Օտտո Վիկտոր Կարլ Լիման ֆոն Սանդերսը, գերմ.՝ Otto Viktor Karl Liman von Sanders, փետրվարի 17, 1855(1855-02-17)[3], Սլուպսկ, Pomeranian Voivodeship, Լեհաստան[4] - օգոստոսի 22, 1929(1929-08-22)[1][2][3], Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն[1]), գերմանացի գեներալ, որը ծառայել է որպես Օսմանյան կայսրությունում ռազմական խորհրդատու և զորամիավորումների հրամանատար՝ Առաջին աշխարհամարտի ընթացքում։ 1918 թվականին նա օսմանյան զորքերի հրամանատարն էր Սինայի և Պաղեստին պատերազմաշրջանի ընթացքում[5]։

Օտտո Լիման ֆոն Սանդերս
Otto Liman von Sanders
գեներալ-լեյտենանտ Օտտո Վիկտոր Կարլ Լիման ֆոն Սանդերս
օգոստոսի 22, 1929(1929-08-22) (տարիքը 74)
ԾննդավայրՍտոլպ, Պոմերանիա՝ Պրուսիայի թագավորություն
(ներկայումս Սլուպսկ, Պոմերանիայի վոևոդություն՝ Լեհաստան)
Մահվան վայրՄյունխեն, Բավարիա՝ Վայմարյան հանրապետություն
շիրիմը՝ Դարմշտադտ, Գերմանիա
ԳերեզմանAlter Friedhof Darmstadt
Քաղաքացիություն Գերմանիա
ԶորատեսակԳերմանական կայսերական բանակ
Ծառայության տարիներ1874—1918
ԿոչումԳերմանական կայսրության հեծելազորի գեներալ-լեյտենանտ, Օսմանյան կայսրության ֆելդմարշալ՝ մուշիր
Զորամաս
  • Հեսենի մեծ դքսության 115-րդ հետևակային զորագունդ (Großherzoglich-Hessische Infanterie-Regiment Nr. 115)
  • Դրագունական 23-րդ զորագունդ (Dragoner-Regiment Nr. 23)
Հրամանատարն էր
Մարտեր/
պատերազմներ
Պաշտոնաթող1919
Պարգևներ
Գեներալ-լեյտենանտ Օտտո Լիման ֆոն Սանդերսը Օտտոնեումում՝ Կասսելում, 1913թ.:
Օտտո Լիման ֆոն Սանդերսը, Հանս Յոախիմ Բուդդեկեն և Օսվալդ Բյոելքեն Թուրքիայում, 1916թ.:

Կենսագրություն

խմբագրել

Լիման ֆոն Սանդերսը ծնվել է Ստոլպ (այժմ Սլուպսկ) քաղաքում՝ Պրուսիայի թագավորության Պոմերանիա նահանգում։ Նա զինված ուժերում ծառայության անցավ 1874 թվականին և բարձրացավ մինչև հեծելազորի գեներալի կոչմանը։ 1913 թվականին, ինչպես մի շարք այլ պրուսական գեներալներ՝ մինչև ինքը (ինչպես, օրինակ՝ Հելմութ ֆոն Մոլթքե ավագը և Կոլմար ֆոն դեր Գոլցը), Լիման ֆոն Սանդերսը նշանակվեց Օսմանյան կայսրությունուում գերմանական ռազմական առաքելության ղեկավար[5]։ Շուրջ ութսուն տարի օսմանցիները փորձում էին արդիականացնել իրենց բանակը և դարձնել այն եվրոպական բանակ։ Լիման ֆոն Սանդերսը եղավ վերջին գերմանացի գեներալը, ով փորձում էր իրագործել այդ խնդիրը։

1914 թվականի հուլիսի 30-ին՝ Եվրոպայում մեծ պատերազմի պայթելուց 2 օր անց, օսմանյան ղեկավարները համաձայնվեցին դաշինք կազմել Գերմանիայի հետ՝ ընդդեմ Ռուսաստանի, թեպետ այդ դաշինքը չէր պարտավորեցնում նրանց ռազմական գործողություններ ձեռնարկել։ Իսկ 1914 թվականի հոկտեմբերի 31-ին Օսմանյան կայսրությունը պաշտոնապես մտավ պատերազմի մեջ՝ Կենտրոնական տերությունների կողմից։ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Օսմանյան կայսրությանը պատերազմ հայտարարեցին 1914 թվականի նոյեմբերի 5-ին, իսկ օսմանցիները ջիհադ (սրբազան պատերազմ) հայտարարեցին մեկ ամիս անց։

