Ալբերտ Հարիս (Արոն Հեքելման) (լեհ.՝ Albert Harris, նոյեմբերի 28, 1911(1911-11-28), Վարշավա, Ռուսական կայսրություն - 1974[1][2], ԱՄՆ), լեհ երգահան և երգիչ։

Ալբերտ Հարիս
Բնօրինակ անունլեհ.՝ Aaron Hekelman
Ծնվել էնոյեմբերի 28, 1911(1911-11-28)
Վարշավա, Ռուսական կայսրություն
Երկիր Լեհաստան և  ԱՄՆ
Մահացել է1974[1][2]
ԱՄՆ
Ժանրերջազ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, երաժիշտ և երգիչ
Գործիքներդաշնամուր և վոկալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1911 թվականին նոյեմբերի 28-ին, Վարշավայում՝ Կոպել Հեքելմանի ընտանիքում, ով առևտրով զբաղվող հրեա էր։

Դաստիարակվել է լեհ–հրեական փոքրամասնության միջավայրում, ավարտել է հրեական «Ասկոլա» գիմնազիան (ուսուցումն անցկացվում էր միայն լեհերենով)։ Հասունության ատեստատ ստանալուց հետո, առաջին անգամ որպես կուպլետիստ, ձայնագրվել է «Lonora Electro» ձայնագրման ոչ մեծ ֆաբրիկայում։

Հարիսը երգեցողության դասերի է գնացել, հիանալի դաշնամուր է նվագել, կոմպոզիցիա է ուսումնասիրել և այդպիսով հնարավորություն է ստացել ձայնագրվելու ավելի հայտնի ընկերություններում։ 1933 թվականին նա ձայնագրվել է «Cristal Electro» ձայնագրման ստուդիայում, որի հետ համագործակցությունը շարունակվել է երեք տարի։ Իր ձայնագրությունները նա արել է Ալբերտ Լիֆֆ և Ալբերտ Հոլմ կեղծանուններով։ Վերջին կեղծանվամբ սկսել է ստորագրել իր երգերը, որոնք սկսել է գրել 1934 թվականից։

Կարիերայի գագաթնակետին երգիչը հասել է 1936-1939 թվականներին, երբ նա կարող էր պայմանագիր կնքել Լեհաստանի լավագույն ձայնագրման ստուդիայի՝ վարշավական «Օդեոնի» հետ։ Հենց այդ ժամանակ նա վերցնում է իր երրորդ՝ առավել հայտնի Ալբերտ Հարիս կեղծանունը, որը հետագայում դարձել է նրա նոր ազգանունը, որով հորինել և կատարել է երգեր։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Հարիսը տեղափոխվել է Բելաստոկ (բանակ չի զորակոչվել առողջական խնդիրների պատճառով)։ 1940 թվականին երգիչը տեղափոխվել է Լվով։ Այնտեղ նա սկսում է ելույթ ունենալ Հենրիկ Վարսի նվագախմբի հետ[3], որն այդ ժամանակ ելույթ էր ունենում ԽՍՀՄ տարբեր քաղաքներում։ Վարսի խմբի առաջին շրջագայությունը Խորհրդային Միությունում սկսվում է 1940 թվականին, Օդեսայից։ Շրջագայությունը շարունակվում է Լենինգրադում, Կիևում, Մոսկվայում, Խարկովում, Վորոնեժում։ Երբ Լվովը շրջափակված էր գերմանացիների կողմից, Հարիսն ապրում էր Ռուսաստանի խորքերում, և այդ շրջանում նրա կյանքի մասին տեղեկությունները շատ քիչ են։ Հայտնի է միայն այն, որ 1944 թվականին Լեհաստանի հայրենասերների միության պատվերով նա իր եղբոր՝ Մեչիսլավի հետ միասին ձայնագրել է մի քանի քարոզչական սկավառակ` Էդդի Ռոզների նվագախմբի նվագակցությամբ։ Այդ ձայնագրությունները եթեր էին հաղորդվում Լյուբլինում, «Մեղվիկ» (ռուս.՝ Пчелка) ռադիոկայանով։

Պատերազմից հետո Ալբերտ Հարիսը շարունակում է արվեստագետի, նախ և առաջ` կոմպոզիտորի գործունեությունը։ Նա ավելի քիչ էր ձայնապնակներ ձայնագրում և մենահամերգներ ունենում։ 1950 թվականին հայտնվում է Ստոկհոլմում, հետո լքում է Շվեդիան` տեղափոխվելով նախ Վենեսուելա, այնուհետև` ԱՄՆ։ Մահացել է 1974 թվականին, ԱՄՆ–ում, անհայտնության մեջ։ Մահվան և գերեզմանի ստույգ վայրը հայտնի չէ։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Էդդի Ռոզների նվագախմբում Հարիսն ընկերանում է երաժիշտ Յուրի Ցեյտլինի հետ, ով տեքստեր է գրում Հարիսի որոշ երաժշտությունների համար։ Ցեյտլինը իր «Մեծ փողահար Էդդի Ռոզների թռիչքներն ու անկումները» գրքում այսպես է գրել Ալբերտ Հարիսի մասին.

  Ամենազարմանալին այն է, որ նա չգիտեր նոտաները։ Եվ բնական է, որ ինքը չէր կարող ձայնագրել իր մտածած երաժշտությունը։ Նոր մեղեդիներ բավականին հաճախ էր հորինում։ Ալբերտն ուներ երաժշտական ձևի բնածին զգացողություն։ Այն ամենը, ինչ նա սկսում էր երգել, անմիջապես դառնում էր երաժշտության ամբողջական կտոր՝ ութ կամ տասնվեց տակտով։ Նա չէր հորինում, չէր կառուցում երաժշտությունը։ Ինչպես որոշ կոմպոզիտորներ, նա դուրս էր բերում այն ներդաշնակ–մաթեմատիկական ռեժիմից։ Նրա երաժշտությունը ինքն իրեն էր ծնվում՝ իր վայրկենական դրությունից կամ տրամադրությունից։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 NUKAT — 2002.
  2. 2,0 2,1 2,2 MAK (польск.)
  3. «Теа-джаз Генриха Варса. Альберт Гаррис — Забвение». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել