտեսական կազմակերպությունը և փորձը, կլիման և տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունը։ Երաժշտության մեջ արտահայտվող զգացմունքներն ու գաղափարները, իրավիճակները, որոնցում երաժշտությունը կատարվում և ընկալվում է, ինչպես նաև, վերաբերմունքը կատարողների և կոմպոզիտորների նկատմամբ փոփոխվում է՝ կախված տարածաշրջանից ու դարաշրջանից։

Երաժշտական խումբ Բրիլեում

Խորհրդային մեթոդաբանական ավանդույթը (Յու․ Վ․ Կելդիշ) երաժշտության պատմության մեջ ընդգրկել է նաև երաժշտական հնագրությունը, երաժշտական ձևերի համակարգումն իրենց պատմական զարգացման մեջ և գործիքագիտությունը[1]։ Երաժշտական հնագրությամբ արևմտյան գիտության մեջ զբաղվում են բանասերները, ձևն ուսումնասիրում են երաժշտության տեսաբանները, իսկ գործիքներն (դրանց կառուցվածքը, պատմական նկարագրությունը, ձայնաբանական համակարգը) ուսումնասիրում են բոլոր երաժշտագետները (պատմաբաններ, տեսաբաններ, երաժշտագետ-բանահավաքներ և ուրիշներ)՝ առանց բացառության։

Պարբերացում խմբագրել

Նախապատմական երաժշտություն խմբագրել

Ենթադրվում է, որ ժամանակակից մարդու ի հայտ գալը տեղի է ունեցել շուրջ 160․000 տարի առաջ Աֆրիկայում։ Մոտ 50․000 տարի առաջ մարդիկ բնակեցրել են կյանքի համար պիտանի բոլոր մայրցամաքները։ Քանի որ աշխարհի բոլոր մարդիկ, ներառյալ ամենաշատ մեկուսացած ցեղային խմբերը, տիրապետում են երաժշտության որոշակի ձևերի, պատմաբանները հանգել են այն եզրակացության, որ երաժշտությունն առաջինը պիտի որ ծագեր Աֆրիկայում՝ առաջին մարդկանց շրջանում, մինչ նրանց տարաբնակեցումը Երկրագնդով մեկ։ Ենթադրվում է, որ Աֆրիկայում առաջանալուց հետո երաժշտությունը գոյություն ունի, առնվազն, 50․000 տարի և, աստիճանաբար, դառնում է մարդկային կյանքի անբաժանելի մասը ողջ Երկրագնդում[2]։

Նախապատմական կամ պարզունակ ընդունված է անվանել բանավոր երաժշտական ավանդույթը։ Ժամանակակից ամերիկյան և ավստրալիական աբորիգենների երաժշտությունը երբեմն նույնպես անվանվում է նախապատմական, սակայն այդ տերմինը, սովորաբար, կիրառվում է եվրոպական երաժշտության համար։ Ոչ եվրոպական մայրցամաքների նախապատմական երաժշտության համար հաճախ կիրառում են ֆոլկլոր տերմինը՝ ժողովրդական կամ ավանդական երաժշտություն։

Ֆլեյտան գիտնականների կողմից արձանագրված ամենահին երաժշտական գործիքն է։ Մեկ նմուշ է հայտնաբերվել այնպիսի քանդակների կողքին, որոնք համարվում են մ.թ.ա. 35-40 հազար թթ.-ի[3]։

Հին աշխարհի երաժշտություն խմբագրել

Նախապատմական դարաշրջանն ավարտվում է գրավոր երաժշտական ավանդույթին անցումով։ Հաջորդ դարաշրջանն ստացավ «հին աշխարհի երաժշտություն» անվանումը։ Մեզ հայտնի հնագույն երգը՝ գրառված սեպագիր աղյուսի վրա, գտնվել է Նիպպուրի պեղումների ժամանակ, այն թվագրվում է մ.թ.ա. 2000 թվականով։ Աղյուսը վերծանվել է Բերկլիի համալսարանի պրոֆեսոր Ա. Դ. Կիլմերի կողմից, ցույց տրվեց նաև, որ այն շարադրված է տերցիաներով և օգտագործվել է պյութագորյան համակարգը։

