Orbis pictus կամ Orbis sensualium pictus (լատիներենից թարգմանած՝ նշանակում է «Աշխարհը նկարներում»), երեխաների համար Յան Ամոս Կոմենսկու պատրաստած պատկերազարդ դասագիրք, որն առաջին անգամ հրատարակվել է 1658 թվականին[1]։ Դա իր տեսակով բնագիտական ու հասարակգիտական գիտելիքների յուրօրինակ հանրագիտարան է և համարվում է մանուկների համար լույս ընծայված առաջին պատկերազարդ գրքը[2]։

Orbis pictus
գերմ.՝ Orbis sensualium pictus
ՀեղինակՅան Ամոս Կոմենսկի
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուլատիներեն և գերմաներեն
Հրատարակման տարեթիվ1658
 Orbis pictus Վիքիպահեստում

Յան Ամոս Կոմենսկին Orbis sensualium pictus-ը պատրաստել է 1650 թվականին, երբ ապրում էր Տրանսիլվանիայում[2]։ Բազմափորձ մանկավարժն իր այս աշխատանքն առաջարկել է որպես պատկերազարդ մի հանրագիտարան, որը կարելի է արդյունավետորեն կիրառել լատիներենը պատկերների օգտագործմամբ դյուրամատչելի դասավանդելու և սովորելու համար[3]։ Գիրքը բաժանված է 150 գլուխների, պարունակում է ուսուցողական տեքստերին ուղեկցող փայտափորագրանկարներ[2]։ Առաջին հրատարակությունը, որն իրականացվել է Նյուրնբերգում 1658 թվականին, լատիներեն ու գերմաներեն է[4]։ Շուտով դրան հաջորդել են թարգմանությունները տարբեր լեզուներով[5]։ Իր կառուցվածքով հեղափոխիչ[6] այդ դասագիրքն արագորեն տարածվել է Եվրոպայում և մի քանի դար շարունակ ծառայել որպես երեխաների համար նախատեսված դասագրքերի նմուշօրինակ։ Դրա առաջին անգլերեն հրատարակությունը՝ Visible World («Տեսանելի աշխարհ») վերնագրով, լույս է տեսել 1659 թվականին, առաջին քառալեզու հրատարակությունը (լատիներեն, գերմաներեն, իտալերեն ու ֆրանսերեն1666 թվականին[2][7]։ Բրայերի տպարանը, որ գործում էր Լևոչ քաղաքում, 1685 թվականին լույս է ընծայել չեխերեն թարգմանությունը՝ ներառելով նաև լատիներեն, գերմաներեն, հունգարերեն տեքստերը[2][8]։

Orbis sensualium pictus-ը համարվում է արևմտյան մանկական գրականության ամենաազդեցիկ ստեղծագործություններից մեկը և մինչև 18-րդ դարի վերջերը մեծ ժողովրդականություն է վայելել ու լայնորեն տարածվել Եվրոպայում[3][7]։ Մինչև 1777 թվականը հենց միայն անգլերեն վերահրատարակվել է տասներկու անգամ։ Եվրոպայում վերջին հրատարակությունն իրականացվել է 1845 թվականին Պրահայում[7]։ Վերջերս «Էլ Զորրո Ռոխո» հրատարակչությունը լույս է ընծայել այն՝ վերականգնված, հատուկ թողարկումով[9]։

Orbis Pictus-ը մեծ ազդեցություն է գործել երեխաների կրթության վրա՝ նախադրյալներ ստեղծելով այդ բնագավառում տեսա-լսողական տեխնիկայի կիրառման, լեզուների դասավանդման և յուրացման գործում նոր մոտեցումների գործադրման համար[10]։

1930 թվականին ավստրիացի անվանի փիլիսոփա Օտտո Նոյրատը կարծիք է հայտնել, օտար լեզուները պատկերների կիրառմամբ սովորեցնելու վիեննական մեթոդը՝ «Gesellschaft und Wirtschaft»-ը, շատ բանով է պարտական «Orbis Pictus»-ին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Whalley (2004), p. 318
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Neagu (2015), p. 519
  3. 3,0 3,1 Immel (2013), p. 222
  4. Hüllen (1999), p. 392
  5. Epstein, Connie C. (1991). The Art of Writing for Children. Archon Books. էջ 2. ISBN 0-208-02297-X.
  6. «Orbis Sensualium Pictus Lecture». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  7. 7,0 7,1 7,2 Odložilík (1942), p. 54
  8. Pavlik (2013), p. 468
  9. Edición El Zorro Rojo, 2017
  10. «Learning from Comenius - the pedagogical underpinnings of the Orbis Pictus». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  11. Neurath, Otto (1930). Gesellschaft und Wirtschaft. Vienna: Gesellschafts- und Wirtschaftsmuseum. էջ 101.

Գրականություն խմբագրել

  • Hüllen, Werner: English Dictionaries, 800-1700: The Topical Tradition. Clarendon Press, 1999. ISBN 9780198237969
  • Immel, Andrea: "Children's Books", en Suarez, Michael; Woudhuysen, H. R. (eds.): The Book: A Global History. Oxford university Press, 2013. ISBN 9780191668746
  • Neagu, Cristina: "East-Central Europe", en Tilg, Stefan; Knight, Sarah (eds.): The Oxford Handbook of Neo-Latin. Oxford University Press, 2015. ISBN 9780199948178
  • Odložilík, O.: "Comenius' Life and Work in its Historical Setting", en Needham, Joseph (ed.): The Teacher of Nations. Cambridge University Press, 1942. ISBN 9781107511620
  • Pavlik, Devana: "The Czech Republic and Slovakia", en Suarez, Michael; Woudhuysen, H. R. (eds.): The Book: A Global History. Oxford university Press, 2013. ISBN 9780191668746
  • Whalley, Joyce: "The development of illustrated texts and picture books", en Hunt, Peter (ed.): International Companion Encyclopedia of Children's Literature. Routledge, 2004. ISBN 9781134436842

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Orbis pictus» հոդվածին։