Օսմանյան կայսրության դասական ժամանակաշրջան

Օսմանյան կայսրության դասական ժամանակաշրջան (թուրքերեն՝ Osmanlı İmparatorluğu yükselme dönemi), կայսերական Թուրքիայի պատմության շրջափուլ, որն ընդգրկում է Կոստանդնուպոլսի անկումից մինչև 16-րդ դարի երկրորդ կեսն (Սուլեյման Մեծի կառավարումը) ընկած ժամանակահատվածը[1]։ Սուլեյման I-ի գահակալման տարիներին կայսրությունը հասնում է իր հզորության գագաթնակետին` տիրելով Հարավարևելյան Եվրոպայի մեծ մասին, Կենտրոնական Եվրոպայի որոշ շրջաններին, Արևմտյան Ասիային, Կովկասին, Հյուսիսային Աֆրիկային և Սոմալի թերակղզուն։ 1453 թվականին օսմանյան բանակը՝ սուլթան Մեհմեդ II-ի գլխավորությամբ, ռազմակալում է Կոստանդնուպոլիսը՝ վերջ դնելով դարերի պատմություն ունեցող Արևմտյան Հռոմեական կայսրության (Բյուզանդական կայսրության) գոյությանը։ Տեսականորեն, Կոստանդնուպոլսի անկումը համարվում է Օսմանյան կայսրության պատմության դասական ժամանակաշրջանի սկիզբը, երբ երկիրը վերածվում է տարածաշրջանային գլխավոր ռազմական ուժի։ Կոստանդնուպոլսի անկումից հետո, թուրքերը գրավում են Պելոպոնեսյան թերակղզին, իսկ 1461 թվականին՝ Տրապիզոնի կայսրությունը։ Մեհամեդին հաջորդում է իր որդին՝ Բայազիդ II-ը, ում օրոք կենտրոնական կառավարությունը կտրուկ թուլանում է։ Այնուամենայնիվ, Բայազիդը կարողանում է ճնշել Պարսկաստանում բռնկված է Սեֆյանների ապստամբությունը, որից հետո էլ վերջինս գահընկեց է արվում[2]։

Օղուզական հրոսակների կողմից Բյուզանդական կայսրության քաղաքամայր Կոստանդնուպոլսի պաշարումը 1453 թվականին։

Օսմանյան կայսրության դասական ժամանակաշրջանի զարթոնքն ու ավարտը կապված է Սելիմ I-ի (ստացել է «Ահեղ» մականունը) անվան հետ։ Ներքաղաքական արկածախնդիր ժամանակներից հետո գահ բարձրացած Սելիմը ձեռնամուխ է լինում ներքին կարգուկանոնի հաստատմանը, բանակի վերազինմանը և արտաքին սահմանների ամրապնդմանը։ Սելիմ Ահեղը գրավում և կայսրությանն է միացնում հարավարևելյան Անատոլիան, Արևմտյան Հայաստանը, Արաբական թերակղզին և Եգիպտոսը։ Կառավարման վերջում Սելիմը նպատակ ուներ օսմանահպատակ տիրույթ դարձնել նաև Ալժիրը, սակայն 1520 թվականին վերջինիս հանկարծահաս մահվան պատճառով այս ծրագիրն իրականացնում են վերջինիս հաջորդները։ Սելիմ Ահեղի մահվամբ ավարտվում է Թուրքիայի պատմության դասական ժամանակահատվածը, որի ընթացքում Օսմանյան կայսրությունը դառնում է աշխարհի կարևորագույն աշխարհաքաղաքական կենտրոններից մեկը՝ զբաղեցրած հսկայածավալ տարածքով, զարգացող տնտեսությամբ և մարտունակ բանակով։

Պատմություն խմբագրել

Կոստանդնուպոլսի անկում խմբագրել

 
Սուլթան Մեհմեդ II Նվաճողը, ում օրոք Կոստանդնուպոլիսը նվաճվում և դառնում է Օսմանյան կայսրության մայրաքաղաք։

Մեհամեդ II-ը 1444 թվականին դառնում է Օսմանյան կայսրության սուլթան՝ պատասխանատվություն ստանձնելով իր նախնինների կողմից գրավված թուրքական աշխարհակալության համար։ Նույն տարում լեհերն ու սերբերը համատեղ ռազմական գործողություններ են սկսում Օսմանյան կայսրության դեմ, որը կարճ ժամանակահատվածում վերածվում է բաց պատերազմի։ Նոյեմբերի 10-ին ուժերը բախվում են Բուլղարիայում, որտեղ տեղի ունեցած Վառնայի ճակատամարտում թուրքական բանակը տանում է ընդգծված հաղթանակ։ 1446 թվականի գարնանը Մուրադ II-ը մի քանի հազար հոգանոց բանակի գլխավորությամբ անցնում է Ռումելիայի սահմանը և Ջանդարլը Հալիլ փաշայի օժանդակությամբ վերստին զբաղեցնում օսմանյան գահը։ Նույն տարում տեղի է ունենում նաև ենիչերների ապստամբությունը, որի մասնակիցները պահանջում էին զրկել երիտասարդ փադիշահին գահից։ Մեհմեդ II-ը ստիպված լքում է Էդիրնեն և իր համախոհների հետ միասին վերադառնում Մանիսա։ 1451 թվականին Մուհամմեդը վերստին հաստատվում է օսմանյան գահին։

1453 թվականին Մեհամեդի բանակը ուղղություն է բռնում դեպի Բյուզանդական կայսրության շքեղագույն մայրաքաղաք Կոստանդնուպոլիս։ Շուտով թուրք հրոսակներն անցնում են Ոսկեղջյուրը և ներխուժում քաղաք։ Հերոսական դիմադրությունից հետո քաղաքը անձնատուր է լինում և նույն օրն էլ փակվում է դարերի պատմություն ունեցող Բյուզանդական կայսրության պատմության վերջին էջը։ Մեհամեդ II-ը նվաճված Կոստանդնուպոլիսը դարձնում է Օսմանյան կայսրության մայրաքաղաք և հենց այս իրադարձությամբ էլ սկսված է դասական ժամանակաշրջանի թուրքական պատմությունը։ Կոստանդնուպոլսի անկումից հետո Մեհամեդ II-ը շարունակում է ամրապնդել կայսրության դիրքերը Բալկանյան թերակղզում և Անատոլիայում․ 1454-1455 թվականներին թուրքական խառնիճաղանջ բանակը նվաճում է Սերբիան, 1458-1459 թվականներին՝ Պելոպոնեսը, 1461-ին՝ Տրապիզոնը իսկ 1463 թվականին՝ Բոսնիան։ 1463 թվականին Հունաստանի որոշ տարածքների հավակնության հողի վրա պատերազմ է բռնկվում Օսմանյան կայսրության և Վենետիկի հանրապետության միջև, որն ավարտվում է թուրքերի հաղթանակով։ 1475 թվականին օսմանյան բանակը ռազմակալում է Ղրիմ կղզին՝ ստեղծելով Ղրիմի խանությունը։ 1480 թվականին Մեհամեդի զորքերը ասպատակում են Ապենինյան թերակղզին, սակայն սուլթանի մահվան պատճառով այս արշավանքը ձախողվում է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Şahin, Kaya (2013). Empire and Power in the reign of Süleyman: Narrating the Sixteenth-Century Ottoman World. Cambridge University Press. pp. 4–5. ISBN 978-1-107-03442-6.
  2. Heywood, Colin (2009). "Mehmed II". In Ágoston, Gábor; Bruce Masters. Encyclopedia of the Ottoman Empire. pp. 364–8.