Այնպիսի կրկնակի փողերը, որոնք օգտագործվում էին, օրինակ, հին հույների կողմից, հին պարկապզուկները, ինչպես նաև սափորների և պատերի վրայի հին պատկերների զննումը, հին գիրը (օրինակ՝ Արիստոտելի «Խնդիրները», գիրք XIX.12[4]), որում նկարագրված է այդ ժամանակվա երաժշտական տեխնիկան, վկայում են պոլիֆոնիայի մասին։ Ավլոսում (երգեհոնի նախատիպը) մի փողը, հավանաբար, ձայնային ֆոն էր ստեղծում, միևնույն ժամանակ մյուսը նվագում էր երաժշտական ելևէջներ։ Այնպիսի գործիքներ, ինչպիսին էին յոթ անցք ունեցո ֆլեյտան և լարային գործիքների տարբեր տեսակներ, հայտնաբերվել են Ինդոսի հովտի քաղաքակրթությունների մոտ։

Հնդկական դասական երաժշտության (մարգա) մասին հիշատակումներ կարող են գտնվել սրբազան գրերում՝ Վեդաներում։ Սամա-վեդան չորս վեդաներից մեկն է, որը մանրամասնորեն նկարագրում է երաժշտությունը։ Երաժշտության պատմությունն Իրանում (Պարսկաստան) սկիզբ է առել նախապատմական դարաշրջանում։ Առասպելական մեծ արքա Ջամշիդին է վերագրվում երաժշտության գյուտը։ Իրանում երաժշտությանը կարելի է հետևել՝ վերադառնալով մինչև Էլամական կայսրության օրեր (մ.թ.ա. 2500-644)։ Երկրի պատմության տարբեր շրջանների կցկտուր փաստաթղթերը ցույց են տալիս, որ հին պարսիկներն ունեցել են բազմաբովանդակ երաժշտական մշակույթ։ Սասանյան շրջանը (մ.թ. 226-651), մասնավորապես, մեզ թողել է ապացույցների մի բազմություն, որը ցույց է տալիս աշխույժ երաժշտական կյանքի առկայությունը Պարսկաստանում։ Պահպանվել են որոշ կարևոր երաժիշտների անուններ, ինչպիսիք են Բարբոդը, Նակիսսը և Ռամտինը, ինչպես նաև նրանց որոշ աշխատանքների վերնագրեր։

Բուրգերի պատերին, հին պապիրուսներում, «Բուրգերի տեքստեր» և «Մեռյալների գիրք» ժողովածուներում կան կրոնական օրհներգերի տողեր։ Հանդիպում են «չարչարանքներ» ու «միստերիաներ»։ Հայտնի էին իրենց սյուժեով Օսիրիսի «չարչարանքները», որն ամեն տարի մեռնում և հարություն էր առնում, ինչպես նաև, կանացի երգ-լացերը մեռած Օսիրիսի համար։ Երգերի կատարումը կարող էր ուղեկցվել դրամատիկական տեսարաններով[5]։

Երաժշտությունը կարևոր դեր էր խաղում հին եգիպտացիների կյանքում։ Հին Եգիպտոսում երաժշտության նշանակության մասին են խոսում հին եգիպտական տաճարների ու դամբարանների քարե բարձրաքանդակները՝ երաժիշտների պատկերներով։ Եգիպտացիների հնագույն երաժշտական գործիքներն էին տավիղը և ֆլեյտան։ Նոր թագավորության շրջանում եգիպտացիները նվագում էին զանգակներ, դափ, թմբուկ և քնար, որոնք ներմուծվել էին Ասիայից[6]։ Հարուստ մարդիկ ընդունելություններ էին կազմակերպում՝ հրավիրելով արհեստավարժ երաժիշտների[7]։

Համարվում է, որ հենց Հին Հունաստանում է երաժշտությունը հասել Հին աշխարհի մշակույթի մեջ ամենաբարձր ծաղկմանը։ Հենց «երաժշտություն» բառն ունի հին հունական ծագում։ Հին Հունաստանում է առաջինը նշվել հնչյունի բարձրության ու թվի միջև օրինաչափ հարաբերությունը, որի հայտնագործումն ավանդույթը վերագրում է Պյութագորասին։ Երաժշտությունը՝ որպես կրթության ու դաստիարակության առարկա և որպես հասարակական կյանքի բաղկացուցիչ, հսկայական նշանակություն է ունեցել հին հույների և, ընդհանրապես, ողջ հնագույն եվրոպական քաղաքակրթության համար։

Հնամյա երաժշտություն խմբագրել

Հնամյա երաժշտությունն ընդհանուր տերմին է, որը կիրառվում է նկարագրելու համար եվրոպական դասական երաժշտությունը՝ մ.թ. 476 թ. Հռոմեական կայսրության անկման ժամանակներից մինչև բարոկկոյի դարաշրջանի ավարտը՝ XVIII դ. կեսերը։ Երաժշտությունը այս հսկայական ժամանակամիջոցում ծայրաստիճան բազմազան է եղել՝ ընդգրկելով բազմակի երաժշտական ավանդույթներ լայն աշխարհագրական տարածքի սահմաններում։ Շատ մշակութային խմբեր, որոնցից միջնադարյան Եվրոպան զարգացավ, արդեն ունեին երաժշտական ավանդույթներ, որոնց մասին քիչ բան է հայտնի։ Այս մշակույթներին միավորող սկզբունքը Միջնադարում հանդիսանում էր հռոմեա-կաթոլիկական եկեղեցին, և նրա երաժշտությունը ծառայում էր որպես օջախ երաժշտության զարգացման համար այդ ժամանակաշրջանի առաջին հազարամյակի ընթացքում։ Աշխարհիկ հնամյա երաժշտությունը նույնպես պահպանվել է սկզբնաղբյուրների մեծ քանակության մեջ։

Միջնադարյան երաժշտություն խմբագրել

Համաձայն բազմաթիվ հնամյա փաստաթղթերի և գեղարվեստական պատկերների՝ վաղ Միջնադարի ժամանակաշրջանի (մինչև մ.թ. 800-ական թթ.) երաժշտական կյանքը բավական հարուստ ու հագեցած է եղել։ Սակայն պատմությունը մինչև մեր օրեր պահպանել է, հիմնականում, հռոմեա-կաթոլիկական եկեղեցու պատարագային երաժշտությունը, որի զգալի մասն է զբաղեցնում, այսպես կոչված, գրիգորյան խորալը (բազմաձայն օրհներգ), որն իր անունը ստացել է ի պատիվ Գրիգորիոս I պապի։ Ժամանակակից գիտնականները Գրիգորիոս Մեծի երաժշտական ավանդի մասին վկայություններն առասպել են համարում։ Գրիգորիոս I-ի և Կառլոս Մեծի գործունեության փուլերի միջև ընկած շրջանի գրիգորյան խորալի ստեղծագործությունների մեծամասնությունը պատկանում է անհայտ հեղինակների։

IX դ. ընթացքում Միջնադարի երաժշտության զարգացման մեջ տեղի ունեցան որոշ կարևոր իրադարձություններ։ Առաջին հերթին, կաթոլիկական եկեղեցին սկսեց ջանքեր գործադրել գրիգորյան խորալի տարբեր ուղղությունների միավորման և դրանք բոլորը գրիգորյան պատարագի շրջանակի մեջ բերելու համար։ Երկրորդ կարևոր իրադարձությունը դարձավ վաղ պոլիֆոնիկ երաժշտության ի հայտ գալը. հին դարերում կիրառվող օկտավային կրկնապատկման (բազմաձայնություն) փոխարեն գալիս է եկեղեցական երաժշտության նվագակցությունը երկրորդ ձայնի միջոցով՝ ձևավորվելով գլխավոր ինտերվալներով ունիսոնից միչև կվարտա (երկձայն օրգանում կամ «դիաֆոնիա»)։ Երրորդ և երաժշտության պատմության մեջ ամենակարևոր իրադարձությունները դարձան երաժշտական նոտագրության վերաստեղծման փորձերը այս ոլորտում կոմպոզիտորների հետազոտությունների ավարտի գրեթե հինգհարյուրամյա ընդմիջումից հետո։ Նոտաների գրառման համար առաջին հերթին սկսում են կիրառել գծեր և օգտագործել լատինական այբուբենի առաջին 7 կամ 15 տառերը։ Ժամանակակից երաժշտական նոտագրության հիմնադիրն է համարվում Գվիդո դ' Արեցցոն (մահացել է 1037 թ.), որը տառային և նևմային հնչյունագրերը հավաքում է մեկ համակարգի մեջ։

1100 թվականին հաջորդած շրջանում երաժշտության մեջ առանձնանում են բազմաձայն երաժշտության մի քանի դպրոցներ.

  • Սեն-Մարսյալի (սուրբ Մարցիալ) վանքի դպրոցին բնորոշ էր երկձայն օրգանումի ձևում մեկ գլխավոր կայուն թեմայի առկայությունը և արագ շարժվող երկրորդ ձայնը,
  • Նոտր-Դամի դպրոցը, որն աշխարհին տվել է այդ ժամանակի բազմաձայնության բարձր նմուշներ և դարձել եվրոպական երգչախմբային պոլիֆոնիայի առաջին դպրոցը՝ իր հիմնադիր վանականներ Լեոնինի և Պերոտինի հետ,
  • Գալիսիայի նահանգի Սանտա- դը- Կոմպոստելա քաղաքի դպրոցը, որն այդ ժամանակ եղել է ուխտագնացների, թափառաշրջիկ ուխտավորների կենտրոնը և ուշ Միջնադարի բազում երաժշտական ավանդույթների կոմպոզիտորների աշխատանքի վայրը, որոնց աշխատանքների նշանակալի մասը հասել է մինչև մեր օրեր՝ Կալիկստինյան օրենսգրքի գրություններում,
  • անգլիական դպրոցը, որի երաժշտությունը մեր ժամանակներում ներկայացված է Օլդ Հոլլի ձեռագրում և «Վուստերյան պատառիկներ» անվանմամբ հայտնի ձեռագրում։

