Ուլրիխ Ցվինգլի (Հուլդրայխ) (հունվարի 1, 1484[1][2][3][…], Վիլդհաուս[4] - հոկտեմբերի 11, 1531[1][2][3][…], Կապել ամ Ալբիս[4]), շվեյցարացի եկեղեցական բարենորոգիչ և քաղաքական գործիչ, Ռեֆորմացիայի արմատական բյուրգերաբուրժական ուղղություններից մեկի՝ ցվինգլիականության ստեղծողը։

Ուլրիխ Ցվինգլի
Ulrich Zwingli
Դիմանկար
Ծնվել էհունվարի 1, 1484[1][2][3][…]
ԾննդավայրՎիլդհաուս[4]
Մահացել էհոկտեմբերի 11, 1531[1][2][3][…] (47 տարեկան)
Մահվան վայրԿապել ամ Ալբիս[4]
Քաղաքացիություն Հին Շվեյցարիայի Համադաշնություն
ԿրոնԿալվինականություն
ԿրթությունՎիեննայի համալսարան և Բազելի համալսարան
Մասնագիտությունաստվածաբան, թարգմանիչ, քահանա, բողոքական բարեփոխիչ, գրող և քարոզիչ
ԱմուսինԱննա Ռեինհարտ
Զբաղեցրած պաշտոններAntistes?
ԵրեխաներՌեգուլա Գվալթեր-Ցվինգլի, Վիլհելմ Ցվինգլի, Հուլդրիխ Ցվինգլի և Աննա Ցվինգլի
Ստորագրություն
Изображение автографа
 Ulrich Zwingli Վիքիպահեստում

Գործել է Ցյուրիխում, որտեղ 1519 թվականին դարձել է կանոնիկոս։ Նրա բարենորոգչական գործունեությունը սերտորեն կապված է եղել Ցյուրիխում սրված սոցիալ–քաղաքական պայքարի հետ և արտահայտել է սաղմնավորվող կապիտալ արտադրահարաբերությունների հետ կապված բյուրգերության առաջավոր խավերի, համքարությունների և շրջակա գյուղացիության շահերը։ 1522 թվականին Ցվինգլին հարաբերությունները խզել է Հռոմի պապի հետ, հրապարակել իր «67 թեզիսները», որոնցում շարադրված են եղել եկեղեցու և քաղաքական կարգի բարենորոգման սկզբունքները։ 1523 թվականից Ցյուրիխում նրա ղեկավարությամբ փակվել են վանքերը, արգելվել է ինդուլգենցիաների վաճառքը, եկեղեցիներից հեռացվել են սրբապատկերները, մասունքները, բռնագրավվել է եկեղեցական գույքը և ծառայեցվել բարեգործական, կրթական և այլն նպատակների։ Ցվինգլիականությունը հաղթանակել է նաև Բեռնում, Բազելում, Շաֆֆհաուզենում, Գլարուսու և Սանկտ Գալլենում, որոնք Ցյուրիխի հետ միավորվել են ավետարանական կանտոնների միության մեջ։ Սակայն Ցվինգլին չի հենվել 1524 թվականին Ցյուրիխի կանտոնում սկսված գյուղացիական շարժման վրա, մանր զիջումներով և ճնշամիջոցներով հասել է դրա վերացմանը։ Ցվինգլի դեմ են դուրս եկել կաթոլիկության կողմնակիցները Շվեյցարիայի անտառային կանտոններից, որոնց հետ մարտերում ջախջախվել է Ցյուրիխի զորքը և Ցվինգլը զոհվել է։

Պատմական համատեքստ

խմբագրել

Շվեյցարիայի Համադաշնությունը Ուլրիխ Ցվինգլիի ժամանակ բաղկացած է եղել 13 պետություն-կանտոններից, ինչպես նաև կախյալ մարզերից և ընդհանուր տիրապետություններից։ Ի տարբերություն ժամանակակից Շվեյցարիայի, 13 կանտոններից յուրաքանչյուրը գործնականում անկախ է եղել՝ վարելով ինքնուրույն ներքին և արտաքին քաղաքականություն։ Յուրաքանչյուր կանտոն ինքնուրույն դաշինքներ է կնքել Համադաշնության ներսում և դրանից դուրս։ Ռեֆորմացիայի ժամանակ այդ անկախությունը որպես կոնֆլիկտի նախապայման է ծառայել ռեֆորմացիային սատարող և մերժող կանտոնների միջև[5]։

Ընդհանուր քաղաքական իրավիճակը 15-16-րդ դարերում անկայուն է եղել նաև Եվրոպայում։ Դարեր շարունակ Կոնֆեդերացիայի արտաքին քաղաքականությունը որոշվել է նրա ազդեցիկ հարևան Ֆրանսիայի հետ հարաբերություններով։ Անվանապես Համադաշնությունը եղել է Սրբազան Հռոմեական կայսրության մի մասը։ Այնուամենայնիվ, մի շարք հաջող պատերազմներից հետո, որոնցից վերջինը Շվաբյան պատերազմն էր, Համադաշնությունը, փաստորեն, անկախացել է։ Երկու մայրցամաքային տերությունների, ինչպես նաև Համադաշնության երկրորդական հարևանների՝ ինչպիսիք են Միլանի դքսության, Սավոյի դքսության և Պապական մարզերի միջև մրցակցությունը քաղաքական, տնտեսական և սոցիալական հեռուն գնացող հետևանքներ ունեցավ Համադաշնության համար։ Այդ ժամանակ տարաձայնություններ առաջացան շվեյցարական զինվորական ջոկատներին, որոնք հայտնի էին իրենց քաջությամբ, կանտոնների կողմից իրենց հարևանների մոտ ծառայության ուղարկելու պրակտիկայի շուրջ։ Ցվինգլիի ժամանակաշրջանի կրոնական խմբակցությունները բարձրաձայն քննարկում էին շվեյցարացի երիտասարդների ռազմական սխրանքները, որոնք ծառայում էին միայն իշխանությունների հարստացման համար[6]։

Այդ ներքին և արտաքին պատճառները առիթ հանդիսացան շվեյցարական ինքնագիտակցության աճի համար, որում Vaterland տերմինը (լատին․՝ patria) դադարեց վերաբերել որոշակի կանտոնին և փոխանցվեց ամբողջ Համադաշնությանը։ Միևնույն ժամանակ Համադաշնությունում արմատավորվեց Վերածննդի դարաշրջանի հումանիզմն իր արժեքներով և գիտության վրա շեշտադրմամբ։ Այդ պայմաններում, շվեյցարական հայրենասիրության և եվրոպական հումանիզմի միախառնման վայրում 1484 թվականին ծնվեց Ուլրիխ Ցվինգլին[7]։

Կենսագրություն

խմբագրել
 
Տունը, որտեղ ծնվել է Ցվինգլին։ Վիլդհաուզ, այժմ՝ Սանկտ Գալլեն կանտոն

Ուլրիխ Ցվինգլին ծնվել է 1484 թվականի հունվարի 1-ին, Լյութերից մի քանի շաբաթ անց, հարուստ գյուղացիական ընտանիքում Տոգգենբուրգի կոմսության Վիլդհաուզ գյուղում, որը պատկանել է Բենեդիկտյան Սուրբ Գալա վանքին։ Շվեյցարական միության հետ կոմսության հարաբերությունները բավականին բարդ են եղել, և Ցվինգլին իրավական իմաստով «շվեյցարացի» է դարձել միայն 1521 թվականին, երբ ստացել է Ցյուրիխի քաղաքացիություն[8]։

Ցվինգլիի հայրը եղել է ունևոր գյուղացի և Վիլդհաուզ համայնքի ավագանի (գերմ.՝ Ammann)։ Հորեղբայրը՝ Վարֆոլոմեյը, համայնքի կողմից ընտրված առաջին քահանան էր։ Մայրը սերել է մի ընտանիքից, որտեղ կային մի քանի հոգևորականներ՝ Ցվինգլի ընտանիքի մասին որոշ տեղեկություններ է տալիս Հենրիխ Բուլինգերը, ում դուստրն ամուսնացել է Ցվինգլիի որդու հետ։ Հայրը, հետևելով ընտանեկան ավանդույթին, որոշել է որդուն շնորհել հոգևոր աստիճան։ Վիլդհաուզը չուներ իր դպրոցը, բայց Վեզենում կար մի փոքրիկ դպրոց, որի դեկանն էր նրա հորեղբայր Վարֆոլոմեյը[9]։ 10 տարեկանում Ցվինգլին հանձնել են մեկ այլ հեռավոր ազգականի՝ Գրիգորի Բյունցլիի խնամքին, ով ապրել է Բազելի արվարձանում։ Այդտեղ երիտասարդ Ուլրիխը ավելի համակարգված կրթություն է ստացել և հավանաբար, կարողացել է օգտվել կարտեզյանական վանքի գրադարանից։ Այնուհետև մոտավորապես 1496 թվականին տղային ուղարկել են Բեռն, որտեղ գտնվել է երիտասարդ մանկավարժ Հենրիխ Լուպուլուսի դպրոցը և համարվել Ստրասբուրգի հարավի լավագույն դպրոցը։ Ցվինգլիի կյանքի այդ շրջանի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ[10]։

