Բնական այրվող գազեր, երկրակեղևում առաջացող գազային ածխաջրածիններ։ Բնական այրվող գազերի արդյունաբերական հանքավայրերը հանդիպում են որևէ այլ օգտակար հանածոների հետ կապ չունեցող առանձին կուտակների, գազանավթային հանքավայրերի, որտեղ գազային ածխաջրածինները լրիվ կամ մասամբ լուծված են նավթի մեջ կամ գտնվում են ազատ վիճակում, ինչպես նաև գազակոնդենսատային հանքավայրերի ձևով, որտեղ գազը հարստացված է լինում հեղուկ ածխաջրածիններով։ Բնական այրվող գազերը բաղկացած են գլխավորապես մեթանից, պարունակում են նաև էթան, պրոպան, բութան ։ Բնական այրվող գազեր առաջանում են նստվածքային ապարներում պարունակվող օրգանական նյութի փոխակերպման հետևանքով, իսկ նրանց հանքակուտակները ձևավորվում են գազի տեղաշարժման ճանապարհին հանդիպող բնական դարաններում։ Ըստ կառուցվածքի հանքակուտակները լինում են շերտավոր և զանգվածային։ Բնական այրվող գազերի համաշխարհային պաշարները հասնում են մոտ 1000 տրիլիոն մետր խորանարդի, որը համարժեք է 1 տրիլիոն տոննա նավթի։ ԽՍՀՄ-ում բնական այրվող գազերի ամենախոշոր հանքավայրերը գտնվում են Արևմտա- Սիբիրական նավթագազաբեր մարզում (5,5 տրիլիոն մետր խորանարդ), Վոլգա-Ուրալյան մարզում (1,35 տրիլիոն մետր խորանարդ) արտասահմանում ամենախոշոր պաշարներն ունեն (տրիլիոն մետր խորանարդով)՝ ԱՄՆ-ը (8,3), Ալժիրը (4,0), Իրանը (3,1), Նիդերլանդները (2,3)։ Բնական այրվող գազերի արդյունահանումն ընդգրկում է ընդերքից գազի հանումը, հավաքումը, հաշվառումը, նախապատրաստումը փոխադրման համար (գազից պինդ և հեղուկ խառնուկների, ծանր ածխաջրածինների, կոնդենսատների հեռացումը, գազի չորացումը, մաքրումը ծծմբածխածնից), ինչպես նաև հորատանցքերի և վերգետնյա սարքավորման շահագործումը։ Գազի շերտի յուրացումը կատարվում է փուլերով։ Արդյունահանումը տևում է, հիմնականում, 15—20 տարի, որի ընթացքում հանվում է գազի պաշարների 80—90 տոկոսը։ Հորատանցքերը հանքադաշտում տեղաբաշխվում են հավասարաչափ՝ քառակուսի կամ եռանկյունի ցանցով կամ էլ անհավասարաչափ՝ խմբերով։ Գազը, արդյունահանման ձեռնարկություններում մշակվելուց հետո, 4,5—5,5 Մն/մ2 (45— 55 Կգ/սմ2) ճնշման տակ տրվում է դեպի գլխավոր գազամուղի հիմնական շինությունները։ Բնական արվող գազերը շահավետ վառելիք են, այրման ջերմությունը՝ 32,7 Մջ/մ3 (7800 կկալ/մ3) և ավելի։ Լայնորեն օգտագործվում են էլեկտրակայաններում, սև և գունավոր մետալուրգիայում, ցեմենտի և ապակու արդյունաբերության մեջ, շինանյութերի արտադրության և կոմունալ-կենցաղային կարիքների համար։ Բնական արվող գազերի բաղադրության մեջ մտնող ածխաջրածինները հումք են մեթիլային սպիրտի, ֆորմալդեհիդի, ացետալդեհիդի, քացախաթթվի, ացետոնի և այլ օրգանական միացությունների արտադրության համար։ Բնական այրվող գազերի հիմնական բաղադրամասից՝ մեթանից, ստանում են սինթեզ-գազ (СО + Н2), որը լայնորեն օգտագործվում է ամոնիակ, սպիրտներ ստանալու համար։ Բնական այրվող գազերից ստանում են նաև օլեֆինային ածխաջրածիններ, առաջին հերթին՝ էթիլեն և պրոպիլեն, որոնցից սինթեզվում են պլաստմասսաներ, սինթետիկ կաուչուկներ, արհեստական թելեր։

Պրոպանի կառուցվածքային բանաձևը
Պարզագույն ածխաջրածինը` մեթան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 489