Օսմանյան կայսրության վրա հարձակվելու առաջին առաջարկն արեց Ֆրանսիայի արդարադատության նախարար Արիստիդ Բրիանը՝ 1914 թվականի նոյեմբերին։ Սակայն այդ առաջարկը մերժվեց։ Նույն ամսվա վերջին Ուինսթոն Չերչիլը՝ Մեծ Բրիտանիայի Ծովակալության առաջին լորդը, առաջարկեց ռազմածովային հարձակման ենթարկել Դարդանելի նեղուցը։ Ընդ որումում՝ իր առաջարկն անելիս Չերչիլը հիմնվում էր օսմանյան զորքերի ուժի մասին ստացված սխալ տվյալների վրա։ Դարդանելը ծովի կողմից գրավելու առաջին փորձը ձախողվեց 1915 թվականի մարտի 18-ին։ Այդ ռազմագործողության ժամանակ մեծ դեր խաղացին օսմանյան կայսրության ամրոցները, որոնք կառուցված էին Դարդանելի երկու ափերին և հրետանային ուժեղ կրակ էին բացում անգլո-ֆրանսիական նավատորմի վրա։ Դրանից հետո՝ 1915 թվականի ապրիլին Օսմանյան կայսրությունը սկսեց իրականացնել Հայոց ցեղասպանությունը։ Զուտ ռազմածովային ուժերով Դարդանելի գրավման անհաջողությունը Անտանտի պետություններին հարկադրեց ծրագրել ամֆիբիական հարձակում, որի ժամանակ ափ հանված անգլո-ֆրանսիական զորքերը պետք է գրավեին օսմանյան ռազմական ամրությունները և մաքրեին նեղուցները։ Անտանտի այդ ծրագրի արդյունքում տեղի ունեցավ Դարդանելի ճակատամարտը։

Լիման ֆոն Սանդերսը քիչ ժամանակ ուներ Դարդանելի պաշտպանության կազմակերպման համար, սակայն նա ուներ երկու գործոն, որոնք նպաստում էին իր հաջողությանը։ Նախ՝ Օսմանյան կայսրության V դաշտային բանակը, որը գտնվում էր Գալիպոլի թերակղզում, օսմանյան կայսրության լավագույն զորամիավորումն էր, որը կազմված էր շուրջ 84 հազար լավ սպառազինված և հանդերձված զինվորներից ու սպաներից, որոնք բաժանված էին վեց դիվիզիաների։ Ապա՝ օսմանցիների V բանակի և նրա հրամանատար Լիման ֆոն Սանդերսի հաջողությանը մեծապես նպաստեց Անտանտի ռազմական ղեկավարության թուլությունն ու անտաղանդությունը։ 1915 թվականի ապրիլի 23-ին, օսմանցիների կողմից Հայոց ցեղասպանությունը սկսելուց մեկ օր առաջ՝ Մեծ Բրիտանիան մեծ ռազմական ուժեր ափ հանեց Հելլես հրվանդանում։ Լիման ֆոն Սանդերսը, սակայն, կարող էր ճակատագրական պարտության արժանանալ, եթե շարունակեր այն սխալները, որոնք նա գործեց Դարդանելի ճակատամարտի սկզբին։ Նա որոշում էր կայացրել հետ քաշել առափնյա պաշտպանության ուժեղ գծերը, որոնք թուրքական հրամանատարները ստեղծել էին և թուրքական զորամասերը կենտրոնացնել ցամաքի խորքում՝ դիմագրավելու Անտանտի զորքերի հարձակմանը։ Այս որոշումը քիչ էր մնում հասցներ Անտանտի հաղթանակին։ Լիման ֆոն Սանդերսը նաև համոզված էր, թե Անտանտի զորքերի ափհանումը տեղի է ունենալու Սարոս ծովածոցում և երկար ժամանակ չէր հավատում, թե Արըբուրնուի ափհանումը հենց հիմնական հարձակումն էր, այլ ոչ թե՝ շեղող հնարք։ Լիման ֆոն Սանդերսը թույլ չէր տալիս, որ իր հիմնական զորքերը մարտնչեն՝ Անտատի զորքերի ափհանման առաջին իսկ ճգնաժամային օրը[6]։ Այդ ժամանակ Լիման ֆոն Սանդերսի լավագույն որոշումներից մեկը, ըստ թուրքական պատմաբանների, եղավ Մուստաֆա Քեմալի առաջքաշումը (հետագայում հայտնի որպես Մուստաֆա Քեմալ Աթաթուրք)։ Վերջինիս Լիման ֆոն Սանդերսը նշանակեց XIX հետևակային դիվիզիայի հրամանատար։ Քեմալի դիվիզիան վճռորոշ դեր խաղաց օսմանյան պաշտպանությունում։ Քեմալի զորքերը՝ Անտանտի զորքերի ափհանման օրը առաջ խաղացին և գրավեցին լեռնաշղթայի գիծը՝ Ավստրալիական և նորզելանդական կորպուսի ափհանման վայրից վերև, հենց այն ժամանակ, երբ ավստրալա-նորզելանդական զորքերը լեռնալանջերով վեր էին բարձրանում։ Քեմալը հասկացավ վտանգը և անձամբ ապահովեց, որ իր զորքերը գրավեն լեռնաշղթայի գագաթները։ Վերջիններս կարողացան պահել իրենց վերահսկող դիրքերը՝ չնայած 5 ամիս շարունակ Անտանտի զորքերի համարձակ գրոհներին։

