«Անհաղթ Արև» (ռուս.՝ «Непобедимое Солнце»), ռուս ժամանակակից գրող Վիկտոր Պելևինի վեպը, որը լույս է տեսել 2020 թվականի օգոստոսին։ Վեպը հրատարակվել է «18+» մակնշմամբ։

Անհաղթ Արև
ռուս.՝ Непобедимое солнце
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրդետեկտիվ
Ձևվեպ
ՀեղինակՎիկտոր Պելևին
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է2020
ՀրատարակչությունԷքսմո
Հրատարակվել է2020
ՆախորդԹեթև հպումների արվեստ

Սյուժե խմբագրել

Գիրք 1 խմբագրել

 
Վեպում նկարագրված Հելիոգաբալոս (Էլագաբալոս) կայսեր ոսկե մետաղադրամը

Վեպի գործողությունը տեղի է ունենում 2020 թվականի սկզբին։ Մոսկվացի Ալեքսանդրա (Սաշա) Օռլովան իր 30-ամյակի առթիվ մակարոնային մեծահարուստ հորից նվեր է ստանում 30 հազար եվրո, որը նա պետք է ծախսի աշխարհով մեկ ճանապարհորդելու համար։ Նա մեկնում է Ստամբուլ, որտեղ ծանոթանում է Սոֆյա («Սո») անունով մի կնոջ հետ, որը նրան հրավիրում է իր ամուսնու՝ ամերիկացի միլիոնատեր Թիմի «AUrora» զբոսանավ[1][2]։

Զբոսանավի վրա Սաշան ծանոթություն է սկսում Ֆրենկի հետ, իսկ հետագայում դառնում է նրա սիրուհին։ Ֆրենկն ամերիկացի է, որն ուսումնասիրում է Հռոմի Կարակալլա կայսեր պատմությունը՝ օգտագործելով «նեկրոկարեկցանքի» մեթոդը։ Այդ մեթոդի էությունն այն է, որ վաղուց մահացած մարդուն հասկանալու համար հարկավոր է ընդունել նրա ձևը և պատճենել նրա կյանքի հանգամանքները։ Ֆրենկն ունենում է Կարակալլայի նման սանրվածք և մորուք, հագնվում է այնպես, ինչպես նա, և ճանապարհորդում է դեպի այն վայրերը, որտեղ այցելել է Հռոմի այդ կայսրը։ Սաշան նրա հետ սկսում է շրջել Թուրքիայում։ Ուռհայից Խառան տանող ճանապարհին Ֆրանկին անսպասելիորեն սպանում են արևելյան տեսքի երկու անհայտ անձինք, նույն տեղում և նույն կերպ, ինչպես սպանվել է Կարակալլան[2]։

Սաշայի մոտ Ֆրենկից մնում են Արևի և Լուսնի երկու հնագույն դիմակները, որոնք պատրաստված են էլեկտրումից և ճակատի հատվածում զարդարված են սև քարով։ Նա նաև գտնում է Ֆրենկի մի գրառում, որտեղ նա խնդրում է այդ դիմակները վերադարձնել Թիմին և Սոյին։ Ալեքսանդրան, քնելով այս դիմակներից մեկով, տեսնում է միստիկական երազներ, որոնցում իրեն զգում է Վարիոս Ավիտոս անունով պատանի տղա, որը դառնալու է ապագա կայսր Հելիոգաբալոսը[2]։

Ալեքսանդրան վերադառնում է Ստամբուլ, և ինքնաթիռում նրա կողքին նստում է Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր Ահմեթ Գյոքչենը, որը գիտի Ֆրենկի, դիմակների, Թիմի և Սոյի մասին։ Նա Սաշային թողնում է իր այցեքարտը[2]։

Ստամբուլում Թիմը Սաշային պատմում է Sol Invictus («Անհաղթ Արև») հնագույն պաշտամունքի մասին։ Նա նաև պատմում է, որ Հռոմի կայսր Հելիոգաբալոսը այդ պաշտամունքի գլխավոր քուրմն էր և ղեկավարում էր աշխարհը՝ պարելով սրբազան սև քարի առջև, որը նույնպես կոչվում էր Sol Invictus։ Նա այդ քարը Սիրիայում գտնվող տաճարից բերում է Հռոմ, բայց Հելիոգաբալոսի սպանությունից հետո քարի հետքերը կորում են։ Պարզվում է, որ այդ քարը՝ «սառնարանի չափ» բազալտի սև կոնաձև կտորը, պահվում է Թիմի զբոսանավի վրա։ Այդ քարի երկու փոքր բեկորները, որոնք կոտրվել էին Հելիոգաբալոսի կողմից քարը Հռոմ տեղափոխելու ընթացքում, զարդարում են այն դիմակները, որոնք ի սկզբանե պատկանել են Կարակալլա կայսերը։ Քարի օգնությամբ հնարավոր է կառավարել տիեզերքը, իսկ դիմակները թույլ են տալիս կապվել նրա հետ։ Սակայն քարն ակտիվացնելու համար անհրաժեշտ է soltator` հատուկ մարդ, որը քարի առջև պետք է պարի հատուկ միստիկ պար։ Թիմն ու Սոն խնդրում են Սաշային գտնել սոլտատորին[2]։

