Գեշ (դասական ուղղագրությամբ` գէշ) կամ շաղիղ, երբեմն` լեշ, մեռած կենդանիների (այդ թվում` մարդու) քայքայվող մարմինը։

Սեպապոչ արծիվ և ագեվազի գեշ Ավստրալիայում
Սպիտակագլուխ անգղ և քայքայված գեշ
Կոյոտը հոշոտում է եղջերվի գեշը Յելոուսթոնի ազգային պարկում
Կարմիր մանող մրջյունները տեղափոխում են գեկոնի գեշ Լաոսում
Գիշակեր բզեզները հոշոտում են կրծողի գեշը
Ճանճեր ոչխարի գիշի վրա
Սաղմոնի գեշ
Ալիգատորի գեշ
Որոր սաղմոնի գիշի մոտ
Կետի գեշ
Անճանաչելի մանր կենդանու գեշ
Բզեզներ արջնագռավի գիշի վրա

Եթե գեշը լինում է վայրի բնության մեջ, այն հիմնականում դառնում է սնունդ գիշակեր կենդանիների և միջատների համար։ Մարդկային կենցաղի մաս կազմող վայրերում հայտնված գեշը կարող է դառնալ համաճարակների և ջրի ախտոտման պատճառ։ Այդ դեպքերում գիշի հեռացման և ոչնչացման գործառույթը, կախված տեղական օրենսդրությունից, հիմնականում կատարվում է անասնաբուժական կամ սանիտարական ծառայությունների կողմից[1]։

Հայերենում «վատ, տգեղ» իմաստով գործածվող գեշ բառը կապ չունի այս բառի հետ և ծագում է գարշ բառից, իսկ այս իմաստով բառն ունի հնդեվրոպական ծագում[2]։ Խոսակցական հայերենում ավելի տարածված է լեշ ձևը, որը երբեմն օգտագործվում է նաև գրական լեզվում։ Միջին հայերեն լաշ և ժամանակակից հայերեն լեշ բառերը ծագում են իրանական لاش բառից։ Որոշ ուսումնասիրողներ շաղիղ բառը ևս ծագած են համարում այդ նույն իրանական բառից, սակայն առավել հավանական է, որ այն ունի բնիկ հայկական ծագում[3]։

Քայքայման գործընթաց

խմբագրել

Մահվանից անմիջապես հետո կենդանին համարվում է սատակ, այլ ոչ` գեշ։ Մկանների վերջնական թուլացումից մի քանի ժամ անց ձևավորվում է դիափայտացումը։ Էնզիմատիկ գործընթացների արդյունքը լինում է դիափայտացման վերացումը մի քանի օրից և մկանները թուլանում են վերջին անգամ ու սկսվում է քայքայման առաջին փուլը։ Թեև գեշն այդ փուլում դեռ ուտելի է մարդու և այլ կենդանիների համար, բայց դրա մեջ արդեն սկսվում են քայքայման քիմիական գործընթացները։ Առաջին փուլում սատկած կենդանու իմունային համակարգը դեռ մասնակի գործում է և բակտերիալ նեխումը, որը մեռելաթույների հիմնական աղբյուրն է, դեռ լիարժեք չի տարածվում։ Մեռած մարմնի միջի հակամարմինները և արյան սպիտակ գնդիկները շարունակում են ակտիվորեն պայքարել մանրէների մեծ մասի դեմ, այնքան ժամանակ, քանի դեռ հակամարմինները չեն սպառվել, իսկ լեյկոցիտները չեն սպառել մարմնում եղած վիտամին C-ն, որն անհրաժեշտ է նրանց աշխատանքի համար։ Միայն դրանից հետո է, որ մարմնի իմունային համակարգը վերջնականապես ոչնչանում է և մանրէներն ու միջատներն սկսում են գաղութացնել դին, սնվել դրանով և բազմանալ աստիճանացուցային արագությամբ։ Այդ գործընթացները տեղի են ունենում, եթե մինչ այդ սատակը չի հոշոտվում գիշատիչ սողունների, թռչունների կամ կաթնասունների կողմից։

