Աղասի Խանջյանի մահ

(Վերահղված է Աղասի Խանջյանի մահըից)

Աղասի Խանջյանը մահացել է 1936 թվականի հուլիսի 9-ին Թբիլիսի քաղաքում։ Ըստ պաշտոնական վարկածի՝ Խանջյանը ինքնասպան է եղել։ Մահվան լուրի հրապարակումից ի վեր լայն տարածում է ստացել վարկածը, որ Խանջյանին սպանել են։

Աղասի Խանջյանը՝ 1934 թվականին
Աղասի Խանջյանը՝ 1934 թվականին

ՆախապատմությունԽմբագրել

1931 թվականի հոկտեմբերի 31-ին Խանջյանը դեմ է արտահայտվել Լավրենտի Բերիայի նշանակմանը Անդրկովկասի մարզկոմի առաջին քարտուղարի պաշտոնին, սակայն Ստալինի որոշմամբ նշանակումը տեղի է ունենում։ Մոտակա տարիներին Բերիան Խանջյանի մերձավոր շրջապատին մեկ առ մեկ տեղափոխում է այլ աշխատանքների, նրանց փոխարեն նշանակելով իր վստահելի անձանց։ Թբիլիսի է տեղափոխվում երկրորդ քարտուղար Սեդրակ Օտյանը, Ներքին գործերի կոմիսարիատի Պետական քաղաքական վարչության պետ Արմենակ Աբուլյանը, և այլոք։

1932 թվականին Խանջյանի դեմ ազգայնականության մեղադրանք է առաջադրում Բերիայի մեկ այլ կողմնակից՝ ՀՀ Կենտկոմի քարտուղար Աթանես Ակոպովը։ Սակայն մեղադրանքները ընթացք չեն ստանում, ու վերջինիս տեղափոխում են աշխատելու Բաքու[1]։

1933 թվականին Մոսկվայից՝ Խորհրդային հանրապետությունների ղեկավարների հավաքից վերադառնալիս Բերիան բոլորին առաջարկում է որոշ ժամանակով կանգ առնել Վրաստանում։ Խանջյանին հատկացվում է Բյուիկ մակնիշի մի մեքենա։ Բերիան առաջարկում է փոխանակվել ավտոմեքենաներով, ու Խանջյանը նստում է Բերիայի կաբիոլետը, որի մեջ էր նաև Վրաստանի տրասպորտի հարցերով քարտուղար Խարիտոն Խաչցկևիչը։ Ըստ պաշտոնի՝ Խանջյանը պետք է նստեր դիմացը[2], բայց նա առաջարկում է նստել հետևի նստարանին, Խացկևիչը նստում է դիմացը, ու այս տեղափոխության մասին իմանում են միայն նրանք։ Ճանապարհին մեքենայի վրա կրակ է բացվում, ու դիմացը նստած Խացկևիչը սպանվում է։ Խանջյանը փրկվում է հետևում նստելու արդյունքում։ Ամբողջը ներկայացվում է, որպես մահափորձ Բերիայի դեմ[2]։

Մեկնումը ԹբիլիսիԽմբագրել

Խանջյանը մեկնել է Թբիլիսի 1936 թվականի հուլիսի 8-ին։ Կնոջը՝ Ռոզա Գինզբերգին նա ասել է, որ Թբիլիսում նա կտրուկ կերպով դնելու է իր հրաժարականի հարցը՝ այդ օրերին ՀԿ(բ)Կ Անդրկովկասի մարզկոմի առաջին քարտուղար Լավրենտի Բերիայի կողմից ճնշումների պատճառով։ Բացասական պատասխան ստանալու դեպքում նա պատրաստվում էր հասնել Մոսկվա ու վերցրել էր իր հետ բոլոր անհրաժեշտ իրերը երկար ճանապարհորդության համար։ Ըստ կնոջ ցուցմունքների Խանջյանը իր հետ էր վերցրել նաև իրեն պատկանող Լիգնոզե ատրճանակը։ Ինքնասպանության մասին մտքերը կինը բացառել է։

 
Եղիշե Չարենց

Չարենցի կինը Իզաբելլան հիշում է․

Երեկոյան մեզ մոտ եկավ Խանջյանը։ Մտավ Չարենցի աշխատասենյակ, մոտ կես ժամ նրանք զրուցում էին… Ես նրանց թեյ բերեցի ու տեսա, որ լուռ ու տխուր նստած են։ Որոշ ժամանակ անց դուրս եկան։ Չարենցը ճանապարհեց Խանջյանին մինչև դուռը․ գնում էր Խանջյանի հետևից ձեռքերը մեջքի հետևը պահած, դեմքը վար իջացրած՝ դեմքին մեծագույն դարդով։ Կարծես գնում էր հարազատ մի մարդու դագաղի հետևից։ Նա դուռը փակեց ու նույն դեմքի արտահայտությամբ հետ գնաց աշխատասենյակ։ Երեք օրից Խանջյանին հետ բերեցին Թիֆլիսից դագաղի մեջ։[2]

Ըստ մեկ այլ աղբյուրի՝ Իզբելլան լսել է Չարենցի ձայնը կողքի սենյակից․ «Աղասի, մի գնա»[3]։

Հաջորդ օրը՝ հուլիսի 9-ին Խանջյանը ժամանել է Համամիութենական կոմունիստական կուսակցության Անդրկովկասի մարզկոմի շենք, որտեղ հանդիպել է Բերիայի հետ վերջինիս աշխատասենյակում։

Մարզկոմի նիստըԽմբագրել

Հուլիսի 9-ին գումարվում է Անդրկովկասի մարզկոմի նիստ, որին Խանջյանը ելույթ չի ունեցել։ Մարզկոմի ներքին գործերի կոմիսար Սերգեյ Գոգլիձեն խոսել է տարածաշրջանում տրոցկիստական խմբերի հայտնաբերման մասին։ Ըստ նրա՝ Լենինականում ձերբակալվել է 100 տրոցկիստ, իսկ Երևանում՝ 36։ Նա նշել է հատկապես ՀՍՍՀ Կենտկոմի անդամ Ներսես Ստեփանյանի ձերբակալությունը, որը ի տարբերություն այլոց՝ բարձաստիճան պաշտոնյա է՝ Հայաստանի կրթության հարցերով կոմիսար։ Ստեփանյանին Խանջյանը պաշտպանել է սկսած 1934 թվականից, երբ դրված էր նրա հեռացումը կուսակցությունից։ Ելույթ են ունեցել Ադրբեջանի Կենտկոմի առաջին քարտուղար Միր Ջաֆար Բագիրովը, Անդրկովկասի ԿԸՀ քարտուղար Ֆիլիպ Մախարաձեն, Հայաստանի Կենտկոմի երկրորդ քարտուղար, իսկ Խանջյանի մահից հետո առաջին քարտուղար Ամատունի Ամատունին ու ինքը՝ Բերիան, ովքեր միաձայն պնդում էին, որ Հայաստանի Կոմկուսի Կենտկոմը չի վարում բավական կոշտ պայքար օպորտունիզմի դեմ։ Վերջում Բերիան խնդրել է Կենտկոմին վերցնել Ստեփանյանի գործը հատուկ վերահսկողության ներքո։ Նիստը ավարտվել է 5 անց կես։ Երեկոյան Բերիան մեքենա է ուղարկել Խանջյանի հետևից՝ հրավիրելով իր աշխատասենյակ[2]։

Պաշտոնական վարկածԽմբագրել

Ըստ պաշտոնական վարկածի, որը հրապարակել է Անդրկովկասյան տարածքային կոմիտեն հուլիսի 11-ին՝ Խանջյանը ինքնասպանություն է գործել Թբիլիսի գործուղման ժամանակ սեփական քաղաքական սխալներից ճնշված։ Խանջյանի մարմինը տեղափոխվել է Երևան ու թաղվել Հայաստանում։

Այլ վարկածներԽմբագրել

Ըստ Վրաստանում լայն տարածված տարբերակի՝ Բերիայի աշխատասենյակում Խանջյանը առաջ է քաշել Ջավախքը Հայաստանին փոխանցելու պահանջ, սկսել է սպառնալ Բերիային։ Վերջինս էլ ի պատասխան վերցրել է իր ատրճանակը ու սպանել Խանջյանին։ Սակայն ըստ թեման ուսումնասիրած Ամատունի Վիրաբյանի՝ չկա որևէ փաստ, որը հաստատի այս վարկածը[4]։

Պաշտոնական մանրամասներԽմբագրել

Խանջյանին հայտնաբերել է իր անվտանգության աշխատակից Սանոյանը՝ իր սենյակում անկողնու վրա պառկած՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով՝ հուլիսի 9-ի երեկոյան 7-ից 8-ի շրջանում։ Ժամը 9։25-ին զանգ է ստացվել շտապօգնության ու ժամը 10։25 Խանջյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ վիրահատական մատյանի գրառման՝ բժիշկների խորհրդակցությունից հետո արդեն հուլիսի 10-ի գիշերվա 1։30 Խանջյանը վիրահատվել է, ինչից հետո մահացել։ Դիահերձման գրառման մեջ մահվան ամսաթիվը հուլիսի 9-ն է։

Շտապօգնության հիվանդանոցում, որտեղ տեղափոխել էին Խանջյանին, գտնվում էր Բերիան, Ագրբան, Վրաստանի առողջապահության ժողկոմիսար Մամալաձեն, գլխավոր դատախազ Վարձիելին ու հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կիրշենբլատը։ Ագրբան, Մամալաձեն ու Վարձիելին 1937-1938 թվականներին դատապարտվել ու գնդակահարվել են։ Գլխավոր բժիշկ Կիրշենբլատը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, բայց գնդակահարվել է 1938 թվականին՝ առանց որևէ հիմնավորման։ Խանջյանի անվտանգության աշխատակիցներ Սանոյանն ու Մկրտչյանը ձերբակալվել են մահվանից հետո, բայց ազատ են արձակվել 1,5 ամիս անց։

1955 թվականի քննությունԽմբագրել

1955 թվականին Խանջյանի մոր դիմումին ի պատասխան՝ վերաբացելու Խանջյանի գործը, անցկացվել է հետաքննություն, որը բացահայտել է, որ 1936 թվականի պաշտոնական վարկածը հիմնված է կեղծիքների վրա։

Պարզվել է, որ 1936 թվականին լիարժեք քննություն չի անցկացվել։ Զենքը, որից վրա է հասել Խանջյանի մահը, չի հայտնաբերվել։ Խանջյանի բնժշկական քարտը հիվանդանոցում չի հայտնաբերվել։

 
Լիգնոզե ատրճանակ

Պարզվել է նաև, որ հերձումը կատարվել է ոչ թե դատական բժիշկի, այլ պաթոլոգոանատոմի կողմից։ Վերջնական եզրակացությունը ստուգել է այդ օրերին ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության գլխավոր դատաբժիշկ Միխայիլ Ավդեևը, ով պարզվել է, որ նշված վիրավորումը չէր կարող իրականացվեր Խանջյանին պատկանող Լիգնոզե 6,35մմ կալիբրի ատրճանակից, այլ կատարվել է ավելի խոշոր թմբուկային ատրճանակից՝ ոչ պակաս քան 7.5 մմ։

Այս փաստերը 1955 թվականին անցկացված հետաքննության ժամանակ ստիպել են եզրակացնել, որ հիվանդանոցում կատարվել է կեղծ վիրահատություն արդեն մահացած դիակի վրա։

Տռոյկայի անդամ Աննա Իվանովայի ցուցմունքըԽմբագրել

Կուսակցական վերահսկողության խորհրդի անդամ Աննա Իվանովան ցուցմունքներում նշել է, որ Խանջյանի մահվան պահին Անդրկովկասի մարզկոմի շենքում էին գտնվում Կուսակցական վերահսկողության խորհրդի տռոյկայի անդամներ Իվան Կորոտկովը, Սինայսկի-Միխայլովը ու ինքը՝ Իվանովան։ Հանկարծ Բերիայի աշխատասենյակում երկու կրակոց է լսվել։ Կորոտկովը վազել է աշխատասենյակ ու երկար ժամանակ դուրս չի եկել։ Չսպասելով Կորոտկովին՝ մնացած երկուսը գնացել են հյուրանոց, որտեղ այնուհետև ժամանել է նաև Կորոտկովը։ Հարցերին ի պատասխան՝ նա ասել է․ «Ահավոր մի բան է տեղի ունեցել», ինչի մասին մյուս օրը հայտնի կդառնա։ Մյուս օրը թերթերը հրապարակեցին Խանջյանի ինքնասպանության լուրը, ու Կորոտկովը այդ ժամանակ ասել է․ «Ճիզվիտ Բերիան սպանեց Խանջյանին»։ Իվանովայի հորդորին ի պատասխան՝ տեղեկացնելու Մոսկվային տեղի ունեցածի մասին, Կորոտկովը նրան նույնպես արգելեց անել դա՝ ասելով, որ պատմությունը ցույց կտա ամեն ինչ։

Անտոն Անտոնով-Օվսեենկոյի հետաքննությունըԽմբագրել

Պատմաբան Անտոնով-Օվսեենկոն իր հեղինակած «Բերիա» գրքում գրում է, որ կրակոցի ձայնից հետո Բերիայի աշխատասենյակ մտած Իվան Կորոտկովը տեսել է՝ ինչպես է Բերիան սեղանին շպրտել ինքնաձիգը, իսկ կողքին արյան մեջ ընկած էր Խանջյանի մարմինը[2]։ Նա ավելացնում է, որ Կորոտկովը վերադարձել է տռոյկայի մոտ ու Աննա Իվանովային ասել, որ լռի, եթե ուզում է կենդանի մնալ[4]։

Շուշանիկ Սաֆարյանի հիշողություններըԽմբագրել

Անդրֆեդերացիայի քարտուղարության մեքենագրության բաժնի վարիչ Սուսաննա Սաֆարովա (Շուշանիկ Սաֆարյան) առաջ է բերում փոքր ինչ այլ տարբերակ։ Ըստ նրա՝ նա այդ օրը կայացած նիստի սղագրությունը տպագրված տեսքով տարել Բերիայի աշխատասենյակ։ Դուռը թակել է ու մտել՝ տեսնելով պպզած վիճակում Լավրենտի Բերիային, ով գետնին ընկած սպիտակ վերնաշապիկով մարդու ձեռքից ատրճանակ։ Նա փակել է դուռը ու հապճեմ շարժվել դեպի իր աշխատասենյակ, բայց հետևից լսել է «Բժիշկ կանչե՜ք։ Արա՜գ։ Աղասին ինքնասպան եղավ»։ Այնուհետև նա իբր տեսել է Բերիային, ով ձեռքերի վրա գրկած Խանջյանին դուրս է հանել սենյակից։ Նրա ապշածությունից նա ենթադրել է, որ Բերիան է սպանել Խանջյանին[4]։

Շինարար Գասպարյանի ցուցմունքըԽմբագրել

Խանջյանի բնակարանի դիմացի շենքում աշխատանք իրականացնող ներկարար Գասպարյանը իր ցուցմունքում ասել է, որ 1936 թվականի հուլիսի 9-ի երեկոյան կրակոցի ձայն է լսել, դուրս եկել պատշգամբ ու տեսել է Բերիայի մեքենան, որ հեռանում էր շենքի մոտից։

Հայ բժիշկների եզրակացությունըԽմբագրել

Հայկական ու վրացական կինոարտադրության հիմնադիրներից մեկը՝ Դանիել Դզնունին, ով ձերբակալվել էր 1937 թվականին, դատախազությանը հայտնել է, որ իր հետ նույն խցում գտնվում էր պրոֆեսոր-վիրաբույժ, Հայաստանի վիրաբուժության հիմնադիրներից մեկը՝ Հարություն Միրզա-Ավագյանը։ Վերջինս հայտնել է իր ձերբակալության իրական պատճառի մասին։ Ըստ նրա՝ Խանջյանի մարմինը Երևան տեղափոխելուց հետո իրեն կանչել են մարմինը զննելու։ Միրզա-Ավագյանը արձանագրել է վնասվածք՝ գլխի ձախ կողմում՝ քունքից վերև։ Նա արձանագրել է, որ կրակոցը իրականացվել է հեռու տարածությունից ու եզրակացրել, որ մահը չէր կարող վրա հասնել ինքնասպանության արդյունքում։ Նա, ինչպես նաև Հայաստանի հակատուբերկուլյոզային ծառայության հիմնադիր Գրիգոր Սաղյանը հրաժարվել են ստորագրել Խանջյանի ինքնասպանության մասին արձանագրությունը՝ պնդելով, որ նա առնվազն պետք է ունենար երկումետրանոց ձեռք ու չլինելով ձախլիկ՝ կրակեր ձախ կողմից[5]։

Երկուսն էլ շուտով ձերբակալվել են։ Միրզա-Ավագյանը մահացել է բանտում 1938 թվականին սուր երիկամային անբավարարությունից ու մի շարք այլ հիվանդությունների արդյունքում[6]։ Գրիգոր Սաղյանը նույնպես 1937 թվականին ձերբակալվել է ու նույն թվականի դեկտեմբերին գնդակահարվել։

ԱրձագանքներըԽմբագրել

Մահվան լուրը հրապարակելուց հետո հուլիսի 10-ին[7] կազմակերպվում է Անդրկովկասի մարզկոմի նիստ, որի ժամանակ երկրորդ քարտուղար Կուդրյավցևը հայտարարում է, որ իր ինքնասպանությունով Խանջյանը անցել է իրենց թշնամիների ճամբար։ Նրանից հետո խոսել է Բերիան, ով ասել է, որ Խանջյանը թողել է երկու նամակ՝ իրեն ու կնոջը։ Իրեն գրված նամակում Խանջյանն իբր զղջում էր մինչ այդ ձերբակալված Հայաստաի կոմկուսի ԳՄ անդամ Ներսես Ստեփանյանի գործում թույլ տված բացթողումների համար։ Նա իբր գրում էր, որ այլևս ուժ չունի շարունակել աշխատանքը ու խնդրում է ներել իրեն՝ մաղթելով հայրենիքին բարգավաճում ընկեր Ստալինի ղեկավարման ներքո։ Նիստը եզրահանգել է, որ Խանջյանը գիտակցելով իր կոպիտ սխալները, դրանք կենկոմի քննարկմանը ենթարկելու ու ուղղելու փոխարեն, ցուցաբերել է մեղսավոր թուլակամություն ու դիմել է ինքնասպանության։ Ներկայացվել է, թե «Խանջյանի պրովոկացիոն քայլը»՝ հարված է Հայաստանի Կոմկուսի մեջքին ու ամբողջ անդրկովկասի բոլշևիկներին․ դա մի գործողություն է ի օգուտ «դաշնակների, տրոցկիստներին ու այլ հակահեղափոխական տականքների»[2]։

Չարենցը իր թղթերից մեկում գրել էր․ «Խանջյանը մեր վերջին հերոսն էր, որին սպանեց Բերիան»[8]։

Խանջյանի մահից հետո նրա գերեզմանը երկար ժամանակ հսկել է նկարիչ Տաճատ Խաչվանքյանը, ով սպիտակ ծաղիկներ էր բերում գերեզմանին՝ որպես նրա անմեղության խորհրդանիշ։ Երկու տարի անց նա ձերբակալվել ու աքսորվել է Մագադան, որտեղ և մահացել է[3]։

ԹաղումըԽմբագրել

Գրող Վահրամ Ալազանը, ով բազմաթիվ այլ մարդկանց հետ ներկա էր Խանջյանի թաղմանը գրել է[9]

