Օդի ջերմաստիճան
Օդի ջերմաստիճան. օդի ջերմային վիճակը բնութագրող մեծություն, եղանակի ու կլիմայի կարևոր տարր։ Հայաստանի լեռնային, բարդ ռելիեֆը, ծովի մակերևույթից ունեցած բարձրությունների տարբերությունները, լեռնալանջերի դիրքադրությունը զգալի ազդեցություն են թողնում օդի ջերմաստիճանի բաշխման վրա։
Ջերմաստիճանի փոփոխությունները Հայաստանում
խմբագրելԸստ բարձրության՝ օդի ջերմաստիճանը յուրաքանչյուր 100 մետր բարձրանալիս նվազում է 0,55 °C-ով։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանները տատանվում են -2,7 աստիճանից (Արագած բարձրլեռնային կլիմա, Արագածոտն) 13,8 °C (Մեղրի, Սյունիքի հովիտներ)։ Ամենացուրտը հունվարն է (0,9-ից-12,8 °C), ամենատաքը՝ հուլիս-օգոստոսը (25,8-9,2°0)։ Օդի նվազագույն ջերմաստիճանը -42 °C (հաշվարկայինը -46 °C) է (Պաղակն գյուղ), առավելագույնը՝ 43.7 °C (Արարատ, Մեղրի), ջերմաստիճանի փոփոխության լայնույթը՝ 85 °C: Ռելիեֆի գոգավոր մասերում բացարձակ նվազագույնն ավելի ցածր է, քան բարձրությունների վրա. օրինակ՝ Արագած բարձրլեռնային կլիմայում այն եղել է -39 °C, Գյումրիում, Ապարանում, Պաղակնում -41 ֊ից -46 °C:
Անսառնամանիք ժամանակաշրջանի տևողությունն ըստ բարձրության նվազում է. ցածր գոտում՝ 253, բարձրադիրում՝ մինչև 60 օր։ Օդի ջերմաստիճանը ենթարկվում է պարբերական փոփոխությունների ինչպես օրվա, այնպես էլ տարվա ընթացքում։ Ձմռանը օդի ջերմաստիճանի օրական նվազագույն արժեքը դիտվում է ժամը 7-8-ին, առավելագույնը՝ 13- 14-ին, ամռանը համապատասխանա բար՝ 4-5-ին և 14-15-ին։
Բոլոր ջերմաստիճանը ըստ ցելսիուսի են (°C):
Օդերևութաբանական կայան | Բարձրությունը ծովի մակարդակից (մ) | Հնվ | Փետ | Մար | Ապր | Մայ | Հուն | հուլ | Օգո | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկ | Տարի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեղրի | 627 | 0,9 | 2,9 | 7,9 | 13,5 | 18,5 | 22,7 | 25,8 | 25,4 | 21,0 | 15.3 | 8.6 | 3,1 | 13,8 |
Գորիս | 1398 | -1,1 | -0,1 | 2,8 | 7,9 | 12,0 | 16,2 | 19,1 | 18,7 | 14,6 | 10,1 | 4,9 | 0,8 | 8,9 |
Ջերմուկ | 2006 | -8,1 | -7,2 | -3,0 | 2,4 | 8,0 | 11,8 | 15,1 | 15,6 | 12,0 | 6,9 | 0,3 | -5,0 | 4,1 |
Սիսիան | 1580 | -5,2 | -3,5 | 0,6 | 5,8 | 11,0 | 14,4 | 17,6 | 17,4 | 13,6 | 8,4 | 2,0 | -3,2 | 7,9 |
Երևան | 910 | -3,7 | -2,3 | 4,0 | 11,1 | 15,9 | 20,1 | 24,0 | 20,2 | 20,0 | 13,9 | 6,2 | -1,2 | 11,0 |
Թալին | 1582 | -6,2 | -4,2 | 0,5 | 7,2 | 12,4 | 16,4 | 20,6 | 21,0 | 16,5 | 10,2 | 3,2 | -3,2 | 7,9 |
Արագած բլկ | 3299 | -12,8 | -12,5 | -10,2 | -5,0 | -0,5 | 3,5 | 8,5 | 9,2 | 5,0 | -0,7 | -6,2 | -10,5 | -2,7 |
Գյումրի | 1556 | -10,5 | -7,9 | -2,0 | 5,9 | 11,5 | 15,1 | 19,0 | 19,3 | 14,9 | 8,4 | 1,4 | -5,9 | 5,8 |
Ամասիա | 1876 | -9,5 | -7,9 | -3,4 | 3,2 | 8,8 | 12,4 | 15,8 | 16,1 | 12,3 | 6,9 | 0,2 | -6,2 | 4,1 |
Պաղակն | 2004 | -12,7 | -11,1 | -6,6 | 1,2 | 7,8 | 10,7 | 13,9 | 14,1 | 10,1 | 4,5 | -1,6 | -9,2 | 1,8 |
Սևան | 1936 | -9,0 | -7,8 | -3,3 | 2,9 | 8,4 | 12,0 | 15,4 | 15,6 | 12,1 | 6,9 | 0,2 | -5,8 | 4,0 |
Գավառ | 1961 | -7,6 | -6,0 | -2,5 | 3,9 | 8,9 | 12,4 | 15,9 | 15,9 | 12,1 | 7,0 | 0,4 | -5,0 | 4,6 |
Բերդ | 934 | -1,0 | 0,1 | 3,4 | 8,3 | 13,6 | 17,1 | 20,4 | 20,1 | 16,0 | 10,8 | 5,2 | 1,0 | 9,6 |
Ստեփանավան | 1397 | -4,2 | -2,9 | 0,6 | 5,9 | 11,0 | 13,7 | 16,7 | 16,8 | 13,1 | 8,5 | 2,5 | -2,6 | 6,6 |
Տաշիր | 1507 | -5,1 | -3,9 | -0,5 | 5,2 | 10,2 | 13,2 | 16,2 | 15,8 | 11,9 | 7,6 | 1,7 | -3,0 | 5,8 |
Ոչ պարբերական փոփոխություններ
խմբագրելՏեղի են ունենում նաև ոչ պարբերական փոփոխություններ, օրինակ՝ ուշ գարնանը հյուսիսային շրջաններից ցուրտ օդային զանգվածների ներխուժման հետևանքով տեղի է ունենում օդի ջերմաստիճանի անկում, կամ դրան հակառակ՝ ձմռանը ցածր լայնությունների համեմատաբար տաք օդային զանգվածների ներթափանցման հետևանքով դիտվում են օդի ջերմաստիճանի անժամանակ զգալի բարձրացումներ, նման փոփոխությունները կարող են վնաս պատճառել գյուղատնտեսությանը։
Ջերմաստիճանի բնութագրումը
խմբագրելՕդի ջերմաստիճանի պայմանները բնութագրելու համար օգտագործում են մի շարք ցուցանիշներ, որոնցից հիմնականներն են՝ օրական, ամսական և տարեկան միջին, նվազագույն, առավելագույն ջերմաստիճանները, բազմամյա ամսական և տարեկան, միջին, բացարձակ առավելագույն և բացարձակ նվազագույն ջերմաստիճանները, ջերմաստիճանի տատանման լայնույթը (ամպլիտուդ)։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օդի ջերմաստիճան կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |