Հայերը Ղարադաղում
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հայերը Ղարադաղում բնակություն են հաստատել առնվազն զարգացած միջնադարում։ Սելջուկ-թյուրքերի արշավանքների հետևանքով տեղի է ունեցել հայերի բռնագաղթ Ատրպատականի տարածք, որի հետևանքով ստվարացել են տեղի հայկական բնակավայրերը կամ հիմնվել են նորերը։ Հայերը կենտրոնանում են Պարսկահայք աշխարհում, Վասպուրականի արևելքում և Փայտակարանի արևմուտքում, որոնք Արաքսից հարավ էին և դարեր շարունակ չէին գտնվում հայկական իշխանությունների ենթակայության տակ (Մակու, Խոյ, Սալմաստ, Ուրմիա, Ղարադաղի լեռնային շրջան), ինչպես նաև՝ ոչ հայաբնակ քաղաքաներում ստեղծվում են հայկական համայնքներ (Թավրիզ, Մարաղա, Մարանդ, Սոլթանիե, Սպահան)։
Հին հայկական աղբյուրներում Ղարադաղը հայտնի է որպես Արտավանյան կամ Մարաց ամուր աշխարհ, և նշվում էր որպես Իրանի տարածքում ստեղծված առաջին հոգևոր թեմի՝ Ատրպատականի առավել հայաշատ գավառ։ Ուշ միջնադարում գրեթե զուտ հայաբնակ Ղարադաղում կային 4 տասնյակից ավելի գյուղեր, որոնք հարկ էին վճարում Տաթևի վանքին։ 18-րդ դարում միջավատատիրական ընդհարումների, ազգային և կրոնական հալածանքների հետևանքով հայ բնակչությունը խիստ նվազել է, երբ հիմնվել է Ղարադաղի խանությունը։ Ռուս-պարսկական պատերազմից հետո՝ Թուրքմենչայի պայմանագրի կնքման արդյունքում, Ղարադաղից զգալի թվով հայեր անցել են Արաքսը, հաստատվել են Զանգեզուրում և Ղարաբաղում։
20-րդ դարի սկզբին հայեր են ապրել Ղարադաղի Դըզմար, Հասանով, Մեշափարա, Մնջվան և Քեյվան գավառակների ավելի քան 3 տասնյակ գյուղերում (շուրջ 7 հազար մարդ)։ Տեղի եկեղեցիներին կից բացվում են ծխական դպրոցներ։ Ղարադաղի հայության համար աղետալի է եղել առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, մասնավորապես՝ 1918 թվականի նոյեմբերին թուրքական բանակի ներխուժումը։ Տեղի խաների հետ միասին թուրքերը կոտորածներ են կազմակերպել Աղարան և Ղուլիղի գյուղերում։ Նույն ճակատագրին են արժանացել նաև Ամրադուլ, Նորաշեն, Վինտն, Քյալալա գյուղերը։ Դրա հետևանքով մեծ չափերի է հասել հայերի արտահոսքը՝ շարունակվելով նաև 1921-1922 թվականներին։ Ամբողջովին հայաթափվհլ Են Ասրան, Գյարմնավ, Զիաքյու, Մզկիթ, Քյալալա (Քըլալա), Օդա բնակավայրերը։ Հետագա տասնամյակներին Ղարաղանի հայ բնակչության թիվը նկատելիորեն աճել է, և 1927 թվականին նրանք բնակվում էին գավառակի 10 -12 գյուղերում։
1940 թվականին Ղարաղանում ապրում էին 2057 հայ, որոնք կենտրոնացած էին Ենգիղալա, Ներքին և Վերին Չանախչի, Լառ, Չարհադ, Աղբուլաղ, Ցարաբադ, Սարիգյուղ, Քարավազ, Չամբար, Քուշքավար են բնակավայրերում։ 1946 թվականին (նաև՝ 1960-ական թվականներին) զգափ թվով ղարաղանցի հայեր ներգաղթել են Հայաստան, իսկ մի մասը տեղափոխվել Թեհրան կամ Իրանի այլ քաղաքներ։ Արտագաղթը մեծ չափեր է ընդունել 1962 թվականի Ղազվինի ավերիչ երկրաշարժից հետո։ Վերջին հայ ընտանիքները (Լառ գյուղում) Ղարաղանից հեռացել են 1980-ական թվականների սկզբին։ Ներքին Չանախչի գյուղում պահպանված Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցին ներկայումս էլ ուխտատեղի է նախկին ղարաղանցիների համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |