Սյունիքի բարձրավանդակ

(Վերահղված է Արցախի բարձրավանդակից)

Սյունիքի բարձրավանդակ (կոչվել է նաև Արևելյն Ղարաբաղի բարձրավանդակ, Ղարաբաղի բարձրավանդակ անուններով), լեռնային ընդարձակ տարածք Հայկական լեռնաշխարհում՝ Զանգեզուրի ու Արցախի լեռնաշղթաների միջև։ Իրենից ներկայացնում է բլրաթմբային սարահարթ է, որի միջին բարձրությունը՝ 2800-3200 մ, առավելագույնը՝ 3594 մ (Թրասար)։ Կազմված է կավճի ու պալեոգենի հրաբխածին-նստվածքային ապարներից, որոնք ծածկված են անթրոպոգենի լավաների հզոր շերտով[1]։

Սյունիքի բարձրավանդակ
ՏեսակԲարձրավանդակ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Արցախ Արցախ
ԲԾՄ3118 մետր
Մասն էՀայկական լեռնաշխարհ
ԼեռնաշղթաԶանգեզուրի լեռնաշղթա, Արցախի լեռնաշղթա
Քարտեզ
Քարտեզ

Սյունիքի բարձրավանդակը տարածվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, երկարությունը՝ 120 կմ, լայնությունը՝ մինչև 50 կմ (հյուսիսում)։ Մակերևույթին բնորոշ են բազմաթիվ հրաբխային կոները, կենտրոնական մասում են Ծղուկ (3581 մ) և Մեծ Իշխանասար (3550 մ) հրաբխային զանգվածները։ Շատ են քարացրոնները, կան հնագույն սառցապատման հետքեր, փոքր ու փակ գոգավորություններ։ Վերջիններից շատերը վերածվել են լճերի՝ Մեծ Փորակ, Փոքր Փորակ, Ալ, Սև և այլն[2]։

Սյունիքի բարձրավանդակում հյուսիսից-արևելքում կարճ, բարձրադիր ու ծալքաբեկորավոր լեռնաճյուղերով միանում է Արցախի լեռնաշղթային։ Հարավ-արևմուտքում ու հարավում լանջերը զառիթափ իջնում են դեպի Սիսիանի, Եռաբլրի, Գորիսի, Հագարիի լավային սարավանդները։ Կան բազալտի, անդեզիտաբազալտի, վանակատի, պեռլիտի, խարամի հանքավայրեր։ Սյունիքի բարձրավանդակից սկիզբ են առնում Որոտան, Արփա, Հագարի, Թարթառ գետերը։

Լավ է արտահայտված կլիմայի ու հողաբուսական ծածկույթի վերընթաց գոտիականությունը։ Հունվարի միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում -2 °C է, բարձրադիրում՝ -14 °C, հուլիսինը համապատասխանաբար՝ 20 °C և 12 °C, տարեկան տեղումները՝ 400-800 մմ։ Լանդշաֆտը լեռնատափաստանային և լեռնամարգագետնային է։ Գետահովիտներում կան անտառապուրակներ, Իշխանասար, Ծղուկ, Ծիծեռնակաքար, Արփաթափա, Բագենք լեռնազանգվածներում՝ լեռնատունդրային կղզյակներ։ Տափաստանային գոտում զբաղվում են հացահատիկի, բանջարեղենի, ծխախոտի մշակությամբ։ Լեռնամարգագետնային գոտում փարթամ արոտավայրեր են։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 112 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 641 — 804 էջ։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյունիքի բարձրավանդակ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։