Անիտա Կլարա Ռեե (գերմ.՝ Anita Clara Rée, փետրվարի 9, 1885(1885-02-09)[1][2][3][…], Համբուրգ, Գերմանական կայսրություն[4] - դեկտեմբերի 12, 1933(1933-12-12)[2][5], Kampen (Sylt), Landschaft Sylt, Nordfriesland district, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[6]), հրեական ծագմամբ գերմանացի նկարիչ, ավանգարդիստ և էքսպրեսիոնիստ։

Անիտա Ռեե
Ծնվել էփետրվարի 9, 1885(1885-02-09)[1][2][3][…]
ԾննդավայրՀամբուրգ, Գերմանական կայսրություն[4]
Վախճանվել էդեկտեմբերի 12, 1933(1933-12-12)[2][5] (48 տարեկան)
Մահվան վայրKampen (Sylt), Landschaft Sylt, Nordfriesland district, Շլեզվիգ-Հոլշտայն, Գերմանիա[6]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտություննկարչուհի
Ոճավանգարդիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչԱրթուր Զիբելիստ և Ֆեռնան Լեժե
 Anita Rée Վիքիպահեստում

Կյանք և գործունեություն

խմբագրել

Անիտա Ռեեն ծնվել է 1885 թվականին, Համբուրգում, հացահատիկային և գաղութային ապրանքների վաճառական Իսրայել Ռեեի և նրա կնոջ՝ Կլարա Խանի ընտանիքում[7]։ Ռեե ընտանիքը ձուլվել է գերմանական հասարակության մեջ, հրաժարվել հուդայականությունից, և աղջիկները մկրտվել են լյութերական եկեղեցում։ Սկսած 1905 թվականից, Անիտան նկարչություն է սովորել համբուրգյան նկարիչ Արթուր Զիբելիստի մոտ։ 1906 թվականին Ռեեն Բեռլինում հանդիպել է հայտնի նկարիչ Մաքս Լիբերմանի հետ, և նա, զգալով աղջկա տաղանդը, համոզել է նրան շարունակել ուսումը։ Մինչև 1910 թվականն Անիտան շարունակել է սովորել Զիբելիստի մոտ, այնուհետև Ֆրանց Նյոլկենի և Ֆրիդրիխ Ալերս-Գեստերմանի հետ համատեղ բացել է «եռյակի համար» գեղարվեստի արվեստանոցը։ Այդ համագործակցությունը երկար չի տևել Անիտայի՝ Նյոլկենի հանդեպ անպատասխան սիրո պատճառով։ 1912-1913 թվականների ձմռանը Անիտան ապրել է Փարիզում և, լինելով Ֆերնանդ Լեգերի աշակերտը, շփվել է նրա շրջապատի հետ։ Անիտա Ռեեի այդ շրջանի ստեղծագործություններում զգացվում է այնպիսի վարպետների ազդեցությունը, ինչպիսիք են Պիկասոն, Սեզանն ու Մատիսը[8]։

Վերադառնալով Համբուրգ՝ Ռեեն 1913 թվականին մասնակցել է Կոմմետեր պատկերասրահի գեղարվեստական ցուցահանդեսին, իսկ 1814 թվականին ծանոթանում է բանաստեղծ Ռիչարդ Դեմելի հետ։ Հետագա տարիներին նա ձեռք է բերում դիմանկարչի համբավ։ 1919 թվականին Անիտան դառնում է «Համբուրգի անջատողականների» արվեստի շարժման հիմնադիրներից մեկը։ 1920 թվականին նա ընդունվում է Համբուրգի նկարիչների ընկերություն (Hamburgische Künstlerschaft): 1921-1925 թվականներին նա հիմնականում ստեղծագործել է Տիրոլում և Իտալիայում, որտեղ շատ է նկարել, իսկ Համբուրգ է մեկնել միայն ցուցահանդեսներին մասնակցելու համար։ Նկարիչ և գրավաճառ Քրիստիան Զելլը դարձել է նրա մտերիմ ընկերը։ Այդ ժամանակահատվածում Անիտան մտերմացել է «Նոր նյութականություն» մշակութային շարժման անդամների հետ։

