Գրիգոր Նարեկացու Մատեան ողբերգութեան երկի թարգմանությունները

Գրիգոր Նարեկացու մանրանկարը (1173 թ. ձեռագրից)

Երկի աշխարհաբար թարգմանությունները խմբագրել

Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկը ունի բազմաթիվ թարգմանություններ ինչպես գրաբարից աշխարհաբար, այնպես էլ օտար լեզուներով։ «Մատեան ողբերգութեան» երկը աշխարհաբար են թարգմանել Արշակ Չոպանյանը, Միսաք Գոչունյանը, Թորգոմ Գուշակյանը, Գարեգին Խաչատուրյանը, Մկրտիչ Խերանյանը, Վազգեն Գեւորգյանը, Տեր Մեսրոպ քահանա Արամյանը։ 1902 թվականին Միսաք Գոչունյանը Կ. Պոլսում լույս է ընծայում Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի իր արեւմտահայերեն աշխարհաբար թարգմանությունը։ 1926 թվականին լույս են տեսնում «Մատեանի» արեւելահայերեն երկու թարգմանություններ՝ մեկը Կ. Պոլսում՝ Գարեգին Եպիսկոպոս Խաչատուրյանի թարգմանությամբ, մյուսը՝ Կահիրեում՝ Թորգոմ Եպիսկոպոս Գուշակյանի արձակ թարգմանությամբ։ 1948 թվականին Բուենոս Այրեսում լույս է տեսնում Գարեգին Եպիսկոպոս Խաչատուրյանի «Ս. Գրիգոր Նարեկացի, Մատեան ողբերգութեան» վերնագրով գիրքը, որը դառնում է նախորդի (1926 թ. Կ. Պոլիս) վերանայված ու բարեփոխված հրատարակությունը՝ չափածո տողատումով, գրաբար բնագրի հանդիպադրումով։ 1960 թվականին Երևանում լույս է տեսնում Մկրտիչ Խերանյանի թարգմանությունը, իսկ 1979 թվականին Վազգեն Գեւորգյանը լույս է ընծայում Գրիգոր Նարեկացու երկի իր թարգմանությունը։ 2019 թվականին Վանում լույս տեսավ երկի՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյանի թարգմանությամբ տարբերակը։

Երկի օտարալեզու թարգմանությունները խմբագրել

 
Նարեկացու պատկերը Մոսկվայի Սուրբ Խաչ մայր տաճարի պատին

«Մատեան ողբերգութեան» երկի օտարալեզու թարգմանությունները նոր ճանապարհ են բացում «Մատեանի» համար համաշխարհային գրականության զարգացման պատմության մեջ։
1966 թվականին Լևոն Մկրտչյանը և Վազգեն Գևորգյանը տողացի թարգմանում են «Մատեանի» մի քանի հատվածներ։ 1969 թվականին Երևանում լույս է տեսնում «Գրիգոր Նարեկացի» վերնագրով մի փոքրիկ գրքույկ։ Այն ընդգրկում է 6 գլուխ «Մատեանից»՝ գլ. Ա, ԻԳ, Լ, ԾԵ, Ձ, ՂԵ՝ Նաում Գրեբնևի թարգմանությամբ։ Սրան հաջորդում է միջնադարյան հայ քնարերգության ժողովածուն՝ 1971 թվականին Լենինգրադ՝ դարձյալ ռուսերենով, ուր Գրիգոր Նարեկացին ներկայացվում է նոր թարգմանություններով։ 1977 թվականին լույս է տեսնում Ն. Գրեբնևի թարգմանությունը՝ ընդգրկելով արդեն 42 գլուխ «Մատեանից»։ Գրեբնևյան թարգմանությունից հետո լույս են տեսնում նաև «Մատեանի» երկու լրիվ թարգմանություններ՝ 1984 թվականին Լեոնիդ Միլի թարգմանությամբ և 1985 թվականին Վլադիմիր Միկուշևիչի թարգմանությամբ։
Լույս է տեսնում նաև «Մատեանի» ռուսերեն տողացի թարգմանությունը (Մ. Դարբինյան-Մելիքյան, Լ. Խանլարյան, Մոսկվա, 1988)։
«Մատեանի» ֆրանսերեն թարգմանիչներից առաջինը Արշակ Չոպանյանն է, որ հոդված է գրում Գրիգոր Նարեկացու մասին և մի քանի հատված թարգմանում «Մատեանից»։ 1961 թվականին Փարիզում լույս է տեսնում «Մատեանի» ֆրանսերեն լիակատար թարգմանությունը՝ Սահակ Քեշիշյանի թարգմանությամբ։ «Մատեանը» ֆրանսերեն է թարգմանել նաև նշանավոր հայագետ Ժան-Պիեռ Մահեն։
«Մատեան ողբերգութեան» երկի անգլերեն առաջին թարգմանությունը մեզ հայտնի է Մ. Կուդյանի կողմից կատարված։ Այն լույս է տեսել Լոնդոնում 1977 թվականին և ընդգրկում է «Մատեանի» առաջին 25 գլուխները (Ա-ԻԵ)։
2001 թվականին Երևանում լույս են տեսնում Գրիգոր Նարեկացու երկի երկու անգլերեն թարգմանությունները Խաչատուր Խաչատուրյանի և Թոմաս Սամուելյանի կողմից։ Խաչատուրյանի անգլերեն թարգմանությունն ունի «Տխրության գիրք» խորագիրը, իսկ Սամուելյանի թարգմանությունըª «Ս. Գրիգոր Նարեկացի» վերնագիրը և «Ի խորոց սրտի խոսք ընդ Աստուծո» ենթավերնագիրը։

2001 թվականին «Մատեան ողբերգության» երկի պարսկերեն թարգմանությունը, «فغان نامه گرگوار» կտարվել է Ազատ Մաթյան-ի կողմից (Թարգմանված են «Մատյանի» գլուխներից  81–ը)։ Թարգմանությունը լայն արձագանք է գտել իրանահայ մամուլում։ Նարեկացին համեմատական ուսումնասիրության նյութ է դարձել Սպահանի պետ. Համալսարանում, համաշխարհային հինգ մեծագույն միստիկների  շարքում, որը արժանացել է տարվա լավագույն ուսումնասիրություն և ընդունվել որպես դասագիրք։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել