Աննա Պապրից

գերմանացի գրող և սուֆրաժիստ

Աննա Պապրից (գերմ.՝ Anna Pappritz, մայիսի 9, 1861(1861-05-09)[1], Radachów, Gmina Ośno Lubuskie, Słubice County, Lubusz Voivodeship, Լեհաստան - հուլիսի 8, 1939(1939-07-08)[1], Radachów, Gmina Ośno Lubuskie, Słubice County, Lubusz Voivodeship, Լեհաստան), գերմանացի գրող և սուֆրաժիստ, «Աբոլիցիոնիստների միջազգային ֆեդերացիայի» գերմանական մասնաճյուղի առաջնորդներից մեկը։ Նա ձգտել է փոխել մարմնավաճառների դեմ ուղղված որոշումները և քրեական օրենքները՝ դրա փոխարեն առաջարկելով երիտասարդ տղամարդկանց և կանանց շրջանում մարմնավաճառությունն արմատախիլ անելու դաստիարակչական մեթոդների կրառումը և երիտասարդ կանանց ապրուստ վաստակելու այլընտրանքային միջոցներ տրամադրելու ճանապարհներ։ Պապրիցը դարձել է Գերմանիայում կանանց շարժման ամենաակնառու դեմքերից մեկը։

Աննա Պապրից
Դիմանկար
Ծնվել էմայիսի 9, 1861(1861-05-09)[1]
ԾննդավայրRadachów, Gmina Ośno Lubuskie, Słubice County, Lubusz Voivodeship, Լեհաստան
Մահացել էհուլիսի 8, 1939(1939-07-08)[1] (78 տարեկան)
Մահվան վայրRadachów, Gmina Ośno Lubuskie, Słubice County, Lubusz Voivodeship, Լեհաստան
Քաղաքացիություն Գերմանական ռայխ և  Գերմանիա
Մասնագիտությունգրող և խմբագիր
 Anna Pappritz Վիքիպահեստում

Վաղ տարիներ

խմբագրել

Աննա Պապրիցը ծնվել է Նոյմարկ պատմական շրջանի (այժմ՝ Լեհաստանում) Դրոսեն քաղաքի Ռադաչ հայրական կալվածքում, 1861 թվականի մայիսի 9-ին, Դրեզդենից ժամանած բողոքական ընտանիքում[2]։ Նա կալվածատիրոջ ընտանիքում միակ դուստրն է եղել և ունեցել է երեք եղբայր։ Եղբայրները կրթություն են ստացել գերմանական Ռոսլեբեն քաղաքի (Թյուրինգիա) վանական դպրոցում (Klosterschule), որից հետո ընդունվել են համալսարան, ապա՝ զինվորական ծառայության։ Աննան կրթվել է որպես ապագա կին և մայր՝ տնային դաստիարակչուհու և տեղի պաստորի (բողոքական քահանա) մոտ[3]։ Մանուկ հասակում նա հետաքրքրվել է պոեզիայով[4]։ 1877 թվականին մահացել է Աննայի հայրը[5]։ 19 տարեկան հասակաում Աննան լուրջ վնասվածքներ է ստացել ճանապարհա-տրանսպորտաին վթարից, որից հետո նա վիրահատվել է Բեռլինի գինեկոլոգիական հիվանդանոցում։ Վթարի հետևանքները մինչև կյանքի վերջ անհանգստացրել են նրան, և բժիշները խորհուրդ են տվել մենակյաց և խաղաղ կյանք վարել[4]։

1884 թվականին Պապրիցը մոր հետ տեղափոխվել է Բեռլին, որտեղ վերցրել է փիլիսոփայության, պատմության և գրականության մասնավոր դասեր և դարձել գրող[6][5]։ 1890-ական թվականներից նա հրապարակել է պատմվածքների մի քանի ժողավածուներ և երեք վեպ[2]։ Նրա առաջին աշխատանքը «Տիրոլի լեռներից» անունով պատմվածքների ժողովածուն է եղել, որը լույս է տեսել 1893 թվականին։ Մեկ տարի անց նա հրատարակել է «Նախապաշարմունք» վեպը, որում իր սեփական կենսափորձի հիման վրա գրել է իր ծագման բարձր դասի սահմանափակ աշխարհայացքի մասին։ Իր հուշերում նա հայտնում է, որ ցավոք, այդ հրատարակությունը նրան իր ընտանիքից «օտարման տարիների» պատճառ է դարձել[7]։

Աննա Պապրիցը եղել է Գեորգ Զիմելի ուսանողը, որի հետ հաճախ մասնակցել է «Բեռլինի ազատ բեմ» (Freie Bühne Berlin) թատերական ասոցիացիայի ստուգատեսներին[8]։

Գործունեություն

խմբագրել
 
1912 թվականի մարտի սկզբին Բեռլինում գերմանացի կանանց առաջին համագումարի տնօրենների խորհուրդը: Հետևի շարքը ձախից՝ Էլիզաբեթ Ալթման-Գոթհայներ, Մարթա Վոս-Ցից, Ալիս Բենսհայմեր, Աննա Պապրից: Առաջին շարքը ձախից՝ Հելեն ֆոն Ֆորսթեր, Գերտրուդ Բոյմեր), Ալիսա Սալոմոն:

Պապրիցի կյանքի հիմնական շրջադարձային պահը եղել է 1895 թվականը, երբ նա առողջական նկատառումներով Անգլիա էր մեկնել։ Այնտեղ է նա իմացել մարմնավաճառության գոյության և պետության կողմից դրա կարգավորման, ինչպես նաև կանանց շարժման մասին[9]։ Բեռլին վերադառնալուց հետո նա միացել է գերմանական կանանց շարժմանը, դասախոսությունների մասնակցել Կանանց պաշտպանության ասոցիացիայում, որը հիմնադրվել էր Միննա Կաուերի (անգլ.՝ Minna Cauer) կողմից 1888 թվականին, և բաժանորդագրվել Կաուերի «Die Frauenbewegung» (Կանանց շարժում) ամսագրին։ 1898 թվականին Կաուերի հոդվածից տեղեկացել է Լոնդոնի Աբոլիցիոնիստների միջազգային ֆեդերացիայի (IAF) մասին[10]։ IAF- ը հիմնադրվել է Ջոզեֆին Բաթլերի կողմից Անգլիայում, որն ընտրել է «աբոլիցիոնիզմ» տերմինը՝ մարմնավաճառներին պարտադիր գրանցումից և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների թեստավորում անցնելուց ազատելը մատնանշելու համար[Ն 1]։ Պապրիցն անմիջապես ներգրավվել է մարմնավաճառությունը կանոնակարգմամբ լուծելու դեմ արշավին[10]։

1899 թվականին Պապրիցը անձամբ հանդիպել է Բաթլերի հետ Լոնդոնում կայացած Կանանց միջազգային կոնգրեսում[10]։ Նույն թվականին նա հիմնադրել և դարձել է IAF- ի Բեռլինի մասնաճյուղի նախագահ[2]։ Աննա Պապրիցը և Կատարինա Շևենը (անգլ.՝ Katharina Scheven) դարձել էն IAF- ի գերմանական մասնաճյուղի (Deutzcher Zweig IAF, DZIAF) երկու ամենաազդեցիկ առաջնորդները[12]։ 1902-1914 թվականներին Պապրիցը աշխատել է Շևենի հետ որպես DZIAF-ի «Der Abolitionist» ամսագրի խմբագիր[13]։ 1905 թվականից հետո «Նոր էթիկայի» մասին հակասությունները դարձել են DZIAF- ի պառակտման պատճառ։ Շևենի և Պապրիցի գլխավորությամբ չափավորներն է՛լ ավելի են ուժեղացրել իրենց վերահսկողությունը։ Որոշ արմատականներ լծվել են ընտրական իրավունքի, իսկ մյուսները՝ գենդերային բարեփոխումների շարժման գործին[14]։

Պապրիցը միացել է Գերմանացի կանանց ասոցիացիաների լիգային (Bund Deutscher Frauenvereine: BDF) և եղել է կազմակերպության քարտուղարը 1907-1914 թվականներին[2]։ 1902 թվականից նա ընդգրկվել է Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի գերմանական ընկերության (DGBG) տնօրենների խորհրդի կազմում[13]։ 1907 թվականին Պապրիցը հանդիպում է ունեցել Պրուսիայի ՆԳ նախարարի հետ, և արդյունքում ոստիկանությանը տրվել է շրջաբերական՝ ավելի մեղմ վերաբերվել մարմնավաճառության մեջ կասկածվող մարմնավաճառներին և ապահովել սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների խորհրդատվության կամ անվճար բուժման առկայություն[15]։ Այնուամենայնիվ, բարոյականության համար մղված նախապատերազմյան արշավը հիմնականում անարդյունավետ է եղել։ 1909 թվականին հրապարակված նոր քրեական օրենսգրքի նախագիծը Պապրիցը նկարագրել է որպես «տղամարդկանց անգիտակից սեռական եսասիրության» արտահայտություն և ասել, որ վախենում է, որ «մեր 25 տարվա աշխատանքն ապարդյուն էր»։ Նոր նախագծեր են ձեռնարկվել, բայց ընդհատվել են Առաջին համաշխարհային պատերազմի բռնկմամբ[16]։

1911 թվականի աշնանը հաղորդվել էր պրուսական դիակիզման մասին նոր օրենք, որը ներառում էր դրույթ այն մասին, որ կանանց դիակները պետք է հետազոտվեն՝ նրդրանց կուսությունը պարզելու համար։ Բեռլինի կանայք խիստ վրդովմունքած էին[17]։ Պապրիցն այդ ժամանակ հանդես է եկել ի պաշտպանություն մահացած կանանց մարմինների, ասելով, որ փորձագետները չեն կարող կնոջ կյանքի այս ամենաինտիմ և անձնական կողմի այս խախտման մասին խոսել, քանի որ մահացած կինն անօգնական է և ի վիճակի չէ պաշտպանել իր հեղինակությունը։ Այդպիսով, Պապրիցը կազմակերպել է IAF- ի արտակարգ նիստ՝ այդ օրենքի դեմ բողոքելու համար, որը հսկայական մասնակցություն է ունեցել և ուղեկցվեց պետիցիաներով։ 1912 թվականի հունվարի սկզբին Պրուսիայի ՆԳ նախարարը չեղյալ է հայտարարել այդ վիրավորական հոդվածը, իսկ սկանդալին հաջորդել է կանանց ընտրական իրավունքի մեծ քարոզչությունը մամուլում[18]։

Պապիցը շարունակել է կարևոր դեր ունենալ Վայմարյան հանրապետության ընթացքում մարմնավաճառության դեմ բարեփոխումների օգտին շարժման մեջ (1919-1933)։ Դա հանգեցրել է 1927 թվականին Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին օրենքի ընդունմանը, որով վերացնում է մարմնավաճառության պետական կարգավորումը։ Նա շարունակել է մնալ IAF- ի Բեռլինյան մասնաճյուղի ղեկավարը, որը հետագայում կոչվեց «Bund für Frauen- und Jugendschutz» (Կանանց և երիտասարդության պաշտպանության լիգա), մինչև 1933 թվականին նրա լուծարումը՝ չնայած առողջական խնդիրների շարունակականությանը[13]։

Աննա Պապրիցը մահացել է Ռադաչում, 1939 թվականի հուլիսի 8-ին, յոթանասունութ տարեկան հասակում[2]։

Հայացքներ

խմբագրել

Սոցիալական փոփոխություններ

խմբագրել

Ըստ Գերմանիայի կանանց ասոցիացիաների ֆեդերացիայի (BDF)՝ կապիտալիստական սպառողական մոտեցումը և արտադրական տեխնոլոգիաների առաջընթացը միջին դասի կանանց, հատկապես միայնակ կանանց զրկել են տնային տնտեսությանը նպաստելու հնարավորությունից։

  Վերջին հիսուն տարիների ընթացքում երիտասարդ աղջիկների կյանքի պայմանները կտրուկ փոխվել են։ Նախկինում դպրոց չհաճախող աղջիկների ճնշող մեծամասնությունը ծնողական տան պաշտպանության ներքո գտնվող դուստրեր էին, որոնք զբաղմունք էին գտնում տանը՝ որպես մայրիկների օգնականներ, մինչև ամուսնությամբ կստեղծեին իրենց սեփական ընտանիքը ... Այժմ այդ պարտականություններից շատերը ... տեղափոխվել են գործարաններ, և այդպիսով երիտասարդ աղջիկները հեռանում են ծնողների ընտանեկան վերահսկողությունից՝ անկախ աշխատանքի դուրս գալով[19]։
- Աննա Պապրից
 

