Բեռլինյան սեցեսսիոն[1] (գերմ.՝ Berliner Secession), բեռլինյան նկարիչների և քանդակագործների 19-րդ դարի վերջի գեղարվեստական միավորում, որոնք մերժում էին այն ժամանակվա ակադեմիական արվեստը։ Շարժումը դասակարգվում է որպես գերմանական մոդեռնիզմի տեսակ և հետևում է գերմանական մի շարք այլ սեցեսսիոնների, ինչպիսիք են, օրինակ, Յուգենդսթիլն ու Մյունխենյան սեցեսսիոնը[2]։

Պատմություն խմբագրել

 
Բեռլինյան սեցեսսիոնի շենքը
 
Սեցեսսիոնի ղեկավարությունն ու ցուցահանդեսային կոմիտե 1904 թվականի ցուցահանդեսի նախապատրաստություններին. ձախից աջ` Վիլլի Դյորինգ, Բրունո Կասսիրեր, Օտտո Էնգել, Մաքս Լիբերման, Վալտեր Լեստիկով, Կուրտ Հերրման, Ֆրից Կլիմշ
 
Բեռլինյան սեցեսսիոնի 1908 թվականի ցուցահանդեսի ժյուրիի կազմը, ձախից աջ` Ֆրից Կլիմշ, Ավգուստ Գաուլ, Վալտեր Լեյստիկով, Հանս Բալուշեկ, Պաուլ Կասսիրեր, Մաքս Սլեֆոգտ (նստած է), Ժորժ Մոսսոն (նստած է), Կառլ Մաքս Կրուզե (կանգնած է), Մաքս Լիբերման (նստած է), Էմիլ Ռուդոլֆ Վայս (կանգնած է), Լովիս Կորինտ (կանգնած է)
 
Բեռլինյան սոցեսսիոնի հուշատախտակը Կուրֆյուրստենդամմում

Բեռլինյան սեցեսսիոնում ու այլ գեղարվեստական խմբերում կրթություն ստացած բեռլինյան նկարիչների հակասություններն արտահայտվել են դեռևս 1891 թվականին՝ կապված Միջազգային մեծ գեղարվեստական ցուցահանդեսի հետ, որն անց էր կացվում Բեռլինում։ Մեկ տարի անց Բեռլինյան նկարիչների միության կոմիտեն մերժել է Էդվարդ Մունկի նկարները։ 1892 թվականի փետրվարին մի քանի նկարիչներ, Վալտներ Լեյստիկովի, Ֆրանց Սկարբինայի և Մաքս Լիբերմանի գլխավորությամբ միավորվել են «գեղարվեստական ցուցահանդեսների կազմակերպման ազատ միության մեջ» և 1892 թվականին անց են կացրել, այսպես կոչված, «11-ի» ցուցահանդեսը` միևնույն ժամանակ չլքելով Բեռլինյան նկարիչների միությունն ու մասնակցելով «Բեռլինյան մեծ գեղարվեստական ցուցահանդես» ամենամյա սալոնին։

Գերմանական համընդհանուր գեղարվեստական ընկերակցության կանոնադրության մեջ Անտոն ֆոն Վերների և Հուգո Շնարս Ալկվիստի կողմից 1892 թվականի հոկտեմբերին կատարված փոփոխությունները թույլ են տվել պահպանել այդ միությունը։ Սակայն 1892 թվականին սկանդալ է ծագել` ընկերակցության մեծամասնության կողմից Էդվարդ Մունկի ցուցահանդեսը փակելու որոշման պատճառով, որի աշխատանքները կոչվել են «մերժելի, սարսափելի և տձև»։ Այն նկարիչները, որոնք այլ կարծիքի էին, դեռևս ուժ չունեին կապերը խզել ցուցահանդեսային սրահում ստեղծված համակարգի հետ։ Այդ պատճառով 1893 թվականին Բեռլինյան գեղարվեստական մեծ ցուցահանդեսին զուգահեռ, անց է կացվել «Բեռլինյան ազատ գեղարվեստական ցուցահանդեսը»։

1898 թվականին Բեռլինյան գեղարվեստական մեծ ցուցահանդեսի ժյուրին չի ընդունել Վալտեր Լեյստիկովի բնանկարը։ Սա վերջնական վկայություն է դարձել առ այն, որ «ժամանակակից արվեստը» չպետք է աջակցություն սպասի գոյություն ունեցող կազմակերպություններից։ Ի պատասխան դրան, 65 նկարիչներ միավորվել են Լեյստիկովի կողմից կազմակերպված Բեռլինյան սեցեսսիոնում։ Մաքս Լիբերմանն ընտրվել է որպես նախագահ։ Գալերիստ եղբայրներ Բրունո և Պաուլ Կասսիերները նշանակվել են Սեցեսսիոնի քարտուղարներ։ Սեցեսսիոնի ամենաազդեցիկ հակառակորդն է եղել Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի տնօրեն Անտոն ֆոն Վերները, Վիլհելմ II-ի` ժամանակակից արվեստի հարցերով խորհրդականը։

1899 թվականի մայիսի 19-ին բեռլինյան Շառլոտենբուրգ թաղամասի Կանտշտրասսե փողոցում գտնվող փոքր մի շենքում բացվել է գեղարվեստի և գրաֆիկայի 330 ստեղծագործությունների և 50 քանդակների ցուցահանդեսը։ 1905 թվականին Բեռլինյան սեցեսսիոնը տեղափոխվել է Կուրֆյուրստենդամ 208 հասցե, որտեղ ներկայումս տեղակայված է Կուրֆյուրստենդամի թատրոնը։ 1909 թվականին Բեռլինյան սեցեսսիոնի կազմում կար 97 անդամ։

1910 թվականին Սեցեսսիոնում ճեղքում է եղել, երբ դրա ժյուրին մերժել է 27 նկարիչների, մեծամասամբ` էքսպրեսիոնիստների աշխատանքները։ Գեորգ Տապերետի, Հենրիխ Ռիխտեր-Բեռլինի և այլոց, մասնավորապես, Մաքս Պեխշտեյնի, նախաձեռնությամբ ձևավորվել է գեղարվեստական նոր խումբ` Նոր սեցեսսիոն։ Դրա առաջին ցուցահանդեսը բացվել է 1910 թվականի մայիսին` «Բեռլինյան 1910 թվականի սեցեսսիոնի մերժյալները» խորագրոց։ Պեխշտեյնը և Տապերտը նշանակվել են կազմակերպության նախագահներ։

Երկրորդ կտրուկ նամակից հետո, որում Էմիլ Նոլդեն դեմ է դուրս եկել նախագահ Մաքս Լիբերմանին, Նոլդեն հեռացվել է Սեցեսսիոնից, իսկ որոշ ժամանակ անց Լիբերմանն ու նրա մտերիմ կողմնակիցները վայր են դրել իրենց վարչական արտոնությունները։ Լիբերմանի հաջորդը նախագահի պաշտոնում դարձել է Լովիս Կորինտը։ 1912 թվականի դեկտեմբերին Պաուլ Կասսիերը նշանակվել է նախագահ։ 1913 թվականի ամառային ցուցահանդեսը եղել է Սեցեսսիոնի վերջին հաջողությունը։ Մի շարք նկարների` ցուցահանդեսի մասնակությունը մերժելու պատճառով դրանց հեղինակները կազմակերպել են իրենց սեփական ցուցահանդեսը, ինչը հերթական ճեղքումն է առաջ բերել Բեռլինյան սեցեսսիոնում։ Այն բանից հետո, երբ նրանք հրաժարվել են հեռանալ Սեցեսսիոնից, իրենց հեռանալու մասին հայտարարել են Սլեֆոգտը, Լիբերմանը, Կասսիերը ու ևս 40 նկարիչ։

1914 թվականի մարտին Բեռլինյան սեցեսսիոնը լքած նկարիչները կազմակերպել են Ազատ սեցեսսիոնը, որի պատվավոր նախագահն է դարձել Մաքս Լիբերմանը։ Բեռլինյան սեցիսսիոնը գոյություն է ունեցել մինչև 1933 թվականը։ Դրա վերջին նախագահն է եղել մայենցի նկարիչ Էմիլ վան Հաուտը։

Բեռլինյան սեցեսսիոնի հայտնի մասնակիցներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. www.kunst-zeiten.de abgerufen am 3. November 2010
  2. Bilski, Emily D. (1999). Berlin Metropolis: Jews and the New Culture, 1890=1918. New York: University of California Press. էջեր 51–53.

Գրականություն խմբագրել

  • Werner Doede: Die Berliner Secession: Berlin als Zentrum der deutschen Kunst von der Jahrhundertwende bis zum 1. Weltkrieg, Propyläen, Berlin 1981, ISBN 3-549-16618-4
  • Peter Paret: Die Berliner Secession: Moderne Kunst und ihre Feinde im Kaiserlichen Deutschland, Ullstein, Frankfurt/Main 1983, Ullstein-Buch Bd. 36074, ISBN 3-548-36074-2
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլինյան սեցեսսիոն» հոդվածին։