1926 թվականին Անիտա Ռեեն վերադարձել է Համբուրգ, և նույն թվականին մասնակցել GEDOK-ի՝ «Տարբեր ուղղությունների գերմանացի և ավստրիացի նկարիչների ընկերության» կազմակերպմանը։ Անիտայի ստեղծագործությունների մեծ մասը հավաքել է բարերար Վալերիա Ալպորտը, ով հետագայում իր հավաքածուն նվիրել է Բեռլինի հրեական թանգարանին։ 1929-1931 թվականների ընթացքում Ռեեի ամենանշանավոր գործերը մեծ ֆորմատի որմնանկարներն են եղել Համբուրգի երկու նորակառույց դպրոցներում, որոնց համար նկարիչը ստացել է բազմաթիվ գովասանագրեր։ Այս նկարներից մեկը՝ «Իմաստուն և հիմար օրիորդները», ոչնչացվել է ազգայնական սոցիալիզմի տարիներին։ Մյուսը՝ «Օրփեոսը և կենդանիները», պահպանվել է և այժմ պետության պահպանության տակ գտնվող մշակութային հուշարձան է։

1930 թվականին նկարիչը պատվեր է ստացել Համբուրգի «Անսգար» եկեղեցու խորանի նախագծման համար և պատրաստել դրա համար էսքիզներ, բայց 1932 թվականին այդ պատվերը չեղարկվել է «կրոնական» նկատառումներով։ Այդ նպատակով նկարված կտավները պահվել են Սանկտ Նիկոլաուսի տաճարում և ոչնչացվել են 1943 թվականի ռմբակոծության ընթացքում։

1932 թվականին Անիտա Ռեեն մեկնել է Զիլտ կղզի։ 1933 թվականի ապրիլին, երբ երկրում իշխանության են եկել նացիոնալ-սոցիալիստները, նրան որպես հրեա հեռացրել են Համբուրգի նկարիչների ընկերությունից։ Հետապնդումների, մենակության և իշխանությունների և արվեստի հասարակության կողմից անարժան վիրավորանքների արդյունքում Անիտան ավելի ու ավելի է ընկել դեպրեսիայի մեջ (ինչպես հաղորդվում է իր քրոջ՝ Էմիլիային ուղղված նամակում) և ինքնասպան է եղել 1933 թվականի դեկտեմբերին։

1937 թվականին հայտարարվել է, որ Անիտա Ռեեի աշխատանքները պատկանում են այսպես կոչված «դեգեներատիվ արվեստին», այդ թվում նրա յոթ նկարները, որոնք 1920-ականներին ձեռք է բերել Գուստավ Պաուլին Համբուրգի պատկերասրահի համար, և դրանք հանվել են գեղարվեստական հավաքածուներից։ Թանգարանի տնտեսական մասի ղեկավար Վիլհելմ Վերները դրանց որոշ մասը թաքցրել էր իր տանը և դրանով փրկել ոչնչացումից։ 1945 թվականին՝ պատերազմի ավարտից հետո, նա այդ գործերը վերադարձրել է թանգարանին։ 2011-2012 թվականներին Համբուրգի թանգարանում կայացած գեղարվեստական ցուցահանդեսը նվիրված է եղել Վիլհելմ Վերներին։

1984 թվականին Համբուրգի փողոցներից մեկը կոչվեց նրա անունով` Anita-Rée-Straße:

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Carl Georg Heise: Anita Rée. Christians, Hamburg 1968.
  • Bettina Roggmann: Anita Rée. в: Eva und die Zukunft. Prestel, München 1986. (Ausstellungskatalog Hamburger Kunsthalle)
  • Jutta Dick, Marina Sassenberg (изд.): Jüdische Frauen im 19. und 20. Jahrhundert. Rowohlt, Reinbek 1993, ISBN 3-499-16344-6.
  • Maike Bruhns: Anita Rée. Leben und Werk einer Hamburger Malerin 1885–1933. Verein für Hamburgische Geschichte, Hamburg 2001, ISBN 3-923356-15-3.
  • Maike Bruhns: Jüdische Kunst? Anita Rée und die Neue Sachlichkeit. в: Hamburger Schlüsseldokumente zur deutsch-jüdischen Geschichte, 6. Dezember 2016. doi:10.23691/jgo:article-106.de.v1
  • Annegret Erhard: Anita Rée. Der Zeit voraus. Eine Hamburger Künstlerin der 20er Jahre. Edition Braus, Berlin 2013, ISBN 978-386228-071-1.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիտա Ռեե» հոդվածին։