Նեխման գործընթացի սկզբում սատակի միսը դեռ ուտելի է մարդու և կենդանիների համար` մանրէների կենսագործունեությունից առաջացած նյութերը դեռ թույլ խտացած են լինում, իսկ հոտն այնքան թույլ է, որ տանելի է։ Նման վիճակում սատակի միսը, մարդու համար համեմատելի է պահեստավորված մսի հոտին, իսկ գիշատիչների համար` որսամսի հոտին։ Նման մսի հոտը հնարավոր է վերացնել գինով կամ քացախով։

Գիշաբզեզների թրթուրների համար նման սատակը հարմար է բնակության համար, քանի որ նրանց մարսողությունը հարմարված է դրա համար։ Այդպիսով, դրանք չեն ազդվում նեխումից և մանրէական քայքայումից առաջացած թույներից, ախտածինների տարածումից և սննդանյութերի պակասումից։ Գիշակեր որոշ բզեզներ վնասակար մանրէների փոխարեն արտանետում են իրենց աղիներում արտադրվող օգտակար մանրէներ, դրանով ավելի բարենպաստ միջավայր ստեղծելով իրենց սերունդի համար[4]։

Սատակի քայքայման ընթացքում առաջանում է ուժեղ գարշահոտ, որը կապված է կադավերինի և պուտրեսցինի հետ[5]։ Բացի այդ, ժամանակի ընթացքում գեշն ավելի ու ավելի թունավոր է դառնում այնպիսի բակտերիական թույների պատճառով, ինչպիսիք են բոտուլոտոքսինը և տետանոսպազմինը։ Շաբաթների կամ ամիսների ընթացքում արտադրվում են գարշահոտ նեխագազեր, որոնք ընդհանուր առմամբ կոչվում են գիշահոտ կամ մեռելահոտ։

Նեխման ուժեղացման ընթացքում գիշահոտն այնքան է սրվում, որ անտանելի է դառնում մարդու, մարդանման կապիկների, կատվակերպ գիշատիչների մեծամասնության համար։ Եթե դրանք փորձեն գեշն ուտել այդ փուլում` կհիվանդանան կամ կմեռնեն, քանի որ դրա միջի` բակտերիաների կենսագործունեության արդյունքում արտադրված թույները չափազանց շատ են։ Այդ փուլում սատակն արդեն հենց գեշ է, որը գիշատիչների մեծամասնությունը խուսափում է ուտել, քանի որ այն արդեն պարունակում է չափազանց շատ անմարսելի թույներ։

Փտող գիշամիսն ուտում են որոշ շնակերպ գիշատիչներ, թռչուններ և սողուններ։ Երբ գեշը նեխման վերջին փուլում է և ուտելի չէ մարդու և գիշատիչների մեծամասնության համար, շատ քիչ կաթնասուններ, օրինակ` բորենիները, գիշակեր թռչունները և բազմաթիվ գիշակեր միջատները, հատկապես դրանց թրթուրները, կարող են անվտանգորեն ուտել այն[6]։ Միջատները սովորաբար առաջիններն են հայտնվում գիշի վրա և վերջինն են լքում այն. դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ միջատներն ու դրանց թրթուրները դանդաղ են սնվում, իսկ խոշոր գիշակերները սնվում են արագ ու մեծ կտորներով։

Գեշ և շրջակա միջավայր

խմբագրել

Եթե գեշը հայտնաբերում են գիշատիչները, օրինակ` աղվեսները, կաչաղակները, ագռավները, արջնագռավները ևն, ապա` դրա կենսազանգվածի մեծ մասն ուտվում է մի քանի օրվա ընթացքում։ Եթե գիշատիչները չեն հայտնաբերում սատակը, այն շուտով բնակեցվում է մեծ թվով միջատներով և դրանց թրթուրներով, որոնց համար գեշը դառնում է ոչ միայն սննդի աղբյուր, այլ նաև բազմացման վայր։ Զարգացած երկրներում կենդանատերերը, որսորդները, անասնաբույժները հետևում են, որպեսզի մահացած կենդանիները պատշաճորեն ոչնչացվեն, ինչը կանխարգելում է վարակների տարածումը[7]։

Բնության մեջ մնալու բնապահպանական նշանակություն

խմբագրել

Վայրի բնության մեջ փտող գեշը դառնում է հիգիենիկ խնդիր, երբ ախտածինները ներթափանցում են գետնաջրերի մեջ։ Բացի այդ, գիշի տեսքը և հոտը անդուր ու գարշելի են մարդու համար։ Սակայն գեշերի առկայությունը դրական է ազդում կենսաբազմազանության վրա։ Բազմաթիվ կենդանա- և բուսատեսակներ կարող են ապրել գիշի վրա կամ ուղղակի կամ անուղղակի օգտվել գիշից[8]։

Կենսավերականգնման գործում գիշի դերը ևս կարևոր է։ Բացի այն, որ մեծ թվով կենդանիներ սնվում են գեշերով, նաև` փտող գիշից հողի մեջ են ներթափանցում մեծ քանակությամբ նյութեր, որոնք սնունդ են դառնում բույսերի համար։ Այն տեղանքում, որտեղ գեշ է քայքայվել` բուսական կենսազանգվածը մինչև հինգ անգամ ավելի հագեցած է, իսկ բույսերն ավելի հարուստ են սննդանյութերով։ Այդպիսով` խոտակերները ևս օգտվում են այդ հավելյալ սննդանյութերից։ Նույնիսկ այն գիշատիչները, որոնք գիշով չեն սնվում, ավելի շատ սնունդ են ունենում, քանի որ նրանց որսն ավելանում է առատ կերի շնորհիվ։ Այդպիսով` բնության մեջ մնացած գեշերը դրական ազդեցություն են ունենում բույսերի, սնկերի, կենդանիների կենսազանգվածի ավելացման և ընդհանուր կենսաբազմազանության վրա[9]։

Ցամաքում հայտնված ջրային կենդանիների գեշերը ևս կարևոր դեր են խաղում հողի հարստացման գործում, օրինակ, սաղմոնի շատ տեսակներ, որոնք իրենց զուգավորվումից հետո սատկում են։ Դրանց սատակները միաժամանակ զանգվածաբար կուտակվում են զուգավորման շրջանից հետո։ Գիշատիչները դրանք քարշում են առ ափ և դրանք հոշոտում են։ Ձկների մեջ եղած ֆոսֆորը և ազոտը հարստացնում են հողը. քայքայվող գեշն իր գտնվելու վայրում է դրանք փոխանցում շրջակա միջավայրին, իսկ գիշատիչները` իրենց արտաթորանքի միջոցով ավելի մեծ հեռավորությունների վրա են տեղափոխում դրանք, այդպիսով պարարտացնելով հողը և սնելով բույսերը։ Միջատներն օգտագործում են ձկների գեշերը ձվադրաման համար։ Դա դրական է ազդում ոչ միայն միջատների, այլ նաև` դրանցով սնվող թռչունների տեսակային բազմազանության վրա[10]։ Շատ ձկների գեշեր մնում են ջրի մեջ։ Դրանք դառնում շատ միջատների թրթուրների սնունդ։ Ձկան մատղաշը սնվում է այդ թրթուրներով և գեշերի մնացորդներով[11]։ Այդպիսով` ձկան մատղաշն ավելի շատ սնունդ է ստանում և ավելի հարուստ գենետիկ բազմազանություն է ունենում[12]։

Գեշը կարևոր նշանակություն ունի այնպիսի գիշակեր կենդանիների սննդակարգում, ինչպիսիք են` ագռավներ, անգեղները, բազեները, արծիվները[13], բորենիները[14], վիրջինյան պարկամկները[15], թասմանյան հրեշները[16], կոյոտները[17], շնագայլերը ևն։ Շատ անողնաշարավորներ, օրինակ, գիշաբզեզները[18], գիշա- և մսաճանճերի թրթուրները, ուտում են գեշը, դրանով մեծապես նպաստելով կենդանական մնացորդներում եղած ազոտի և ածխածնի վերաշրջանառմանը[19]։ Որոշ բույսեր և սնկեր արտազատում են գիշահոտ, որպեսզի հրապուրեն միջատների` փոշոտման նպատակով[20][21][22]։

Մարդկային ներգործություն

խմբագրել

Բացի բնական պատճառներից, կենդանիները կարող են սատկել նաև գիշատիչների կամ տնային կենդանիների հարձակումներից, ինչպես նաև` մարդկային ազդեցության պատճառով։ Վայրի կենդանիների գլխաքանակի կորուստներ կարող են լինել ապօրինի որսի, ճանապարհային պատահարների, թռչունների դեպքում նաև` օդային տրանսպորտի և հողմակայանների հետ բախումից։ Ավտովթարներում սպանման առավել ենթարկվող կենդանատեսակներից են շները, կատուները, առնետները, սկյուռները, եղջերուները, պարկամկները[23], ջրարջերը[24], կուղբերը[25], ջրասամույրները[26], գայլերը[27], աղվեսները, նապաստակները[28], ագեվազները[29], վոմբաթները[30] և այլն։ Ավտովթարներից սպանվում են նաև թռչուններ և սողուններ ու երկկենցաղներ, սակայն դրանց մնացորդներն այդքան նշմարելի չեն, ինչքան որ կաթնասուններինը[31]։ Ավտովթարներում սպանված կենդանիները հիմնականում դառնում են գիշակեր կենդանիների սնունդ, թեև ճանապարհի վրա դուրս գալով այդ կենդանիները ևս կարող են սպանվել մեքենաների հարվածներից[32]։

Շատ երկրներում արգելված է վթարներից սատկած կենդանիներին որպես որսավար վերցնելը և դրանք պետք է վերացվեն ըստտեղական օրենսդրության։ Սակայն թե՛ օրինական, թե՛ առողջապահական (սատակի միսը կարող է թունավորման պատճառ դառնալ) արգելքները չեն կասեցնում նման սատակների մարդկային սնունդ դառնալը[33]։

Անզգույշ որսի դեպքում, երբ սպանվում է որսորդական թույլտվությամբ չնախատեսված կենդանի, կամ` կենդանի, որը սուր վարակի կրող է (խոզերի ժանտախտ, կատաղություն ևն), պատկան մարմինները պետք է տեղեկացվեն այդ մասին, իսկ սատակը մնա իր տեղում[34]։

Սատկած ընտանի կենդանիների սատակներ

խմբագրել

Ընտանի կենդանիների սատակների պահման համար տարբեր երկրներում գործում են տարբեր օրենսդրութուններ։ Ընտանի կենդանիների սատակները կարող են թաղվել հատուկ գերեզմանոցներում, դիակիզվել, կամ թաղվել տիրոջ սեփական հողամասում։ Եթե կենդանին սատկել է այնպիսի հիվանդությունից, որը նախատեսում է սատակի հատուկ ոչնչացում, ապա այդ կենդանու տերը պետք է կենդանու մահվան մասին նախ հայտնի համապատասխան հիմնարկություն[35]։

Հնում շատ սնահավատություններ կային ընտանի կենդանիների գեշերի հետ կապված։ Որոշ մշակույթներում կարծում էին, թե կենդանիների գեշերից առաջանում են այլ կենդանիներ։ Բնապաշտական ժամանակներում պտղազուրկ ծառերի պսակին դնում էին որևէ կենդանու գեշ, հույս ունենալով, որ ծառը կամաչի գիշի հետ համեմատությունից և կսկսի պտղաբերել[36]։

Ավստրիայի որոշ շրջաններում թույլատրվում էր պայթեցնել այն տնային անասունների սատակները, որոնք սատկելուց հետո բքնում էին։ Սակայն այդ ավանդույթն արգելվել է քսանմեկերորդ դարասկզբին[37]։

Որպես մարդկային սնունդ

խմբագրել

Աբրահամյան կրոններում մարդկանց արգելված է ուտել մեռելոտի և գազանաբեկ միս[38][39][40][41][42][43][44][45][46][47]։ Հնդկաստանում մինչև քսաներորդ դարի կեսեր լայն տարածում ուներ մարդկանց կողմից մեռելոտի ուտելը[48]։

