Ֆիեստա, ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի վեպը, որը հեղինակի կենսագիր Ջեֆրի Մեյերը համարում է նրա ամենամեծ գործը։ Հրատարակվել է 1926 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ում «Եվ ծագում է արևը» վերնագրով։ Մեկ տարի անց Լոնդոնի հրատարակչական տունը այն հրատարակեց «Ֆիեստա» վերնագրով։

Ֆիեստա
անգլ.՝ The Sun Also Rises
Վեպի անգլերեն հրատարակության շապիկը
ՀեղինակԷռնեստ Հեմինգուեյ
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ջեյք Բարնս և Robert Cohn?
Ստեղծման տարեթիվ1926
Նկարագրում էՓարիզ և Պամպլոնա
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրԱՄՆ
ՀրատարակիչCharles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվհոկտեմբերի 22, 1926
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/ernest-hemingway/the-sun-also-rises
Պարգև(ներ)
 The Sun Also Rises Վիքիպահեստում

Հեղինակը սկսել է այն գրել 1925 թվականին՝ իր ծննդյան օրը՝ հուլիսի 21-ին, և ավարտել է սեպտեմբերին։ Կերպարներն ունեն իրական նախատիպեր։ Հեղինակը ներկայացնում է կորուսյալ սերնդին՝ ավերված, ոչնչացած Առաջին աշխարհամարտից հետո։

Գրքի վերնագիրը՝ «Եվ ծագում է արևը», Աստվածաշնչից է՝ Ժողովողի գրքից՝ «Ունայնություն ունայնութեանց և ամէն ինչ ընդունայն է, բայց ծագում է արևը»։ Վեպը խաղարկում է կորուսյալությունը, կորստի գաղափարը մի քանի հարթակներում։ Դրանք են՝ պատերազմ, հոգեկան աշխարհ, սեր։

Յուրահատուկ խորհրդանիշ է ցլամարտը։ Այն կարող են ընկալել 2 իմաստով։ Ջեյքի տեսանկյունից դա հետպատերազմյան հասարակության խորհրդանիշն է։ Ավելի լայն համատեքստում այն կարող է ընկալվել իբրև ողջ կորուսյալ սերնդի խորհրդանիշ։ Մյուս հայեցակերպում Հեմինգուեյը ցլամարտն օգտագործում է՝ գայթակղության ու բռնության հակադրությունը ցույց տալու համար։

Վեպի ստեղծման հիմքը

խմբագրել

1920-ական թվականներին Հեմինգուեյն ապրում էր Փարիզում և Toronto Star-ի օտարերկրյա թղթակիցներից էր։ Նա այս ընթացքում ճանապարհորդեց Սմիրնա՝ լուսաբանելու 1912-1922 թվականների հույն-թուրքական պատերազմը։ Նա ցանկանում էր լրագրությունն օգտագործել երևակայական ժանրում ստեղծագործելու համար։ Հեմինգուեյը կարծում էր, որ պատմությունը կարող է հիմնվել իրական իրադարձությունների վրա, և արտահայտում էր իր սեփական փորձը։ Ըստ կենսագիր Ջեֆֆրի Մեյերսի. «Նրա գրածն ավելի ճիշտ է նրա հիշածից»[1]։

 
Էռնեստ Հեմինգուեյը՝ ձախից, Հարոլդ Լոեբի, Դուֆֆ Թվիդսենի, Հեդլի Ռիչարդսոնի, Դոնալդ Օդգեն Սթյուարթի, Փեթ Գութրիի հետ, Իսպանիայում, 1925 թվայաբւ հուլիսին։ Թվիդսենը, Լոեբը և Գիտրին են բնորդ ծառայել վեպի հերոսներ Բրեդ Աշշլիի, Ռոբերտ Կոնի և Մայք Քամբելլի համար

Իր կնոջ՝ Հեդլի Ռիչարդսոնի հետ 1923 թվականին Հեմինգուեյն առաջին անգամ այցելեց Իսպանիա, Պամպլոնայի Սան Ֆերմին փառատոն, որտեղ նա հետաքրքրվում է ցլամարտով[2][3]։ 1925 թվականին զույգն այստեղ վերադարձավ երրորդ անգամ։ Նրանք ապրում էին Հեմինգուեյի ընկեր Խուանիտո Կինտանայի հյուրանոցում։ Այդ տարի նրանք իրենց հետ տարել էին ամերիկացի ու բրիտանացի փախստականների մի խումբ՝ Հեմինգուեյի Միչիգանի մանկության ընկերներ Բիլլ Սմիթին, Սթյուարտին, վերջերս ամուսնալուծված Դաֆ Թվիդսենին, նրա սիրեկան Փեթ Գաթրիին և Հարոլդ Լոուբին[4]։ Պապլոնայում խումբը կազմալուծվեց։ Հեմինգուեյը, հրապուրված լինելով Դաֆով, խանդում էր Լոուբին, ով վերջերս սիրային կապ էր ունեցել նրա հետ։ Դեպքերին առնչվում է նաև երիտասարդ ցլամարտիկ Կայետանո Օրդոնյեսը, ում տաղանդը հիացնում էր խմբին։ Օրդոնյեսը Հեմինգուեյի կնոջը պատվում է՝ նրան իր սպանած ցլի ականջը բերելով[4]։

Հեմինգուեյը որոշեց պատմվածք գրել ցլամարտի մասին, բայց հետո հասկացավ, որ մեկշաբաթյա այդ փորձություններն իրեն այնքան են տպավորել, որ կարող է վեպ գրել[3]։ Իր ծննդյան օրը՝ հուլիսի 21-ին, Հեմինգուեյը սկսեց գրել վեպը[5]՝ 14 գլուխներով և նախնական «Ֆիեստա» վերնագրով, ապա վերադարձավ Փարիզ։ Նա սկզբնական օրինակն ավարտեց 1925 թվականի սեպտեմբերի 21-ին և դրան տվեց «Կորած սերունդ» անունը[6]։

Մի քանի ամիս անց՝ 1925 թվականի դեկտեմբերին, Հեմինգուեյն ու նրա կինը ձմեռն անցկացրին Շրունսում, Ավստրիայում, որտեղ նա ձեռագիրը վերանայեց հիմնովին։ Հունվարին նրանց միացավ Փաուլին Փֆայֆերը, ով համոզեց Հեմինգուեյին պայմանագիր ստորագրել Չառլս Սքրիբների Որդիներ (Charles Scribner's Sons) ընկերության հետ։ Հեմինգուեյն Ավստրիայից հետո կարճ ճամփորդություն ունեցավ Նյու Յորք՝ հրատարակիչների հետ հանդիպելու համար, և վերադարձին` Փարիզում կանգառի ժամանակ, սիրավեպ սկսեց Փաուլինի հետ։ Հեմինգույեը Շրունս վերադարձավ և ավարտեց ձեռագրի վերանայումը մարտին[7]։ Հունիսին նա Ռիչարդսոնի ու Փֆայֆերի հետ Պապլոնայում էր։ Փարիզ վերադառնալիս Ռիչարդսոնը բաժանվեց նրանցից ու մեկնեց Ֆրանսիայի հարավ[8]։ Օգոստոսին Փարիզում մենակ մնալով՝ Հեմինգուեյն ավարտեց վեպի սրբագրումը և նվիրեց այն կնոջն ու որդուն[9]։ Հոկտեմբերին գրքի հրատարակումից հետո Ռիչարդսոնն առաջարկեց ամուսնալուծվել[10]։

Կորուսյալ սերունդ

խմբագրել

Այս արտահայտությունն առաջին անգամ հնչել է Հեմինգուեյի և նրա ընկերուհի Հերտրուդ Սթայնի խոսակցության ընթացքում ֆրանսերենով։ Այս սերնդի ներկայացուցիչներից են Ռեմարկը, Հեմինգուեյը, Ֆիցջերալդը, Գիյոմ Ապոլիները։ Առաջին աշխարհամարտը որոշակի մարտահրավեր առաջադրեց դրա միջով անցած գրողներին և պարտադիր խզում առաջացրեց «ամերիկյան երազանքի» ավանդույթի մեջ։ Այս գրականության մեջ սոցիալական հարցերը դադարում են գոյություն ունենալուց։ Պատերազմը ոչնչացրել էր ամեն ինչ։

Սյուժե

խմբագրել

Ամերիկացի լրագրող Ջեյք Բարնսը մասնակցել է Առաջին աշխարհամարտին և ծանր վիրավորվել։ Բարնսը գիշերներն անցկացնում է ընկերների հետ Մոնպարնաս բուլվարի բարում՝ հույս ունենալով ալկոհոլի միջոցով բուժել հոգու վերքերը։ Բարնսը սիրահարված է Բրետ Էշլիին, որը մարմնավորում է 1920-ականների  սեռական ազատությունը, նա ունի բազմաթիվ սիրավեպեր։ Բրետը նույնպես սիրահարված է Բարնսին, սակայն պատերազմում վիրավորված Ջեյքը աղջկան կարող է միայն հոգևոր կապ առաջարկել։

Մի անգամ նրանք խմբով մեկնում են Պամպլոնա՝ ցլամարտ դիտելու։ Ջեյքին ուղեկցում է նրա ընկեր Բիլ Հորտոնը։ Նրանց է միանում հրեա Ռոբերտ Կոնը, որն այս ուղևորությունից մի քանի շաբաթ առաջ ռոմանտիկ ճանապարհորդության է մեկնել Բրետի հետ և սիրահարված է նրան։ Սակայն Բրետը Պամպլոնա է գալիս իր փեսացուի՝ Մայքլ Քեմպբելի հետ։ Մայքլը հակված է բացատրել Բրետի թեթևաբարո կեցվածքը նրա անհաջող ամուսնությամբ։ Ամուսինն ուներ լուրջ հոգեկան շեղումներ և ծեծում էր Բրետին։ Սա թույլ է տալիս Մայքլին ներողամիտ լինել վերջինիս նկատմամբ։ Պամպլոնայում տղամարդիկ վիճում են, և Մայքլը մեղադրում է Ռոբերտին, որ վերջինս թույլ չի տալիս Բրետին շնչել և չի հասկանում, որ երրորդն ավելորդ է։ Ռոբերտը տհաճություն է առաջ բերում նաև Ջեյքի և Բիլի մոտ։

Ջեյքը ծանոթացնում է Բրետին երիրտասարդ ցլամարտիկ Պեդրո Ռոմերոյի հետ։ Բրետի և իր նոր ծանոթի միջև ծագում է սիրային հարաբերություն։ Հիմա նրանք բոլորը՝ Ջեյքը, Ռոմերոն, Մայքլը և Ռոբերտը, փորձում են տիրանալ Բրետի սրտին։ Ռոբերտը առաջինն է հեռանում Պամլոնայից։ Նրան հետևում են մյուսները։ Բիլը մեկնում է Փարիզ, Մայքլը և Ջեյքը՝ Իսպանիայի տարբեր քաղաքներ։

Շուտով Ջեյքը հեռագիր է ստանում։ Բրետը օգնություն է խնդրում նրանից։ Ջեյքը գտնում է Բրետին մադրիդյան մի հյուրանոցում առանց ցլամարտիկի և առանց դրամի։ Բրետը հայտարարում է, որ պատրաստվում է վերադառնալ Մայքլի մոտ։ Դեռ Պամլպոնայում Ջեյքը նկատել էր, որ հնարավոր չէ փախչել ինքդ քեզնից՝ ցատկոտելով մի քաղաքից մյուսը։ Վեպն ավարտվում է Ջեյքի և Բրետի երկխոսությամբ։ Նրանք խոսում են այն մասին, թե ինչպես կարող էր դասավորվել իրենց կյանքը, եթե ճակատագիրը շրջվեր այլ կերպ[11]։

Կերպարներ

խմբագրել

Վեպի հիմնական իրադարձությունները ծավալվում են Ջեյք Բարնսի շուրջ` սկսվելով ավելի վաղ, քան ներկայացված է վեպում։ Նա վիրավորվել է Առաջին աշխարհամարտի ժամանակ։ Չնայած նա ուղղակիորեն չի շեշտում, սակայն վեպում մի քանի մասեր ենթադրում են, որ նա այդ դեպքից հետո կորցրել է իր սեռական կարողությունները։ Ջեյքը նախընտրում է շատ բաներ թողնել ենթատեքստում, քան թե պարզապես ուղիղ ասել դրանք, հատկապես եթե դրանք վերաբերում են իր` պատերազմում վիրավորվելուն։ Վեպի սկզբում դժվար է հասկանալ, թե ինչպես է եղել նրա վիրավորվելը, միայն հետո, երբ նա ձկնորսության է գնում Բիլի հետ, այդ ժամանակ է բացահայտորեն խոսում այդ մասին։ Ջեյքի ֆիզիկական թերությունը խոր հոգեբանական հետևանքներ ունի։  Նա անվստահ է թվում իր առնականության առումով։ Այն փաստը, որ նա հրաժարվում է Բրետի հետ հարաբերություններ ունենալ, ավելի է խորացնում իրավիճակը։ Շատ առումներով Ջեյքը «կորուսյալ սերնդի» ներկայացուցիչ է։ Ջեյքը այն սերնդից էր, որի հավատը արդարության, բարության, մարդկության և սիրո հանդեպ փորձության է ենթարկվում պատերազմի միջոցով։ Ջեյքի բնավորությունը ներկայացնում է այս սերնդին և նրա ցավալի դիրքը։ Նա թափառում է Փարիզում` գնալով բարից բար, խմելով ավելի ու ավելի շատ։ Նրա կյանքը լցված է աննպատակ թափառումներով։ Ջեյքի անվստահությունը իր տղամարդկությանը բնորոշ է կորուսյալ սերնդի համար։ Չնայած որոշ կարևոր դեպքրում Ջեյքը տարբերվում է իր շրջապատողներից։ Նա հանգում է այն եզրակացության, որ չես կարող փախչել ինքդ քեզնից` գնալով այս քաղաքից այն քաղաքը։ Առավել հաճախ նա աչքի է ընկնում վարքի դաժանությամբ։ Ամենից կարևորը թերևս այն է, որ նա գիտակցում է պատերազմի և իր սիրելիի` Բրետի տված ցավերի ծանրությունը։ Այդուհանդերձ, Ջեյքը ընդունում  է այդ խնդիրները, նա կարծես չի ցանկանում կամ ի վիճակի չէ վերացնելու դրանք։ Չնայած նա հասկանում է կորուսյալ սերնդի դիլեման, շարունակում է մնալ թակարդված դրանում։

Բրետ Էշլի. ուժեղ և անկախ կանանց դասին է պատկանում։ Նա մեծ իշխանություն ունի տղամարդկանց վրա, ինչին ավելի օգնում են նրա գեղեցկությունն ու հմայքը։ Ավելին, նա հրաժարվում է ընդունել միայն մեկ տղամարդու և նախընտրում առավելագույն ազատություն։ Այդուհանդերձ, այդ ազատությունը նրան երջանիկ չի դարձնում։ Նա հաճախ բողոքում է Ջեյքին, որ ինքը և իր կյանքը շատ տարօրինակ են, անիմաստ և անբավարար։ Նրա թափառումները մի հարաբերությունից դեպի մյուսը զուգահեռվում են Ջեյքի ու նրա ընկերների` մի բարից դեպի մյուսը թափառումներին։ Չնայած նա չի ցանկանում կյանքը մշտապես մեկի հետ կապել, այդուհանդերձ, ինչպես Ջեյքն է ասում, «Նա չի կարող մենակ առաջ գնալ»։ Հեմինգուեյի կարծիքով ազատ կինը վտանգավոր մի ուժ է տղամարդկանց համար։ Ինչպես Ջեյքի և նրա ընկերների, այնպես էլ Բրետի համար պատերազմը կարևոր դեր է խաղացել։ Նա կորցրել է իր անկեղծ սիրուն, զրկվել է ամուր հենարանից, ինչը կարող ենք մեկնաբանել այնպես, որ հիմք է դարձել անօգուտ ու շարունակական փնտրտուքների` գտնելու այն միակը և իսկականը։ Բրետը այս որոնումները խորհրդանշում են ողջ կորուսյան սերնդի` սիրո և ռոմանտիկայի փնտրտուքները։

Ռոբերտ Կոն. ողջ  կյանքը անցկացրել է որպես օտարական, քանի որ նա հրեա է։ Դեռևս Փրինսթոնում նա սկսում է բռնցքամարտով զբաղվել` հաղթահարելու իր ամոթխածությունը և թերարժեքությունը։ Չնայած նրա ինքնավստահությունը աստիճանաբար աճում է, սակայն չի բավարարվում նրա` շրջապատից տարբեր լինելու ցանկությունը։ Այս օտարության և թերարժեքության զգացումները կարող են բացատրել նրա հարաբերությունները Բրետի հետ։ Նա այնքան է սարսափում մերժումից, որ երբ այն տեղի է ունենում, պարզապես հրաժարվում է ընդունել։ Այն մարդիկ, որոնց հետ ճանապարհորդում է Ռոբերտը, ավելի են բարդացնում նրա հոգեկան տվայտանքները։ Բացի միակ հրեան լինելուց` Ռոբերտը նաև միակն էր, ով չէր կռվել պատերազմում։ Ջեյքը և նրա ընկերները ֆիքսվում են այս հանգամանքների վրա և իրենց անվստահությունը ցուցաբերում Ռոբերտի հանդեպ։ Կարևոր է նշել, որ Ռոբերտի` Բրետին տիրանալու փորձերը առանձնապես չեն տարբերվում վեպի մյուս տղամարդկանց նմանատիպ փորձերից։ Սակայն Ռոբերտի քայլերը այնքան անշնորհք ու անմիտ են, որ միանգամից դառնում են ծաղրուծանակի առարկա։ Ռոբերտը հավատարիմ է մնացել նախապատերազմյան հնացած արժեքային համակարգին։

Թեմաներ

խմբագրել

Կորուսյալ սերնդի անպաշտպանվածություն և լքվածություն

խմբագրել

Առաջին աշխարհամարտը սասանեց բարոյականության, արդարության ու ազնվության ընդունված նորմերը։ Մարդիկ այլևս չէին կարող վստահել ավանդական հավատալիքներին, որ նրանց կյանքին իմաստ էին հաղորդում, կանայք և տղամարդիկ անցան պատերազմի միջով` հոգեբանորեն ու բարոյապես լքված ու կորած, նրանք սկսեցին անպաշտպան թափառել մի աշխարհում, որը թվում էր անիմաստ ու դաժան։ Ջեյքը և իր ընկերները դրամատիզմ են հաղորդում կյանքի այս իրավիճակին։ Նրանք այլևս չեն հավատում ոչնչի, նրանց կյանքը դատարկ է։ Իրենց ժամանակը նախընտրում են լցնել ժամանակավոր հաճույքներով` խմիչքներ, խնջույքներ և կանայք։ Կարևոր է ասել, որ Հեմինգուեյը բացահայտ չի ասում, որ այս ամենը պատերազմի հետևանքն է, սակայն սա հասկանալի է կերպարների հուզական ու մտավոր աշխարհների դրսևորումներից։ Սակայն Ջեյքի և ընկերների այս զեխությունները նրանց երջանիկ չեն դարձնում, լավագույն դեպքում ստիպում են որոշ ժամանակ չհիշել պատերազմի ու դրա դառը հետևանքների մասին։

Տղամարդկային անինքնավստահություն

խմբագրել

Պատերազմը ստիպեց արմատական հեղաշրջում կատարել տղամարդու ընկալման մասին։ Նախապատերազմյան քաջ ու ստոիկ զինվորի իդեալը քիչ է կապվում խրամատներում պայքարող նոր զինվորների հետ։ Զինվորները այժմ ստիպված էին դիմակայել թշնամու ռմբակոծություններին։ Պայքարը ոչ այնքան քաջությունից էր կախված, որքան պարզապես բախտից։ Ջեյքը մարմնավորում է այդ էական փոփոխությունները։ Պատերազմից հետո մարդկությունը անօգտակար է դառնում, քանի որ վնասված է։ Նա իր հետ կրում է այն միտքը, որ ինքը այժմ ավելի քիչ մարդ է, քան առաջ էր։ Ջեյքը միայնակ չէ, պատերազմի բոլոր մասնակիցները ունեն այդ զգացումը։ Սա ևս Հեմինգուեյը պարզորոշ չի ասում, սակայն հասկանում են հատկապես նրանից, թե ինչպես են վետերանները արձագանքում Ռոբերտին։ Վերջինիս նրանք դիտում են իբրև մի թույլ ու անպաշտպան թիրախի, որին կարելի է օգտագործել` սեփական թուլությունն ու անպաշտպանությունը հաղթահարելու համար։ Հեմինիգուեյը այս գիծը զարգացնում է նաև Բրետի կերպարի միջոցով։ Հաճախ նա ավելի տղամարդ է, քան վեպի տղամարդ կերպարները։  Նա ունի կարճ, տղամարդկային սանրվածք և տղամարդկային անուն, ուժեղ է, իշխող և անկախ։ Այսպիսով նա ներկայացնում է առնականության ավանդական բնութագրերը, մինչդեռ Ջեյքը, Մայքը և Բիլը տարբերվում են առնականության իրենց հատկանիշներով և զիջում[12]։

Կեղծ ընկերություն

խմբագրել

Վեպում առկա ընկերական հարաբերություններից շատերը չունեն ջերմ հիմքեր։ Օրինակ` Ջեքը հանդիպում է հեծանվորդների թիմի ղեկավարի և 2 հարբեցողների։ Նրանք բավականություն են ստանում ընկերական խոսակցություններից և պլաններ են կազմում հաջորդ առավոտի համար։ Ջեքը, սակայն, քնում է հանդիպման ժամանակ` հաշվի չառնելով, որ այլևս երբեք չի հանդիպելու իր ընկերներին։ Ջեքը և Ռոբերտը ներկայացնում են ուրիշ, մռայլ ու կեղծ ընկերների տեսակը։ Չնայած Ռոբերտը սիրում է Ջեքին, վերջինս հաճախ ստիպված է լինում «դիմակ կրել» և այդպես շփվել Ռոբերտի հետ` քողարկելով իր թշնամանքը նրա հանդեպ։ Մարդկանց հետ մտերիմ ու անկեղծ հարաբերություններ ստեղծելու այս անկարողությունն էլ տանում է դեպի արբեցողություն և անիմաստ թափառումներ, որ բնութագրում են Ջեքի գոյությունը։ Հեմինգուեյը իրոնիայով ենթադրում է, որ պատերազմի ժամանակ ավելի հեշտ է ստեղծել մտերմիկ հարաբերություններ։

Փարիզ և կորուսյալ սերունդ

խմբագրել
 
Gertrude Stein in 1924 with Hemingway's son Jack. She coined the phrase "Lost Generation".

Ֆիեստայի առաջին գիրքը գրվել է 1920-ական թվականների կեսերին։ Այս ժամանակ Փարիզ էին գաղթել մոտ 200 հազար անգլախոս ամերիկացի գաղթականներ։ Փարիզի Հերալդի ամբիոնը 1925 թվականին հայտարարում էր, որ Փարիզում կան Ամերիկյան հիվանդանոց, ամերիկյան գրադարան, ամերիկյան առևտրային կենտրոն[13]։ Ամերիկացի շատ գրողներ, ԱՄՆ-ում ավելի քիչ ճանաչում էին ունենում, քան Եվրոպայում[14]։

Վեպի թեմաները երկուսն են։ Առաջինը կորուսյալ սերունդն է. այս արտահայտությունն առաջին անգամ օգտագործել է Ջերթրուդ Սթեյնը՝ հետպատերազմյան սերնդի մասին։ Սա Հեմինգուեյն օգտագործել է որպես իր վեպի նախնական վերնագիր։ Ջերթրուդ Սթեյնը պատերազմ գնացողներին ասում էր, որ նրանք կորած սերունդ են[15]։ Վագներ Մարտինը նշում է, որ Հեմինգուեյը ցանկացել է գիրքը դարձնել բարոյականության մասին, երբ վերնագիրը «Ֆիեստա»-ից փոխել և դարձրել է «Երբ ծագում է արևը»։ Գիրքը կարող է ընկալվել կա՛մ որպես կյանքից ձանձրացած փախստականների մասին, կա՛մ անբարոյական աշխարհում բարոյականություն փնտրողների մասին[16]։

Կերպարները ձևավորում են մի խումբ, որն ապրում է նույն նորմերով։ Յուրաքանչյուրը յուրովի ազդված է պատերազմից[16]։ Ջեքի և Բրեթի սիրո պատմությամբ Հեմինգուեյը խորհրդանշորեն նկարագրում է մի ամբողջ սերնդի կորցրած երիտասարդությունը, կոտրված երազանքները[16]։ Հեմինգուեյը մտածում էր, որ Փարիզում ապրելիս ինքը կորցրել էր ամերիկյան արժեքների հետ կապը։ Բայց նրա կենսագիր Մայքլ Ռեյնոլդսը նշում էր հակառակը՝ ասելով, որ Հեմինգուեյն իր վեպում ամերիկյան արժեքներ է արտացոլել։ Նա հիանալի նկարագրում է ցլամարտիկներին, որ ծանր աշխատանք են տանում ապրուստ վաստակելու համար, հակադրում Բրեթին, ով ժառանգված գումարով է ապրում։ Լրագրող աշխատող Ջեքը շարունակ հարկեր ու տուգանքներ է վճարում, մինչդեռ իրապես վճարելու հնարավորություն ունեցողները դա չեն անում[17]։ Ռեյնոլդսը նշում է, որ Հեմմինգուեյը արտացոլում է ողբերգությունը ամերիկյան արժեքների հետընթացի ժամանակ։ Ջեքի համար աշխատող մարդն իրական է, մինչդեռ չաշխատողները վատնում են իրենց կյանքը, թունավորում այն[18]։

Երկու անգամ բաժանված Բրեթ Էշլին ներկայացնում է 1920-ական թվականների ազատամիտ կնոջ կերպարը[19]։ Ջեյմս Նեգալը գրում է, որ Հեմինգուեյը 20-րդ դարի ամերիկյան գրականության մեջ ստեղծել է գրավիչ կնոջ կերպար։ Նա փարիզյան գիշերային կյանքի ու սրճարանների կարկառուն ներկայացուցիչ է։ Պամպլոնայում նա քաոս է տեսնում։ Նա գրավում է երիտասարդ ցլամարտիկ Ռոմերոյին ու դառնում վեպի կենտրոնական հերոսուհին[20]։ Քննադատները նրան տարբեր կերպ են նկարագրում։ Դոնալդ Դեյքերը գրում է, որ Հեմինգուեյը նրա կերպարում ստեղծել է համակրանքի և հակակրանքի միասնություն[21]։ Նա ներող է, անկախ և իր կերպարով շատ է տարբերվում վեպի մյուս կանանցից։