1498 թվականի աշնանը արձանագրվել է, որ Udalricus Zwinglij Գլարուսից ընդունվել է Վիեննայի համալսարան[11]։ Վիեննայում Ցվինգլիի մտերիմ ընկերները դարձել են նրա հայրենակիցներ՝ Արբոգաստ Ստրուբը և Յոահիմ Վադիանը։ Հետագա տարիներին Ուլրիխը ճամփորդել է Եվրոպայում, իսկ 1500 թվականին կրկին պաշտոնապես գրանցվել է Վիեննայում։ 1500-1501 թվականներին հավանաբար այցելել է Փարիզ, Քյոլն և Թյուբինգեն, որից հետո կանգ է առել Բազելում։ Այստեղ նա ընդունվել է համալսարան՝ վճարելով սովորական ուսման վարձը՝ 6 շիլլինգի չափով[12]։ Համալսարանում դասավանդումը, ինչպես ընդունված է եղել այդ ժամանակ, հիմնված է եղել Արիստոտելի տեքստերի ուսումնասիրության վրա[13]։ Ցվինգլին խորապես հետաքրքրվել է դասական գրականությամբ և ջանասիրաբար կարդացել է Սուրբ Գիրքը, որն ավելի լավ հասկանալու համար նա նաև ուսումնասիրել է եբրայերեն։ Նշանակալից է Բազելի աստվածաբան Թոմաս Վիտենբախի ազդեցությունը, ում հետ Ցվինգլին քննարկել է պապական իշխանության բնույթը։ Ակտիվ հարաբերություններ պահպանելով հումանիստների, այդ թվում՝ Էրազմ Ռոտերդամացու հետ, Ցվինգլին բռնել է Սուրբ Գրքի ազատ ուսումնասիրության ուղին։ Հայտնի չէ թե որտեղից է այդ տարիների ընթացքում ստացել ուսումը շարունակելու համար անհրաժեշտ գումարը։ 1504 թվականին Ցվինգլին ստացել է բակալավրի, 1506 թվականին՝ փիլիսոփայության մագիստրոսի աստիճան։ Գլարուսի ծխական քահանայի մահից հետո, նա կարողացել է ժառանգել վերջինիս պաշտոնը, որն էլ նրա համար ապրուստի միջոցների աղբյուր է դարձել[14]։

Իր քարոզներում ու գրական աշխատություններում («Լաբիրինթոսը», «Ցուլի և որոշ կենդանիների մասին առակը») Ցվինգլին արձագանքել է իրականության բոլոր բուռն հարցերին՝ բացահայտելով անկեղծ կրոնական զգացումներին և հայրենասիրությանը։ Միջնադարում Շվեյցարիայի հասարակական կյանքի առանձնահատկություններից է եղել կանտոնների կողմից իրենց խիզախությամբ հայտնի շվեյցարական ռազմական ջոկատների օտարերկրյա պետությունների ծառայության ուղարկելը։ Այդ առևտուրը ծառայել է որպես շահույթի միջոց օտարերկրյա պետություններից թոշակներ ստացող անհատների և խմբերի համար։ Միևնույն ժամանակ, հարստացման այդ միջոցը ծառայել է որպես խորը սոցիալական բարոյալքման աղբյուր։ Ինքը՝ Ցվինգլին, իմացել է այդ պրակտիկայի մասին, երբ 1512 և 1515 թվականներին ուղեկցել է Գլարուսի ջոկատին իտալական արշավներում՝ որպես գնդի քահանա։ Նա մեծ բողոքով արձագանքել է ծխականների կոռումպացված բարքերին, ինչը Ցվինգլիին հանգեցրել է այն կարծիքին, որ հասարակության մեջ բարեփոխումներն անհրաժեշտ են։

1516 թվականին Ցվինգլին ստանձնել է կապելլանի պաշտոնը Այնզիդելնում՝ շարունակելով քարոզել տարբեր սնահավատությունների և եկեղեցական չարաշահումների դեմ։ 1518 թվականին նա ստանձնել է քահանայի պաշտոնը Ցյուրիխի տաճարում և իր քարոզները հիմնել Ավետարանի վրա՝ ձգտելով եկեղեցու և պետության բարեփոխմանը՝ հաջողությամբ պայքարելով ինդուլգենցիաների առևտրի դեմ այնքան հաջողությամբ, որ արգելվել է դոմինիկյան Սամսոնի մուտքը Ցյուրիխ, ով Շվեյցարիայում զբաղվել է ինդուլգենցիաներով։

Մի շարք քարոզների, ստեղծագործությունների և կրոնական բանավեճերի ընթացքում Ցվինգլին մշակել է իր ուսմունքի հիմնական դրույթները։ 1522 թվականին նա քարոզ է կարդացել ընդդեմ հռոմեական եկեղեցու կողմից հաստատված պահքերի («Սննդի ընտրության ազատության մասին») և Կոնստանցի եպիսկոպոսին ուղղված նամակում արտահայտվել է քահանաների ամուրիության դեմ։ 1523 թվականի հունվարի 29-ին Ցյուրիխում տեղի է ունեցել հանրային բանավեճ, որի հիմքում ընկած են եղել Ցվինգլիի 67 թեզերը Սուրբ Գրքի՝ որպես կրոնական հարցերում բարձրագույն հեղինակության, Քրիստոսի՝ Աստծո և մարդկանց միջև միակ ճշմարիտ միջնորդի, հավատքի մասին որպես միակ փրկության միջոց, եկեղեցու մասին՝ որպես բոլոր հավատացյալների միություն և այլն։ Ցյուրիխի քաղաքային խորհրդի կողմից կազմակերպված այդ բանավեճը ավարտվել է Ցվինգլիի հաղթանակով իր հակառակորդ՝ Կոնստանցի եպիսկոպոսի փոխանորդ Ֆաբերի նկատմամբ, Ցյուրիխի քաղաքային խորհուրդն ընդունել է Ցվինգլիի ուսմունքը և սկսել ինքնուրույն կառավարել կանտոնի եկեղեցական գործերը Կոնստանցի եպիսկոպոսի փոխարեն։ Կաթոլիկ պատարագը և սրբապատկերները վերացել են, պաշտամունքը պարզեցվել է, լատիներենը փոխարինվել է գերմաներենով, հաղորդությունը կատարվել է երկու ձևով, վանքերը վերածվել են դպրոցների, մանկատների և հիվանդանոցների, վանական ունեցվածքը աշխարհիկացվել է, կուսակրոնությունը վերացել է և 1522 թվականին ինքը՝ Ցվինգլին, գաղտնի ամուսնացել է Աննա Ռեյնհարդտի հետ․ ամուսնությունը գաղտնի է մնացել մինչև 1524 թվականը։

