Արսեն Վարդգեսի Ղազարյան (մարտի 30, 1972(1972-03-30), Մեղրաձոր, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 10, 1994(1994-05-10), Մարտակերտի շրջան, Արցախ), ազատամարտիկ։

Արսեն Ղազարյան
Արսեն Ղազարյան.jpg
1972-1994
ԾննդավայրՄեղրաձոր, Կոտայքի մարզ
Մահվան վայրՄարտակերտի շրջան
Քաղաքացիությունհայ
Ծառայության տարիներ1992-1994
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ՊարգևներՀՀ Արիության մեդալ, Մարտական խաչ 2-րդ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1972 թվականի մարտի 30-ին ՀՀ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում։ 1989 թվականին ավարտել է Հրազդանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը։

1990 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ։ Անմասն չմնալով Արցախի ազատագրման պայքարից՝ 1992 թվականի նոյեմբերին Ստեփանակերտում կամավոր մտնում է սակրավորների վաշտ, որտեղ որոշ ժամանակ անց նրան վստահում են դասակի հրամանատարությունը և շնորհում լեյտենանտի կոչում։ 1992 թվականի դեկտեմբերին մասնակցում է Բերձորի (Լաչին) Ֆինգա բարձունքի վերագրավմանը, իսկ 1993 թվականի փետրվարի 5-ին՝ Կիչան, Չլդրան գյուղերի մատույցների գործողություններին, վիրավորվում է ոտքից, կարճ ժամանակ անց ապաքինվում և կրկին մեկնում ճակատ։

1993 թվականի մարտի վերջին Արսեն Ղազարյանը մասնակցում է Քարվաճառի գործողություններին, հունիսի 14-ին՝ Մարտակերտ քաղաքի, հուլիսին՝ Աղդամի ազատագրմանը, իսկ օգոստոսին արդեն մարտնչում է Հադրութի տարածաշրջանի գյուղերի ազատագրման համար։ Վիրավորվելով թևից՝ երկրորդ անգամ թողնում է մարտի դաշտը, ապա ապաքինվելով՝ վերադառնում։ Ստեփանակերտի գնդի հրամանատարությունը, տեսնելով Արսեն Ղազարյանի աննկուն կամքը, անսահման խիզախությունն ու հայրենասիրությունը, նրան նշանակում է սակրավորների վաշտի հրամանատար՝ շնորհելով ավագ լեյտենանտի կոչում։

1993 թվականի դեկտեմբերի 29-ին՝ Բոյահմեդլի, Փափրավենդ, Քենգերլի գյուղերի ազատագրման ժամանակ վիրավորվում է երրորդ անգամ(գլխից)։ Ապաքինվելուց հետո՝ 1994 թվականի հունվարի 7-ին մասնակցում է Ֆիզուլու շրջանի ազատագրմանը, իսկ հունվարի 15-ից՝ Մարտակերտի և Քարվաճառի ուղղությամբ թշնամու հարձակումների կասեցմանը, նույն թվականի մարտից՝ Հորադիզի պաշտպանական մարտերին։

1994 թվականի մարտի 30-ին նրան շնորհվում է կապիտանի կոչում, միաժամանակ պարգևատրվում է Փառքի 2-րդ աստիճանի շքանշանով։

1994 թվականի ապրիլի 10-ից ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը վերսկսում են Մարտակերտի շրջանի՝ թշնամու գրաված գյուղերի ազատագրումը։ Նա վերստին առաջին շարքերում էր։ Մասնակցում է Շոթլանլու, Նամբիլի, Ումութլու, Յարմջա, Սեյսուլան գյուղերի ազատագրմանը։

Հենց այս մարտերի ժամանակ էլ 1994 թվականի մայիսի 10-ին Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի ազատագրման ժամանակ զոհվում է։

Նրա աճյունն ամփոփված է հայրենի Մեղրաձորի գերեզմանատանը։

ՊարգևներԽմբագրել

Զորամասի հրամանատարությունը, բարձր գնահատելով հայրենիքին մատուցած կապիտան Արսեն Ղազարյանի ծառայությունները, նրան ներկայացնում է պարգևատրման։ ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության 1994 թվականի թիվ 0376-1 որոշմամբ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության և անձնական արիության համար Ա. Ղազարյանը հետմահու պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով։

ՀՀ նախագահի 2002 թվականի հունիսի 1-ի ՆՀ 1106 հրամանագրով հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության և խիզախության համար հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։

2008 թվականի մարտին ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի լսարաններից մեկն անվանակոչվել է Արսեն Ղազարյանի անվամբ[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Արսեն Վարդգեսի Ղազարյան»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2015-10-30