Անտիպաստո (իտալ.՝ antipasto, հոգնակի antipasti, anti «նախա» և pasto «ճաշ»[1]), իտալական խոհանոցի ավանդական տաք կամ սառը մսա-բանջարեղենային նախուտեստների ընդհանուր անվանում՝ պատրաստված Իտալիային բնորոշ մսամթերքից, ծովամթերքից կամ հատուկ կտրտված բանջարեղենից[2]։ Անտիպաստոն մատուցվում է հիմնական կերակրատեսակից առաջ՝ մեծ ափսեով կամ փայտե սկուտեղով։ Այն սկուտեղի մեջ դասավորվում է այնպես, որպեսզի ընդգծվեն բաղադրիչները և ներդաշնակեն ոչ միայն համով, այլև արտաքին տեսքով։ Անտիպաստոյի մի շարք ուտեստներ ունեն տարբեր անուններ և կարող են օգտագործվել որպես առանձին կերակրատեսակներ։ Նման ուտեստներից են կապրեզեն կամ բրուսկետան։ Իտալական ավանդական խոհանոցում անտիպաստոն, որպես կանոն, պարունակում է վեց կամ յոթ տարբեր, բնորոշ բաղադրամասեր՝ պահածոյացված միս, ձիթապտուղ, սունկ, չիլի պղպեղ, անչովի՝ (մանր ձկնատեսակ), արտիչոկե (համեմունք), պանրի տարբեր տեսակներ, ինչպիսիք են պրովոլոնեն և մոցարելան, ձիթայուղով և քացախով թթվեցրած մսամթերք և բանջարեղեն։ Շատերը անտիպաստոն համեմատում են ֆրանսիական hors d'oeuvre-ի հետ, սակայն անտիպաստոն մատուցվում է որպես իտալական ճաշի պաշտոնական մեկնարկ։

Անտիպաստո
իտալական խոհանոց
Ենթատեսակնախուտեստ և մատներով ուտվող կերակուր
Առաջացման երկիր Իտալիա
 Antipasti Վիքիպահեստում

Պատրաստման տարբերակներ խմբագրել

 
Անտիպաստո սկուտեղով: Պարունակում է ծխահարած սաղմոն, ծխահարած թռչնամիս, ռոստբիֆ,կաբանա երշիկ, պատե, չեդեր, այծի և Ջենսենի կարմիր պանիրներ, ձիթապտուղ, տապենադ, պեստո (ետևի մասում) և լոլիկով չուտնի

Գոյություն ունեն անտիպաստոյի պատրաստման և բաղադրության բազմաթիվ տարբերակներ, որոնք կախված են տարածաշրջանային խոհանոցների յուրահատկություններից։ Հարավային Իտալիայում լիովին հնարավոր է գտնել ինչպես աղի ջրի ձկներից, այնպես էլ հարավային մարզերին բնորոշ պահածոյացված մսամթերքից պատրաստված անտիպաստոներ, մինչդեռ հյուսիսային շրջաններին առավել բնորոշ են սնկով, ծխահարած մսամթերքով և քաղցրահամ ջրերի ձկներով անտիպաստոները։ Պանրի տեսակները ևս տարբերվում են կախված տարածաշրջանից և կարող են լինել ինչպես կոշտ, այնպես էլ փափուկ տեսակների։ Անտիպաստոյի բաղադրամասերը լայն ափսեի մեջ դասավորելուց հետո նախուտեստը համեմում են գինու քացախով, կանաչիով և զանազան համեմունքներով։ Անտիպաստոն մատուցվում է տարբեր տեսակի հացերի և բարձր որակի ձիթայուղի հետ։ Անտիպաստո պատրաստում են ինչպես մսամթերքով կամ ծովամթերքով, այնպես էլ առանց դրանց։ Պանրից, սնկից և զանազան բանջարեղենից պատրաստված անտիպաստոները նույնքան հարգի են, որքան մսով պատրաստվածները։ անտիպաստոյի որոշ բաղադրամասեր, որոնք պահանջում են մարինացում, պատրաստվում են նախօրոք՝ ոչ պակաս քան երեք ժամ առաջ, իսկ ավելի նրբահամ անտիպաստո ստանալու համար խորհուրդ է տրվում ամեն ինչ պատրաստելմատուցելուց մեկ օր առաջ։

Պատմություն խմբագրել

1475 թվականին Վատիկանի գրադարանավար Բարթոլոմեո Սակին հրատարակեց «Իսկական ուրախության և լավ ինքնազգացողության մասին» աշխատությունը, որտեղ խորհուրդ էր տալիս իտալացիներին յուրաքանչյուր տրապեզա (ճաշելու ժամ) սկսել մրգերով։ Նրա խոհարարական հետազոտությունների արդյունքում ծնվեց անտիպաստոն՝ մսամթերքի և մրգերի համադրությամբ նախուտեստը։ Սակին առաջարկում էր երշիկի կամ օկորոկի կտորները համադրել սեխի, թզի, դեղձի, կամ զանազան բանջարեղենի հետ[3]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «antipasto». Merriam-Webster Dictionary (անգլերեն). Merriam-Webster, Incorporated. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին. «from anti- (from Latin ante-) + pasto food, from Latin pastus, from pascere to feed»
  2. «Definition of ANTIPASTO». www.merriam-webster.com.
  3. Зданович Л. И. Кулинарный словарь. 2001

Արտաքին հղումներ խմբագրել