1915 թվականի ապրիլից նոյեմբեր (երբ որոշում էր կայացվել տարհանել զորքերը), Լիմանի գլխավորած օսմանյան զորքերը հարկադրված էին հետ մղել Դարդանելում գտնվող իրենց պաշտպանական դիրքերի դեմ Անտանտի զորքերի գործած բազմաթիվ հարձակումներ։ Բրիտանական զորքերը փորձեցին մեկ այլ ափհանում կատարել Սուվլա ծովածոցում, սակայն օսմանյան զորքերին հաջողվեց այստեղ ևս նրանց կանգնեցնել։ Փաստացի, բրիտանական զորքերի համար միակ հաջողությունն այն եղավ, որ նրանք կարողացան տարհանել Դարդանելի ռազմագործողությանը մասնակցող իրենց զորքերն առանց մեծ կորուստների։ Անշուշտ, Դարդանելի ռազմագործողությունը օսմանյան բանակի մեծ հաղթանակն էր, և դրանում իր մեծ ավանդն ուներ գերմանացի գեներալ Լիման ֆոն Սանդերսը։

1915 թվականի սկզբներին, Օսմանյան կայսրությունում գերմանական ռազմական առաքելության նախորդ ղեկավարը՝ գեներալ, բարոն Կոլմար ֆոն դեր Գոլցը, ժամանեց Կոստանդնուպոլիս որպես (իրականում իշխանությունից զուրկ ) սուլթանի՝ Մեհմեդ V-ի ռազմական խորհրդական։ Ծեր բարոնը չէր հաշտվում Լիման ֆոն Սանդերսի հետ, ինչպես նաև չէր սիրում Օսմանյան կայսրության իրական երեք ղեկավարներին՝ երիտթուրքական եռապետեր Էնվեր փաշային, Ջեմալ փաշային և Թալեալթ փաշային, որոնք ղեկավարում էին Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Բարոնն առաջարկեց մեծ հարձակում կազմակերպել բրիտանացիների դեմ, սակայն այդ առաջարկը զրոյացավ, երբ Անտանտի զորքերը հարձակման անցան օսմանցիների դեմ երեք ռազմաճակատներում՝ Դարդանելի, Կովկասյան՝ Արևմտյան Հայաստանում, և նոր բացված Միջագետքի ռազմաճակատում։ Լիմանն ազատվեց ծեր բարոնից, երբ օսմանյան ռազմական նախարարը՝ Էնվեր փաշան ֆոն Գոլցին ուղարկեց բրիտանացիների դեմ կռվելու Միջագետքում՝ 1915 թվականի հոկտեմբերին։ Ընդ որում՝ ֆոն Գոլցն այնտեղ վախճանվեց 6 ամիս անց՝ հենց այն բանից առաջ, երբ բրիտանական բանակը՝ պաշարված Քութում հանձնվեց օսմանցիներին։

