Արշակ Ա (Վիրքի թագավոր)
Արշակ Ա, հայտնի է նաև որպես Արտաշես Ա (վրաց.՝ არსოკ I, վրացերենից տառադարձմամբ՝ Արսոկ I, ծնված՝ անհայտ, Մեծ Հայքի թագավորություն – մ․թ․ա․ 78, Մցխեթ, Վիրք), Մեծ Հայքի թագավորության արքայազն և Վիրքի թագավոր մ․թ․ա․ 90-ից մինչև մ․թ․ա․ 78 թվականներին։ Համարվում է Վիրքի Արտաշեսյան հարստության առաջին ներկայացուցիչը։ Արշակը Հայաստանի թագավոր Արտաշես Ա Բարեպաշտի թոռն էր՝ ամենայն հավանականությամբ Արտավազդ Ա-ի որդին[1]։ Զարգացած միջնադարի վրաց հեղինակները, օրինակ՝ Լեոնտի Մրովելին, վկայում են այն մասին, որ Արշակը հայոց արքայի որդին էր, իսկ նրա կինը սերում էր վրաց Փառնավազյանների թագավորական ընտանիքից։
Արշակ Ա Արտաշեսյան არსოკ I | |
---|---|
Վիրքի թագավորության արքա | |
Իշխանություն | մ․թ․ա․ 90 - մ․թ․ա․ 78 |
Թագադրում | մ․թ․ա․ 90 թվական |
Հանձնում | մ․թ․ա․ 78 թվական |
Ծնվել է՝ | անհայտ |
Ծննդավայր | Մեծ Հայքի թագավորություն |
Մահացել է՝ | մ. թ. ա. 78 |
Երկիր | Վիրք |
Ազգություն | հայ |
Հարստություն | Վիրքի Արտաշեսյան արքայատոհմ |
Ամուսին | անհայտ անվամբ Փառնավազյան արքայադուստր
|
Տոհմ | Արտաշեսյաններ |
միապետ | |
Հայր | Արտավազդ Ա, Մեծ Հայքի արքա |
Երեխաներ | Արտակ Ա |
Հավատք | Հայկական հեթանոսություն |
Արշակը Իբերիայի թագավորության գահին բազմում է Մեծ Հայքի արքայից արքա Տիգրան Բ Մեծի կողմից Վիրքի հպատակեցումից հետո։ Վիրքում հայոց Արտաշեսյանների իշխանության հաստատման գործընթացը հանգամանալից կերպով իր «Քարթլիս ցխովրեբա» («Քարթլիի կյանքը») աշխատության մեջ ներկայացնում է Լեոնտի Մրովելին։
Մ․թ․ա․ 109 թվականից ի վեր Վիրքի (Իբերիայի) թագավորությունում իշխում էր Փառանջոմ I-ը՝ Փառնավազյանների տոհմից։ Ըստ վրաց պատմիչի՝ վերջինս պաշտպանում էր պարթևական արքունիքի շահերը և դավանում էր կրակապաշտական կրոնը։ Վիրքում ներքաղաքական պայքարը վերստին սրվում է այն բանից հետո, երբ Փառանջոմ արքան Պարթևստանից կանչում է մազդեզական կրոնի սպասավորներին ու կրակի մոգերին, նրանց հաստատում Մծխեթում և Մողվթայում և սկսում բացահայտորեն պաշտել կուռքերին։ Փառանջոմի այս քայլը զայրույթի տեղիք է տալիս բնակչության և ազնվականության շրջանում, որի արդյունքում էլ Իբերիայի ավագանին որոշում է թագավորին գահընկեց անելու համար դիմել հարևան երկրի՝ զորեղացող Մեծ Հայքի օգնությանը[2]։
Մեզ հասած պատմագիտական տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Մեծն իր բանակով ներխուժում է Մցխեթ և հաղթանակում պարթևների զորակցությամբ հանդես եկող Փառանջոմ Իբերացու նկատմամբ։ Արդյունքում՝ Վիրքի թագավորությունը հայտնվում է Մեծ Հայքի քաղաքական ազեցության ոլորտում։ Մ․թ․ա․ 90 թվականին Վիրքի գահին բազմում է Տիգրանի զարմիկը՝ Արտավազդ Ա-ի որդի Արշակը, որն էլ հիմնադրում է Վրաց Արտաշեսյան հարստությունը։ Արշակ Ա-ի կառավարման տարիները անցնում են խաղաղության միջավայրում, քանի որ վերջինս գտնվում էր արքայից արքա Տիգրանի հովանավորչության ներքո։ Օգտվելով տիրող կայունությունից՝ վերջինս կառուցապատում է բազմաթիվ ամրոցներ, մասնավորապես՝ Ծունդա բերդը Ջավախքում։ Արշակի մահից հետո արյան իրավունքով գահը ժառանգում է Արտակ Ա-ն, որը շարունակում է իշխել որպես Մեծ Հայքի կամակատար։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Կիրիլ Թումանով, «Իբերիայի վաղ շրջանի արքաների ժամանակագրություն», գլուխ 25, էջ 10-11, հրատարակված՝ 1969
- ↑ Հակոբյան, Մհեր. Մեծ Հայքի և Իբերիայի թագավորություններ (անգլերեն).
Գրականություն խմբագրել
- Լեոնտի Մրովելի, «Քարթլիի կյանքը»