Եկեղեցական երաժշտության նշված դպրոցների հետ միասին Միջնադարի երաժշտության զարգացման մեջ գոյություն ունեին նաև աշխարհիկ ուղղություններ, որոնք իրենց արտացոլումն էին գտնում տրուբադուրների (գուսաններ), տրուվերների և միններզինգերների բազմաձայն ստեղծագործություններում։ Այդ ժամանակաշրջանի աշխարհիկ երաժիշտների երաժշտական ձևերն ու գեղագիտական գաղափարները սկիզբ տվեցին վաղ Վերածննդի երաժշտության զարգացմանը, սակայն հենց գուսանների մշակույթը մեծ չափով ոչնչացվեց Ալբիգոյան խաչակրաց արշավանքի ժամանակ XIII դ. սկզբին։

Նմուշներ խմբագրել

Ռոմանտիզմի դարաշրջանի երաժշտություն

Ռիխարդ Վագներ Վալկիրիա օպերա

Կլասիցիզմի դարաշրջանի երաժշտություն

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Սիմֆոնիա № 40 (Մոցարտ)

Բարոկկոյի դարաշրջանի երաժշտություն

Յոհան Սեբաստիան Բախ Տոկկատա և ֆուգա ռե մինոր(ԼՏԿ 565)

Վերածննդի դարաշրջանի երաժշտություն

Թոմաս Լուիս Վիկտորիա Amicus meus

Միջնադարյան երաժշտություն

Լեոնին կամ Պերոտին Breves dies hominis

Հին Հունաստանի երաժշտություն

Ռեկոնստրուկցիա Սեյկիլոնյան էպիտաֆ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Makar, A. B.; McMartin, K. E.; Palese, M.; Tephly, T. R. (1975-06). «Formate assay in body fluids: application in methanol poisoning». Biochemical Medicine. 13 (2): 117–126. doi:10.1016/0006-2944(75)90147-7. ISSN 0006-2944. PMID 1.
  2. Bose, K. S.; Sarma, R. H. (1975 թ․ հոկտեմբերի 27). «Delineation of the intimate details of the backbone conformation of pyridine nucleotide coenzymes in aqueous solution». Biochemical and Biophysical Research Communications. 66 (4): 1173–1179. doi:10.1016/0006-291x(75)90482-9. ISSN 1090-2104. PMID 2.
  3. Smith, R. J.; Bryant, R. G. (1975 թ․ հոկտեմբերի 27). «Metal substitutions incarbonic anhydrase: a halide ion probe study». Biochemical and Biophysical Research Communications. 66 (4): 1281–1286. doi:10.1016/0006-291x(75)90498-2. ISSN 0006-291X. PMID 3.
  4. Wiesmann, U. N.; DiDonato, S.; Herschkowitz, N. N. (1975 թ․ հոկտեմբերի 27). «Effect of chloroquine on cultured fibroblasts: release of lysosomal hydrolases and inhibition of their uptake». Biochemical and Biophysical Research Communications. 66 (4): 1338–1343. doi:10.1016/0006-291x(75)90506-9. ISSN 1090-2104. PMID 4.
  5. Hendrickson, W. A.; Ward, K. B. (1975 թ․ հոկտեմբերի 27). «Atomic models for the polypeptide backbones of myohemerythrin and hemerythrin». Biochemical and Biophysical Research Communications. 66 (4): 1349–1356. doi:10.1016/0006-291x(75)90508-2. ISSN 1090-2104. PMID 5.
  6. Chow, Y. W.; Pietranico, R.; Mukerji, A. (1975 թ․ հոկտեմբերի 27). «Studies of oxygen binding energy to hemoglobin molecule». Biochemical and Biophysical Research Communications. 66 (4): 1424–1431. doi:10.1016/0006-291x(75)90518-5. ISSN 0006-291X. PMID 6.
  7. Anderson, T. R.; Slotkin, T. A. (1975 թ․ օգոստոսի 15). «Maturation of the adrenal medulla--IV. Effects of morphine». Biochemical Pharmacology. 24 (16): 1469–1474. doi:10.1016/0006-2952(75)90020-9. ISSN 1873-2968. PMID 7.