1918 թվականին, պատերազմի վերջին տարում, Լիման ֆոն Սանդերսը ստանձնեց Սինայի և Պաղեստինի ռազմաճակատում մարտնչող օսմանյան բանակների հրամանատարությունը, փոխարինելով մեկ այլ գերմանական զորավարի՝ Էրիխ ֆոն Ֆալքենհայնին, որը 1917 թվականի վերջին պարտություն էր կրել գեներալ Էդմունդ Ալենբիի հրամանատարության ներքո մարտնչող անգլո-ֆրանս-հայկական զորքերից (տե՛ս Ֆրանսիական բանակի Արևելյան կամ Հայկական լեգեոն

Լիմանին մեծապես խանգարեց օսմանյան բանակի հզորության անկումը։ Նրա զորքերն այլևս ի վիճակի չէին անելու ավելին, քան պաշտպանական դիրքեր գրավելու և սպասելու բրիտանա-ֆրանս-հայկական զորքերի հարձակմանը։ Հարձակումը երկար ժամանակ չէր սկսվում, բայց երբ զորավար Ալենբին վերջապես առաջ մղեց իր բանակը, օսմանյան ամբողջ բանակը մեկշաբաթյա մարտերում ջախջախվեց։ (տե՛ս Մեգիդդոյի ճակատամարտ)։ Այդ հարձակման ընթացքում, Լիման ֆոն Սանդերսը հազիվ գերի չընկավ հարձակվող բրիտանա-ֆրանս-հայկական զորքերի ձեռքը։

Պատերազմի ավարտից հետո Լիման ֆոն Սանդերսը ձերբակալվեց, կալանավորվեց Մալթայում, 1919 թվականի փետրվարին՝ պատերազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքով։ Փաստորեն, Անտանտի երկրներին հայտնի էր դարձել, որ գերմանական զինվորականները մասնակցում էին Հայոց ցեղասպանության իրականացման Օսմանյան կայսրությունում։ Սակայն հետագայում՝ 6 ամիս անց Լիման ֆոն Սանդերսին ազատ արձակեցին։ Նույն տարում նա պաշտոնաթող եղավ և զորացրվեց գերմանական բանակից։

1927 թվականին Լիման ֆոն Սանդերսը հրապարակեց մի գիրք, որը գրել էր Մալթայում իր բանտարկության ժամանակ։ Այն վերաբերվում էր իր փորձին՝ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում։ (կա գրքի անգլերեն թարգմանությունը[7]

Լիման ֆոն Սանդերսը վախճանվեց Մյունխենում՝ 1929 թվականի օգոստոսի 22-ին՝ 74 տարեկան հասակում[5]։

Ընտանիք

խմբագրել

Գեներալ Լիման ֆոն Սանդերսը ամուսնացած էր Ամելի Լիլի Կարոլինա Գաբրիելա ֆոն Սանդերսի հետ (1858–1906)։ Նրա երկրորդ կինն էր Էլիզաբեթ Ալբերտին։

Գիտական կոչում

խմբագրել

Գեներալ Լիման ֆոն Սանդերսը ուներ պատվավոր գիտական կոչում՝ փիլսոփայության դոկտոր։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Лиман фон Сандерс Отто // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #11878000X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 «Von Sanders Dies. Famous Marshal. German Commander Defended Gallipoli For Turks Against The British. Vanquished In Palestine. Began Reorganization Of Sultan's Armies In 1913. Honored By Former Kaiser». The New York Times. Associated Press. 1929 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին. «Field Marshal Otto K.B. Liman von Sanders, who directed operations against the British in Gallipoli during the World War, died on Thursday in Munich at the age of 74. ...»
  6. "Diriliş - Çanakkale 1915", Turgut Özakman, 2008, pp 230-250
  7. Five years in Turkey Otto Viktor Karl Liman von Sanders. 326 pages. United States Naval Institute. 1927.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
Կաղապար:S-mil
Նախորդող:
Էրիխ ֆոն Ֆալկենհայն
Commander of «Յըլդըրըմ» բանակախումբ
1918
Հաջորդող:
Մուստաֆա Քեմալ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Լիման ֆոն Սանդերս» հոդվածին։