Նեգալը վեպը համարում է ողբերգություն։ Ջեքն ու Բրետը սիրային կապի մեջ են, բայց նրանց սերը երջանկություն չի բերում։ Բրետտի մասին վեճը քանդում է Ռոբերտգ Քոնի ու Ջեքի ընկերությունը, և սա ազդում է Ջեքի հեղինակության վրա[20]։ Չնայած Բրետը բազմաթիվ տղամարդկանց հետ է կապված, հենց Ջեքն է նրան սիրում[22]։ Մյուսո քննադատները, ինչպիսիք են Լեսլի Ֆիլդերը և Նինա Բայմը, նրան անբարոյական են համարում։ Ֆիեդլերը նրան համարում է Հեմինգուեյի ավանդական անբարոյականներից մեկը[23][24]։ Ջեքը,սակայն, պայքարում է իրենց սիրո համար[25]։

Կորրիդա, ֆիեստա, բնություն

խմբագրել

Վեպում Հեմինգուեյը Փարիզը հակադրում է Պամպլոնային, ֆիեստան՝ իսպանական բնությանը։ Իսպանիան Հեմինգուեյի սիրելի եվրոպական երկիրն էր, որը նա համարում է առողջ մի վայր, միակ երկիր, որ մասնատված չէ[26]։ Նա խորապես ազդված է ցլամարտով։

  Ցլամարտը պարզապես սպորտ չէ, այն իրական ողբերգություն է իմ տեսած ամենագեղեցիկ բանի մասին, պահանջում է մեծ հմտություններ ու տալիս ավելի շատ, քան այլ բաներ կարող են տալ։ Դա նման է պատերազմի մասնակցելուն այն տրամադրվածությամբ, թե կարծես քեզ հետ ոչինչ չի լինելու[26]։  

Ալլեն Յոզեֆսը մտածում է, որ վեպի կենտրոնական իրադարձությունը ցլամարտն է, և առանձին կերպարների արձագանքը դրան[27]։ Ցլամարտը ներկայացվում է որպես իդեալականացված դրամա, երբ ցլամարտիկը բախվում է մահվան հետ, ստեղծում է Էկզիստենցիալիզմի կամ ոչնչի պահ, հաղթում է մահը` սպանելով ցլին[28]։

Հեմինգուեյը ցլամարտիկներին ներկայացնում է որպես ռինգում պարող կերպարներ։ Նա ցլամարտը ներկայացնում է որպես ճշգրիտ օրենքներով պատերազմ՝ ի հակադրություն իրական պատերազմի[16]։ Քննադատ Քենեֆ Քիննամոնը մտածում է, որ երիտասարդ Ռոմերոն վեպի միակ արժանապատիվ հերոսն է։ Ռոմերոյին Հեմինգուեյն անվանել է այդպես ի պատիվ Պեդրո Ռոմեոյի՝ 18-րդ դարի մի ցլամարտիկի, ով հազարավոր ցլերի էր սպանում յուրահատուկ ձևով։ Ռեյնոլդսն ասում է, որ Ռոմերոն մարմնավորում է դասական ցլամարտիկներին ու վեպի ամենաիդեալականացված հերոսն է[29]։ Յոզեֆն ասում է, որ երբ Հեմինգուեյը Ռոմերոյի անունը փոխեց Գերիտայի ու օժտեց պատմական Ռոմերոյի հատկանիշներով, նա փոխեց նաև Ռոմերոյի կողմից ցլին սպանելու տեսարանը[30]։

Մինչ Պամպլոնա գալը Ջեքն ու Բիլլը ձկնորսական ճամփորդություն են ունենում դեպի Իրատի գետը։ Ինչպես նկատում է Հարոլդ Բլումը, վեպը նկարագրում է Փարիզի և Պամպլոնայի հակադրությունը[31]։

Վեպում հերոսները շատ ալկոհոլ են օգտագործում։ Մեթս Ջոսը իր «Հարբեցողությունը Հեմինգուեյի «Եվ ծագում է արևը» վեպում» էսսեում գրում է, որ հիմնական կերպարներն ունեն հարբեցողների այնպիսի բնութագրեր, ինչպիսիք են դեպրեսիան, տագնապի զգացումը, սեքսուալ ոչադեկվատությունը։ Նա գրում է Ջեքի ուժեղ հակվածության մասին դեպի ալկոհոլը ու Բրետի չվերահսկվող վերաբերմունքի մասին[32]։ Ուիլյամ Բալասսին մտածում է, որ Ջեքը խմում է իր զգացմունքները հաղթահարելու համար, հատկապես Մադրիդի տեսարաններում, երբ նա մինչ լանչը խմում է 3 շիշ մարտինի ու 3 շիշ գինի լանչի ընթացքում[33]։ Ռեյնոլդսն, ինչևէ, գտնում է, որ ալկոհոլի օգտագործումը ԱՄՆ-ում ոգելից խմիչքները արգելող օրենքի արձագանքն է։ Ֆիեստայի միջավայրն ինքնին տրամադրում է խմելուն, բայց ամերիկացիների խրախճանքի աստիճանը մատնանշում է «չոր օրենքի» դեմ արձագանքը։ ԱՄՆ-ից եկած Բիլլը խմում է նաև Փարիզում ու Իսպանիայում։ Փարիզում հազվադեպ խմող Ջեքը Պամպլոնայի արձակուրդի ժամանակ հաստատաբար խմում է։ Ռեյնոլդն ասում է, որ արգելքը պառակտում է բարոյականության մասին պատկերացումները, իսկ վեպի մեջ Հեմինգուեյը հստակ արտահայտում է խմիչքի արգելման նկատմամբ իր բացասական դիքորոշումը[34]։

Հակասեմականություն

խմբագրել
Մայքը պառկել էր մահճակալին ու մահացած տեսք էր ընդունել։ Նա բացեց աչքերն ու նայեց ինձ։
«Ողջույն, Ջեք,-ասաց դանդաղ։- Ես մի քիչ քնում եմ։ Ես ուզում եմ քնել երկար ժամանակով։»
«Կքնես Մայք, մի՛ անհանգստացիր, տղա»։
«Բրետը ցլամարտիկ է գտել։ Բայց նրա հրեան հեռացել է... Անիծվածը լավն էր»։
- Եվ Ծագում է արևը[35]

Հեմինգուեյին հակասեմական են անվանում, հատկապես վեպում Ռոբերտ Կոնի բնութագրության համար։ Վեպի կերպարները խտրական վերաբերմունք են դրսևորում Կոնի, որպես հրեայի նկատմամբ և նույնիսկ հայհոյում են[36]։ Կոնի կերպարի հիմք է հանդիսացել Հարոլդ Լոեբը։ Կենսագիր Մայքլ Ռեյնոլդսը գրում է 1925 թվականին, որ Լոեբը պետք է մերժած լիներ Պամպլոնա մեկնելու Հեմինգուեյի հրավերը։ Մինչ ճանապարհորդությունը նա Դուֆֆի սիրեկանն ու Հեմինգուեյի ընկերն էր, ճամփորդության ընթացքում նա կորցրեց թե՛ սերը, թե՛ ընկերությունը։ Նա Լոեբին օգտագործում է որպես կերպարի հիմք ու նրան անվանում «հարուստ հրեա»[37]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Meyers (1985), 98–99
  2. Meyers (1985), 117–119
  3. 3,0 3,1 Balassi (1990), 128
  4. 4,0 4,1 Nagel (1996), 89
  5. Meyers (1985), 189
  6. Balassi (1990), 132, 142, 146
  7. Reynolds (1989), vi–vii
  8. Meyers (1985), 172
  9. Baker (1972), 44
  10. Mellow (1992), 338–340
  11. Վեպի սյուժեն www.tarntercum.ru կայքում
  12. Davidson (1990), 97
  13. Reynolds (1990), 48–49
  14. Oliver (1999), 316–318
  15. Meyers (1985), 191
  16. 16,0 16,1 16,2 16,3 Wagner-Martin (1990), 6–9
  17. Reynolds (1990), 45–50
  18. Reynolds (1990), 60–63
  19. Reynolds (1990), 58–59
  20. 20,0 20,1 Nagel (1996), 94–96
  21. Daiker (2009), 74
  22. Meyers (1985), 190
  23. Fiedler (1975), 345–365
  24. Baym (1990), 112
  25. qtd. in Reynolds (1990), 60
  26. 26,0 26,1 qtd. in Balassi (1990), 127
  27. Josephs (1987), 158
  28. Stoltzfus (2005), 215–218
  29. Reynolds (1989), 320
  30. Josephs (1987), 163
  31. Bloom (2007), 31
  32. Djos (1995), 65–68
  33. Balassi (1990), 145
  34. Reynolds (1990), 56–57
  35. Hemingway (2006 ed), 214
  36. Oliver (1999), 270
  37. Reynolds (1989), 297

Գրականություն

խմբագրել
  • Aldridge, John W. (1990). "Afterthought on the Twenties and The Sun Also Rises". in Wagner-Martin, Linda (ed). New Essays on Sun Also Rises. New York: Cambridge UP. 978-0-521-30204-3
  • Baker, Carlos (1972). Hemingway: The Writer as Artist. Princeton: Princeton UP. 978-0-691-01305-3
  • Baker, Carlos (1987). "The Wastelanders". in Bloom, Harold (ed). Modern Critical Interpretations: Ernest Hemingway's "The Sun Also Rises". New York: Chelsea House. 978-1-55546-053-2
  • Balassi, William (1990). "Hemingway's Greatest Iceberg: The Composition of The Sun Also Rises". in Barbour, James and Quirk, Tom (eds). Writing the American Classics. Chapel Hill: North Carolina UP. 978-0-8078-1896-1
  • Baym, Nina (1990). "Actually I Felt Sorry for the Lion". in Benson, Jackson J. (ed). New Critical Approaches to the Short Stories of Ernest Hemingway. Durham: Duke UP. 978-0-8223-1067-9
  • Beegel, Susan (1996). "Conclusion: The Critical Reputation". in Donaldson, Scott (ed). The Cambridge Companion to Ernest Hemingway. New York: Cambridge UP. 978-0-521-45574-9
  • Benson, Jackson (1989). "Ernest Hemingway: The Life as Fiction and the Fiction as Life". American Literature. 61 (3): 354–358
  • Berman, Ronald (2011). Translating Modernism: Fitzgerald and Hemingway. Tuscaloosa: Alabama UP. 978-0-8173-5665-1
  • Bloom, Harold (1987). "Introduction". in Bloom, Harold (ed). Modern Critical Interpretations: Ernest Hemingway's "The Sun Also Rises". New York: Chelsea House. 978-1-55546-053-2
  • Bloom, Harold (2007). "Introduction". in Bloom, Harold (ed). Ernest Hemingway's "The Sun Also Rises". New York: Infobase Publishing. 978-0-7910-9359-7
  • Daiker, Donald (2009). "Lady Ashley, Pedro Romero and the Madrid Sequence of The Sun Also Rises". The Hemingway Review. 29 (1): 73–86
  • Davidson, Cathy and Arnold (1990). "Decoding the Hemingway Hero in The Sun Also Rises". in Wagner-Martin, Linda (ed). New Essays on Sun Also Rises. New York: Cambridge UP. 978-0-521-30204-3
  • Djos, Matt (1995). "Alcoholism in Ernest Hemingway's The Sun Also Rises". The Hemingway Review. 14 (2): 64–78
  • Donaldson, Scott (2002). "Hemingway's Morality of Compensation". in Wagner-Martin, Linda (ed). Ernest Hemingway's The Sun Also Rises: A Casebook. New York: Oxford UP. 978-0-19-514573-1
  • Elliot, Ira (1995). "Performance Art: Jake Barnes and Masculine Signification in The Sun Also Rises". American Literature. 63 (1): 77–94
  • Fiedler, Leslie (1975). Love and Death in the American Novel. New York: Stein and Day. 978-0-8128-1799-7
  • Fore, Dana (2007). "Life Unworthy of Life? Masculinity, Disability, and Guilt in The Sun Also Rises. The Hemingway Review. 16 (1): 75–88
  • Hays, Peter L., ed. (2007). "Teaching Hemingway's The Sun Also Rises." Kent, OH: The Kent State University Press.
  • Hemingway, Ernest (1926). The Sun Also Rises. New York: Scribner. 2006 edition. 978-0-7432-9733-2
  • Josephs, Allen (1987). "Torero: The Moral Axis of The Sun Also Rises". in Bloom, Harold (ed). Modern Critical Interpretations: Ernest Hemingway's "The Sun Also Rises". New York: Chelsea House. 978-1-55546-053-2
  • Kinnamon, Keneth (2002). "Hemingway, the Corrida, and Spain". in Wagner-Martin, Linda (ed). Ernest Hemingway's The Sun Also Rises: A Casebook. New York: Oxford UP. 978-0-19-514573-1
  • Knopf, Josephine (1987). "Meyer Wolfsheim and Robert Cohn: A Study of a Jew Type and Sterotype". in Bloom, Harold (ed). Modern Critical Interpretations: Ernest Hemingway's The Sun Also Rises". New York: Chelsea House. 978-1-55546-053-2
  • Leff, Leonard (1999). Hemingway and His Conspirators: Hollywood, Scribner's and the making of American Celebrity Culture. Lanham: Rowman & Littlefield. 978-0-8476-8545-5
  • Mellow, James (1992). Hemingway: A Life Without Consequences. Boston: Houghton Mifflin. 978-0-395-37777-2
  • Meyers, Jeffrey (1985). Hemingway: A Biography. New York: Macmillan. 978-0-333-42126-0
  • Müller, Timo (2010). "The Uses of Authenticity: Hemingway and the Literary Field, 1926–1936". Journal of Modern Literature. 33 (1): 28–42
  • Nagel, James (1996). "Brett and the Other Women in The Sun Also Rises". in Donaldson, Scott (ed). The Cambridge Companion to Ernest Hemingway. New York: Cambridge UP. 978-0-521-45574-9
  • Oliver, Charles (1999). Ernest Hemingway A to Z: The Essential Reference to the Life and Work. New York: Checkmark Publishing. 978-0-8160-3467-3
  • Reynolds, Michael (1990). "Recovering the Historical Context". in Wagner-Martin, Linda (ed). New Essays on Sun Also Rises. New York: Cambridge UP. 978-0-521-30204-3
  • Reynolds, Michael (1999). Hemingway: The Final Years. New York: Norton. 978-0-393-32047-3
  • Reynolds, Michael (1989). Hemingway: The Paris Years. New York: Norton. 978-0-393-31879-1
  • Reynolds, Michael (1998). The Young Hemingway. New York: Norton. 978-0-393-31776-3
  • Stoltzfus, Ben (2005). "Sartre, "Nada," and Hemingway's African Stories". Comparative Literature Studies. 42 (3): 228–250
  • Stoneback, H.R. (2007). "Reading Hemingway's The Sun Also Rises: Glossary and Commentary." Kent, OH: The Kent State UP.
  • Svoboda, Frederic (1983). Hemingway & The Sun Also Rises: The Crafting of a Style. Lawrence: Kansas UP. 978-0-7006-0228-5
  • Trodd, Zoe (2007). "Hemingway's Camera Eye: The Problems of Language and an Interwar Politics of Form". The Hemingway Review. 26 (2): 7–21
  • Wagner-Martin, Linda (2002). "Introduction". in Wagner-Martin, Linda (ed). Ernest Hemingway's The Sun Also Rises: A Casebook. New York: Oxford UP. 978-0-19-514573-1
  • Wagner-Martin, Linda (1990). "Introduction". in Wagner-Martin, Linda (ed). New Essays on Sun Also Rises. New York: Cambridge UP. 978-0-521-30204-3
  • White, William (1969). The Merrill Studies in The Sun Also Rises. Columbus: C. E. Merrill.
  • Young, Philip (1973). Ernest Hemingway. St. Paul: Minnesota UP. 978-0-8166-0191-2

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիեստա (վեպ)» հոդվածին։