Ֆրաումյունստեր (գերմ.՝ Fraumünster, Women's Minster- կանանց տաճար, բայց հաճախ սխալ թարգմանվում է տիրամոր տաճար, բնօրինակ անունը՝ Reichskloster Fraumünster, Ֆրաումյունստերի կայսերական մենաստան), եկեղեցի է Ցյուրիխում, որը կառուցվել է արիստոկրատների համար նախատեսված նախկին աբբայության մնացորդների վրա, որը 853 թվականին Լյուդովիգ II Գերմանացին հիմնադրել է իր դստեր՝ Հիլդեգարդի համար։ Նա Բենեդիկտյան միաբանությանն է շնորհել Ցյուրիխի, Ուրիի հողերը և Ալբիսի անտառները և վանքին անձեռնմխելիություն է շնորհել՝ այն իր անմիջական իշխանության ներքո առնելով։ Այսօր այն պատկանում է Ցյուրիխի կանտոնի Ավետարանական բարեփոխված եկեղեցուն և հանդիսանում է Ցյուրիխի չորս գլխավոր եկեղեցիներից մեկը, Գրոսմյունստեր, Պրեդիգեր և Սուրբ Պետրոս եկեղեցիների հետ միասին։

Ֆրաումյունստեր աբբայություն, Մյունստերհոֆ, հին Կորնհաուս (ձախ կողմում) և Ցունֆտհաուս ցուր Մայզեն: Ֆրանց Շմիդտի ջրանկարը, 1757 թվական

Պատմություն խմբագրել

1045 թվականին Հենրի III թագավորը մենաստանին շուկաներ ունենալու, տուրքեր հավաքելու և մետաղադրամներ հատելու իրավունք է տալիս, այդպիսով փաստացիորեն վանամորը դարձնելով քաղաքի կառավարիչ։

Կայսր Ֆրեդերիկ II-ը 1218 թվականին աբբայությանը շնորհել է Reichsunmittelbarkeit (կայսերական անմիջականություն), այդպիսով այն տարածքային առումով անկախ դարձնելով բոլոր իշխանություններից, բացառությամբ անձամբ կայսեր իշխանությունից, և մեծացնելով աբբայության քաղաքական իշխանությունը։ Վանամայրը նշանակում էր քաղաքապետին, և նա հաճախ մետաղադրամների հատումը լիազորում էր քաղաքացիներին։ Այս շրջանի առավել հզոր վանամայրերից է եղել Եղիսաբեթ Վետցիկոնցին։

Այնուամենայնիվ, 14-րդ դարում մենաստանի քաղաքական իշխանությունը կամաց-կամաց թուլացավ, սկսած 1336 թվականին Ռուդոլֆ Բրունի կողմից Zunftordnung-ի (գիլդիայի օրենքների) հաստատմամբ, ով նաև դարձավ առաջին անկախ քաղաքապետը, այսինքն՝ չնշանակվեց վանամոր կողմից։

Աբբայությունը լուծարվել է 1524 թվականի նոյեմբերի 30-ին՝ Ուլրիխ Ցվինգլիի բարեփոխումների ընթացքում, որին աջակցել է վերջին վանամայր Կատարինա ֆոն Ցիմերնը։

Վանքի շենքերը ավերվել են 1898 թվականին՝ նոր քաղաքապետարանի համար տեղ ազատելու համար։ Եկեղեցու շենքն այսօր ծառայում է որպես ծխական եկեղեցի քաղաքի 34 բարեփոխված ծխերից մեկի համար։ Մյունստերհոֆը, որը պատմականորեն միջնադարյան քաղաքի գլխավոր հրապարակն ու շուկան է, անվանվել է աբբայության պատվին։ Gesellschaft zu Fraumünster գիլդիատիպ միությունը զարգացնում է նախկին վանական միաբանության ավանդույթները։

 
Ֆրաումյունստեր եկեղեցի, երգչախմբի վիտրաժները՝ Մարկ Շագալի

Շագալի պատուհաններ խմբագրել

Աբբայության երգչախումբը ներառում է 5 մեծ վիտրաժներ, որոնք նախագծել է նկարիչ Մարկ Շագալը և տեղադրվել են 1970 թվականին։ 5-ից յուրաքանչյուրն ունի գերիշխող գույն և պատկերում է աստվածաշնչյան պատմություն։ Ձախից (հյուսիսային պատ) աջ 5 աշխատանքներն են՝

  • Մարգարեներ, պատկերված է Եղիայի երկինք բարձրանալը
  • Հակոբ, ներկայացնում է նրա մաքառումը և դրախտի մասին երազները
  • Քրիստոս, պատկերված են Քրիստոսի կյանքի տարբեր տեսարաններ
  • Սիոն, ցույց է տալիս աշխարհի վերջն ազդարարող հրեշտակին
  • Օրենք, Մովսեսը վերևից նայում է իր ժողովրդի տառապանքները

Նույնքան տպավորիչ է Հյուսիսային միջանցքի 9 մ բարձրությամբ վիտրաժը, որը ստեղծել է Աուգուստո Ջակոմետին 1940 թվականին։

Ֆրաումյունստերի ստորգետնյա թանգարան խմբագրել

1900 թվականի վերջին վերանորոգումից ի վեր Ֆրաումյունստերի աբբայության երգչախմբի տակ գտնվող կրիպտեն փակվել էր և հանրության համար հասանելի է դարձել 2016 թվականի հունիսի 19-ից։ Եկեղեցու ամենահին մասում պահպանվել են աբբայության սուրբ մասունքները մինչև Ցյուրիխի ռեֆորմացիան արգելել է սրբերին հռոմեական կաթոլիկական երկրպագությունը։ Կրպտեի հիմքերը թվագրվում են 9-րդ դարին, երբ աբբայությունը հիմնադրվել է։ Կրիպտեն նաև ներառում է Ցյուրիխում Ռեֆորմացիայի պատմության, ճարտարապետության և տեղական պատմության ցուցադրություն, որն ուղեկցվում է մուլտիմեդիա տեղեկատվական համակարգով, ցուցադրված են դամբարանի հիմքի բեկորները և ինչպես է եկեղեցին վերակառուցվել սկզբնական ռոմանական շինարարության փուլից մինչև իր ներկայիս գոթական տեսքը՝ պատասխանատու հնագետ Դոլֆ Վիլդի ղեկավարությամբ[1]։

Հարմարություններ խմբագրել

Տարեկան ունենալով շուրջ 500,000 այցելու, Ֆրաումյունստերը 2016 թվականի հունիսից մշակել է այցլեուների հաճախումների նոր կառավարում։ Մինչև 60 հոգանոց այցելուների խմբերը հունիսի 20-ից ընդունվել են միայն պայմանավորվածությամբ և միայն սահմանված ժամկետներում։ Էքսկուրսիաները թույլատրվում են միայն «շշուկով» և հավատարմագրված էքսկուրսավարների կողմից[1], ձմռանը ժամը 10։00-16։00, ամռանը՝ համապատասխանաբար մինչև 17։00 և 18։00[2]։

Երգեհոն խմբագրել

6,959 խողովակներով հանդերձ Ֆրաումյունստերի երգեհոնը ամենամեծն է Ցյուրիխի կանտոնում։

Վանամայրեր խմբագրել

  • Հիլդեգարդ (828-856 կամ 859), Ֆրաումյունստեր աբբայության առաջին աբբայուհին
  • Կատարինա ֆոն Ցիմերն (1478-1547), աբբայության վերջին աբբայուհին

Ազգային նշանակության մշակութային ժառանգություն խմբագրել

Ազգային և տարածաշրջանային նշանակության մշակութային արժեքների շվեյցարական ցանկում Ֆրաումյունստերը նշված է որպես ազգային նշանակության A դասի օբյեկտ[3]։

Գրականություն խմբագրել

  • Peter Vogelsanger։ Zürich und sein Fraumünster. Eine elfhundertjährige Geschichte (853–1956). NZZ Libro, Zürich 1994, 3-85823-515-6

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Florian Niedermann (2016 թ․ հունիսի 18). «Das Zürcher Fraumünster offenbart seinen geheimen Schatz» (German). Limmattaler Zeitung. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Agenda» (German). Fraumünster. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «A-Objekte KGS-Inventar» (PDF). Schweizerische Eidgenossenschaft, Amt für Bevölkerungsschutz. 2015 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.