Եղիա Տեմիրճիպաշյան

հայ արձակագիր, փիլիսոփա, խմբագիր, բանաստեղծ
(Վերահղված է Տեմիրճիպաշյան Եղիաից)

Եղիա Տեմիրճիպաշյան (մայիսի 8, 1851(1851-05-08)[1], Խասգյուղ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հուլիսի 19, 1908(1908-07-19)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), արևմտահայ արձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա։

Եղիա Տեմիրճիպաշյան
արմտ. հայ.՝ Եղիա Տէմիրճիպաշեան
Ծնվել էմայիսի 8, 1851(1851-05-08)[1]
ԾննդավայրԽասգյուղ, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհուլիսի 19, 1908(1908-07-19)[1] (57 տարեկան)
Վախճանի վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունարձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա, խմբագիր և գրող
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՆուբար-Շահնազարյան վարժարան
ԱշխատավայրԾաղիկ
Изображение автографа
Եղիա Տեմիրճիպաշյան Վիքիքաղվածքում
Եղիա Տեմիրճիպաշյան Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Կ. Պոլսի Խասգյուղ թաղամասում։ Նախնական ուսումը ստացել է Օհաննես Պատվելիի դպրոցում, ապա ժամանակի լավագույն՝ Խասգյուղի Ներսիսյան վարժարանում՝ աշակերտելով Թովմաս Թերզյանին և Մատաթիա Գարագաշյանին, որոնցից մխիթարյան-գրաբարյան հիանալի գիտելիքներ է ստանում։ Դպրոցում կողք կողքի էին նստում Մինաս Չերազի հետ։ Դասընկերներից էր նաև Ռեթեոս Պերպերյանը։ 1866 թ. փոխադրվում է Խասգյուղ՝ Նուբար փաշայի նոր հիմնած Շահնազարյան վարժարան։ Այստեղ ուսանելուն զուգահեռ օգնական ուսուցիչ էր կրտսեր դասարաններում։ Մոլի ընթերցասեր էր։ 1870 թվականին Տեմիրճիպաշյանը Բարձր դռան տպագրության դիվանի անդամ էր, ուր կարդում էր այնտեղ ուղարկվող ողջ մամուլը, ապա ստանձնում է Հանրօգուտ շինությունների նախարարության վարչական ժողովի քարտուղարի պաշտոնը, որից նույնպես շուտով հրաժարվեց։

1874 թ. մի օրիորդի հանդեպ սիրով լի, որը որոշել էր ամուսնանալ հարուստ մի պաշտոնյայի հետ, հուսահատությունից փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով ծովը։ Սակայն ջրի պաղությանը չի դիմանում և դուրս է գալիս։ Նույն թվին մեկնում է Ֆրանսիա՝ Մարսելի Առևտրական բարձրագույն վարժարանում ուսանելու, բայց դրա փոխարեն հրատարակում է «Le Moniteur Litteraire et Financier de Marseille» շաբաթաթերթի մի քանի համար՝ Արևմուտքին հայությունը ներկայացնելու ձգտումով։ Այս ընթացքում հանգամանորեն ուսումնասիրում է նաև պոզիտիվիստ փիլիսոփաների, հատկապես Էմիլ Լիտրեի երկերը։ Ծանոթանում է Ֆրանսիայի նշանավոր գործիչների, այցելում Վիկտոր Հյուգոյին։

1876 թ. վերադառնում է Կ. Պոլիս։ Անդամակցում է կրթական նախարարության թարգմանությանց դիվանին։ Մասնակցում է ընտրողական աշխարհաբարի պայքարին, բայց պահպանողական մամուլը փակվում է նրա առջև։ Տեղ չգտնելով մամուլում՝ սկսում է գրքույկներ հրատարակել։ Առաջինը «Դամբարանն» է (1879)։ 1880 թ. «Մասիսը» նրան հրավիրում է աշխատակցելու։ Հակառակ իր դիմադրությանը հասարակական աշխատանքի հանդեպ, թաղական են ընտրում Պեշիկթաշից, 1880 թ. երեսփոխան՝ Սթենիա-Ենիքյոյ միացյալ թաղերից։ Նրա առողջությունը անհույս վիճակում էր, թերթերից ստացած չնչին հոնարարով էր պահպանում գոյությունը։ Նրա վիճակը որոշ չափով բարվոքեց, երբ դասեր ստացավ, տեսուչ նշանակվեց Բերայի վարժարաններում և փիլիսոփայության դասախոս՝ Հայկական Կրթարանում։ 1882-ին բանախոսելու է հրավիրվում տարեկան բոլոր հանդեսներում։ 1883 թ. հունվարից մինչև 1889 լույս է ընծայում «Գրական և իմաստասիրական շարժում» հանդեսը[2], որի նյութերը գրում էր ինքը, բացառությամբ, դարձյալ իր կատարած, թարգմանությունների։ 1884 թվականին Գրիգոր Զոհրապի առաջարկով նրան է հանձնվում Ասիական Ընկերության օրգան «Երկրագունտ» գրական և գիտական հանդեսը[3]։ Այստեղ նույնպես լույս են տեսնում նրա բազմաթիվ գրվածքները։ 1886-1887 թթ. մի քանի ամիսը Տեմիրճիպաշյանը խմբագրում է նաև Արևելյան Տնտեսագիտական Միության «Տնտես» հանդեսը, 1889 թ. տպագրում է «Դար» հանդեսը (մեկ համար)։ Նա ոչ միայն խմբագրում, այլև մի քանի անգամ սրբագրում էր նշված հանդեսների նյութերը։ Ավելին, մասնավորապես «Շարժումի» ողջ աշխատանքը իր վրա էր. ոչ միայն խմբագիր ու հեղինակ էր, այլև մատակարար, բեռնակիր, ցրիչ։ Այդ շրջանում Տեմիրճիպաշյանը աշխատում է նաև ֆրանս-հայերեն բառարանի վրա, որը հրատարակվեց մի քանի անգամ (1886, 1894, 1896, 1930)։

1890 թ. հուլիսի 31-ին կորցնում է մորը և մնում է մենակ։ Տարիներ առաջ էլ կորցրել էր հորը։ Մինչև 1893 թ. Տեմիրճիպաշյանը շարունակում է դասավանդել փիլիսոփայություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, հին ու նոր գրականությունների պատմություն, մանկավարժություն, էսթետիկա, հոգեբանություն։

1893 թ. ճգնաժամային էր Եղիայի համար։ Առժամանակ դադարում է գրել։ Դարձյալ մայիսին, իր ծննդյան ամսին նա ինքնասպանության երկրորդ անհաջող փորձն է կատարում։ Նրան փրկում է մակույկավար Պետոն՝ Սուրեն Պարթևյանի եղբայրը։ 1893-ի աշնանը Տեմիրճիպաշյանը փոխադրվում է Խասգյուղի իրենց սեփական տունը և սկսեց նորից գրել, տպագրվելով հատկապես «Ծաղիկ» հանդեսում։

1895 թ. ձմռանը Բերայում ծանոթանում է հունգարուհի Էլեն Նիսընի հետ, որը դառնում է նրա հետագա կյանքի ուղեկիցը։ Նրա տանը երկու տարի բնակվելուց հետո Տեմիրճիպաշյանը մեկնում է Ժնև, ապա՝ Վիեննա։ Ճամփորդությունը չի ապաքինում նրան, սակայն վերսկսում է հանդես գալ մամուլում։ Չորսամյա լռությունը խախտում է «Բյուզանդիոնում» լույս տեսած «Մեր Պոսֆորը»։

1901 թ. հիվանդությունը սրվում է, փոխադրվում է Ազգային հիվանդանոց, ուր մնում է մոտ մեկ տարի։ Նրան հոգատարությամբ խնամում էր Էլեն Նիսընը։

Անկողնուն գամված, 1908 թ. հուլիսի 19-ին, Էլեն Նիսընի կարճատև բացակայության ժամանակ, լարելով վերջին ուժերը, Եղիա Տեմիրճիպաշյանը ինքնասպանությամբ վերջ է դնում կյանքին։

Աղբյուրներ

խմբագրել
  • Եղիա Տեմիրճիպաշյան, Երկեր, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 3-6 (օգտագործվել է գրքում զետեղված Ստեփան Թոփչյանի «Եղիա Տեմիրճիպաշյան» հոդվածի փաստերը)։
  • Հրանտ Նազարյան, Եղիա Տէմիրճիպաշեանի սիրային նամակները, 1886-1889։ երկու ինքնատիպ լուսանկարներով եւ իր ձեռագիր մէկ նամակով։
  • Նոր կեանք, Կ. Պոլիս, 1879։
  • Գրական եւ իմաստասիրական շարժում, Կ. Պոլիս, 1882։
  • Գրպանի բառարան հայերէնէն գաղղիերէն, Կ. Պոլիս, 1894, 412 էջ։
  • Բառարան ֆրանսերէնէ հայերէն, Կ. Պոլիս, 1896, 936 էջ։
  • Ազգագրութիւն Տէմիրճիպաշեանց, Վիեննա, 1900։
  • Պետական վերանորոգութիւնն ու հողային հարցը, Կ. Պոլիս, 1910, 68 էջ։
  • Սիրային նամակները (1886–1889 թթ.), Կ. Պոլիս, 1910, 100 էջ։
  • Սիրային նամակները (1886–1889 թթ.), Կ. Պոլիս, 1911, 100 էջ։
  • Գրպանի բառարան հայերէնէն գաղղիերէն, Կ. Պոլիս, 1925, 376 էջ։
  • Բառարան ֆրանսերէնէ հայերէն, Կ. Պոլիս, 1930, 1197 էջ։
  • Արձակ էջեր։ Նամակներ։ Քերթուածներ, Փարիզ, 1955, 464 էջ։
  • Երկեր, Երևան, 1986, 536 էջ։
  • Հրայրք մութին, Իսթանպուլ, 2008, 328 էջ։
  • Անգեղն երգ (Բանաստեղծություններ), Երևան, 2015, 448 էջ։

Գրականություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԳՐԱԿԱՆ ԵՒ ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԵՐԿՐԱԳՈՒՆՏ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  • Բառարան ֆրանսերէնէ-Հայերէն, Եղիա Տէմիրճիպաշեան։ Տպագրութիւն Յ. Մ. Սէթեան, Կոստանդնուպոլիս, 1930։ (1896ի հրատարակութեան հիման վրայ բարեփոխուած տարբերակ է այս)
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղիա Տեմիրճիպաշյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղիա Տեմիրճիպաշյան» հոդվածին։