Ֆրանսուա Վիյոն

ֆրանսիացի բանաստեղծ, երգահան

Ֆրանսուա Վիյոն (Villon), (Մոնկորբիե կամ դը Լոժ, Montcorbier, de Loges (1431 և 1432 թվականների միջև, Փարիզ՝ մահվան թվականն անհտայտ)), ֆրանսիացի բանաստեղծ։

Ֆրանսուա Վիյոն
ֆր.՝ François Villon
Ծննդյան անունֆր.՝ François de Montcorbier
Ծնվել է1431[1]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2]
Վախճանվել է1463[3]
Վախճանի վայրՖրանսիա
Մասնագիտությունբանաստեղծ, երգերի հեղինակ և գրող
Լեզումիջին ֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիայի թագավորություն
ԿրթությունՓարիզի համալսարան
Ուշագրավ աշխատանքներBallade des pendus?, Le Testament? և Épître à Marie d'Orléans?
 François Villon Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Սորբոնի համալսարանի արվեստների ֆակուլտետում, 1452 թվականին ստացել է արվեստների մագիստրոսի կոչում։ 1455 թվականին կռվի մեջ սպանել է մի կրոնավորի, փախել Փարիզից։ Ներում է ստացել, վերադառնալուց հետո իր բախտը կապել է գողերի հետ, բազմիցս բանտարկվել է։ 1463 թվականին, կռվելու համար, դատապարտվել է կախաղանի։ Բայց մահապատիժը չեղյալ է հայտարարվել, և Վիյոնը վտարվել է Փարիզից։ 1464 թվականից Վիյոնի ճակատագիրն անհայտ է։

Բանաստեղծական արվեստ խմբագրել

  • Բանտում գրել է «Կախաղան հանվածների բալլադը»։
  • 1456 թվականին գրել է «Փոքրիկ կտակ» պոեմը (320 տուն), որը թափառաշրջիկ ուսանողի ծաղրական խոստովանություն է, իրավաբանական փաստաթղթերի ծաղրերգություն, քնարականությամբ, հեգնանքով, կոպիտ հումորով հագեցած ռեալիստ, մեծ ուժի ստեղծագործություն։
  • Վիյոնի «Մեծ կտակը» (1462 թվական)՝ ընդմիջարկված բալլադներով («Բալլադ անցած ժամանակների կանանց մասին», «Փարիզի կանայք», «Մեծ Սարգոն» և այլն), բաղկացած է 2023 տնից։ Հատկանշական են փարիզյան հատակի կյանքի ռեալիստական տեսարանները, ցայտուն են խռովարար թափառաշրջիկների, գողերի, պոռնիկների, հարբեցող կրոնավորների և այլոց բնութագրումները։

Վիյոնին խորթ չեն նաև հայրենասիրական տրամադրությունները («Բալլադ ընդդեմ Ֆրանսիայի թշնամիների»)։ Վիլոնի բանաստեղծությունները ճկուն են և երաժշտական։ Լեզուն ընդգրկում է քաղաքային քաղքենիների խոսվածքը, գողերի ժարգոնը, ուսյալ Սորբոնի ճարտասանությունը, հնաբանություններ՝ ասպետական անցյալի նկարագրություններում։ Վիյոնի ժառանգորդները եղան արդեն միջնադարյան բարոյախոսությունից ազատ գրողները (Գրենգոր, Ռենիե, Սարո, Ռաբլե)։ Նրա ողբերգական, արկածներով լի կյանքը բանաստեղծական ու ռոմանտիկ բազում մեկնաբանությունների թեմա է դարձել։ Որպես Վիյոնի արվեստի նմուշ կարելի է ներկայացնել Բլոայի մրցույթի բալլադը, որը արեվմտահայերեն թարգմանվել է հարգելով թե ռիթմը (4/6), թե հանգերի կառուցվածքը (աբաբբգգդգդ)։ Վիյոնը այս բալլադը մի մրցույթի համար գրած էր. Ֆրանսիայի թագավորին եղբայրը, Դուքս Շառլ դ’Օրլէանը առաջին տողը առաջարկած էր (Աղբյուրին մօտ, ծարաւեն կը մեռնիմ), եւ մրցույթի մասնակիցները պետք է շարունակէին, բալլադի ձեւով։


Պլոայի մրցոյթի պալլատը [4]

Աղբիւրին մօտ, ծարաւէն կը մեռնիմ,

Բոցերու մէջ, պաղէն լրիւ թմրած,

Հայրենիքս՝ օտար կը թափառիմ,

Օճախին քով, կը դողդողամ այրած.

Ես մօրէ մերկ, բայց նախագահ դարձած,

Զուարթ լացով, դեռ անյոյս կը սպասեմ,

Մխիթարուած, բայց միշտ յուսաբեկ եմ,

Ուրախ կ’ըլլամ, սակայն զուրկ հաճոյքէն,

Հզօր եմ ես, անուժ ու տկար եմ,

Լաւ ընդունուած, մերժուած բոլորէն։

Անստոյգին միայն կը վստահիմ,

Յստակ միտքը՝ ինծի առեղծուած,

Ստոյգ բանէն միայն կը կասկածիմ,

Գիտութիւնը՝ ինծի համար արկած,

Յաղթող եմ միշտ, մնալով պարտուած.

Առաւօտեան « գիշեր բարի » կ’ըսեմ,

Մեծահարուստ, բայց ոչինչի տէր եմ,

Գետնին փռուած, կը վախնամ իյնալէն,

Կտակի տէր, սակայն ժառանգորդ չեմ,

Լաւ ընդունուած, մերժուած բոլորէն։

Ջանք չեմ թափեր, սակայն միշտ կը ձգտիմ

Որ դիզեմ այն, ինչ որ չեմ փափաքած,

Անկեղծ գովքէն՝ ես կը վիրաւորուիմ,

Ճշմարիտէն՝ կ’ունենամ լոկ կասկած,

Ճերմակ կարապ, սեւ ագռաւի փոխած,

Ով զիս խաբեց, ընկեր կը համարեմ,

Վնաս տուողն, միշտ օգնող կը կարծեմ,

Ճիշդն ու սուտը, երկուքն ալ անօրէն,

Միշտ մոռնալով, ամէն ինչ կը յիշեմ,

Լաւ ընդունուած, մերժուած բոլորէն։

Իշխան վսեմ, իմացէ՛ք կ’աղաչեմ,

Հասկցող եմ, եթէ լսել ուզեմ,

Կարծիքի տէր՝ բոլորին կարծիքէն։

Իմ խոստու՞մս՝ հաստատ պիտի դրժեմ,

Լաւ ընդունուած, մերժուած բոլորէն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #118627066 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Archivio Storico Ricordi — 1808.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. «Պլոայի մրցոյթի պալլատը». Ինքնագիր - գրական հանդես. Վերցված է 2021 թ․ ապրիլի 14-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 452  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Վիյոն» հոդվածին։