Գիրք 2 խմբագրել

 
Սև քարի պատկերը հռոմեական դրամի վրա

Սաշան քնում է դիմակով՝ ցանկանալով պարզել, թե որտեղ պետք է փնտրի սոլտատորին և տեսնում է երազ, որում կայսր Անտոնինոս Հելիոգաբալոսը գրում է լատիներեն Varius Avitus Adero արտահայտությունը (Varius Avitus-ը՝ Վարիոս Ավիտոս, Հելիոգաբալոսի անունն է նախքան նրա կայսր հռչակվելը, իսկ Adero նշանակում է «ես այնտեղ կլինեմ»)։ Սաշան գիտակցում է, որ արտահայտությունն ակնարկում է Կուբայի Վարադերո հանգստավայրը։ Մեկնելուց առաջ նա հանդիպում է Ահմեթ Գյոքչենի հետ, որն ասում է, թե քարը յուրատեսակ պրոյեկտոր է, որը ստեղծում է աշխարհը և շատ վտանգավոր է։

Կուբայում Սաշան հանդիպում է մարմնավաճառ Նաոմիին, որի դեմքը նման է Հելիոգաբալոսի՝ իր երազներում երևացող դեմքին։ Սաշան և Նաոմին դիմակները դեմքներին սիրով են զբաղվում։ Քնելով Արեգակի դիմակով՝ Նաոմին իմանում է ամբողջ պատմությունը և հասկանում, որ ինքը նախատեսված է քարի համար պարելու համար։ Սաշան կապվում է Թիմի և Սոյի հետ՝ ասելով, որ ինքը գտել է սոլտատորի, և նրանք Սաշային ու Նաոմիին հրավիրում են Տեներիֆե կղզում գտնվող իրենց վիլլան։

Ժամանելով վիլլա՝ Սաշան ու Նաոմին այնտեղ քար են գտնում, և պարզվում է, որ Թիմն ու Սոն հին աստվածություններ են՝ էոններ։ Նաոմին սկսում է քարի առջև պարել հատուկ պար, որը պետք է ոչնչացնի աշխարհը։ Հանկարծ պարի մեջնամասում Ահմեթ Գյոքչենը երկու օգնականների՝ այն նույն մարդկանց հետ, ովքեր սպանել էին Ֆրենկին, ներխուժում է դահլիճ։ Այդ տղամարդկանցից մեկը սպանում է Նաոմիին։ Ցանկանալով ոչնչացնել քարը՝ Ահմեթ Գյոքչենն ու նրա ենթակաները վազում են նրա մոտ, բայց երբ նրանք դիպչում են քարին, տեղի է ունենում բռնկում, որը նրանց մոխրացնում է։ Սաշան հասկանում է, որ Նաոմին կարողացել է պարել աշխարհի կործանումը, բայց չի հասցրել կատարել նրա ստեղծման պարը, ուստի աշխարհն այժմ կվերանա։ Հետո Սաշան ինքն է սկսում պարել քարի առջև՝ ստեղծելով նոր աշխարհ։

Սաշան բացում է աչքերը և հասկանում, որ գտնվում է մեդիտացիայի մարզմանը Թաիլանդում, Բանգկոկից երեք ժամ հեռավորության վրա։ Նա հիշում է միաժամանակ երկու կյանք՝ մեկը վերը նկարագրված պատմությունն է առեղծվածային քարի մասին, իսկ մյուսը, որտեղ նա ճանապարհորդել է Թուրքիա, Կուբա, Կանարյան կղզիներ և Թաիլանդ։ Նա գիտակցում է, որ ստեղծել է նոր աշխարհ, որտեղ չկան քարը, Թիմն ու Սոն, բայց Ֆրենկն ու Նաոմին ողջ ու առողջ են։

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով սկսվում է կարանտին, և Սաշան չի կարողանում այս նոր աշխարհում հանդիպել Ֆրենկի և Նաոմիի հետ, բայց կարանտինից հետո հույս ունի հանդիպել նրանց հետ։

Քննադատների կարծիքներ խմբագրել

  «Անհաղթ Արևը» մեզ ևս մեկ առիթ է տալիս համոզվելու, որ մեծ խաբեբան, մեր ժամանակների գլխավոր կատակասերը՝ Վիկտոր Պելևինը, երբեք չի մտածում այն, ինչ ասում է, և չի ասում այն, ինչ մտածում է, ոչ իր նախորդ տեքստերում, ոչ էլ հիմա։ Նրա արձակում թե՛ հակաֆեմինիստական և թե՛ ֆեմինիստական օրակարգերը ոչ այլ ինչ են, եթե ոչ ծաղրածուի դիմակ, մեր սեփական սպասումների ու մտավոր կլիշեների ցնցող պրոյեկցիա գրական հարթության վրա։ Այնուամենայնիվ, դա պետք է նշել և հիշել ապագայի համար. 2020 թվականին, երբ ամբողջ աշխարհը զառանցում է համաճարակից, Վիկտոր Պելևինը վեր խոյացավ արդիականությունից և հանկարծ բարի խոսք ասաց կնոջ մասին։ Եվ նույնիսկ որոշակի ջանքեր գործադրեց, որ այդ խոսքը համոզիչ հնչի։
- Գալինա Յուզեֆովիչ, «Meduza»-ի համար[3]
 

։

  «Անհաղթ Արևը» կարելի է բնութագրել որպես օկուլտային վեպ՝ համապատասխան հեղինակային խնդիրներով և ժանրի առանձնահատկություններով։ Սա կարող է նոր գրքից վանել մի շարք ընթերցողների, որոնք սիրում են գիտական ֆանտաստիկան, բայց խուսափում են ցանկացած միստիցիզմից, և տեքստի շուրջ ստեղծել թյուրըմբռնման լրացուցիչ շղարշ։
- Նիկոլայ Պոդոսոկորսկի[4]
 
  Այս վեպում Վիկտոր Պելևինը գերազանցել է ինքն իրեն։ Այո, ամեն տարի երկար տարիներ մենք սպասում էինք Պելևինի նոր վեպին։ Բայց սա պարզապես հերթական տեքստը չէ, սա սուրբ գիրք է, որը նա վերջապես ստեղծեց, հարաբերակցվում է Աստվածաշնչի, Մահաբհարաթայի կամ Պլատոնի «Երկխոսություններ» հետ։ Սա գիրք է, որը գրվել է Ապոկալիպսիսի նախօրեին և միաժամանակ չեղարկում է այն։
- Եկատերինա Դայս[5]
 

Գրագողության մեղադրանքներ խմբագրել

Առաջինը «Անհաղթ Արև» վեպում գրագողության մասին հաղորդել է «Беспощадный пиарщик» տելեգրամյան ալիքը։ Ալիքի հեղինակների կարծիքով՝ Պելևինը փոխառություններ է արել քիչ հայտնի հեղինակ Օլեսյա Գրադովայի «Պար կյանքի հետ» տասնամյա հնության վեպից։ Գրող Օլեսյա Գրադովան կարծում է, որ Վիկտոր Պելևինի համար ոգեշնչման աղբյուր է դարձել 2010 թվականին АСТ հրատարակչության լույսընծայած իր «Պար կյանքի հետ» վեպը[6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Эксклюзивная Разгадка Всего За Смешные Деньги». Вышел новый роман Виктора Пелевина — о молодой женщине в поисках вечности». Forbes.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Непобедимое солнце. Виктор Пелевин. 2 варианта 100 и 240 гр». Сайт бесплатных объявлений OLX.ua. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.(չաշխատող հղում)
  3. meduza.io https://meduza.io/feature/2020/08/27/nepobedimoe-solntse-novyy-roman-viktora-pelevina. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. «Николай Подосокорский. Маски бога и танец бабочки в «Непобедимом Солнце» Виктора Пелевина». philologist.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին. {{cite web}}: |first2= missing |last2= (օգնություն)
  5. «ТАНЕЦ РАДОСТИ». syg.ma (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  6. "Виктора Пелевина обвинили в плагиате"! // Взгляд, 10 сентября 2020
  7. Ридус. «Грань между пародией и кражей идей: Виктора Пелевина обвинили в плагиате». Ридус (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել