Դժոխքի դարպասներ (քանդակ)
Դժոխքի դարպասներ (ֆր.՝ Les portes de l'Enfer), ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի մոնումենտալ քանդակ։ Պատկերում է դժոխքի տեսարանը` ըստ Դանթեի «Աստվածային կատակերգության» առաջին մասի։ Քանդակի բարձրությունը 6 մ է, լայնությունը` 4 մ, խորությունը` 1 մ (19.7×13.1×3.3 ոտնաչափ)։ Քանդակում ներկայացված է 180 կերպար, որոնց չափերը տատանվում են 15 սմ-ից (6 մատնաչափ) մինչև 1 մ (3 ոտնաչափ)։ Որոշ կերպարներ Ռոդենը վերածել է առանձին քանդակների։
տեսակ | group of casts? |
---|---|
քանդակագործ | Օգյուստ Ռոդեն |
տարի | 1880-1917 |
բարձրություն | 600 |
ուղղություն | իմպրեսիոնիզմ[1] |
նյութ | ոսկի և արծաթ |
գտնվելու վայր | Ֆրանսիա, Փարիզ |
հավաքածու | Օրսե թանգարան և Սումայա թանգարան |
հատվածն է | Fugitive Love motive? և The Three Shades? |
պատկերված են
| |
La Porte de l'enfer Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՔանդակը 1880 թվականին պատվիրել էր Գեղարվեստի վարչությունը։ Այն պետք է պատրաստ լիներ 1885 թվականին, սակայն Ռոդենը շարունակել է քանդակի վրա աշխատել 37 տարի` ընդհուպ մինչև իր մահը (1917)։ Դարպասները պետք է տեղադրվեին նոր կառուցվելիք Գեղարվեստի թանգարանի մուտքում։ Թեման թողնված էր Ռոդենի ընտրությանը։ Դեռևս մինչև հանձնաժողովը Ռոդենը մշակել էր էսքիզներ Դանթեի որոշ կերպարների թեմաներով, ուր արտահայտված էր նրա հիացմունքը Դանթեի դժոխքով[2]։
Գեղարվեստի թանգարանն այդպես էլ չկառուցվեց։ Ռոդենն աշխատել է այս քանդակի շուրջ «Բիրոն» հյուրանոցի առաջին հարկում։ Իր կյանքի վերջում Ռոդենը ֆրանսիական կառավարությանն է հանձնել քանդակը, դրա թեմայով էսքիզները և քանդակը վերարտադրելու իրավունքը։ 1919 թվականին՝ Ռոդենի մահից երկու տարի անց, «Բիրոն» հյուրանոցը դարձել է Ռոդենի թանգարանը, որտեղ էլ պահվում են «Դժոխքի դարպասները» և դրա հետ կապված աշխատանքները։
Ներշնչանք
խմբագրել«Դժոխքի դարպասները» մինչ օրս էլ վերջնականապես ավարտին չեն հասցված։ Դրա ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են ծառայել Լորենցո Գիբերտիի հեղինակած «Դրախտի դարպասները» Ֆլորենցիայի Սան Ջովանի բապտիստերիայում։ 15-րդ դարի բրոնզե դարպասները պատկերում են Հին կտակարանի կերպարները։
Քանդակագործը ներշնչվել է միջնադարյան տաճարներով, որոնցից մի քանիսում համադրված են բարձր և ցածր ռելիեֆները։ Ռոդենի համար ոգեշնչման աղբյուր են եղել նաև Միքելանջելոյի «Ահեղ դատաստան» ֆրեսկոն, Էժեն Դելակրուայի «Դանթեի նավակը» նկարը, Բալզակի «Մարդկային կատակերգություն» և Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկներ» ժողովածուները[3][4]։
Սերժ Բասետի հոդվածում, որ 1890 թվականին տպագրվել է «Le Matin» թերթում, Ռոդենն ասել է. «Մի ամբողջ տարի ես ապրել եմ միայն Դանթեի հետ` նկարելով նրա դժոխքի շրջանները։ Այս տարվա վերջում ես հասկացա, որ քանի իմ նկարները պատկերում էին Դանթեի տեսիլը, նրանք իրականությունից շատ հեռացան։ Այդ պատճառով ես ամեն ինչ սկսեցի նորից` աշխատելով բնության ու իմ բնորդների հետ»։
Ուշագրավ կերպարներ
խմբագրել- «Մտածողը» (ֆր.՝ Le Penseur) կոչվում է նաև «Բանաստեղծ» - գտնվում է դարպասների վերևում։ Ամենայն հավանականությամբ, այն ներկայացնում է Դանթեին, ով նայում է դժոխքի կերպարներին։ Մեկ այլ վարկածով Մտածողը ինքը Ռոդենն է։ Կա նաև կարծիք, որի համաձայն կերպարը մարմնավորում է Ադամին, ով զննում է ավերածությունը, որ սկիզբ է առել իր կատարած մեղքից։
- «Համբույր» (ֆր.՝ Le Baiser) - ի սկզբանե «Դժոխքի դարպասներում» եղել է այլ կերպարների` Պաոլոյի և Ֆրանչեսկա դա Ռիմինիի հետ։ Ռոդենն ուզում էր ներկայացնել նախասկզբնական ուրախությունը, ինչպես նաև դրան հետևած անեծքը։ Նա հետագայում հեռացրել է կերպարը, որ հայտնի դարձավ «Համբույր» անունով, քանի որ, թվում է, այն հակասում էր մնացած կերպարների տառապանքին։
- «Ուգոլինոն և նրա զավակները» (ֆր.՝ Ugolin et ses enfants) - պատկերված է Պիզայի կառավարիչ կոմս Ուգոլինոն, ով, Դանթեի «Աստվածային կատակերգության» համաձայն, կերել է իր սովամահ եղած զավակների դիակները։ Քանդակախումբը հետագայում առանձին ձուլվել է բրոնզից (1882)։
- «Նրբագեղություն» կամ «Երեք գրացիաներ» (ֆր.՝ Les Trois Ombres) - նախնական շրջանում բարձրությունը եղել է 98 սմ։ 1899 թվականին խմբաքանդակը բաղկացած է եղել առանձին երեք քանդակներից։ Հետագայում Ռոդենը, փոխելով քանդակներից մեկի ձեռքի դիրքը, միավորել է դրանք` փոքրացնելով նաև չափերը։ Կերպարները սկզբում մատնանշում էին «Lasciate ogne speranza, voi ch'intrate» («Մտնելով այստեղ` հրաժարվիր բոլոր հույսերից») արտահայտությունը, որ վերցված է «Աստվածային կատակերգության» 3-րդ երգից[5]։
- «Թռչող սեր» (ֆր.՝ Fugit Amor) - տեղադրված է դռան աջ փեղկին։ Սիրեկանների մի քանի կերպարներից մեկն է, որոնց ներկայացնում են Պաոլոն ու Ֆրանչեսկա դա Ռիմինին։ Տղամարդու կերպարը կոչվում է նաև «Անառակը»։
- «Պաոլո և Ֆրանչեսկա» - ներկայացված են դռան ձախ փեղկին։ Պաոլոն ձգտում է հասնել Ֆրանչեսկային, ով, կարծես, սահում է նրա ձեռքերի միջից։
- «Մեդիտացիա» - ներկայացված է ճակտոնի ներքին հատվածում` տիմպանում։ 1896 թվականին ներկայացվել է մեծացված տարբերակը։
- «Ծեր կուրտիզանուհին» - ներկայացնում է ծերացող մերկ կնոջ մարմին։ Քանդակն ունի մեկ այլ անվանում ևս` «Նա, ով եղել է ասպետի երբեմնի հիասքանչ կինը» (ֆր.՝ Celle qui fut la belle heaulmière): Այս անվանումն ընտրված է Ֆրանսուա Վիյոնի բանաստեղծությունից։
- «Ես գեղեցիկ եմ» (ֆր.՝ Je suis belle) - ստեղծվել է 1882 թվականին։ Մտնում է կերպարների երկրորդ խմբաքանակի մեջ, դռան աջ փեղկին է։
- «Հավերժական գարուն» (ֆր.՝ L'Éternel printemps) - կերտվել է 1884 թվականին։ Գոյություն ունի մի քանի տարբերակ` ինչպես մարմարե, այնպես էլ բրոնզե։
- «Ադամ և Եվա» - Ռոդենը լրացուցիչ միջոցներ է խնդրել վարչությունից քանդակի առանձին տարբերակի համար։ Սակայն քանդակագործը շուտով հասկացել է, որ չի կարողանում ճիշտ ըմբռնել Եվայի կերպարը։ Հետևաբար կերտել է Եվայի մի քանի կերպար, որոնցից և ոչ մեկից չի օգտվել, և արդյունքում դրանք բոլորն էլ վաճառվել են։
Գտնվելու վայր
խմբագրելՔանդակի ծեփածո բնօրինակը վերականգնվել է 1917 թվականին և գտնվում է Փարիզի Օրսե թանգարանում[6]։ Գիպսե ծեփածոների զգալի մասը, աշխատանքի ընթացքում արված էսքիզները գտնվում են Ռոդենի թանգարանում։ 1917 թվականին բնօրինակը օգտագործվել է բրոնզե երեք քանդակները պատրաստելու համար, որոնք գտնվում են
- Ռոդենի թանգարանում, Փարիզ[7]
- Ռոդենի թանգարանում, Ֆիլադելֆիա
- Արևմտյան արվեստի ազգային թանգարանում, Տոկիո[8]։
Հետագայում բրոնզե տարբերակները Ռոդենի թանգարանը տարածել է այլ տեղերում.
- Կունստհաուս, Ցյուրիխ
- Տեսողական արվեստների թանգարան, Սթենֆորդի համալսարան
- Պլատո, Սեուլ
- Սումայա թանգարան, Մեխիկո
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
- ↑ Elsen, Albert E. (1963). Rodin. New York: Museum of Modern Art. p. 35.
- ↑ Musée Rodin, La Porte de l'Enfer (French)
- ↑ Musée Rodin
- ↑ Le Normand-Romain, Antoinette (1999). Rodin:The Gates of Hell. Paris: Musée Rodin. ISBN 2-901428-69-X.
- ↑ "Rodin's The Gates of Hell". Smarthistory at Khan Academy. Retrieved March 13, 2013.
- ↑ "The Gates of Hell". Musée Rodin. Retrieved January 27, 2012.
- ↑ "The Gates of Hell". The National Museum of Western Art. Retrieved January 27, 2012.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դժոխքի դարպասներ (քանդակ)» հոդվածին։ |