Ստեփան Թոփչյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոփչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Էդուարդի Թոփչյան (հունիսի 20, 1937[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 16, 2021[2], Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան, նկարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ Գրողների միության անդամ 1967 թվականից։
Ստեփան Թոփչյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 20, 1937[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունվարի 16, 2021[2] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Գլենդեյլ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող և գրականագետ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու (1966) |
Անդամակցություն | ՀԳՄ |
Աշխատավայր | Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի խորհրդային ընկերությունների միություն, Գրականության ինստիտուտ, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, Հայկական սովետական հանրագիտարան և Սովետական գրող |
Ստեփան Թոփչյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՍտեփան Թոփչյանն ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1959 թ. աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում, 1960-1966 թթ.՝ ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ 1967-1976 թթ. եղել է ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի էսթետիկայի, ապա հայ փիլիսոփայության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, իսկ 1976-1979 թթ.՝ Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալը։ 1979 թվականից աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում, սկզբում որպես Գեղարվեստական արձակի խմբագրության բաժնի վարիչ, հետո՝ որպես Հայ դասական գրականության բաժնի վարիչ։ 1966 թվականին պաշտպանել է ատենախոսություն՝ «Շիրվանզադեի էսթետիկական հայացքները» թեմայով և դարձել բանասիրական գիտությունների թեկնածու։ 1993 թվականից մասամբ բնակվել է ԱՄՆ-ում՝ ակտիվորեն աշխատակցելով ամերիկահայ մամուլին։ Վերջին տարիներին պարբերաբար ապրել ու ստեղծագործել է Հայաստանում։ Նրա հիմնական աշխատություններից են՝ «Շիրվանզադեի էսթետիկան» (1963), «Րաֆֆու էսթետիկական հայացքները» (1971), «Հայ նոր գրականության պատմության» «Դանիել Վարուժան» գլուխը (հատոր 5, 1979), «Անհունի անդրադարձը» (1982) ու «Կերպ և իսկություն (1985) գրականագիտական ուսումնասիրությունների ժողովածուները, «Հայ քննադատության պատմության» «Հովհաննես Թումանյան» գլուխը (հատոր 2, 1998), «Ապագայի հիշողությունը» (երկու հատոր, 2003) և «Կարիճի տարի» (2016) հրապարակախոսական հոդվածների ժողովածուները, «Կյանք դարերի համար/Ավետիս Ահարոնյանի կյանքը» (2003) և «Հովսեփ Էմին» (2017) մենագրությունները։ Ստեփան Թոփչյանի վերջին՝ «Երվանդ Քոչար» մենագրությունը հրատարակության ընթացքում է։ Առայժմ անտիպ են մնում Լեսսինգի «Լաոկոոնի»՝ գերմաներենից հայերեն թարգմանությունը՝ ծավալուն ուսումնասիրությամբ, և Ուիլյամ Հոգարթի «Գեղեցկության վերլուծություն» տրակտատի մասին ուսումնասիրությունը։ Նրա «Հայկական նեոռոմանտիզմի էսթետիկայի ուրվագիծ» հիմնարար աշխատությունը համարվում է հայ գրականագիտության նվաճումներից մեկը և հիմք է ծառայել հետագա բազմաթիվ նոր ուսումնասիրությունների համար։ Ստեփան Թոփչյանը հեղինակ է մի քանի հարյուր հոդվածների, որոնք տպագրվել են հայ ու արտասահմանյան մամուլում, և բազմաթիվ գրքերի առաջաբանների։ Որպես ակտիվ մտավորական, նա մշտապես արագորեն արձագանքել է Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքական իրադարձություններին՝ տալով իրավիճակների հրատապ ու խորքային վերլուծություններ, բազմիցս հանդես է եկել հրապարակային ելույթներով ու հարցազրույցներով ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Նաև ստեղծագործել է որպես նկարիչ։
Երկեր
խմբագրել- Շիրվանզադեի էսթետիկան, 1963։
- Րաֆֆու էսթետիկական հայացքները, 1971։
- Հայ էսթետիկական մտքի պատմությունից (Գիրք I, «Հայկական նեոռոմանտիզմի էսթետիկայի ուրվագիծ» գլուխը), 1974։
- Հայ էսթետիկական մտքի պատմությունից (Գիրք II), 1976:
- Очерк развития эстетической мысли в Армении (соавторы Я. Хачикян и др.), Москва, 1976:
- Հայ նոր գրականության պատմություն («Դանիել Վարուժան» գլուխը, հատոր 5), 1979։
- Անհունի անդրադարձը, գրականագիտական ուսումնասիրություններ, 1982։
- Կերպ և իսկություն, գրականագիտական ուսումնասիրություններ, 1985։
- Հայ քննադատության պատմություն, հատոր 2, 1998 («Հովհաննես Թումանյան» գլուխը)։
- Ապագայի հիշողությունը, հրապարակախւսություն, գիրք 1-2, 2003։
- Կյանք դարերի համար /Ավետիս Ահարոնյանի մասին/, 2003:
- Կարիճի տարի, հրապարակախոսություն, 2016։
- Հովսեփ Էմին, 2017։
- Երվանդ Քոչար, 2021
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Հ․ Հ․ Խաչատրյան «Գրական տեղեկատու», «Սովետական գրող հրատարակչություն», 1986 թ
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Թոփչյան» հոդվածին։ |