Մարդկանց կողմից գիշի մսի օգտագործումը որպես սնունդ, նույնիսկ ջերմային մշակումից հետո կարող է դառնալ փորլուծության և սննդային թունավորման պատճառ[49]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Bertelsmann Universallexikon. — 2006.
  2. Հրաչեայ Աճառեան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչութիւն, Երեւան, 1926, Հատոր 1, Էջ 550
  3. Հրաչեայ Աճառեան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչութիւն, Երեւան, 1926, Հատոր 3, Էջ 491
  4. Wie der Käfernachwuchs in Kadavern gedeiht. Symbiotische Mikroorganismen aus ihrem Darm helfen Totengräber-Käfern, aus Kadavern nährstoffreiche Kinderstuben für ihre Jungen zu machen Արխիվացված 2022-11-30 Wayback Machine Uni Mainz, aufgerufen am 12. Oktober 2021
  5. Wolfgang Legrum Riechstoffe, zwischen Gestank und Duft: Vorkommen, Eigenschaften und Anwendung von Riechstoffen und deren Gemischen. — Springer, 2011.
  6. Klaus Honomichl Insekten: Die heimlichen Herrscher der Welt. — C.H. Beck, 2003.
  7. Kadaverökologie: Tod bringt Leben Spektrum, aufgerufen am 12. Oktober 2021
  8. NECROS-Projekt: Tierkadaver und Biodiversität. Brandenburgische Technische Universität Cottbus–Senftenberg.
  9. Van Klink, R, van Laar-Wiersma J, Vorst O, Smit C (2020): Rewilding with large herbivores: Positive direct and delayed effects of carrion on plant and arthropod communities. PLoS ONE 15(1): e0226946. doi:10.1371/journal.pone.0226946
  10. Von Bäumen und Bachforellen – Bäche beeinflussen Wälder. Lachse beeinflussen die Artenvielfalt der Singvögel am Ufer Արխիվացված 2022-12-01 Wayback Machine Naturwald Akademie, aufgerufen am 12. Oktober 2021
  11. Sterbende Lachse helfen dem Nachwuchs Fisch und Fang, aufgerufen am 12. Oktober 2021
  12. Salmon help their offspring by dying on the spawning grounds (engl.) University of Glasgow, aufgerufen am 12. Oktober 2021
  13. Hovenden, Frank. The Carrion Eaters Արխիվացված 1 Հունիս 2010 Wayback Machine. Comox Valley Naturalists Society. 7 May 2010.
  14. "San Diego Zoo's Animal Bytes: Striped hyena". San Diego Zoo. 7 May 2010.
  15. Len McDougall (2004). The Encyclopedia of Tracks and Scats: A Comprehensive Guide to the Trackable Animals of the United States and Canada. Globe Pequot. էջ 274. ISBN 978-1-59228-070-4.(չաշխատող հղում)
  16. "San Diego Zoo's Animal Bytes: Tasmanian Devil". San Diego Zoo. 7 May 2010.
  17. Stegemann, Eileen. "Skull Science: Coyote". NYS Department of Environmental Conservation April 2006
  18. John George Wood (1892). Insects abroad: Being a popular account of foreign insects; their structure, habits and transformations. Longmans. էջեր 82. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 27-ին.
  19. Ames, C.; Turner, B. (2003). «Low temperature episodes in development of blowflies: implications for postmortem interval estimation». Medical and Veterinary Entomology (անգլերեն). 17 (2): 178–186. doi:10.1046/j.1365-2915.2003.00421.x. ISSN 1365-2915. PMID 12823835. S2CID 10805033.
  20. du Plessis, Marc; Johnson, Steven D.; Nicolson, Susan W.; Bruyns, Peter V.; Shuttleworth, Adam (2018 թ․ մարտի 1). «Pollination of the "carrion flowers" of an African stapeliad (Ceropegia mixta: Apocynaceae): the importance of visual and scent traits for the attraction of flies». Plant Systematics and Evolution (անգլերեն). 304 (3): 357–372. doi:10.1007/s00606-017-1481-0. ISSN 2199-6881. S2CID 3529359.
