Տիկնոջ դիմապատկերը (Կորեջիո)

Տիկնոջ դիմապատկերը (իտալ.՝ Ritratto di dama), իտալական Վերածնննդի ժամանակաշրջանի նկարիչ Կորեջիոյի գործը։ 1518 թվականի ստեղծագործություն է։ Այն հեղինակի դիմանկարային ժառանգության հազվագյուտ օրինակ է և դասվում է Էրմիտաժի իտալական հավաքածուի լավագույն նկարների շարքին[3]։ Նկարն այստեղ է բերվել 1925 թվականին՝ Յուսոպովների՝ Մոյկա գետի ափին տեղակայված պալատից[3]։ Նրանց հավաքածուում նկարն առաջին անգամ հիշատակվել է 1839 թվականին։

Տիկնոջ դիմապատկերը
տեսակգեղանկար
նկարիչԿորեջիո
տարի1520[1]
բարձրություն103 ± 1 սանտիմետր
լայնություն87,5 ± 0,1 սանտիմետր
ստեղծման վայրԻտալիա[2]
ժանրդիմապատկեր
նյութկտավ[2] և յուղաներկ[2]
գտնվում էՊետական Էրմիտաժ[2]
հավաքածուՊետական Էրմիտաժ
հիմնական թեմակին
hermitagemuseum.org
Ծանոթագրություններ
 Portrait of a woman (Correggio Hermitage) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Նկարի վրա Կորեջիոն մակագրել է իր կնքանվան լատինացված տարբերակով՝ Anton(ius) Laet(us) (նմանօրինակ ստորագրություն նկարիչը գործածել է ևս մեկ անգամ՝ ներկայումս կորած «Madonna di Albinea» նկարում)։ Չնայած դրան՝ նկարն ավելի վաղ վերագրվել է Լորենցո Լոտտոյին[4], այդ թվում՝ Էրմիտաժում գտնվելու ժամանակաշրջանում, և միայն Ռոբերտո Լոնգին է վերադարձրել նկարչի հեղինակային իրավունքը։

Ըստ երևույթին, նկարը վերաբերում է այն նույն ժամանակաշրջանին, որին պատկանում են «Madonna della Scala» և «Camera della Badessa» գործերը։ Այն նմանօրինակը չունի Կորեջիոյի ստեղծագործություններում. վերջինս գործնականորեն դիմանկարներ չի արել։ Այնուամենայնիվ, Կորեջիոյի գործելաոճին բնորոշ են բնորդի դեմքը երիզող տերևների պատկերման հստակությունը, դեմքի և բնապատկերի լուսաստվերի նրբությունը։ Բնորդը նմանություն ունի նկարչի մեկ այլ՝ «Հանգիստը Եգիպտոսի ճանապարհին» աշխատանքի Մադոննայի հետ (Ուֆֆիցի

Նկարագրություն խմբագրել

Տիկինը, որի անունը մեզ հայտնի չէ, պատկերված է դափնու ստվերի տակ, որն ամենայն հավանականությամբ խորհրդանշում է նրա պոետիկ ձիրքը։ Բաղեղով պարուրված ծառի բունը խորհրդանշում է հավերժական սերն ու ամուսնական հավատարմությունը[5]։

Տիկնոջ հագուստը ևս խորհրդանշական է. դատելով այս ամենից՝ այն սգո հագուստ է։ Շագանակագույն զգեստը և թոկից պատրաստված գոտին խոսում են նրա՝ Ֆրանցիսկյան միաբանությանը մասնակից լինելու մասին։ Միաժամանակ հագուստը կարված է ժամանակի նորաձևությանը համապատասխան, որը գործածության մեջ է դրվել Իզաբելլա դ'էստեի կողմից։

Կնոջ ձեռքին ափսե է՝ հունարեն նեպենֆ (հուն․՝ ΝΗΠΕΝΘΕΣ) գրառմամբ։ Հին հունական դիցաբանության մեջ դա մոռացության խոտն է (ըստ Ոդիսականի՝ Հեղինեն այն տվել է հորը փնտրող Տելեմաքոսին, որպեսզի վերջինս մոռանա իր կորստի մասին)։ Հնարավոր է, որ սա իտալական վերածննդի առաջին գործն է հին հունական մակագրությամբ, քանի որ այդ լեզուն այն ժամանաակ շատ հայտնի չի եղել և եբրայերենից քիչ է հանդիպել գեղանկարչության մեջ։ Մինչ այս դիմանկարը այդ լեզուն կարելի է տեսնել միայն Յան վան Էյքի «Տիմոֆեյ» նիդեռլանդական կտավում[4][6]։ Իսկ Ոդիսականը հրատարակվել է նկարից ավելի շուտ՝ 1488 թվականին, Ֆլորենցիայում։

Թեև բնորդի մուգ հագուստը չի կարելի միանշանակ համարել սգո, սակայն հին հունական մակագրությունը, անկասկած, վկայում է սիրելի մարդու կորստի մասին։ Ըստ Ջ․ ֆինցի առաջ քաշած վարկածի՝ դիմանկարում պատկերված է Ջինեվրա Ռանգոնեն (it:Ginevra Rangoni)՝ Ջանգալեացցո դա Կորեջիոյի (Վիսկոնտի) կինը, ով մահացել է 1517 թվականին[7]։ Հայտնի է, որ նա եղել է ֆրանցիսկյան միաբանների շարքում։ Նա երկրորդ անգամ ամուսնացել է 1519 թվականին, ինչն էլ հիմք է հանդիսացել դիմանկարի ստեղծման համար։ Ըստ մեկ այլ տարածված ենթադրության՝ որպես բնորդ հանդես է եկել բանաստեղծուհի Վերոնիկա Գամբարան՝ Կորեջիո քաղաքի իշխանուհին և նկարչի հովանավորը, նրա հայրենակիցը։ Գամբարան հայտնի է իր բանաստեղծություններով, որոնցում ողբացել է ամուսնու մահը (1518 թվականին)։ Ժամանակակից ուսումնասիրող Ջուզեպպե Ադանին (Giuseppe Adani) գրում է[8].

  Նկարն ունի բացառապես մեծ չափսեր (համեմատած այդ ժամանակաշրջանի իտալական ավանդական նկարների հետ՝ դյուրակիր կամ ստացիոնար, նույնիսկ եթե բնորդին պատկերում էին ամբողջ հասակով)։ Եվ դա, անշուշտ, նշանակում է, որ նկարն ունեցել է դինաստիական ներկայացուցչական գործառույթներ։ Երևում է՝ նկարիչը պատկերել է դինաստիայի գլխավոր անդամին, որպեսզի նկարը տեղակայված լինի ապարանքի գլխավոր դահլիճում։ Այս համատեքստում բնորդի նույնականացումը Վերոնիկա Գամբարայի՝ 1518 թվականին մահացած Գիլբերտո X-ի այրիի և Կորեջիոյի հանրապետության երեխաների խնամակալի հետ միակ իրական հնարավորությունն է[4]։  

Հարկ է նշել, որ դիմանկարը պարտադիր չի պատկերում հենց նրան, ով լուրջ կորուստ է կրել, քանի որ այնպիսի պարագան, ինչպիսին մակագրությունով ափսեն է, կարող էր գտնվել նաև Հեղինեի հետ նույնացված բնորդի ձեռքերում, ով այն մեկնում էր հյուրերին իր վիշտը թեթևացնելու համար։ Այսպիսով, հենց դա էլ կարող է լինել դիմանկար ստեղծելու խնդիրը. նվեր հարազատին կորցրած անձի համար։ Իսկ հետին պլանի բնապատկերը կարող է ակնարկել ցավի հաղթահարման և վերածննդի գաղափարի մասին։ Հեռվում նկատելի է շենք, որը, ինչպես ապացուցում է Մարկին Ֆաբինսկին, կարող է լինել հանգուցյալ ամուսնու դամբարանը (առաջին դամբարանը կառուցել է այրին)։ Հագուստի փեշի ծաղիկները ևս խորհրդանշական են՝ անմոռուկ և բերենիկե[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.%2BPaintings/30036
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/30036/
  3. 3,0 3,1 Էրմիտաժի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Ritratto di dama — Ricerca avanzata — Correggio ART HOME». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  5. Martin Kemp. From «Mimesis» to «Fantasia»: The Quattrocento Vocabulary of Creation, Inspiration and Genius in the Visual Arts // Viator. V.8. 1977. P. 374
  6. David Ekserdjian, Correggio, Milano, 1997. P.6
  7. G.Finzi. Il ritratto di Gentildonna del Corregio all’Ermitage di Leningrado // Nuove lettere emiliane 1 (1962).
  8. Giuseppe Adani Correggio pittore universale. — Correggio: Silvana Editoriale, 2007. — ISBN 9788836609772

Գրականություն խմբագրել

  • Giuseppe Adani Correggio pittore universale. — Correggio։ Silvana Editoriale, 2007.
  • Mauro Lucco (a cura di), Mantegna a Mantova 1460-1506, catalogo della mostra, Skira Milano, 2006.
  • Всеволожская С. Н. и др.«Итальянская живопись 13-18 веков», Л, 1964