Բացել գլխավոր ցանկը

Դանայոս (հուն․՝ Δαναός), հին հունական առասպելական հերոս, Արգոսի թագավոր ու Դանայուհիների հայրը։ Անտիկ հեղինակները Դանայոսի անվան հետ են կապում նավաշինության զարգացումը, Հունաստանում այբուբենի և ատլետիկական մրցումների ի հայտ գալը։

Դանայոս
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար և մարդ, որը հնարավոր է՝ հորինված է
Սեռարական
ՀայրԲելոս[1]
ՄայրԱնխինոյա[1]
ԱմուսինPieria?, Polyxo?, Եվրոպա, Elephantis?, Memphis?, Phoebe?, Ատլանտիա, Crino? և Aethiopis?
Զավակներդանայուհիներ, Automate?, Autonoe?, Bryce?, Celaeno?, Isonoe?, Կլեոպատրա, Euippe?, Eurydice?, Gorgophone?, Antheleia?, Chrysippe?, Stygne?, Adiante?, Clite?, Sthenele?, Hyperippe?, Phartis?, Callidice?, Oeme?, Scaea?, Էլեկտրա, Theano?, Glaucippe?, Cleopatra?, Cleodore?, Erato?, Dioxippe?, Actaea?, Podarce?, Pylarge?, Adite?, Ocypete?, Hippodamia?, Gorge?, Iphimedusa?, Pirene?, Glauce?, Hippodamia?, Rhodia?, Rhode?, Dorion?, Nelo?, Mnestra?, Evippe?, Phylodameia?, Polydora?, Eurythoe?, Agave?, Hippomedusa?, Asteria?, Հիպերմնեստրա, Ամիմոնե, Anaxibie?, Autodice?, Anaxithea?, Hippodice?, Achamantis?, Amoëme?, Q55412260?, Q55590497?, Chrysothemis?, Q57831375?, Q58893036?, Q59538199?, Q59771485?, Q59772641?, Q60677560?, Evippe?, Q60894217?, Q62124325?, Helice? և Q65052982?
Danaides Վիքիպահեստում

ԾագումԽմբագրել

Դանայոսը եղել է եգիպտական Բելոս թագավորի և գետերի աստված Նեղոսի դուստր Անխինոայի որդին։ Հորական կողմից նա եղել է Զևսի ու Իոյի որդու՝ Էպափոսի թոռը՝ այդպիսով ծագած լինելով Արգոսի առաջին թագավորներից։ Դանայոսը լույս աշխարհ է եկել իր երկվորյակ եղբոր՝ Եգիպտոսի հետ մասին[2]։ Նրա հորեղբայրը եղել է Ագենորը, հորեղբորորդին՝ Յոթնադուռ Թեբեի հիմնադիր Կադմոսը, հորեղբոր դուստրը՝ Եվրոպան[3]։

Գոյություն ունի այլ տարբերակ (ենթադրաբար ավելի հին), ըստ որի՝ Դանայոսն ու Եգիպտոսը եղել են Իոյի որդիները և ոչ թե թոռները[4]։

ԿենսագրությունԽմբագրել

Դանայոսը դարձել է Լիբիայի թագավոր, իսկ Եգիպտոսը կառավարել է Արաբիան։ Բելոսի մահվանից հետո եղբայրների միջև խռովություն է սկիզբ առել։ Եգիպտոսը եղբորն առաջարկել է ի նշան հաշտության իր հիսուն որդիներին ամուսնացնել Դանայոսի հիսուն դուստրերի հետ, սակայն Դանայոսը գուշակությունից իմացել էր, որ սպանվելու է իր փեսայի ձեռքով (ըստ այլ տարբերակի՝ զարմիկի կողմից)[5]։ Այդ ժամանակ նա Աթենասի խորհրդով կառուցում է 50 թիերով նավ երկու ցռուկներով[6] և փախչում իր դուստրերի հետ[7][2]։ Ըստ «Վատիկանի առաջին առասբելաբանի»՝ նավը կոչվել է «Արգո»[8], բայց այդ անունը հավանաբար փոխառված է արգոնավորդների մասին պատմությունից[9]։

Ճանապարհին Դանայոսը կանգ է առել Հռոդոսում, որտեղ համաճարակից մահացել են նրա երեք դուստրերը։ Ի հիշատակի իր մահացած դուստրերի՝ Դանայոսը հիմնադրել է երեք քաղաք (Լինդոս, Իալիսոս, Կամիրոս)։ Կառուցելով սրբավայր Աթենասի համար և կանգնեցնելով նրա արձանը՝ Դանայոսը շարունակել է իր ճանապարհը[10] դեպի Արգոլիս և ափ իջել այն վայրում, ոը այդ ժամանակից ի վեր կոչվում է Ապոբատմի («Ափհանում»)[11]։ Տեղի բնակիչներին Դանայոսը հայտարարել է, որ աստվածներն իրեն ընտրել են Արգոսի թագավոր։ Այդ ժամանակ քաղաքում իշխող Գելանորը ծիծաղել է նրա վրա։ Քաղաքի բնակիչները, այնուամենայնիվ, հավաքվել են քննարկելու այդ հարցը, բայց որոշումը հետաձգել են առավոտյան։ Գիշերը բլուրներից քաղաքի պարիսպների մոտ է իջել գայլը և սպանել ցլին, որ գլխավորում էր քաղաքի նախիրը։ Քաղաքի բնակիչները դա ընդունել են որպես նշան աստվածներից այն մասին, որ եկվորը բռնի ուժով կգրավի իշխանությունը, եթե իրենք չընդունեն նրան, և Գելանորին համոզել են հրաժարվել իշխանությունից։ Դրանից հետո Դանայոսը դարձել է Արգոսի թագավոր[12][13]։

Համոզված լինելով, որ գայլի կերպարով իրեն օգնել է Ապոլլոնը, Դանայոսը կառուցել է Ապոլլոնի տաճարը. Պավսանիասի ժամանակներում այդ տաճարում դեռևս կանգուն է եղել Դանայոսի գահը[14]։ Նոր թագավորը կառուցել է նաև Աթենասի տաճարը[15] և քաղաքի միջնաբերդը, նախկինում ջուր չունեցող Արգոսի բնակիչներին սովորեցրել ջրհորներ փորել, իր դուստրերին ուղարկել է ջրի աղբյուրներ որոնելու։ Առասպելի տարբերակներից մեկի համաձայն՝ Դանայուհի Ամիմոնեն այդ որոնումների ժամանակ դարձել է Պոսեյդոնի սիրուհին, և նա, եռաժանիով խփելով ժայռին, ճանապարհ բացել առվի համար, որը դարձել է Լեռնա գետի ակունքը։ Դանայոսը դարձել է այնպիսի հզոր թագավոր, որ բոլոր պելասգներն այդ ժամանակից ի վեր իրենց կոչել են դանայցիներ[16]։

Մինչ այդ Արգոս են ժամանել Եգիպտոսի հիսուն որդիները, որոնք հորեղբորից պահանջել են կազմակերպել իրենց հարսանիքը Դանայուհիների հետ, սակայն իրականում ցանկացել են դավադրությամբ սպանել Դանայոսին ու նրա դուստրերին հարսանիքի գիշերը։ Մերժում ստանալուց հետո նրանք շրջապատել են Արգոսը, և պաշարյալներն ի վերջո ստիպված են եղել հանձնվել, քանի որ քաղաքի ջրհորներում ջուր չի եղել։ Դանայոսը կազմել է զույգեր. մեծ մասամբ նա ուղղակի վիճակ է գցել, իսկ երբեմն էլ հաշվի է առել իր դստեր ու նրա ապագա ամուսնու անունների նմանութունը կամ նրանց մայրերի սոցիալական կարգավիճակների հավասարությունը։ Սակայն Դանայոսը հավատացել նրանց բարեկամական վերաբերմունքին[17] և որոշել է հաշվեհարդար տեսնել զարմիկների հետ։ Հարսանիքի ժամանակ նա իր դուստրերին է բաժանել դաշույններ ու սուր գնդասեղներ, որոնք նրանք թաքցրել են իրենց մազերի մեջ։ Կեսգիշերին, երբ զույգերը գնացել են իրենց սենյակները, Դանայուհիներն սպանել են իրենց ամուսիններին։ Եգիպտոսի որդիների գլուխները թաղվել են Լեռնայի ափին, իսկ մարմինները՝ Արգոսի պարիսպների մոտ[18]։

Դանայուհիներից մեկը՝ Հիպերմնեստրան, չի անսացել հորն ու չի սպանել իր ամուսնուն՝ Լինկեսին։ Դանայոսը ցանակացել է մահապատժի ենթարկել նրան, սակայն Ագրոսի դատավորները արդարացրել են աղջկան։ Դրանից հետո մյուս Դանայուհիները մաքրագործման ծես են անցել Լեռնայի լճի ջրերում, և հայրը որոշել է նույն օրը նորից ամուսնացնել նրանց։ Այդ նպատակով նա կազմակերպել է վազքի մրցում, որի հաղթողները պետք է ընտրեին իրենց հարսնացուին ըստ վերջնագծին հասնելու հերթականության։ Մրցմանը մասնակցել են քչերը, քանի որ քչերն էին ցանկանում կնության առնել մարդասպանի[19]։ Հաջորդ օրը, երբ պարզվել է, որ ամուսնացած Դանայուհիները չեն սպանել իրենց ամուսիններին, հավաքվել են նրանց հետ ամուսնանալ ցանկացող նոր թեկնածուներ, և Դանայոսը կազմակերպել է երկրորդ մրցումն ու ամուսնացրել իր բոլոր դուստրերին[20]։ Ըստ Հիգինոսի՝ դա եղել է առաջին հարսանիքը, որի ընթացքում երգեր են երգվել[21]։

Հետագայում Դանայոսն սպանվել է իր զարմիկի ու փեսայի՝ Լինկեսի կողմից[22][23]։ Նրան թաղել են Արգոսի շուկայի հրապարակի կենտրոնում[24]։

ՆշանակությունԽմբագրել

Անտիկ հեղինակները Դանայոսի անվան հետ են լապում մշակութային լուրջ առաջընթաց. այդ հերոսը Հունաստան է բերել այբուբենը, ներմուծել հարսանիքների ժամանակ երգելու անվանդույթը, դարձել ատլետիկական մրցումների հիմնադիրներից մեկը, լուծել ջրամատակարարման հարցը, կառուցել հիսուն թի ունեցող առաջին նավը[4]։ Դանայոսի և իր դուստրերի մասին պատմությունն ընկած է եղել «Դանայուհիներ» չպահպանված էպիկական պոեմի հիմքում, որից նյութ են վերցրել դասական դարաշրջանի բանաստեղծներ ու դրամատուրգներ։ Նույն խորագրով ողբերգություններ են գրել Փերեկիդեսը, Էսքիլեսն ու Տիմեսիթեոսը, կատակերգություն՝ Արիստոփանեսը[25]։ Դրանից բացի, Փերեկիդեսն ստեղծել է «Եգիպտացիներ» ողբերգությունը, իսկ Էսքիլեսն այդ սյուժեին նվիրել է եռագրություն, որի կազմում «Դանայուհիներից» բացի ներառել է «Եգիպտացիները», «Խնդրարկուներ» ողբերգությունը և «Ամիմոնե» սատիրական դրաման։ Պահպանվել է «Խնդրարկուներ» ողբերգության (շարքի առաջին մասը) տեքստը, որում ներկայացվում է Դանայոսի ու իր դուստրերի ժամանումը Արգոս[26]։

Գոյություն ունի վարկած, թե Դանայոսը և Եգիպտոսը հնագույն թագավորական տիտղոսներ են[27]։

ԸնտանիքԽմբագրել

Դանայոսի կանանց՝ նրա հիսուն դուստրերի մայրերի առավել ամբողջական ցանկը ներկայացրել է Սուտ Ապոլոդորը[4]. դրանք են Եվրոպան, Էլեֆանդիտան, համադրիասներ Ատլանդիան ու Ֆեբան, «եթովպուհին», Մեմֆիդան, նայադ Պոլիկսոն, Պիերիան, Հերսան ու Կրինոն[17]։ Փերեկիդեսը նշում է նաև Մելիային, իսկ Հիպոստրատոսը բոլոր Դանայուհիների մորը համարում է Եվրոպային[4]։

Եգիպտոսի որդիների հետ ամուսնացած Դանայուհիների ցանկը պահպանվել է Հիգինոսի «Առասպելներում» և Սուտ Ապոլոդորի «Առասպելաբանական գրադարանում»[28]։ Հիգինոսը նշում է քառասուներեք անուն[29], իսկ ևս յոթ անունների տեղերը բաց են թողնված։ Սուտ Ապոլոդորի ցանկում ներառված են հիսուն անուններ[17]։ Այդ հարսանիքին չմասնակցած Ամիմոնեն Պոսեյդոնից ունեցել է Նավպլիոս որդուն[17]։ Իր ամուսնուն խնայած Հիպերմնեստրան ունեցել է Աբանտ որդուն և դարձել բազմաթիվ հերոսների նախնի, որոնց թվում են եղել Պերսևսն ու Հերակլեսը[30]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Любкер Ф. Danaus // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 371.
  2. 2,0 2,1 Грейвс, 2005, с. 293
  3. Аполлодор, II, 1, 4; III, 1, 1
  4. 4,0 4,1 4,2 4,3 Danaos 1, 1901, s. 2095
  5. Danaos 1, 1901, s. 2096
  6. Гигин, Мифы, 277
  7. Аполлодор, II, 1, 4
  8. Первый ватиканский мифограф, II, 32, 2
  9. Первый ватиканский мифограф, II, прим. 33
  10. Диодор Сицилийский, V, 58, 1
  11. Павсаний, II, 38, 4
  12. Грейвс, 2005, с. 293—294
  13. Danaos 1, 1901, s. 2096—2097
  14. Павсаний, II, 19, 3
  15. Павсаний, II, 37, 2
  16. Грейвс, 2005, с. 294
  17. 17,0 17,1 17,2 17,3 Аполлодор, II, 1, 5
  18. Грейвс, 2005, с. 294—295
  19. Павсаний, III, 12, 2
  20. Грейвс, 2005, с. 295—296
  21. Гигин, Мифы, 273
  22. Мифы народов мира, 1987, с. 349
  23. Грейвс, 2005, с. 296
  24. Страбон, 1994, VIII, 6, 9
  25. Danaos, 1886
  26. Подземская, 1978
  27. Грейвс, 2005, с. 298
  28. Danaides, 1901, s. 2087
  29. Гигин, Мифы, 170
  30. Аполлодор, II, 2

ԱղբյուրներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Грейвс Р. Мифы Древней Греции. — Екатеринбург: У-Фактория, 2005. — 1008 с. — ISBN 5-9709-0136-9
  • Мифы народов мира. — М.: Советская энциклопедия, 1987. — Т. 1. — 671 с.
  • Подземская Н. «Просительницы» // Эсхил. Трагедии. — М.: Искусство, 1978. — С. 341.
  • Brandt J. Danaos // Ausführliches Lexikon der griechischen und römischen Mythologie. — 1886. — Bd. I. — Kol. 952—954.
  • Waser O. Danaides // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1901. — Bd. IV, 2. — Kol. 2087—2091.
  • Waser O. Danaos 1 // Paulys Realencyclopädie der classischen Altertumswissenschaft. — 1901. — Bd. IV, 2. — Kol. 2094—2098.