Հայաստանի թատերական գործիչների միություն
Հայաստանի թատերական գործիչների միություն, (ՀԹԳՄ), ստեղծագործական հասարակական կազմակերպություն Երևանում։
Հայաստանի թատերական գործիչների միություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Հիմնադրված | հունվարի 19, 1987 |
Կայք | theatersunion.am |
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է 1987 թվականի հունվարի 19-ին, Երևանում, Հայկական թատերական ընկերության (ՀԹԸ) հիման վրա, որը կազմակերպվել էր 1940 թվականին, Երևանում, Գուրգեն Ջանիբեկյանի նախաձեռնությամբ։ ՀԹԸ իր բաժինների (թատերական, մանկական, ժողովրդական թատրոնների, ստեղծագործական և այլն) միջոցով նպաստել է հայ թատերարվեստի զարգացմանը, թատերական գործիչների գաղափարաքաղաքական և գեղարվեստական մակարդակի բարձրացմանը, ուսումնասիրել և ընդհանրացրել թատրոնների փորձը, օգնել ժողովրդական թատրոններին ու ինքնագործ թատերական կոլեկտիվներին, հանրապետությունում անցկացրել դասախոսություններ, զեկուցումներ, մրցանակաբաշխություններ, կազմակերպել փառատոներ, ստեղծագործական երեկոներ, գիտական նստաշրջաններ, կոնֆերանսներ և այլն։ Բարձրագույն ղեկավար մարմինը համագումարն էր՝ 5 տարին մեկ։ ՀԹԸ սերտ կապերի մեջ էր մյուս հանրապետությունների թատերական ընկերությունների հետ։ 1967 թվականին, Հրաչյա Ղափլանյանի նախաձեռնությամբ ՀԹԸ-ին կից կազմակերպվել է թատրոն-ստուդիա (1969 թվականից՝ Երևանի դրամատիկական թատրոն)։ Ընկերության խմբագրական հրատարակչական բաժինը պատրաստել և հրատարակել է թատրոնների ու թատերարվեստի հայ վարպետների փորձն ընդհանրացնող գրքեր և գրքույկներ։
Միությունը միավորում է ՀՀ թատրոնի գործիչներին, ընդգրկում հանրապետական թատրոնների և այլ ստեղծագործական միությունների 32 սկզբնական կազմակերպություն, ինչպես և Գյումրիի (1964 թվականից), Վանաձորի (1969 թվականից), Կապանի (1987 թվականից), Ստեփանակերտի (1994 թվականից) բաժանմունքները։ Ունի 1250 անդամ (1999)։ Միությունն իր վերակազմված բաժինների (խմբագրական հրատարակչական, ստեղծագործական, տեսասրահի, արտասահմանյան և այլն) ու հասարական հիմունքներով գործող խորհուրդների միջոցով նորովի շարունակում է ՀԹԸ գործունեությունը։ Գործում են ստեղծագործական տունը, Դերասանի տունը, թատերահուշանվերների ֆաբրիկան, ՀԹԳՄ լույս է ընծայում «Թատերական Երևան» ամփոփ ծրագիրը (1953 թվականից)։ Միությանը կից գործել են «Բարեկամություն» թատրոնը (1966-1990), թատրոն-լաբորատորիա (գեղարվեստական ղեկավար Ա․ Մազմանյան, 1988-1991), «Բեմ» ամսագիրը (1990 թվականին՝ 3 համար) և «Հուշարար» ամսաթերթը (1991 թվականին՝ 4 համար)։
Նախագահներ
խմբագրելՎարչության նախագահներ.
- Գուրգեն Ջանիբեկյան (1940-1949)
- Տիգրան Շամիրխանյան (1949-1952)
- Վավիկ Վարդանյան (1952-1955, 1959-1965)
- Վաղարշ Վաղարշյան (1955-1959)
- Հրաչյա Ղափլանյան (1965-1988, 1987 թվականից՝ ՀԹԳՄ-ի)
- Խորեն Աբրահամյան (1989-1996)
- Երվանդ Ղազանչյան (1995-2007)
- Հակոբ Ղազանչյան (2007 թվականից)[1]
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 176)։ |