  21. Sawyer, Neil W.; Anderson, Gregory J. (1998). «Reproductive Biology of the Carrion-Flower, Smilax Herbacea (Smilacaceae)». Rhodora. 100 (901): 1–24. ISSN 0035-4902. JSTOR 23313266.
  22. Johnson, S. D.; Jürgens, A. (2010 թ․ հոկտեմբերի 1). «Convergent evolution of carrion and faecal scent mimicry in fly-pollinated angiosperm flowers and a stinkhorn fungus». South African Journal of Botany. Chemical diversity and biological functions of plant volatiles (անգլերեն). 76 (4): 796–807. doi:10.1016/j.sajb.2010.07.012. ISSN 0254-6299. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 2-ին.
  23. «Animal People Newspaper». Animalpeoplenews.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.
  24. Der Waschbär (Procyon lotor) Die Zeit, aufgerufen am 12. Oktober 2021
  25. Tiere: Straßenverkehr ist größter Feind der Biber Die Zeit, aufgerufen am 12. Oktober 2021
  26. Fischotter (Lutra lutra)(չաշխատող հղում) Stiftung Naturlandschaften Brandenburg, aufgerufen am 12. Oktober 2021
  27. Sieben tote Wölfe in sieben Wochen in Niedersachsen. Immer mehr Wölfe fallen dem Verkehr zum Opfer NABU, aufgerufen am 12. Oktober 2021
  28. Temporal patterns of wildlife roadkill in the UK
  29. Green-Barber JM, Old JM (2019). What influences road mortality rates of eastern grey kangaroos in a semi-rural area? BMC Ecology. 4, 11. doi: 10.1186/s40850-019-0047-8
  30. Mayadunnage S., Stannard HJ, West P, Old JM (2022). Identification of hotspots and the factors affecting wombat vehicle collisions using the citizen science tool, WomSAT. Australian Mammalogy. doi: 10.1071/AM22001
  31. Monge-Nájera, J. (2018). Road kills in tropical ecosystems: a review with recommendations for mitigation and for new research. Revista de Biología Tropical, 66(2), 722-738.
  32. Santos, Sara M.; Carvalho, Filipe; Mira, António (2011 թ․ սեպտեմբերի 27). «How Long Do the Dead Survive on the Road? Carcass Persistence Probability and Implications for Road-Kill Monitoring Surveys». PLOS ONE. 6 (9): e25383. Bibcode:2011PLoSO...625383S. doi:10.1371/journal.pone.0025383. PMC 3181337. PMID 21980437.
  33. Reporting Dead Wildlife
  34. Gefahr Afrikanische Schweinepest. Merkblatt für ausländische Jagdgäste Schleswig-Holstein, Ministerium für Energiewende, Landwirtschaft, Umwelt, Natur und Digitalisierung, aufgerufen am 12. Oktober 2021
  35. Gartenrecht: Darf man Haustiere im Garten bestatten? Mein schöner Garten, aufgerufen am 12. Oktober 2021
  36. Handbuch des Aberglaubens. Band 1, 1996, ISBN 3-85001-570-X, S. 13.
  37. Vorarlberg Wo Kuhkadaver explodieren Spiegel, aufgerufen am 12. Oktober 2021
  38. Ղեւտացւոց 5:2
  39. Ղեւտացւոց 7:24
  40. Ղեւտացւոց 17:15
  41. Ղեւտացւոց 22:8
  42. Եզեկիէլի 4:14
  43. Եզեկիէլի 44:31
  44. Talmud, Hullin 92b
  45. Mossad HaRav Kook edition of Gaon's commentary to Genesis.
  46. Al-Baqarah 2:173
  47. An-Nahl 16:115
  48. Lucinda Cole, Gut Ecology: Meat Science, Modernity, and Carrion Aversion in Gandhi’s India, Configurations, Volume 25, Number 2, Spring 2017, pp. 215-235 (Article), Published by Johns Hopkins University Press
  49. Padua, Reinir (2008 թ․ հուլիսի 25). «Double-dead meat seized in QC». Philstar.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 15-ին.