Ախթալա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ախթալա (այլ կիրառումներ)
Ախթալա, քաղաք Հայաստանի Հանրապետությանի Լոռու մարզի Ալավերդի համայնքում[1]։
Քաղաք | |||
---|---|---|---|
Ախթալա | |||
| |||
Ախթալայի խորհրդանիշը՝ քաղաքի մուտքի մոտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու | ||
Համայնք | Լոռու մարզ և Թումանյանի շրջան | ||
Հիմնադրված է | 18-րդ դար թ. | ||
Տվյալ կարգավիճակում | 1938 թվականից | ||
Մակերես | 4,3 կմ² | ||
ԲԾՄ | 740±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▼2100 մարդ (2015) | ||
Ազգային կազմ | Հայեր, Հույներ | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ախթալեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 1709-1711 | ||
Պաշտոնական կայք | akhtala.am | ||
| |||
Անվանում
խմբագրելՆախկինում այն ունեցել է Ախդալա, Ախտալա, Պղնձահանք անվանումները։ 1763 թվականին վրաց Հերակլ II-րդ թագավորը Պոնտոսի Գյումուշխանա բնակավայրից հույն հանքագործ-կապարագործներ է հրավիրում, որոնք սկսում են արծաթի ու պղնձի արդյունահանումն ու ձուլումը։
Պատմական փաստերի գիտակներ, մատենագիրներ Կիրակոս Գանձակեցու և Ստեփանոս Օրբելյանի աշխատություններում, ինչպես և ձեռագրաց հիշատակություններում այս վայրը ընդերկրյա հարստությունների շնորհիվ վաղուց ի վեր կոչվել է Պղնձահանք, իսկ հոգևոր կենտրոնը՝ Պղնձահանքի վանք, ավելի ուշ՝ Ախթալա[2]։
Ըստ Սարգիս Ջալալյանցու՝ ոմն վարդապետի անեծքով. «Ուխտաւորեալ բնակիչք մեռան հետզհետէ և ուստի անուանեցաւ Ախտալի», ասել է որ՝ ախտերով, հիվանդություններով լի[2]։
Այս և մի քանի հավանական այլ ստուգաբանությունների թվում գուցե թե նախապատվություն է տրվում աղ թալա՝ սպիտակ բացատ բացատրությանը, եթե անտեսենք ծծմբաթթվի հետ կապված առնչությունը[2]։
Բնակավայրը հիշատակվում է նաև Սպլէնձահան անվամբ։ 1227 թվականին Գրիգոր Նյուսացու «Ժողովածու գործոց» աշխատությունն արտագրող Սիմէոն գրիչը նշում է, թե այն գրել և ավարտել է հետևյալ նախադասությամբ. «յերկիրս Հայոց, մերձ ի Լաւռէ, ի վանքն, որ կոչի պլէնձահան, ընդ հովան և Սուրբ Աստուածածնին, յիշխանութիւն Իվանէ աթապագին շինողի վանիցս, զոր երկար ժամանակ արասցէ Տէր, որդովք հանդերձ»[2]։
Հատկանշական է անվան Սպլէնձահան-Պղնձահանք տարբերակը և այն, որ համարվում է մերձ ի Լաւռէ, և դեռ ողջ էր եկեղեցին կառուցող Իվանե Աթաբեկը։ Ըստ հայ և վրաց պատմական որոշ սկզբնաղբյուրների՝ Ախթալան սկզբնապես անվանվել է Ագարակ, 12-րդ դարի վրաց տարեգրի վկայությամբ՝ Ճոճկանի ձորից «դեպի հյուսիս գտնվում է Ագարակի եկեղեցին գմբեթավոր, մեծակառույց այժմ կոչվում է Ախտալա»[2]։
Ախթալայի մոտ գտնվող արծաթահանքերի հետ կապված, երբեմն այն անվանվել է Արծաթահանք[3]։
Աշխարհագրություն
խմբագրելԱխթալան գտնվում է Լալվար լեռան ստորոտում՝ Դեբեդի գետի ձախ ափին[4]։ Ծովի մակարդակից բարձր է 740 մ է։ Մարզկենտրոն Վանաձոր քաղաքից հեռու է 62 կմ դեպի հյուսիս-արևելք։
Պատմություն
խմբագրելԿիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թվականին և նրա դին ամփոփվեց Պղնձահանքում, որն Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքն ուղղափառ) եկեղեցի։ Խոսքը Ախթալայի եկեղեցու մասին է։ Ըստ Գանձակեցու՝ նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանե Ա-ի որդի, իշխան Ավագը (մահ. 1250 թ. Բջնիում)։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելՄիջնադարում (X դար) է կառուցվել նաև Պղնձահանքի կամ Ախթալայի բերդը։ Քաղաքում պահպանվել են նաև բազմաթիվ այլ պատմամշակութային հուշարձաններ. մասնավորապես Ախթալայի վանք, Սուրբ Երրորդություն (սուրբ Աստվածածին) վանքը (XIII դար), Առաքելոց (Սուրբ Գևորգ) և Այանես եկեղեցիները, Խաչվանք, Նահատակի վանք մատուռները և Սուրբ Հովհաննես մատուռ-խաչքարը։
Բնակչություն
խմբագրել1970 թվականին Ախթալան ունեցել է 4430 բնակիչ։ 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ Ախթալա քաղաքն ունեցել է 2225, իսկ Առողջարանին կից գյուղը՝ 20 բնակիչ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2005 թվականի Ախթալա քաղաքն ունեցել է 2,4 հազար բնակիչ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 45 %, կանայք՝ 55 %։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 24%, աշխատունակները՝ 57 %, հետաշխատունակները՝ 19 %[3]։
2015 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ քաղաքում ապրում է 2․100 բնակիչ[5]։
Պատկերասրահ
խմբագրել-
Միքայել Արամյանցի առանձնատուն
-
Տեսարան դեպի Ախթալայի բերդ
-
Քաղաքի համայնապատկեր
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Տեղեկություններ Ալավերդի համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 26․06․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 ՀՍՍՌ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ (2012). «Իգահատ գյուղատեղ». Դիվան հայ վիմագրության. «Գիտություն» հրատ.: 257. ISBN 978-5-8080-0981-3.
- ↑ 3,0 3,1 «Ախթալա քաղաքի մասին տեղեկություն Լոռու մարզպետարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Ախթալա համայնքի պաշտոնական կայք». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ,» (PDF). Վերցված է 2015 Օգոստոսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախթալա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 198)։ |