1525 թվականին հրապարակել է իր հավատքի խոստովանությունը՝ «De vera et falsa fetare» («Ճշմարիտ և կեղծ կրոնականության մասին») վերնագրով, որի կետերի մեծ մասը նման է եղել Լյութերի ուսմունքներին, բացառությամբ հաղորդության հարցի։ Միստիցիզմին անծանոթ Ցվինգլին Հաղորդությանը նայել է ոչ թե որպես խորհուրդ, այլ որպես Քրիստոսի մեղքերը քավող զոհաբերության հիշողություն։ Բացի այդ, Լյութերը պահպանել է այն դոգմաներն ու ծեսերը, որոնք հակասել են Սուրբ Գրքին, մինչդեռ Ցվինգլին վերացրել է այն ամենը, ինչը նրա մեջ ուղղակիորեն չի հաստատվել։ Վերջապես, եկեղեցու կազմակերպման հարցում Ցվինգլին, լինելով շվեյցարացի և հանրապետական սկզբունքի կրող, հիմք է դրել երիցաբանական կառավարման սկիզբունքին, իսկ Լյութերը, որպես իշխանական կառավարման ջատագով, սահմանել է եկեղեցական կառավարման կոնսիստորիալ համակարգ։

Ցվինգլիի և Շվեյցարիայի ռեֆորմացիայի ուսմունքները զարգացել են Լյութերի ուսմունքների հետ միաժամանակ, բայց նրանից լիովին անկախ։ 1528 թվականին Ցվինգլին գրել է. «Ես Աստծո խոսքը սովորեցի ոչ թե Լյութերից, այլ Քրիստոսի ուսմունքից»։ Հաղորդության հարցում Ցվինգլիի և Լյութերի միջև հակասություն է եղել, որտեղ առաջինը ավելի զսպվածություն և չափավորություն է ցուցաբերել, քան վերջինը։ Ցանկանալով հաշտեցնել երկու ավետարանչական ուսմունքները՝ լանդգրաֆ Ֆիլիպ Մելանխթոնը կազմակերպել է հանդիպում Լյութերի և Ցվինգլիի միջև 1529 թվականին Մարբուրգում։ Մելանխթոնի ուղեկցությամբ առաջինն եկել է Ցվինգլին իր ընկերոջ և հետևորդ Յոհաննես Էկոլամպադիուսի հետ, սակայն Մարբուրգի բանավեճի արդյունքում համաձայնության չեն եկել հաղորդության հարցում։

Ցվինգլիի ուսմունքը Ցյուրիխից տարածվել է Բեռն, Բազել, Շաֆհաուզեն, Սանկտ Գալեն, Գլարուս և Գերմանիայի բազմաթիվ ազատ կայսերական քաղաքներ։ Անտառային կանտոնները՝ Շվիցը, Ուրին, Ունտերվալդենը, Լյուցեռնը, հավատարիմ են մնացել կաթոլիկությանը։ Կաթոլիկների և Ցվինգլիի հետևորդների միջև թշնամական հարաբերությունները գնալով սրվել է։ Երկու կողմերն էլ պատրաստվել են պայքարի` արտաքին դաշինքներ կնքելով։ 1529 թվականին պայքարը հետաձգվել է Կապելում պայմանագրի կնքմամբ, ըստ որի յուրաքանչյուր կանտոն իրավունք է ստացել կազմակերպել եկեղեցական գործերն իր հայեցողությամբ։ Սակայն շուտով եղբայրասպան պատերազմ է սկսվել։ Ցյուրիխականների և կաթոլիկ կանտոնների ջոկատների միջև Կապպելյան հարթավայրում տեղի է ունեցել ճակատամարտ (1531 թվականի հոկտեմբերի 11-ին) և ցյուրիխցիները պարտություն են կրել, իսկ ինքը՝ Ցվինգլին, սպանվել է։ Նրա աշխատանքը շարունակել է և ամրապնդել իր ընկեր Բուլինգերը, ով 1536 թվականին խմբագրել է Հելվետյան առաջին խոստովանությունը։

Ցվինգլիի աստվածաբանական հայացքներ

խմբագրել
 
Ցվինգլիի ղեկավարությամբ Ցյուրիխում հրատարակված Աստվածաշունչը

Ըստ Ցվինգլիի՝ ճշմարիտ աստվածաբանության անկյունաքարը Աստվածաշունչն է։ Իր աշխատություններում Ցվինգլին անընդհատ դիմում է Սուրբ Գրքին։ Նա Աստվածաշնչի հեղինակությունն ավելի բարձր է դասում, քան տիեզերական ժողովների և եկեղեցու հայրերի հեղինակությունը, բայց իր դիրքորոշումը հիմնավորելու համար նա օգտագործել է նաև արտաաստվածաշնչյան փաստարկներ[15]։ Զվինգլիի կողմից օգտագործված մեկնաբանության սկզբունքները հիմնված են հումանիզմի ուսմունքի ռացիոնալիզմի վրա[16]։ Նա մերժել է հատվածների բառացի մեկնաբանությունը, որն ընդունվել է անաբապտիստների կողմից և օգտագործել սինեկդոխա, անալոգիաներ, մեթոդներ, որոնք նկարագրել է «Ընկերական մեկնաբանություններում» (1527)[17]։ Երկու անալոգիաներ, նա ավելի հաճախ է օգտագործել, դրանք են մկրտության ու թլփատման և հաղորդության ու Զատիկի միջև անալոգիաները[18]։ Մեկնաբանության ժամանակ նա ուշադրություն է դարձրել նաև անմիջական համատեքստին և փորձում է հասկանալ դրա նպատակը՝ համեմատելով Աստվածաշնչի հատվածները միմյանց հետ։

Ցվինգլին մերժել է խորհրդավորության (լատ.՝ sacramentum) հասկացությունը։ Սովորական մարդու համար այդ բառը նշանակում է ինչ-որ սրբազնագործություն, որում ինքնին մեղքից մաքրվելու գերբնական ուժ կար։ Ըստ Ցվինգլիի՝ խորհրդավորությունը երդման արարողություն կամ երաշխիք է, իսկ բառն ինքնին լատիներեն նշանակում է երդում[19]։ Մկրտության թեմայով իր վաղ աշխատություններում նա նշել է, որ մկրտությունը համարվում է ուխտի օրինակ։ Նա մարտահրավեր է նետել կաթոլիկներին՝ մեղադրելով նրանց սնահավատության մեջ, քանի որ նրանք մեղքերը մաքրելու զորությունը վերագրել են մկրտության ջրին։ Հետագայում Անաբապտիստների հետ իր կոնֆլիկտում, նա պաշտպանել է երեխաների մկրտության պրակտիկան՝ նշելով, որ Աստվածաշնչում նման պրակտիկայի դեմ օրենք չկա։ Նա պնդել է, որ մկրտությունը Աստծո հետ ուխտի խորհրդանիշն է, որը փոխարինում է թլփատմանը, որը նախատեսված էր Հին Կտակարանում[20]։

Ցվինգլին հաղորդությունը մեկնաբանել է նույն կերպ, ինչ մկրտությունը։ 1523 թվականին Ցյուրիխում առաջին բանավեճի ժամանակ նա հերքել է, որ Քրիստոսի իրական զոհաբերությունը տեղի է ունեցել պատարագի ժամանակ՝ պնդելով, որ Քրիստոսը զոհաբերվել է միայն մեկ անգամ և ընդմիշտ։ Պարզ ասած՝ հաղորդությունը համարվում է «հիշողություն զոհաբերության մասին»[21]։ Հետևելով այդ փաստարկին, նա շարունակել է զարգացնել իր տեսակետը՝ գալով այդ բացահայտման բառերի «իմաստալից» մեկնաբանության։ Նա օգտագործել է Սուրբ Գրքի տարբեր հատվածներ՝ հերքելու հաղորդության մասին Լյութերի ուսմունքը։ Նրա կարծիքով առանցքային հատվածը համարվում է Հովհաննես 6։63, «Հոգին է կյանք տվողը, մարմինը ոչ մի օգուտ չի տալիս»։ Ցվինգլիի մեկնաբանության ձևը, որը ստիպել է նրան նման տեսակետ արտահայտել հաղորդության վերաբերյալ, պատճառ է դարձել, որ նա չկարողանա համաձայնության գալ Լյութերի հետ[[22]։

Լյութերի ազդեցությունը Ցվինգլիի աստվածաբանական զարգացման վրա երկար ժամանակ եղել է լյութերական գիտնականների ուսումնասիրության աղբյուրը, ովքեր ձգտել են Լյութերին հաստատել որպես առաջին բարեփոխիչ։ Ինքը՝ Ցվինգլին, վճռականորեն պնդել է իր անկախությունը Լյութերից և վերջին հետազոտությունները հաստատել են այդ պնդումը։ Ցվինգլին կարդացել է Լյութերի գրքերը՝ փնտրելով սեփական տեսակետների հաստատումը։ Նա համաձայն է եղել այն դիրքորոշման հետ, որը Լյութերը որդեգրել է ընդդեմ Հռոմի Պապի[23]։ Ինչպես Լյութերը, Ցվինգլին նույնպես Օգոստինոս Երանելու աշակերտն ու երկրպագուն է եղել[24]։

Վերաբերմունքը եկեղեցում երաժշտության օգտագործման նկատմամբ

խմբագրել

Ցվինգլին սիրոել է երաժշտություն և նվագել է մի քանի երաժշտական գործիքներ՝ ջութակը, ֆլեյտան, ցիմբալը, փողը։ Նա երբեմն զվարճացրել է իր համայնքի երեխաներին իր վինի միջոցով և այնքան հայտնի է եղել իր նվագով, որ թշնամիները նրան ծաղրել են որպես «ավետարանիչ և վին նվագող»։ Ցվինգլիի կողմից ստեղծված երեք օրհներգեր են պահպանվել՝ «Պեստիլիդ»՝ հարմարեցված 65-րդ սաղմոսի երաժշտության ներքո և «Գտնվելով Կապպելում»-ը, որը նա գրել է Կապպելում առաջին պատերազմի ժամանակ (1529)[25]։ Այդ երգերը նախատեսված չէին ժամերգության ժամանակ երգելու համար և չէին համարվում Ռեֆորմացիայի հիմներ, թեև դրանք տպագրվել էին 16-րդ դարի որոշ ժողովածուներում[26]։

Ցվինգլին քննադատել է քահանայական երգեցողության և վանական երգչախմբերի պրակտիկան։ Քննադատությունը թվագրվում է 1523 թվականով, երբ նա դեմ է արտահայտվել պաշտամունքի որոշ սովորություններին։ Նրա փաստարկները մանրամասն ներկայացված են «1525 թվականի եզրակացություններում», որտեղ 44, 45 և 46 եզրակացությունները վերաբերում են երաժշտական պրակտիկաներին «աղոթք» վերնագրի ներքո։ Նա երաժշտությունը կապել է սրբապատկերների և եկեղեցական զգեստների հետ, որոնք, նրա կարծիքով, շեղել են մարդկանց ուշադրությունը ճշմարիտ հոգևոր երկրպագությունից։ Հայտնի չէ, թե ինչ է նա մտածում վաղ լյութերական եկեղեցիների երաժշտական պրակտիկայի մասին։ Ցվինգլին եկեղեցական պաշտամունքից բացառել է գործիքային երաժշտությունը՝ նշելով, որ Աստված դա չի պատվիրել երկրպագության մեջ[27]։ Ցյուրիխի Ժողովրդական եկեղեցու երգեհոնահարը լաց է լինում՝ տեսնելով, թե ինչպես են ջարդում մեծ երգեհոնը[28]։ Համատեղ երգեցողության վերաբերյալ Ցվինգլին ոչ մի կարծիք չի հայտնել, բայց ոչինչ չի արել դրա ներդրման համար[29]։ Այնուամենայնիվ, ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ Ցվինգլին գիտակցել է երաժշտության դերը եկեղեցում։ Այդ մասին Գոթֆրիդ Լոխերը գրում է․

  Ցվինգլին դեմ էր եկեղեցական երգեցողության» հին հայտարարությունն այլևս վավեր չէ... Ցվինգլիի վեճը վերաբերում է բացառապես միջնադարյան խմբերգային և քահանայական երգեցողությանը անհասկանալի լատիներեն լեզվով, և ոչ թե ավետարանական ժողովների կամ երգչախմբերի օրհներգերին... Ցվինգլին ամբողջությամբ թույլատրել է համայնքային երգչախմբային երգը։ Բացի այդ, նա նույնիսկ թվում էր, թե ձգտում էր կենդանի, ներդաշնակ երաժշտական արտասանությանը... Երկրպագության նրա հայեցակարգի հիմնական գաղափարը միշտ եղել է «գիտակցական գործողությունները և ըմբռնումը, թե ինչ ես անում[30]։  

1971 թվականին հիմնադրվել է Musikabteilung-ը (երաժշտական ստորաբաժանում), որը գտնվել է Ցյուրիխի Պրեդիգերն եկեղեցում և իրենից ներկայացնում է եվրոպական նշանակության գիտական երաժշտական հաստատություն։ Այն իրեն վստահված նյութերը տպագրում է ձայնասկավառակների տեսքով։ Երգացանկը տատանվում է Ուլրիխ Ցվինգլիի 16-րդ դարի սկզբի սրբազան երաժշտությունից սկսած մինչև 20-րդ դարավերջի երաժշտություն՝ «Musik aus der Zentralbibliothek Zürich» խորագրով[31]։

Ցվինգլիի գաղափարների ազդեցություն

խմբագրել
 
Ցվինգլիի քարոզի տեսարանը Ցյուրիխի Գրոսմյունստեր տաճարի դռների վրա

Ցվինգլին հումանիստ է և գիտնական, ով բազմաթիվ հավատարիմ ընկերներ ու հետևորդներ է ունեցել։ Նա նույն հասարակ մոտեցումն է դրսևորել ինչպես իր համայնքի հասարակ մարդկանց, այնպես էլ այնպիսի կառավարիչների նկատմամբ, ինչպիսին էր Ֆիլիպ Հեսսենացին[32]։ Նրա խիստ, սառնասիրտ բարեփոխիչի կերպարը հավասարակշռված էր հիանալի հումորի զգացումով։ Նա իր ստեղծագործություններում օգտագործել է երգիծանքներ, առակներ և բառախաղեր[33]։ Ավելի լավ է գիտակցել քրիստոնեության սոցիալական պարտքը, քան Լյութերը և անկեղծորեն հավատացել է, որ զանգվածները կընդունեն Աստծո Խոսքով առաջնորդվող կառավարիչներին[34]։ Ցվինգլին անխոնջ ձևով առաջ է քաշել աղքատներին օգնելու գաղափարը, որոնց մասին, նրա կարծիքով, պետք է հոգ տանի իսկական քրիստոնեական համայնքը[35]։

1531 թվականի դեկտեմբերին Ցյուրիխի քաղաքային խորհուրդը Ցվինգլիի իրավահաջորդ է ընտրել Հենրիխ Բուլինգերին։ Բուլինգերը անմիջապես վերացրել է Ցվինգլիի ուղղափառության վերաբերյալ ցանկացած կասկած ու նրան հռչակել մարգարե և նահատակ։ Բուլինգերի օրոք Շվեյցարիայի Համադաշնության պառակտումը դավանանքային բաժանման պատճառով ի չիք է դարձել[36]։ Բուլինգերը համախմբել է բարեփոխված քաղաքներն ու կանտոնները և օգնել նրանց վերականգնվել Կապպելում կրած պարտությունից հետո։ Ցվինգլին իրականացրել է հիմնարար բարեփոխումներ, Բուլինգերը ամրապնդել և ճշգրտել է դրանք[37]։

Պատմության վրա Ցվինգլիի ազդեցությունը գնահատելը դժվար է մի քանի պատճառներով։ «Ցվինգլիականության» սահմանման շուրջ միասնական կարծիք չկա, Ցվինգլիականությունը զարգացել է նրա իրավահաջորդի՝ Հենրիխ Բուլինգերի օրոք։ Բուլինգերի և Ժան Կալվինի վրա Ցվինգլիի ազդեցության թեման դեռևս ուսումնասիրված չէ[38]։ Բուլինգերն ընդունել է Ցվինգլիի ուսմունքների մեծ մասը։ Ցվինգլիի նման նա մի քանի անգամ ամփոփել է իր աստվածաբանությունը, որի ամենահայտնի օրինակը համարվում է 1566 թվականի Երկրորդ հելվետական խոստովանությունը։ Կալվինը Ռեֆորմացիա է իրականացրել Ժնևում[39]։ Ժան Կալվինը չի համաձայնել Ցվինգլիի հետ հաղորդության թեմայով և քննադատել է նրան այն զուտ խորհրդանշական ծես համարելու համար։ Այնուամենայնիվ, 1549 թվականին Բուլինգերին և Կալվինին հաջողվել է հաղթահարել իրենց ուսմունքային տարաձայնությունները և հասնել փոխհամաձայնության։ Նրանք հայտարարել են, որ հաղորդությունը չի համարվում պարզապես ընթրիքի խորհրդանիշ, այլև մերժել են հաղորդության մասին լյութերական ուսմունքը։ Այդ մերձեցմամբ Կալվինը հաստատել է իր դերը Շվեյցարիայի բարեփոխված եկեղեցիներում և ի վերջո, աշխարհում[36][40]։

Շվեյցարիայից դուրս ոչ մի եկեղեցի Ցվինգլիին իր հիմնադիր չի համարում։ Գիտնականները միասնական կարծիքի չեն եկել, թե ինչու ցվինգլիականությունն ավելի լայն տարածում չի գտել[41], չնայած Ցվինգլիի աստվածաբանությունը համարվում է բարեփոխված աստվածաբանության առաջին արտահայտությունը[42]։ Ցվինգլիի գաղափարների ազդեցությունը բարեփոխված հիմնական դավանանքների ուսմունքների վրա այսօր էլ ավելի նկատելի է դարձել[43]։ Նրան հաճախ անվանում են «Ռեֆորմացիայի երրորդ մարդը» Մարտին Լյութերից և Ժան Կալվինից հետո[44]։

Հիշատակ

խմբագրել
  • 1838 թվականին Կապելում կանգնեցվել է հուշարձան Ցվինգլիի հիշատակին։
  • 2019 թվականին շվեյցարացի ռեժիսոր Ստեֆան Հաուպտը թողարկել է շվեյցարա-գերմանական «Ցվինգլի» ֆիլմը՝ ռեֆորմատորի կյանքի և գործունեության մասին[45]։

Գրականություն

խմբագրել
  • Potter G. R. Zwingli. — Cambridge University Press, 1976. — 432 p. — ISBN 978-0-521-20939-7.
  • Bainton Roland H. Here I Stand: A Life of Martin Luther. — New York: Meridian, 1995. — ISBN 0-452-01146-9.
  • Cameron Euan. The European Reformation. — New York: Oxford University Press, 1991. — ISBN 0-19-873093-4..
  • Chadwick Owen. The Early Reformation on the Continent. — Oxford: Oxford University Press, 2001. — ISBN 0-19-926578-X..
  • Chadwick Owen. The Reformation. — Penguin, 1990..
  • Estep William Roscoe. Renaissance and Reformation. — Grand Rapids, MI: Wm. B. Eerdmans, 1986. — ISBN 0-8028-0050-5..
  • Huldrych Zwingli, 1484–1531: A Legacy of Radical Reform: Papers from the 1984 International Zwingli Symposium McGill University / Furcha E. J.. — Montreal: Faculty of Religious Studies, McGill University, 1985. — ISBN 0-7717-0124-1..
  • Gäbler Ulrich. Huldrych Zwingli: His Life and Work. — Philadelphia: Fortress Press, 1986. — ISBN 0-8006-0761-9..
  • The Cambridge History of the Bible / Greenslade S. L.. — Cambridge: Cambridge University Press, 1975. — ISBN 0-521-29016-3..
  • Leith, John H. An Introduction to the Reformed Tradition: A Way of Being the Christian Community. — Atlanta: John Knox Press, 1977. — ISBN 0-8042-0479-9..
  • Locher Gottfried W. Zwingli's Thought: New Perspectives. — Leiden: E.J. Brill, 1981. — ISBN 90-04-06420-6..
  • Old Hughes Oliphant. The Reading and Preaching of the Scriptures in the Worship of the Christian Church, Volume 4. — Grand Rapids, Michigan: Wm. B. Eerdmans Publishing, 1998. — ISBN 978-0-8028-4775-1..
  • Rilliet Jean. Zwingli: Third Man of the Reformation. — London, 1964., OCLC 820553.
  • Schmidt-Clausing Fritz, West Jim. The Humor of Huldrych Zwingli: The Lighter Side of the Protestant Reformation. — Lewiston, New York: Edwin Mellen Press Ltd, 2007. — ISBN 978-0-7734-5482-8..
  • Steinmetz David Curtis. Reformers in the Wings: From Geiler Von Kaysersberg to Theodore Beza. — Oxford: Oxford University Press, 2001. — ISBN 0-19-513048-0..
  • Stephens W. P. The Theology of Huldrych Zwingli. — Oxford: Clarendon Press, 1986. — ISBN 0-19-826677-4..
  • Stephens W. P. Zwingli: An Introduction to His Thought. — Oxford: Oxford University Press, 1992. — ISBN 0-19-826363-5..
  • Stephens W. P. The Cambridge Companion to Reformation Theology / Bagchi David V. N.. — Cambridge: Cambridge University Press, 2004. — ISBN 0-521-77662-7..
  • Wandel Lee Palmer. Always Among Us: Images of the Poor in Zwingli's Zurich. — Cambridge: Cambridge University Press, 1990. — ISBN 0-521-52254-4..
  • Yoder John Howard. Anabaptism and Reformation in Switzerland: An Historical and Theological Analysis of the Dialogues Between Anabaptists and Reformers. — Kitchener, Ontario: Pandora Press, 2004. — ISBN 1-894710-44-4..
  • Foster Herbert Darling. Geneva Before Calvin (1387–1536). The Antecedents of a Puritan State (англ.) // The American Historical Review. — 1903. — Январь (iss. 8, no. 2). — P. 217—240. — doi:10.2307/1832923. — JSTOR 1832923.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Schäfer J. Ökumenisches Heiligenlexikon — 1998.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  5. Gäbler, 1986, էջ 1—4
  6. Gäbler, 1986, էջ 4—6
  7. Gäbler, 1986, էջ 6—7
  8. Potter, 1976, էջ 4—5
  9. Potter, 1976, էջեր 6—7
  10. Potter, 1976, էջեր 8—9
  11. Potter, 1976, էջ 11
  12. Potter, 1976, էջեր 13—14
  13. Potter, 1976, էջ 17
  14. Potter, 1976, էջեր 18—20
  15. Gäbler, 1986, էջ 51—52
  16. Gäbler, 1986, էջ 59
  17. Yoder, 2004, էջ 197—202
  18. Gäbler, 1986, էջ 64—66
  19. Gäbler, 1986, էջ 180—185
  20. Gäbler, 1986, էջ 194—206
  21. Gäbler, 1986, էջ 219
  22. Gäbler, 1986, էջ 218—250
  23. Gäbler, 1986, էջ 22
  24. Gäbler, 1986, էջ 17
  25. Hannes Reimann, Huldrych Zwingli — der Musiker, Archiv für Musikwissenschaft 17 2./3. (1960), pp. 126—141
  26. Gäbler, 1986, էջ 108
  27. Leith, 1977, էջ 210—211
  28. Chadwick, 1990, էջ 439
  29. Locher, 1981, էջ 107—108
  30. Locher, 1981, էջ 61—62
  31. «Musikabteilung» (German). Zentralbibliothek Zürich. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  32. Potter, 1976, էջ 61—62
  33. Schmidt-Clausing, 2007
  34. Potter, 1976, էջ 418
  35. Wandel, 1990, էջ 45
  36. 36,0 36,1 Gäbler, 1986, էջ 157—158
  37. Steinmetz, 2001, էջ 98
  38. Gäbler, 1986, էջ 155—156
  39. Geneva Before Calvin, 1903
  40. Furcha, 1985, էջ 179—195
  41. Furcha, 1985, էջ 1—12
  42. Stephens, 2004, էջ 99
  43. Gäbler, 1986, էջ 160
  44. Rilliet, 1964
  45. The Reformer. Zwingli: A Life’s Portrait.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլրիխ Ցվինգլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 169