Բացել գլխավոր ցանկը

«Տիկին Ձնաբուքը» (գերմ.՝ Frau Holle), Գրիմ եղբայրների հեքիաթը կախարդական ջրհորի մասին, որը պարգևատրում է աշխատասեր աղջկան ու պատժում ծույլին: Հեքիաթների սյուժեների Աարնե-Թոմփսոնի համակարգում կրում է 480 համարը՝ «Բարի և չար աղջիկներ»:

Տիկին Ձնաբուքը
գերմ.՝ Frau Holle
Frau Holle, Wien, Raxstraße 11.jpg
Տեսակհեքիաթ
Ժանրհեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ
Mother Hulda

ՍյուժեԽմբագրել

 
«Ոսկե աղջիկն» ու Տիկին Ձնաբուքը, նկարազարդումը՝ Աննա Անդերսոնի (1874-1930)

Աղջիկը տանում է խորթ մոր բոլոր վիրավորանքները: Վերջիվերջո, խորթ մայրը նրան ստիպում է մտնել ջրհորը, որպեսզի հանի պատահաբար այնտեղ գցած իլիկը: Այդպես նա հայտնվում է ստորերկրյա աշխարհում, որը միաժամանակ ամպերի աշխարհն էր: Այնտեղ նա անցնում է աշխատասիրության ու բարության փորձությունների միջով՝ օգնություն ցուցաբերելով կարիքավորներին. փռից հանում է թխված հացերը, թափ տալիս հասած խնձորներով ծառը: Ի վերջո ճանապարհը նրան հասցնում է տիկին Ձնաբուքի խրճիթը, որը սարսափելի «ծեր կին էր», ուներ «երկար ատամներ», բայց և բարի սիրտ: Աղջկա նոր պարտականությունն է դառնում ամեն օր տիկին Ձնաբուքի փետրե բարձերը թափ տալը, որի շնորհիվ ամբողջ աշխարհում ձյուն էր գալիս: Որոշ ժամանակ անց աղջիկն սկսում է կարոտել հարազատ տունը և տիրուհուն խնդրում է թույլ տալ հեռանալու: Դարպասներն անցնելիս ջանասեր աղջկա վրա ոսկե անձրև է տեղում, նրա հագուստները ծածկվում են ոսկով: Բացի այդ, տիկին Ձնաբուքը աղջկան տալիս է կորած իլիկը և վերջինս վերադառնում է տուն: Ջրհորի մոտ նստած աքաղաղը, նրան տեսնելով, երգում է. «Ծուղրուղո՜ւ, մեր աղջիկը ոսկի հագած տուն եկավ»:

Խորթ մայրն աղջկան ջերմ է ընդունում: Նախանձելով աղջկա պատմածից՝ նրա ծույլ ու տգեղ աղջիկը գնում է նույն ճանապարհով, սակայն հրաժարվում է օգնել կարիքավորներին, իսկ տիկին Ձնաբուքի մոտ նրա աշխատանքը պիտանի չէր: Ձանձրացնելով տիրուհուն ու երազելով ոսկե պարգևների մասին՝ ծույլ աղջիկը դարպասների մոտ որպես պարգև ստանում է մի կաթսա կուպր, որով ծածկված է մնում մինչև կյանքի վերջը:

Սյուժեի ծագումԽմբագրել

Գրի է առնվել Վիլհելմ Գրիմի հարսնացուի՝ Դորտհեն Վիլդի պատմածով: Հրապարակվել է 1812 թվականի հեքիաթների շարքում:

Այս հեքիաթի հայրենիքը միանշանակորեն որոշելն անհնար է. Գերմանիայում «ֆրաու Հոլլե» համարվել են բազմաթիվ լեռներ, կան մի շարք գագաթներ, որտեղ, ըստ բնակիչների պնդմամբ, ապրել է տիկին Ձնաբուքը: Այդ լեռներն են Հոհեր Մեյսները Կասելի ու Էշվեգեի միջև, Հյորզելբերգը Այզենախի մոտ, ինչպես նաև Հյորզելբերգ ու Հոլլերիխ (Hollerich) բարձրությունները:

«Ֆրաու Հոլլեի» մասին գրավոր հիշատակումներն արվել են առնվազն 1000 տարի առաջ: Ամենավաղ գրավոր հիշատակումը հանդիպում է Վորմսի արքեպիսկոպոս Բուրհարդի դեկրետներում, որոնք գրվել են 1008 և 1012 թվականների միջև:

Սյուժեի մեկնաբանություն և վերլուծությունԽմբագրել

 
Տիկին Ձնաբուքը ձյուն է թափում (նկարը՝ Օտտո Ուբելոխդեի)

