Աշոտ Աբրահամյան (լեզվաբան)

հայ լեզվաբան
(Վերահղված է Աշոտ Աբրահամյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Արսենի Աբրահամյան (սեպտեմբերի 17, 1918(1918-09-17)[1][2], Շահրիզ, Նոր Բայազետի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1][2] - ապրիլի 16, 1985(1985-04-16)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ լեզվաբան, պրոֆեսոր (1964), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965), մանկավարժ։

Աշոտ Աբրահամյան
Ծնվել էսեպտեմբերի 17, 1918(1918-09-17)[1][2]
Շահրիզ, Նոր Բայազետի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն[1][2]
Մահացել էապրիլի 16, 1985(1985-04-16)[2] (66 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան և դասախոս
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ և Հայկական պետական մանկավարժական համալսարան[1]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[2]
Կոչումբանասիրական գիտությունների դոկտոր[1][2]
Գիտական աստիճանպրոֆեսոր[1][2] (1964)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Շահրիզ (այժմ՝ Գեղարքունիքի մարզի Գեղամավան) գյուղում։ 1937 թվականից աշխատել է որպես ուսուցիչ Հրազդանի շրջանի դպրոցներում, վարել նաև ուսմասվարի և տնօրենի պաշտոններ։ Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում։ 1948 թվականին պաշտպանել է դիսերտացիա և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան, 1943 թվականից մինչև մահը դասախոսել է նույն ինստիտուտում։ 1950-1959 թվականներին պաշտոնավարել է ՀԽՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտում իբրև բաժնի (սեկտորի) վարիչ, 1960 թվականից Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում հայոց լեզվի ամբիոնի վարիչն էր։ 1963 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիա։ Վարել է ժամանակակից հայոց լեզու, գրաբար, լեզվաբանության ներածություն բուհական դասընթացները։ Ուշագրավ ներդրում ունի հայերենի, մասնավորապես արդի գրական լեզվի բայակազմության, բայական կարգերի ձևաբանական հատկությունների քննության բնագավառում[3]։ Գրաբարի նրա կազմած ձեռնարկը ակնհայտորեն նպաստել է հին գրական հայերենի ուսուցման գործին։ Հանդես է եկել բազմաթիվ արժեքավոր հոդվածներով, որոնց մեջ անդրադարձել է հայերենի պատմական հնչյունաբանության, բառաքննության խնդիրներին, լեզվի ավանդման գիտամեթոդական խնդիրների ևն։ Նրա թարգմանությամբ (գրաբարից աշխարհաբար) լույս է տեսել Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը» (1972)։ Մահացել է Երևանում[4]։

1981 թվականի ապրիլի 10-ին ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (1977), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Աշոտ Աբրահամյանը գիտությունների ակադեմիայի լեզվի ինստիտուտում հայ մատենագիրների համաբարբառը կազմելու աշխատանքները ղեկավարելու համար ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանի ձեռքից ստանում է իր «Վաստակագիրը»։

Տարբեր տարիների և տարբեր առիթներով Աշոտ Աբրահամյանը հոդվածներ է նվիրել արվեստի ու գրականության երևելի դեմքերին՝ Մարտիրոս Սարյանին, Առնո Բաբաջանյանին, Մուշեղ Գալշոյանին և ուրիշների։

Երիտասարդ տարիներին Աշոտ Աբրահամյանը գրել է մի շարք բանաստեղծություններ, որոնք ընդամենը 20-ն են և պահպանված են նրա անձնական արխիվում՝ «Կյանքի լիրիկա» խորագրով։ Բոլորն էլ հանգավոր բանաստեղծություններ են, որոնց առանցքում կա մի վեհացում՝ իր սրտի ու հոգու ամենանվիրական էակը՝ Զեփյուռը։

* * *

Ու այսպես լռին ու մենակ

Կարոտի թևերն են իջնում

Եվ իրենց կրակով անհագ

Հույզերիս օվկիանը վառում։

Կանգնում է սիրտս մի պահ,

Զգում եմ ես մի հևք քնքուշ,

Ու հանկարծ հին սեմի վրա

Փայլում է մի հայացք անուշ։

Եկավ նա, եկավ ինձ այցի՝

Բերելով և՛ արև, և՛ կյանք,

Ցրվեցին ամպերը թախծի՝

Ինչպես մի մոռացված պատրանք։

22.03.1940 թվական

Թարգմանություններ խմբագրել

Աշոտ Աբրահամյանի մեծագույն ծառայությունը հայագիտությանը եղել և մնում է հայ միջնադարի երկու մեծարժեք մատյանների աշխարհաբար թարգմանությունը։

Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը» խմբագրել

1971 թվականին լույս է տեսել Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոցը» Աշոտ Աբրահամյանի թարգմանությամբ, որին կցված են գիտական առաջաբան և հմուտ ծանոթագրություններ։ Թարգմանությունը կատարվել է համեմատական քննությամբ մինչ այդ եղած այլալեզու թարգմանությունների և դրանց կցված ծանոթագրությունների հետ։ Ա. Աբրահամյանը թարգմանությունը կատարելիս ծանոթացել է զրադաշտական կրոնի հետ կապված գիտական գրականությանը, անտիկ շրջանի հույն փիլիսոփաների ուսմունքներին, Մխիթարյան հայրերի՝ Եզնիկ Կողբացու երկերին տրված մեկնություններին։

Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» խմբագրել

Այս երկը ներկայացնող առաջաբանում Աշոտ Աբրահամյանը խոսել է այդ պատմության այլալեզու թարգմանությունների մասին։ Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմությունն» առաջին անգամ թարգմանվել է լատիներեն (1717, Բեռլին)։ Նրա ֆրանսերեն թարգմանիչներն են եղել Սեն-Մարտենը և Մարի Բրոսսեն։ Օրբելյանի երկը թարգմանվել է նաև ռուսերեն ու վրացերեն։ Հայերեն աշխարհաբարը թարգմանվել է այս բազմալեզու հրապարակումներից տարիներ անց։ Թարգմանության ծանոթագրությունները, որոնք խիստ մանրատառ են, զբաղեցնում են գրքի 405–549 էջերը, թվաքանակով հասնում են 1778-ի։ Դրանց հիմքում ընկած են գրքի այլալեզու թարգմանությունների հեղինակների բացատրությունները։ Թարգմանության առաջաբանը հետազոտական առումով բաժանված է կարևոր ենթաբաժինների, որոնք պարզում են մատենագրական այդ գլուխգործոցի ստեղծման դրդապատճառները, սկզբնաղբյուրները, ժամանակային ընդգրկումն ու պատմագիտական արժեքը, երկի լեզուն ու ոճը, պատմագիտական մյուս երկերը։

Ա. Աբրահամյանի գիտական աշխատությունները խմբագրել

  • Գրաբարի ձեռնարկ, Երևան, 1952-1976։
  • Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական նշանակությունը, Երևան, 1953։
  • Բայը ժամանակակից հայերենում, Երևան, 1962։

Կոչումներ և պարգևներ խմբագրել

Գիտամանկավարժական և հասարակական ակտիվ գործունեության համար 1965 թվականին Աշոտ Աբրահամյանին շնորհվել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչում։ 1977 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ։

Աշոտ Աբրահամյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով և մեդալներով, Գերագույն սովետի մի քանի պատվոգրերով։

Գրականություն խմբագրել

  • Է. Բ. Աղայան, Հայ լեզվաբանության պատմություն, հ. 2, Երևան, 1962։

Աղբյուրներ խմբագրել

  • Աելիտա Դոլուխանյան «Տաղանդավոր լեզվաբանն ու մեծ մանկավարժը» (ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Արսենի Աբրահամյանի ծննդյան 90-ամյակին), պատմաբանասիրական հանդես № 1, 2008, էջ 290-294
  • Պրոֆ. Վ. Ա. Քոսյան «Ա. Ա. Աբրահամյան» (Ծննդյան 60-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես №1, 1979, էջ 251-255

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Մուրադյան Հայկազ (Թիվ 5, 1979 թվական). «Սիրված դասախոսն ու գիտնականը». Սովետական Հայաստան: Էջեր 37, 38.
  4. Հ. Զ. Պետրոսյան (1987). Հայերենագիտական բառարան. Երևան: «Հայաստան». էջ 11.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Աբրահամյան (լեզվաբան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 42