«Հուլիսի 12-ին նշանակված էր թաղումը։ Բերիայի գործակալ Խաչիկ Մուղդուսին՝ կանգնած դահլիճի մի անկյունում, Արգոսի աչքերով դիտում էր իր չորս կողմը։ Ոչ ոք ռիսկ չարեց պատվո պահակ կանգնել։ Չնայած առանձնատունը շրջապատված էր միլիցիայի խիտ ջոկատներով,  ժողովուրդը պատռեց այդ շղթան և մտավ առանձնատուն` հրաժեշտ տալու իր սիրելի ղեկավարին։ Տեսնելով ժողովրդի հուզումները, Մուղդուսին վրդովված կարգադրեց դագաղը վերցնել։ Չորս հոգի մոտեցան, որ դագաղը վերցնեին՝ Խանջյանի հայրը՝ ժողովրդական ուսուցիչ Ղևոնդ Խանջյանը, տեղից վեր կենալով, ձեռքը վեր բարձրացրած ասաց. – Կացե՛ք, կացե՛ք։ Մոտենալով որդու դագաղի գլխամասին, որդուն դիմելով՝ ասաց. «Իմ սիրելի Աղասի, դուն, որ ապրեցար Սուլթանի լուծի տակ, ցարի լուծի տակ, նստեցիր դաշնակցության բանտը, բնավ երբեք ոչ մի անգամ չհուսահատվեցար, չմտածեցիր ինքնասպանության մասին, հիմա խորհրդային ազատ երկրին մեջ ի՞նչը կարող էր դրդել քեզ ինքնասպան ըլլալ…»

ԵզրակացությունԽմբագրել

Քննության եզրակացությունը եղել է, որ Խանջյանը սպանվել է Բերիայի աշխատասենյակում, հետո վերջինիս մեքենայով տեղափոխել Խանջյանի բնակարան, ու եղածը որպես ինքնասպանություն ներկայացնելու նպատակով կատարվել է կրակոց։ Այնուհետև Բերիան զանգահարել է Խանջյանին, ու ներս մտած անվտանգության աշխատակից Սանոյանը հայտնաբերել անկողնու վրա Խանջյանին։ Հայտնի է նաև, որ սենյակը ունեցել է նաև մուտք հետևից՝ առանց անվտանգության սենյակ մուտք գործելու[10]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Руководители Армении: Агаси Гевондович Ханджян .»։ Наша Армения (ru-RU)։ 2020-03-25։ Վերցված է 2020-07-07 
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «История одного убийства»։ ImYerevan.com (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-28-ին։ Վերցված է 2020-02-28 
  3. 3,0 3,1 Աղաբեկյան Կիմ (2016)։ Աղասի Խանջյանը Չարենցի կյանքում։ ԵՊՀ։ էջ 36 
  4. 4,0 4,1 4,2 «Агаси Ханджян: выстрел в голову в кабинете Берии»։ Rusarminfo (ru-RU)։ Վերցված է 2020-07-07 
  5. Мелконян М. (1989-02-08)։ «Подписать отказались…»։ Медицинская газета 
  6. «Видные ученые-медики - Арутюн Мирза-Авакян»։ Медицинская наука Армении НАН РА т. LVIII № 4։ 2018 
  7. Агаян Цатур (1967)։ Нерсик Степанян 
  8. Աղաբեկյան Կիմ (2016)։ Աղասի Խանջյանը Չարենցի կյանքում։ Երևան: ԵՊՀ։ էջ 38 
  9. Արմենիա Արմեն Դուլյան Sputnik։ «Արդյո՞ք Լավրենտի Բերիան է սպանել Աղասի Խանջյանին»։ Sputnik Armenian (հայերեն)։ Վերցված է 2020-06-30 
  10. «Записка П.Т. Комарова в ЦК КПСС об обстоятельствах смерти А.Г. Ханджяна. 8 февраля 1956 г. | Проект «Исторические Материалы»»։ istmat.info։ Վերցված է 2020-02-08