Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I

«Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I» (1907), ավստրիացի նկարիչ Գուստավ Կլիմտի ամենահանրահռչակ նկարներից մեկը։ Հայտնի է նաև «Ոսկե Ադել», «Ավստրիական Մոնա Լիզա» անուններով։ Ամենաթանկ վաճառված նկարներից է։ 2006 թվականին աճուրդում այն գնվեց ռեկորդային $135 000 000-ով, ամերիկացի գործարար և Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի տնօրենների խորհրդի նախագահ Ռոնալդ Սթիվեն Լաուդերի կողմից, նրա կողմից հիմնադրված Նյու Յորքի Նոր պատկերասրահի համար[4]։

Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I
Portrait of Adele Bloch-Bauer I
տեսակգեղանկար
նկարիչԳուստավ Կլիմտ
տարի1907
բարձրություն138
լայնություն54
ուղղությունմոդեռն[1] և սիմվոլիզմ[1]
ժանրդիմապատկեր
նյություղաներկ, արծաթ, ոսկի կտավի վրա
գտնվում էՆոր պատկերասրահ և Ավստրիա[2]
հավաքածուՈւֆֆիցի
սեփականատերՌոնալդ Լաուդեր, Բելվեդերի պատկերասրահ, Ferdinand Bloch-Bauer? և Նացիստական Գերմանիա
պատվիրատուFerdinand Bloch-Bauer?
հիմնական թեմաԱդել Բլոխ-Բաուեր[3]
կայք
Ծանոթագրություններ
 Adele Bloch-Bauer I Վիքիպահեստում
Ադելի Բլոխ-բաուերի դիմանկար II, 1912

Նկարագրություն խմբագրել

Նկարը կատարված է Գուստավ Կլիմտին հատուկ ոսկեգույն երանգներով[5]։ Դեմքն ու ձեռքերը, որոնք պատկերված են իրական սառը տոներով, տեսողական զգացողության տեսակետից դոմինանտ են և առանձնանում են զարդապատկերների ձևով արված մնացած տարրերի ֆոնում։ Կտավը բաժանվում է երկու ուղղահայաց մասերի. աջից պատկերված է Ադել Բլոխ-Բաուերը, ձախ մասը համարյա դատարկ է, ունի ինտերիեր հիշեցնող տարրեր։ Կտավի ներքևի երրորդ մասը Ադելի զգեստն է զբաղեցնում։ Նկարիչը հրաժարվել է նկարում խորության պատկերումից՝ նախընտրությունը տալով հարթությանը։ Զարդապատկերների ոսկեգույնը հետին պլան է մղում էսքիզանման տարածությունը։

Ուշադիր դիտելու դեպքում նկատվում է, որ կինը նստած է բազկաթոռին։ Նրանից վերև և ներքև ազատ տարածություն չկա, կնոջ պատկերը զբաղեցնում է կտավի ամբողջ ուղղահայաց մասը։ Գլուխն ասես կտրված և առաջ հրված լինի։ Սև, վերև հավաքված մազերը և ոչ համաչափ մեծ կարմիր բերանը հակադրվում են չափազանց անգույն, համարյա սպիտակա-երկնագույն մաշկին։ Կնոջ ձեռքերը յուրահատուկ ձևով ծալված են կրծքի առջև, և նա նայում է ուղիղ դիտողին, որով ուժեղանում է տեսողական ազդեցությունը։

Հագուստը վերին մասում շրջապատված է շարֆով։ Այն լայնանում է վերևից դեպի ներքև։ Գերակշռում են ոսկեգույն երանգները։ Հագուստի վերին բացվածքը շրջապատված է երկշարք եռանկյուններով, որոնցից վերև հորիզոնական անկանոն ուղղանկյուններն են։ Բազկաթոռը՝ նույնպես ոսկեգույն, դժվարությամբ է նկատվում, կատարված է պարուրաձև նախշերով։ Հատակի սալաթագույն կանաչը կայունություն է հաղորդում նկարին։ Ադելի պարանոցը շրջապատված է քարերով զարդարված հաստ շղթայով։

Ադել Բլոխ-Բաուեր խմբագրել

 
Հուդիթ I, 1901, Բելվեդեր պատկերասրահ, Վիենա
 
Հուդիթ II, 1909, Վենետիկի ժամանակակից արվեստի թանգարան, Վենետիկ

Նկարում պատկերված է 26-ամյա Ադել Բլոխ-Բաուերը (1881-1925)՝ վիեննական «Մորից Բաուեր» բանկային միության գլխավոր տնօրենի աղջիկը։ 1899 թվականին 18 տարեկան հասակում նա ամուսնանում է տարիքով նրան բավականին գերազանցող շաքար արտադրող խոշորագույն ընկերության ղեկավար Ֆերդինանդ Բլոխի հետ։ Մինչ այդ, Ադելի քույրը՝ Մարիան, ամուսնացել էր Ֆերդինանդի եղբոր՝ Գուստավ Բլոխի հետ։ Եվրոպական մշակույթի դարավերջին (ֆր.՝ Fin de siècle) Բլոխները պատկանում էին հրեական ընտրյալ բարձրաշխարհիկ խավին։ Ֆերդինանդի և Ադելի սալոնում էին հավաքվում գեղանկարիչները, գրողները, սոցիալ-դեմոկրատները և այլն։

Մարիա Ալտմանը (մինչև ամուսնությունը՝ Մարիա Բլոխ-Բաուեր), Ադելի բարեկամուհին և կտավի հետագա սեփականատիրուհին, իր մորաքրոջը բնութագրում էր որպես գլխացավով մշտապես տառապող, շոգեքարշի նման ծխող, չափազանց նուրբ և մուգ, ինքնագոհ և էլեգանտ[6]։

Բլոխ-Բուերների ընտանիքի հյուրերի թվում էր նաև Գուստավ Կլիմտը, ով 1899 թվականից ընկերանում է Ադելի հետ։ 1901 թվականին Գուստավը նկարում է «Հուդիթ I» կտավը, որտեղ որպես մոդել հանդես է եկել Ադելը։ 1909 թվականին ստեղծվեց «Հուդիթ II»-ը, որտեղ նույնպես հնարավոր է, որ Ադելն է պատկերված[7]։

Ֆերդինանդ Բլոխ-Բաուերը ձեռք բերեց «Ադել Բլոխ-Բաուերի դիմանակար I»-ը և «Ադել Բլոխ-Բաուերի դիմանակար II»-ը, ինչպես նաև ևս չորս բնանկարներ։

Նկարի ստեղծման պատմություն խմբագրել

1903 թվականին Գուստավ Կլիմտը Ֆերդինանդից Ադելի դիմանակարի ստեղծման պատվեր է ստանում։ Խնդիրն այն էր, որ ամբողջ Վիեննան խոսում էր Ադելի և Գուստավի սիրավեպի մասին, միայն Ֆերդինանդն էր, որ ձևացնում էր՝ իբր չգիտե դրա մասին, քանի որ նրա ընտանիքի կարգավիճակը թույլ չէր տալիս նրան բացահայտ ձևով քննարկել այդ հարցը և լուծել այն։ Նրա գլխում մի միտք է գալիս. Գուստավին կխնդրի նկարել կնոջ դիմանկարը, սակայն այնքան ժամանակ հավանության չի տա նկարին, մինչև Գուստավը չի հոգնի Ադելից և նրանք չեն բաժանվի։ Գուստավն անմիջապես համաձայնվում է, քանի որ առաջարկվող հոնորարը շատ բարձր էր նույնիսկ իր համար։

Իսկապես, Գուստավը մոտ 100 էսքիզներ է կատարում, շուրջ 4 տարի աշխատում է նկարի վրա, մինչև 1907 թվականին չի ներկայացնում վերջնական տարբերակը։ Այդ ընթացքում Գուստավի և Ադելի միջև զգացմունքները սառչում են[8]։

Հատկանշական է, որ հենց սկզբից էլ նկարի հիմնական պատկերը որոշված է եղել, մնում էր որոշել մոդելի դիրքն ու ձեռքերի ու գլխի դիրքը։

Տեխնիկա և ոճ խմբագրել

Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը պատկանում է Գուստավ Կլիմտի «ոսկե շրջանին»։ 1903 թվականին Իտալիայով շրջագայության ժամանակ նկարչին գերում են Վենետիկի և Ռավեննայի եկեղեցիների ոսկե զարդապատկերները, որոնք նա կիրառեց ժամանակակից ձևափոխմամբ և մոտեցմամբ։ Նա փորձում էր իր նկարներում տարածական նոր մոտեցումներ ստանալ։

Բնական են պատկերված միայն դեմքը, ուսերն ու ձեռքերը։ Ինտերիերը՝ հագուստի և կահույքի հետ պատկերված, վերածվում են զարդապատկերների, դառնում են վերացական և չեն մասնակցում տարածական զգացողության առաջացմանը։ Ալեքսանդր Գենիսի[9] բնութագրմամբ, «այս սրբապատկերում պատկերված է թափանցիկ դեմքով և ջարդված ձեռքերով կույսը, որում Կլիմտը փորձում էր տեսնել նոր Վեներային, սակայն ստացվեց ծեր Եվրոպան... որի նիհար մարմինը շրջապատված է կորած թագավորությունների՝ Կիպրոսի, Եգիպտոսի Բյուզանդիայի, Հաբսբուրգների նշաններով... »

Կտավի պատմություն խմբագրել

 
Վիեննայի պաստառներից, որը մատնանշում էր դիմանկարի հանձնումը ԱՄՆ-ին, 2006
 
Ցտեսություն, Ադել, Վիենա, 2006

Պատրաստի դիմանկարը 1907 թվականին ցուցադրվեց նկարչի արվեստանոցում, նույն թվականին տպագրվեց «Գերմանական մշակույթ և դեկորացիա» ամսագրում, իսկ այնուհետև ցուցադրվեց Մանհայմի միջազգային ցուցահանդեսում։ 1910 թվականին Վենետիկում IX միջազգային ցուցահանդեսի շրջանակներում դիմանկարը գտնվում էր Կլիմտի սրահում։ Մինչև 1918 թվականը այն չի ցուցադրվել, քանի որ գտնվում էր Ֆերդինանդի և Ադելի մոտ։ 1918 թվականից մինչև 1921 թվականը դիմանկարը գտնվել է Ավստրիայի պետական պատկերասրահում։

Ադել Բլոխ-Բաուերը մահացավ 1925 թվականի հունվար 24-ին։ Նա կտակով խնդրում էր ամուսնուն իր մահից հետո Կլիմտի կողմից նկարված երկու դիմանկարները և չորս բնապատկերները հանձնել Ավստրիայի պետական պատկերասրահին։ Ամուսինը համաձայնվեց կատարել կնոջ խնդրանքը։ «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I»-ը 1937 թվականին մասնակցեց Փարիզում և Բեռնում կայացած ավստրիական մշակույթի ցուցահանդեսներին։

1938 թվականին Ավստրիան մտավ Գերմանիայի կազմի մեջ, և Ֆերդինանդի վիճակը ծանրացավ, քանի որ նա՝ որպես հրեա, հետանդման էր ենթարկվում։ Այդ նույն թվականին Ֆերդինանդին հաջողվում է փախչել սկզբում Չեխոսլովակիա, իսկ այնուհետև՝ Շվեյցարիա։ Փախուստից հետո նրա ողջ կարողությունը և նկարները մնացին Ավստրիայում։ Ֆերդինանդ Բլոխ-Բաուերը մահացավ Ցյուրիխում 1945 թվականի նոյեմբերի 13-ին, միայնության մեջ։ Նա այդպես էլ Ադելին չասաց, որ գիտեր իր և Գուստավի սիրավեպի մասին։ Մահից առաջ Ֆերդինանդն իր կտակով փոխեց նկարների հանձնելը ավստրիական թանգարանին և դրանք տրամադրեց եղբոր ընտանիքին, քանի որ Ֆերդինանդն ու Ադելը երեխաներ չունեին։ Սակայն այն, որ Ֆերդինանդը մահից առաջ փոխում է կտակը հօգուտ իր եղբոր երեխաների, իմացվում է բավականին ուշ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ադելի քրոջ աղջկա՝ (միաժամանակ՝ Ֆերդինանդի եղբոր դուստր) Մարիա Բլոխ-Բաուերի (ամուսնությունից հետո՝ Մարիա Ալթման) ամուսնուն աքսորում են, իսկ նրա ունեցվածքը և Ադելի դիմանկարը՝ առևանգում։ Ընդ որում, նկարը տանում են հսկիչները՝ Մարիայի դպրոցական ընկեր Ալոիս Կունստի ղեկավարությամբ։ Նա հավաքում էր արվեստի գործեր՝ Գերմանիայի և անձամբ Հիտլերի համար։ Հիտլերը դրականորեն էր վերաբերվում Կլիմտի գործերին, քանի որ ժամանակին, երբ Հիտլերն ընդամենը նկարելու փորձեր էր անում և հայտնի չէր, Կլիմտն ասել էր, որ նա տաղանդավոր նկարիչ է։ Սակայն Ադելի դիմանկարը տեղ չի գտնում Երրորդ Ռեյխում, քանի որ նկարում հրեուհի էր պատկերված։ Պատերազմի տարիներին նկարի ճակատագիրն անհայտ էր, և միայն պատերազմի ավարտից հետո այն հայտնվում է Վիեննայի կենտրոնական թանգարանում։ Ընդ որում, թանգարանի տնօրեն է դառնում Ալոիս Կունստը։

Պատերազմի ժամանակ Մարիային հսկայական գումարով հաջողվում է աքսորից ազատել ամուսնուն և փախչել սկզբում Անգլիա, հետո՝ ԱՄՆ։

Ամեն ինչ այդքան դրամատիկ չէր լինի, եթե 1998 թվականին Ավստրիան չընդուներ մշակութային արժեքների իրավունքների վերականգնման մասին օրենքը, որը հնարավորություն էր տալիս յուրաքանչյուրին իմանալ թանգարաններից՝ այնտեղ հայտնված յուրաքանչյուր իրի ձեռք բերման պատմությունը։ Լրագրող Հուբերտուս Չերնին բացահայտում է, որ Ֆերդինանդը մահից առաջ փոխել է կտակը և իր կարողությունը կտակել եղբոր երեխաներին։ Իսկ այն ժամանակ նրանցից կենդանի էր մնացել միայն 80-ամյա Մարիան, որն ապրում էր ԱՄՆ-ում։ Հասկանալով, որ այդ տեղեկության միջոցով նա Մարիայից հսկայական գումար կարող է ստանալ, լրագրողն այդ մասին հայտնում է Մարիային, որը որոշում է ձեռքից բաց չթողնել առավել հարստանալու հարմար առիթը։ Շուրջ 7 տարի Մարիան դատական հայցով փորձում է ձեռք բերել դիմանկարը, սակայն անհաջող, քանի որ ավստրիական դատական ատյանները ամեն առիթով մերժում էին լսել այն։

Սակայն Մարիայի փաստաբանները պարզում են, որ Ֆերդինանդ Բլոխ-Բաուերը մահից առաջ ուներ Չեխոսլովակիայի քաղաքացիություն, և դա հնարավորություն տվեց նրանց դատական հայցը տեղափոխել և քննել ամերիկյան դատարանում։ 2005 թվականին ԱՄՆ-ի դատարանը որոշում է կայացնում հօգուտ իր քաղաքացուհու՝ Մարիայի, և ըստ որոշման, Ավստրիան պարտավոր էր վերադարձնել Գուստավ Կլիմտի 5 նկարները, այդ թվում՝ «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկարը» Մարիա Ալթմանին[10]։ Մարիան համաձայն էր, որ նկարները մնային Ավստրիայում, եթե իրեն վճարեն նրանց արժեքը՝ $155 000 000: Ամբողջ Ավստրիայով մեկ հանգանակություն է կատարվում և շուտով հավաքվում է անհրաժեշտ գումարը[11]։

Սակայն նկարների շուրջ ստեղծված աղմուկը բարձրացնում է նրանց շուկայական արժեքը, Մարիան որոշում է բարձրացնել գինը և պահանջում է $300 000 000: Ավստրիան անկարող էր վճարել նման հսկայական գումարը, և 2006 թվականին հինգ նկարները («Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I», «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար II», «Կեչիների պուրակ», «Խնձորենի I» և «Տուն Ատերզեի մոտ Ունտերախում») ստիպված են լինում հանձնել տիրուհուն[12]։ Ադելի դիմանկարը 100 տարուց ավել համարվում էր Ավստրիայի սիմվոլը, այդ պատճառով ամբողջ Ավստրիայից մարդիկ գալիս էին ճանապարհելու այն։

Մարիա Ալթմանը մահացավ 94 տարեկան հասակում՝ 2011 թվականին։ Մինչ այդ նկարը $135 000 000-ով արդեն վաճառվել էր Ռոնալդ Սթիվեն Լաուդերին։ Նկարն այժմ գտնվում է նրա կողմից հիմնադրված Նյու Յորքի նոր պատկերասրահում։

Մարիա Ալթմանին վերադարձված նկարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  3. (not translated to en-us) The Lady in Gold(անգլերեն)New York City: (untranslated), 2012. — 349 p. — ISBN 978-0-307-26564-7
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
  5. Partsch, Susanna. Klimt: Life and Work, p. 242. Bracken Books, London, 1989. ISBN 1 85170 286 5
  6. Портрет: Адель Блох-Бауэр - ожесточённая битва за картины и: Кто была эта прекрасная дама? Արխիվացված 2006-10-30 Wayback Machine (գերմ.), Die Presse, 20 января 2006
  7. Gustav Klimt - Maler der Frauen (գերմ.), Susanna Partsch, ISBN 978-3-7913-3243-7
  8. Gustav Klimt. Von der Zeichnung zum Bild (գերմ.), стр 221, Christian M. Nebehay, ISBN 978-3-85447-369-5
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
  10. Прощай, «Золотая Адель»! Արխիվացված 2007-09-27 Wayback Machine, «Огонёк»
  11. Souren Melikian (January 12, 2007), How Christie's kept top spot over Sotheby's in 2006 sales New York Times.
  12. Vogel, Carol (2006-06-19). "NY Times report from June 19, 2006" . Nytimes.com. Retrieved 2011-05-15.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I» հոդվածին։