Մարմնավաճառություն

խմբագրել

Գերմանիայում ֆեմինիստների շրջանում կատաղի բանավեճ է ծավալվել այն մասին, թե ինչպես կարելի է պայքարել մարմնավաճառության դեմ, ինչը դիտվում է որպես սեռավարակների աղբյուր և, հետևաբար, առողջության լուրջ խնդիր։ Ըստ Հելեն Շտյոկերի (1869-1943)՝ կանանց սեռական ազատությունը կվերացնի պահանջարկը։ Հաննա Բիբեր-Բեմը (1851-1910) պաշտպանում էր մարմնավաճառների հաճախորդների դեմ պետական դատական հայցերի ավելացումը։ Պապրիցը կարծում էր, որ ելքը կլինի երիտասարդների բարոյական դաստիարակությունը և ամուսնությունից դուրս կապերից ձեռնպահ մնալու խրախուսումը[20]։ Պապրիցը անհանգստանում էր մարմնավաճառի համար՝ նրան համարելով շահագործվող կին, բայց արհամարհում էր մարմնավաճառությունը որպես այդպիսին։ Նա կարեկցանք չուներ գրանցված մարմնավաճառների նկատմամբ, ովքեր իրենց տեսնում էին որպես օգտակար ծառայություններ մատուցող կին աշխատողներ[21]։

1903 թվականին BDF- ի իր հոդվածում Պապրիցը պնդել է, որ մարմնավաճառության կարգավորումը նշանակում է, որ պետությունը որոշ մարդկանց հայտարարում է թիրախ՝ ուրիշների զվարճանքի համար։ Նրանք երկրորդ կարգի արարածներ են կամ ստրուկներ[22]։ Ըստ Պապրիցի՝ ոլորտի կարգավորողները «կողմնորոշվում են բացառապես իրենց շրջապատում գտնվող երիտասարդ, բարեկեցիկ, կրթված տղամարդկանց համար առողջարար ապրանքներ տրամադրելու ցանկությամբ»[23]։ 1907 թվականին, Պապրիցը հրապարակել է սեռական առևտրով զբաղվող կանանց դեպքերի ուսումնասիրությունների ժողովածու, մեկնաբանությամբ, որում նա եզրակացրել է, որ «ի ծնե պոռնիկների» գաղափարը բոլորովին սխալ է, և գրեթե բոլոր դեպքերում կանայք տնտեսական նկատառումներից ելնելով են ստիպված լինում մարմնավաճառությամբ զբաղվել[24]։ Նա բարքերը ներկայացրել է արատավոր, քանի որ հաճախորդ-տղամարդկանց ծառայելու համար մարմնավաճառ կանանց պատժում՝ առանց նրանց օգնելու համար որևէ ջանք գործադրելու[25]։

1909 թվականին Պապրիցը և Շևենը պատրաստեցին բրոշյուր, որում նկարագրվում է DZIAF- ի դիրքորոշումը քրեական իրավունքի բարեփոխումների վերաբերյալ[12]։ Նրանք գրել են, որ «մարմնավաճառությունը հիմնականում պայմանավորված է տղամարդկանց պահանջարկով, և որ հաճախ սոցիալական խնդիրները ստիպում են կանանց համապատասխան առաջարկով բավարարել այդ պահանջը»։ Լուծումը, որը հարիր չէր տղամարդկանց բարոյականության շարժման ղեկավարներին, կանանց աշխատողներին և «կին աշխատողների կազմակերպություններին» պաշտպանող օրենքն էր՝ նրանց կենսապահովման վարձը ապահովելու և կանանց կրթության և մասնագիտական ուսուցման հասանելիությունը բարելավելու համար[24]։ «Նրանք պնդում էին, որ մարմնավաճառության կարգավորումը քաղաքացիական ազատության անհիմն սահմանափակում է և անարդարացիորեն ազդում է միայն կնոջ վրա, ոչ թե նրա հաճախորդի[12]։ Քրեականացումը նույնպես արդարացված չէ, եթե միայն կինն է պատժվում, իսկ տղամարդն ազատ արձակվում։ Պետությունը պետք է ներգրավվի այնպիսի գործերում, ինչպիսիք են հարկադրանքը, անչափահասների նկատմամբ կոշտ վերաբերմունքը, կավատությունը և ագրեսիվ շորթումը, բայց մյուս կողմից սեքսը մասնավոր խնդիր է, իսկ կառավարության միջամտությունը՝ անհատի ազատության կոպիտ խախտում կլինի[12]։

Վեներական հիվանդության տարածմամբ մտահոգված՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում զինվորականները կազմակերպեցին իրենց հասարակաց տները «անվտանգ և մաքուր» կանանց հետ և սկսեցին պայքարել ապօրինի մարմնավաճառության դեմ։ Անգամ Պապրիցը համաձայնել է, որ ոչ ֆորմալ մարմնավաճառների աճող քանակը լուրջ սպառնալիք էր զինվորների բարեկեցության, ուստի և ազգի համար[26]։

Այլ հայացքներ

խմբագրել

Ձեռնպահ մնալը աբոլիցիոնիստական համոզմունքի հիմնական մասն է եղել։ 1903 թվականին DGBG համաժողովում Պապրիցը մանրամասն նկարագրել է բժշկական փորձագետների եզրակացությունը, որ սեռական ակտից հեռու գտնվողների համար ֆիզիկական և հոգեբանական ռիսկեր չկան։ Պապրիցը կողմ էր երկու սեռերի երիտասարդների կրթությանը՝ մինչ ամուսնությունը զերծ մնալ սովորեցնելով։ Նա առաջարկել է խոցելի երիտասարդ կանանց համար հատուկ տներ կամ ծրագրեր ստեղծել, որով բարոյական կրթություն կստանան նրանք և կպատրաստվեն տնային ծառայության, կրոնական աշխատանքի կամ տեքստիլ արդյունաբերության մեջ աշխատանքի համար[27]։ Նա ասել է. «Յուրաքանչյուր աղջիկ փափագում է մի օր գտնել այն տղամարդուն, ում նա կարող է նվիրել իր սերն ու վստահությունը, որը կդառնա նրա ապաստանն ու աջակցությունը կյանքի համար։ Իր սեփական տնային տնտեսությունը, ամուսինն ու երեխաները ոչ միայն յուրաքանչյուր աղջկա ցանկությունների նպատակն են, բայց դրանք նաև նրա բնականոն կյանքի գործն են»[28]։ Այնուամենայնիվ, «ամեն աղջկա բախտը չէ, որ դասավորվում է այնպես, որ այն տանում է դեպի երջանիկ ամուսնություն»[19]։

Պապրիցն աջակցում էր եվգենիկային։ 1906 թվականին նա ասել է, որ «ժառանգական հիվանդություններ ունեցողները (նախևառաջ ՝ վեներական հիվանդություններ) [պետք է] կամովին հրաժարվեն սերունդ ունենալուց[29]։ Նա գրել է 1913 թվականին. «Առողջ, բազմազավակ, մտավոր և բարոյապես պիտանի սերունդ աճեցնելը կարելի է հասնել միայն մտավոր և բարոյապես հասուն, ֆիզիկապես առողջ մայրերի շնորհիվ, որոնք գիտակցում են իրենց պատասխանատվությունը»։ Նա կարծում էր, որ այդպիսի կանանց դատիարակում «կանանց շարժման առաջնային նպատակն է»[30]։ Միևնույն ժամանակ քրիստոնյաների մեծ մասի կարծիքով հակաբեղմնավորիչ միջոցների կիրառությունը խորապես անբարոյականություն է[31]։ Աբոլիցիոնիստները ամբիվալենտ են եղել։ 1906 թվականին Պապրիցը կողմ է արտահայտվել ծնունդների «կարգավորմանը», որպեսզի մայրը կարողանա առնվազն երկու տարի հետաձգել դրանք, բայց 1911 թվականին «Abolitionist» հոդվածում նա քննադատել է հակաբեղմնավորիչների կիրառումը որպես էգոտիստիկ, ժողովրդագրական իմաստով ազգը, հետևաբար՝ բանակը թուլացնող[32]։

Պապրիցը ցանկանում էր արգելել «ժամանցի բոլոր վայրերը, որոնք ոչ այլ ինչ են, քան քողարկված հասարակաց տները»։ Սրանում ներառում էր անպարկեշտ ցուցադրումները և ներկայացումները, որոնք արժեք չեն ներկայացնում։ 1908 թվականին Abolitionist -ը ներկայացրել է բողոքական պաստորի խոսքը, որում դատապարտվում է «անբարոյական գրականությունը»[14]։ Այնուամենայնիվ, Պապրիցը կտրականապես դեմ է եղել գրաքննության միջոցով օրենսդրությունը խստացնելու՝ բարոյականության քարոզիչների ջանքերին, ասելով, որ նրանք ցանկանում են գրաքննության ենթարկել այն ամենը, ինչը քաղաքական կամ կրոնական ազատական է։ Նա կարծում էր, որ գրաքննության մղումը բացահայտում է «ներքին անպարկեշտությունը», ինչը նրանց ստիպում է «անպարկեշտ լինելու մեջ կասկածել մերկության և բնականության յուրաքանչյուր ձև»[12]։ Պապրիցը, Հելեն Լանգեն (1848-1930), Գերտրուդ Բոյմերը (1873-1954) կտրականապես դեմ են արտահայտվել Շտոկերին և ամուսնությունից դուրս կանանց սեռական բարոյականության և սեռական ազատության «Նոր էթիկային»[2]։ Պապրիցը համառորեն աշխատում էր, որպեսզի Շտյոկերի մայրերի պաշտպանության լիգան բացառեր ֆեմինիստական հոսանքից՝ ասելով, որ տեսական կամ գործնականում ոչ մի նոր բան չի ավելացնում այն[33]։

Պապրիցը համասեռամոլությունը համարել է «դատապարտելի, վանող ու զզվելի», բայց նաև կարծում էր, որ «մեծահասակների միջև մասնավոր հարաբերությունները ենթակա չեն քրեական օրենսդրության»։ BDF- ն որոշում էր ընդունել, որում ասվում էր. «Սեռական շեղումներն առանց երրորդ անձանց օրինական իրավունքների վնասման պետք է անպատիժ մնան»[34]։ Պապրիցը դեմ էր տղամարդկանց շրջանում նույնասեռականության մասին օրենքների տարածմանը կանանց վրա։ Չնայած նա դատապարտել է ցանկության պղծությունը, նա մատնանշել է, որ կանայք միմյանց մեջ ներթափանցել չեն կարող։ Սա համահունչ էր կանանց սեռական անմեղության վերաբերյալ ժամանակի պատկերացումներին։ Նա ավելի շատ մտահոգված էր երեխաների նկատմամբ չարաշահումների, կավատության, գայթակղության և ամուսինների եսասիրական պահանջների՝ ավելի մեծ խնդիրներով[35]։ Այնուամենայնիվ, նա պարզաբանել է, որ «կանանց կողմից իրականացված մեղքը նույնքան դատապարտելի է, տհաճ և զզվելի, որքան տղամարդու դեպքում»[36]։

Նշումներ

խմբագրել
  1. Պատահական չէր, որ Բաթլերը ընտրել է մի տերմին, որն ի սկզբանե կիրառվում էր Ամերիկայում սև ստրուկներին ազատություն տալու քարոզչության համար։ Բաթլերը նաև առաջնորդում էր «սպիտակ ստրկության» դեմ պայքարը՝ Ամերիկայում մարմնավաճառներ ծառայելու համար եվրոպացի կանանց վաճառքը[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Reinert, 2001, էջեր 55ff
  3. Pappritz, 1984, էջ 5
  4. 4,0 4,1 Pappritz, 1984, էջ 21
  5. 5,0 5,1 Pataky, 1898, էջեր 115-116
  6. Zeno. «Lexikoneintrag zu der Schriftstellerin Frl. Anna Pappritz. Pataky, Sophie: Lexikon deutscher Frauen ...». www.zeno.org (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
  7. Pappritz, 1984, էջ 23
  8. Smith, 2014, էջ 24
  9. Pappritz, 1984, էջ 25-33
  10. 10,0 10,1 10,2 Pappritz, 1984, էջ 58
  11. Smith, 2014, էջ 77
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Dickinson, 2014, էջ 88
  13. 13,0 13,1 13,2 Smith, 2014, էջ 78
  14. 14,0 14,1 Dickinson, 2014, էջ 97
  15. Dickinson, 2014, էջ 130
  16. Dickinson, 2014, էջ 125
  17. Stratigakos, 2008, էջ 7
  18. Stratigakos, 2008, էջ 8
  19. 19,0 19,1 Dollard, 2009, էջ 96
  20. Smith, 2014, էջ 73
  21. Smith, 2014, էջ 25
  22. Dickinson, 2014, էջ 91
  23. Dickinson, 2014, էջ 92
  24. 24,0 24,1 Dickinson, 2014, էջ 101
  25. Smith, 2014, էջ 65
  26. Rosenblum, 2008, էջ 130
  27. Smith, 2014, էջ 79
  28. Dollard, 2009, էջ 95
  29. Dickinson, 2014, էջ 112
  30. Dickinson, 2014, էջ 113
  31. Dickinson, 2014, էջ 89
  32. Dickinson, 2014, էջ 90
  33. Matysik, 2008, էջ 75–76
  34. Dickinson, 2014, էջ 173
  35. Lybeck, 2014, էջ 112
  36. Matysik, 2008, էջ 166

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
  • «Anna Pappritz». de.wikisource.org (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ մարտի 7-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Պապրից» հոդվածին։