Հեքիաթը վերաբերում է անցյալում հաճախակի հանդիպող ներընտանեկան կոնֆլիկտին, երբ շատ կանայք մահանում էին հետծննդաբերական շրջանում, ամուրիները հաճախ նորից ամուսնանում էին, իսկ խորթ քույրերն ու եղբայրները միմյանց հետ մրցում էին ընտանեկան կարգավիճակի համար:

Հեքիաթը, հավանաբար, հիմնված է դիցաբանական նյութի ժողովրդական մշակման վրա:

Եվգենի Դրևերմանը «Տիկին Ձնաբուքը» մեկնաբանում է որպես պատմություն, որը տալիս է տառապանքի իմաստի մասին փիլիսոփայական ու կրոնական հարցերի պատասխանները և բացատրում կյանքի երևակայական խառնաշփոթն ու անարդարությունը: Այն ամենը, ինչի հետ շփվում է տիկին Ձնաբուքը, կարելի է դիտարկել բնական առասպելաբանության շրջանակներում՝ կապված արևի, լուսնի, երկրի հետ: Ոսկի նվեր ստացածը հանդես է գալիս որպես արևային աղջիկ, ձյութով պատվածը՝ լուսնի: Տիկին Ձնաբուքը մեծ աստվածուհին է, երկրի մայրը, որ տիրում է հանդերձյալ աշխարհին: Խորթ մայրը խորհրդանշում է արտաքին, նյութական աշխարհի անազնվությունը և համարվում է տիկին Ձնաբուքի հակառակորդը[1]:

Սյուժեի բազմաթիվ հնամենի մոտիվներ, ըստ Գետտներ-Աբենդրոտի, հանգում են նեոլիթյան դարաշրջանի մեծ մայր-աստվածուհուն[2]: Նման եզրակացության է եկել պատմաբան Կարլ Կալլմանը, ըստ նրա. «Նշաններն ասում են, որ տիկին Հոլլեն բուսականության ուրվականի և ոգու տարատեսակ չէ, այլ երկրի կանացի հին աստվածության տեղական անձնավորում. նրան տարբեր անուններով երկրպագում էին գրեթե ամբողջ աշխարհում»[3]:

Գերմանագետ Էրիկ Թիմն սկսում է նրանից, որ «Հոլլե» անունը (գթասիրտ) ի սկզբանե եղել է գերմանացի աստվածուհի Ֆրիգգի մականունը, այն առանձնացել է քրիստոնեությունից հետո, նաև այն պատճառով, որ հեթանոս աստվածներին հրապարակավ հիշատակել չէր կարելի, իսկ նրանցից ընդհանրապես հրաժարվելը դժվար էր[4]:

Հաճախ «ֆրաու Հոլլեն» նույնացվում է հին սկանդինավյան Հելի՝ մեռյալների աշխարհի տիրուհու հետ:

Հեքիաթի հոգեբանական մեկ այլ մեկնաբանությունը ցույց է տալիս, որ խնձորենու դեպքը կապված է կնոջ մարմնի և սեռական հասունացման, իսկ փռի դեպքը՝ կանացիության դրսևորման հետ[5]:

Բանահյուսական տվյալներԽմբագրել

 
Սուրբ ծնունդ, «ֆրաու Հոլլեն» և նրա շքերթը (1873 թվականի նկար)

Գրիմ եղբայրների կողմից գրի առնված հայտնի տարբերակից բացի գոյություն ունեն տիկին Ձնաբուքի (ֆրաու Հոլլեի) հետ կապված նաև այլ պատմություններ, որ հավաքել է բանահավաք Կարլ Պետովը[6]: Մայրիշխանության հետազոտող Հեյդա Գյոթներ-Աբենդրոտն իր «Frau Holle — das Feenvolk der Dolomiten» գրքում փորձել է ժամանակագրական առումով կանոնավորել «ֆրաու Հոլլեի» մասին պատմությունները և համապատասխան կերպով վերականգնել մայրիշխանության մասին հին պատկերացումները[7]:

Բանահյուսության մեջ նա պատասխանատու է ձմեռային ձյան համար. ինչքան մանրակրկիտ է թափ տալիս անկողինը, այնքան շատ և ուժեղ ձյուն է գալիս երկրի վրա:

Մեկ այլ զրույցում «ֆրաու Հոլլեն» օրհնում է գարնանային դաշտերը՝ քայլելով կանաչող տարածքներում, ինչի արդյունքում հյութն սկսում է հոսել բույսերի միջով, և բնությունն արթնանում է: Տիկին Ձնաբուքը նաև մարդկանց սովորեցնում է ձեռագործություն, օրինակ՝ մանում և ջուլհակություն: Նա համարվում է մանողների ու ջուլհակների հովանավորը: Դրանով մասամբ նման է հին հունական Աթենասին, արևելյան եվրոպացի Մակոշին ու հին գերմանացի նորներին:

Սև կտտկենին (նաև՝ Հոլլեր) «ֆրաու Հոլլեին» նվիրված հատուկ բույս:

Տիկին Ձնաբուքը կարող է նվիրել կարկանդակներ, ծաղիկներ կամ մրգեր և օգնում է, մասնավորապես, կանանց ու աղջիկներին՝ նրանց տալով «լավ տարի», առողջություն և պտղաբերություն: Բացի այն, որ «ֆրաու Հոլլեն» նպաստում է ծննդաբերությանը, նա իր հետ տանում է մահացած ու չմկրտված մանուկների հոգիները: Թյուրինգյան Գոթայում մինչ օրս պահպանվել է ավանդություն, ըստ որի ֆրաու Հոլլեն «աղբյուրների պահապանն» է, որտեղ գտնվում են դեռ չծնված երեխաների հոգիները[8][9]:

Բացի այդ, «ֆրաու Հոլլեն» ստորերկրյա աշխարհի տիրակալն է: Ըստ հավատալիքի՝ ծննդյան տոներին՝ դեկտեմբերի 23-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում (այդ ժամանակ հանգստանում են տնային գործերից), նա դուրս է գալիս Երկրի մակերես, որպեսզի տեսնի, թե տարվա ընթացքում ով է եղել ջանասեր, ով՝ անփույթ: Այդ պատճառով էլ նա կապվում է Կոռնելիոս Տակիտոսի հիշատակած Ներտուս աստվածուհու հետ:

Որոշ զրույցներ հաղորդում են այն մասին, թե ինչպես էր տիկին Հոլլեն փորձում մարդկանց. ծեր և աղքատ կնոջ կերպարանքով «մորաքույր Ձնաբուքերը» ուտելիք ու ապաստան էին խնդրում: Այն մարդիկ, որոնք օգնություն էին ցույց տալիս, առատ պարգևատրվում էին: Եթե մարդիկ ժլատության պատճառով խուլ էին աղաչանքների նկատմամբ, ապա պատժվում էին: Այդպիսով, օրինակ, Վիկենրոդեից (Հեսսեն) հարուստ և անգութ մի գյուղացի աղջկան ծեծել էր այն պատճառով, որ նա ուտելիք ու խմիչք էր տվել ծեր կնոջը (ֆրաու Հոլլեին), և շանը բաց էր թողել տարեց կնոջ վրա: Որպես պատիժ «ֆրաու Հոլլեն» այրել էր բակը. գյուղացին ու նրա որդին զոհվել էին հրդեհից, իսկ նրա աղջիկը անվնաս էր մնացել:

ԷկրանավորումներԽմբագրել

  • Տիկին Ձնաբուքը – ռեժիսոր Գոթֆրիդ Կոլդիցի ֆիլմը: Արտադրությունը՝ ԳԴՀ, 1963 թվական:
  • Տատիկ Ձնաբուքը – սև-սպիտակ տիկնիկային մուլտֆիլմ: Արտադրությունը՝ ԽՍՀՄ, Վոլգոգրադհեռուստաֆիլմ, 1971 թվական:
  • Տատիկ Ձնաբուքը ("Perinbaba") – ռեժիսոր Յուրա Յակուբիսկոյի ֆիլմը: Արտադրությունը՝ Չեխոսլովակիա, Գերմանիա (ԳՖՀ), Իտալիա, Ավստրիա, 1985 թվական:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Eugen Drewermann: Lieb Schwesterlein, laß mich herein. Grimms Märchen tiefenpsychologisch gedeutet; Dtv, München 200211; ISBN 3-423-35050-4; S. 363—395
  2. Heide Göttner-Abendroth: Frau Holle — Das Feenvolk der Dolomiten; Königstein / Taunus 2006; S. 136
  3. Karl Kollmann: Frau Holle und das Meißnerland; Heiligenstadt 2005; S. 15 f
  4. Erika Timm: Frau Holle, Frau Percht und verwandte Gestalten
  5. Psychologische Betrachtung des «Frau Holle»-Märchens (нем.)
  6. Karl Paetow: Frau Holle. Volksmärchen und Sagen; Husumer VG, Husum 1986; ISBN 3-88042-331-8
  7. Heide Göttner-Abendroth: Frau Holle. Das Feenvolk der Dolomiten; die großen Göttinnenmythen Mitteleuropas und der Alpen; Verlag Helmer, Königstein/Taunus 2006; ISBN 3-89741-167-9
  8. Andreas M. Cramer, Die Gothaer Sagen, Gotha 2005, S. 76
  9. Der Weiße Brunnen на www.echt-gothsch.de (нем.)

ԳրականությունԽմբագրել

  • Գրիմ եղբայրներ, Հեքիաթներ, Երևան, 2014: