Բենգելա (ամբողջական անունը՝ Սաու Ֆելիպե դե Բենգելա (պորտ.՝ São Felipe de Benguela)), քաղաք Անգոլայում, Բենգելա նահանգի վարաչական կենտրոնը։

Բնակավայր
Բենգելա
պորտ.՝ São Felipe de Benguela
Զինանշան

ԵրկիրԱնգոլա Անգոլա
Հիմնադրված է1617 թ.
Մակերես2100 կմ²
ԲԾՄ39 մետր
Պաշտոնական լեզուպորտուգալերեն
Բնակչություն561 775 մարդ (2014)
Բենգելա (քաղաք) (Անգոլա)##
Բենգելա (քաղաք) (Անգոլա)

Վիճակագրության ազգային ինստիտուտի պատրաստած 2018 թվականի ժողովրդագրական կանխատեսումների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմում է 623 777 մարդ, իսկ տարածք 2 100 կմ², ինչի շնորհիվ քաղաքը եղել է նահանգի ամենախիտ բնակչություն ունեցողը և տասներորդ ամենախիտ բնակեցվածը երկրում։

Պատմություն խմբագրել

 
Բենգելայի և շրջակայքի քարտեզ, 1740

Պորտուգալական տիրապետություն խմբագրել

Նախքան սպիտակամորթների ժամանումը ներկայիս Բենգելա նահանգի տարածքը զբաղեցրել է օվիմբունդու ցեղային միությունը, որը գտնվում էր ցեղային հարաբերությունների քայքայման և ֆեոդալիզմի ձևավորման փուլում։

1483 թվականին ափը հետազոտվել է պորտուգալացի նավագնաց Դիոգու Կանայի արշավախմբի կողմից։ Պորտուգալական կառավարությունը բազմիցս փորձեր է ձեռնարկել այս տարածքում հենակետ ձեռք բերելու համար, սակայն տեղական կառավարիչների հետ հարաբերությունները մնաել են դժվար, աշխույժ առևտրի ժամանակաշրջանները հերթափոխվել են թշնամանքով և զինված բախումներով։ 1574 թվականին ներկայիս Պորտու ամբոինի տեղում հիմնադրված բնակավայրը (նույնպես կոչվել է Բենգելա) 1587 թվականին տեղի բնակիչների կողմից հարձակման է ենթարկվել և ամբողջությամբ ավերվել։

1615 թվականին Ֆիլիպ II թագավորի հրամանով Անգոլա Կապիտանիայի կազմից առանձնացվել է Բենգելա Կապիտանիան, որն այդ ժամանակ ավերված էր։ Անգոլայի 8-րդ նահանգապետը որոշում է կայացրել ոչ թե վերականգնել հին բնակավայրը, այլ նորը հիմնել նրանից 350 կիլոմետր դեպի հարավ։ 1617 թվականի ապրիլի 11-ին նահանգապետի և 130 վերաբնակիչների հետ նավը հեռացել է Լուանդայից, իսկ մայիսի 17-ին հիմնադրվել է Կապիտանիայի մայրաքաղաքը, որն ստացել է նախկին անունը՝ Բենգելա[1]։

Չնայած հարմարավետ նավահանգիստ չունենալուն (նավերը ստիպված էին խարիսխ նետել ափից մեկուկես կիլոմետր հեռավորության վրա, 7-11 մետր խորության վրա, որտեղից բեռները ցամաաք էին հասցվում նավակերով), քաղաքը երկար ժամանակ Կենտրոնական Աֆրիկայի խորքային շրջանների հետ կապված կարևոր առևտրային կետ էր, հատկապես Բրազիլիա և Կուբա ուղարկված ստրուկների առևտրի նորհիվ։ Այդ դարաշրջանից այստեղ պահպանվել են Սան Ֆելիպեի և Սան Անտոնիոյի եկեղեցիները, ինչպես նաև հիվանդանոցն ու Սաու Ֆելիպե դե Բենգելայի բերդը։

Ամրոցի կառուցումը չի պաշտպանել քաղաքը 1641 թվականին հոլանդացիների կողմից գրավումից։ Մինչև 1648 թվականը Բենգելան մնացել է հոլանդական Վեստ Ինդիայի ընկերության վերահսկողության տակ, մինչև Անգոլայի ռենկոնկիստայի ընթացքում հետ վերադարձվելը։

1843 թվականին հիմնադրված Լոբիտու նոր նավահանգիստը (հիսուն կիլոմետր դեպի հյուսիս) իր հարմարավետ բնական նավահանգստով իրականացրել է բեռնափոխադրումների զգալի մասը՝ դրանով իսկ առաջացնելով Բենգելայի տնտեսության լճացում, որը տևել է մինչև քսաներորդ դարի սկիզբը։ Առևտրին ավելի շատ հարված է հասցրել ստրկության համատարած վերացումը։ Տնտեսական գործունեության նոր աճ և քաղաքի արագ զարգացում սկսվել է 1905 թվականին Բենգելայի երկաթուղու գործարկմամբ, որը ափին կապող պորտուգալական նավահանգիստները կապել է Կենտրոնական Աֆրիկայի պղնձե գոտու ամենահարուստ հանքավայրերի հետ։

Քաղաքի բարեկարգման և տնտեսության զարգացման գործում ունեցած հաջողությունների համար Բենգելայի քաղաքային խորհուրդը 1967 թվականին պարգևատրվել է պորտուգալական Կայսրության շքանշանով[2]։

Անկախություն խմբագրել

 
Ատլանտյան ափը Բենգելայում

Անգոլայի անկախության համար մղվող պատերազմը զգալի ազդեցություն չի ունեցել Բենգելայի բարգավաճման վրա. պորտուգալական վարչակազմը բավականին հաջողությամբ հաղթահարել է ԽՍՀՄ-ի և ՉԺՀ-ի աջակցությամբ իրականացված գրոհները։ Շատ ավելի աղետալի իրավիճակ է ստեղծվել անկախությունից հետո (1975) սկսված քաղաքացիական պատերազմը, որը հանգեցրել է տնտեսության ու ենթակառուցվածքի լիակատար անկման։ 1983 թվականին Բենգելայի բնակչությունը կազմել է 155 000 մարդ։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Բենգելա քաղաքի բնակչությունն ավելացել է ավազակախմբերի կողմից ավերված գյուղական բնակավայրերից փախստականների հաշվին։ Երկաթուղին, սպիտակամորթ մասնագետների փախչելուց կամ զոհվելուց հետո փաստացի դադարել է գործել 1980-ականների սկզբին[3]։

Արդիականություն խմբագրել

2002 թվականին քաղաքացիական պատերազմի ավարտից հետո քաղաքն ու շրջակայքը աստիճանաբար սկսել են վերականգնվել։ 2014 թվականին չինական վարկով և չինացի մասնագետների ուժերով վերականգնվել է երկաթուղին[4]։ Բենգելան մեր օրերում արագ զարգանում է․ այն իր հյուսիսային հարևան Լոբիտուի հետ փաստացի միաձուլվելով դարձել է մեկ միլիոնից ավելի բնակչությամբ քաղաք։ Պատմական գաղութային թաղամասերը, նոր բիզնես կենտրոնը և հիմնական ենթակառուցվածքը գտնվում են լավ վիճակում (աֆրիկյան չափանիշներով), սակայն քաղաքաբնակների մեծ մասն ապրում է տնակային ավաններում՝ ջրի, կոյուղու, էլեկտրաէներգիայի և աղբահանության սահմանափակ հասանելիությամբ։

Աշխարհագրություն և կլիմա խմբագրել

Բենգելա քաղաքը գտնվում է Անգոլայի արևմուտքում՝ Ատլանտյան օվկիանոսի ափին, երկրի մայրաքաղաք Լուանդայից 430 կմ հարավ և Լոբիտու նավահանգստից 55 կմ դեպի հարավ, որը նաև Բենգելայի բեռնատար նավահանգիստ է։ Բենգելայի անունով կոչվել է Բենգելական հոսանքը Աֆրիկայի հարավ-արևմտյան ափերի մոտ։

Տնտեսություն խմբագրել

Բենգելան եղել է ներքին աֆրիկյան երկրների հետ Պորտուգալիայի առևտրի կենտրոններից մեկը։ Քաղաքը մնում է կարևոր առևտրային օղակ արևմտյան և արևելյան Անգոլայի միջև։ Սուրճը, եգիպտացորենը, սիզալը, շաքարեղենը և ծխախոտը աճեցվում են Անգոլայի ներքին շրջաններում և լայնորեն վաճառվում են Բենգելայում։ Տեղական արդյունաբերությունները ներառում են ձկների վերամշակում և շաքարեղեգի մանրացումը։ Քաղաքում արտադրվում է նաև խեցեղեն, օճառ և գործիքներ։

Արտաքին առևտուրն իրականացվում է Լոբիտու նավահանգստի միջոցով, որը գտնվում է Բենգելայից 29 կմ հյուսիս։ Լոբիտուն, որը ժամանակին Անգոլայի ամենազբաղված նավահանգիստն էր, մեծ վնասներ է կրել Անգոլայի քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Այդ ժամանակից ի վեր նավահանգիստը վերածնվել է և աջակցում է առևտրին Բենգելայի շրջանում։

Տրանսպորտ խմբագրել

Բենգելան ազգային տարածքին միացված է բազմաթիվ տրանսպորտային տեսակներով, որոնցից ամենաավանդականը ավտոճանապարհն է։ Ամենակարևոր միջքաղաքային ճանապարհներն են EN-100-ը, որն այն կապում է նաև Լուբանգոյի և Մոսամեդիշի հետ և EN-105-ը, որն այն կապում է Լուբանգոյի և Հուամբոյի հետ[5]։

Լոբիտուից և Բենգելայից դեպի արևելք՝ աֆրիկյան մայրցամաքի խորքերը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության, Զամբիայի, Զիմբաբվեի տարածքով դեպի Հնդկական օվկիանոսի ափերը՝ մինչև Մոզամբիկի Բեյրա նավահանգիստն անցնում է տրանսաֆրիկյան Բենգելական երկաթգիծը՝ միացնելով երկու օվկիանոսները։ Բենգելան ոչ միայն խոշոր երկաթուղային հանգույց է. այստեղ կա նաև օդանավակայան և ծովային նավահանգիստ (ոչ բեռնատար)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cordova, Vitor Sartori; Victal, Jane (2017 թ․ սեպտեմբերի 23). «O território paulistânico: um olhar existencial para além dos mapas antigos». Labor e Engenho. 11 (3): 263. doi:10.20396/labore.v11i3.8649202. ISSN 2176-8846.
  2. Olival, Fernanda (2004 թ․ ապրիլի 30). «Os Áustrias e as reformas das ordens militares portuguesas». Hispania. 64 (216): 95–116. doi:10.3989/hispania.2004.v64.i216.198. ISSN 1988-8368.
  3. «Ennes Ulrich, Ruy, (20 April 1883–20 June 1966), economist; Vice-Chairman: Benguela Railway Co.; Ultramarina Insurance Co.; Chairman, Corporation of Credit and Insurance». Oxford University Press. 2007 թ․ դեկտեմբերի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  4. «Наука и инновации». www.dvfu.ru (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. Yshiba, José Kiynha. «Modelos de desempenho de pavimentos: estudo de rodovias do Estado do Paraná». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենգելա (քաղաք)» հոդվածին։