Վիկտորիայի շենք, Լիվերպուլի համալսարան

Վիկտորիայի շենք (անգլ.՝ Victoria Building, University of Liverpool), Լիվերպուլի համալսարանի կառույց, որը գտնվում է Լիվերպուլ քաղաքի Բրաունլո Հիլլ և Էշթոն փողոցի անկյունում (Ցանցի տեղեկատու համակարգում՝ SJ358903): Ընդգրկված է Անգլիայի ազգային ժառանգության ցուցակում որպես II դասի նշանակության կառույց։ Նախագծել է Ալֆրեդ Վաթերհաուսը և ավարտել 1892 թվականին[1]։ Առաջին նպատակային կառուցված շինությունն էր, որը հետագայում պետք է դառնար Լիվերպուլի համալսարանն իր կառավարման, ուսուցման և ընդհանուր սենյակներով ու գրադարանով։ Շենքը նախադեպ է հանդիսացել «կարմիր աղյուսից համալսարան» տերմինի համար, որն առաջարկվել է պրոֆեսոր Էդգար Էլիսոն Փիերսի կողմից[2]։ 2008 թվականին վերափոխվել է Վիկտորիայի պատկերասրահ և թանգարանի[3]։

Վիկտորիայի շենք, Լիվերպուլի համալսարան
Տեսակշենք
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԼիվերպուլ
Ճարտարապետական ոճՆեոգոթիկա
Հիմնադրված է1892
ՃարտարապետAlfred Waterhouse?
ՊատվիրողԼիվերպուլի համալսարան
Ժառանգության կարգավիճակGrade II listed building?
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1882 թվականին Լիվերպուլի համալսարանական քոլեջը բացվել է մտագարների չօգտագործվող ապաստանում, իսկ 1887 թվականին որոշվել է, որ պետք է կառուցվի հատուկ նախագծված գլխամասային շենք։ Ալֆրեդ Վաթերհաուսը նշանակվել է ճարտարապետ ու գումար է հավաքվել շինարարության համար։ Գումարի մեծ մասը հանգանակվել է հանրային կոչով և մասնավոր ներդնողների միջոցով, որոնց թվում՝ Հենրի Թեյթը, որը կառույցի համար նվիրաբերել է £20,000 և ևս £5,500 գրքերի ու գրադարանի համար, ինչպես նաև Ուիլյամ Հարթլին, որը ժամացույցի ու աշտարակի զանգերի համար վճարել է £4,300։ Կառուցողները «Brown and Backhouse» ու «Joshua Henshaw and Sons» ընկերություններն էին․ վերջինս իրականացրել է աղյուսի աշխատանքները։ Վիկտորիայի շենքը պաշտոնապես բացվել է 1892 թվականի դեկտեմբերին Վիկտորիայի համալսարանի ռեկտոր լորդ Սպենսերի կողմից[2][3]։

Շենքում տեղակայված էին դասախոսությունների սենյակներ, աշխատակազմի գրասենյակներ, ընդհանուր սենյակներ, իսկ վերջին հարկում՝ Թեյթի գրադարանը։ Համալսարանի ընդարձակմանը զուգահեռ բաժանմունքներն աստիճանաբար դուրս են եկել շենքից, որն սկսել էր ավելի շատ օգտագործվել վարչական նպատակներով։ 1938 թվականին բացվել է Հարոլդ Քոհեն գրադարանն ու դրա պարունակությունը տեղափոխվել է Վիկտորիա շենքից։ Նախկին գրադարանը վերափոխվել է Թեյթի սրահի և օգտագործվել ցուցահանդեսների ու պաշտոնական միջոցառումների համար, ինչպես նաև որպես քննասենյակ[4]։ 1970 թվականին վարչակազմը Վիկտորիա շենքից տեղափոխվել է Սենատի պալատ։ 2008 թվականին Լիվերպուլի՝ Եվրոպայի մշակութային մայրաքաղաք դառնալու կապակցությամբ շենքը վերածվել է Վիկտորիայի պատկերասրահի և թանգարանի[3]։

Ճարտարապետություն խմբագրել

Վիկտորիայի շենքը կառուցված է ռուաբոնյան աղյուսով ու սովորական աղյուսով` տաշածածկ տանիքի տակ գտնվող թրծակավե զարդարանքներով[1][5]։ Եռահարկ L-աձև կառույց է, որի 13 որմնախորշերը նայում են դեպի Բրաունլո Հիլլը, իսկ հինգը՝ դեպի Էշթոն փողոց։ Հարավային ութ որմնախորշերն ունեն հաջորդական եռանկյունաձև տանիքներ ու ձեղնահարկի լուսամուտներ։ Իններորդ որմնախորշը ձևավորում է աշտարակը, որն ունի կամարակապ մուտք դրսադիր պատուհանով, իսկ դրա վերևում՝ երեք լուսավոր պատուհան։ Սրանից վերև գտնվում է արքայական զինանշանը և խճանկարային վահանակ։ Վերնամասում քառադեմ ժամացույց է։ Աշտարակի յուրաքանչյուր անկյունում որմնահեցեր են, որոնք բարձրանալով կազմում են կապարի պարույրներով գագաթներ։ Ամբողջի վրա գտնվում են կապարաձողեր՝ երկշերտ դրսադիր պատուհաններով։ Տասներորդ որմանխորշում սանդուղքների պատուհաններ են, իսկ ծայրամասային որմնախորշերը թեքվում են ութանկյուն աշտարակի հետևում։

Շենքը հրդեհակայուն է և կառուցված է երկաթե շրջանակի շուրջ, բետոնե հատակով։ Ներքին մուտքի դահլիճը երեսպատված է բուրմանտոֆտյան թրծակավով, որը հիմնականում դարչնագույն է, որոշ չափի կապույտով։ Կամարաշարով անդուղքը տանում է դեպի առաջին հարկ, որտեղ աբսիդն զբաղեցնող դասախոսությունների սենյակն է։ Վերջին հարկը բաղկացած է մեծ տարածքից, որտեղ գտնվել է նախորդ գրադարանը։ Մուտքի սրահում գտնվում է Ալբերտ Բրյուս-Ջոյի իրական չափսի մարմարե արձանը, համալսարանի պատերազմի հուշարձանն, իսկ աստիճաններին հուշատախտակներ են[5]։ Աշտարակի ժամացույցը պատրաստվել է Լիդսի «William Potts & Sons» ընկերության կողմից։ Աշտարակում են գտնվում նաև Լաֆբորոյի Թեյլորների պատրաստած հինգ զանգերը, որոնցից յուրաքանչյուրի վրա փորագրված է Ալֆրեդ Թեննիսոնի «Հիշողություն» գրքի մեկ տող[6]։

Վիկտորիայի պատկերասրահ և թանգարան խմբագրել

Վիկտորիայի պատկերասրահը և թանգարանը բաց է հանրության առջև երեքշաբթիից մինչև շաբաթ օրը, մուտքն ազատ է[7]։ Առաջին հարկում Վաթերհաուս սրճարանն է ու խանութը[8]։ Երկրորդ հարկում արվեստի հավաքածուն է՝ բաղկացած նկարներից, քանդակներից ու խեցեգործությունից։ Ներկայացված արվեստագետների թվում են՝ Ջոզեֆ Ռայթը, Ուիլյամ Թըրները, Ջեյկոբ Էպստայնը, Լյուսյեն Ֆրոյդը, Էլիսաբեթ Ֆրինկը և Ջոն Ջեյմս Օդյուբոնը։ Կազմակերպվել է հատուկ ցուցադրությունների շարք[9]։ Այս հարկում է տեղակայված նաև Լեգատ դասախոսությունների սենյակը, որտեղ կրթական ելույթներ են անցկացվում[10]։

Վերին հարկում գտնվում է Թեյթի սրահ թանգարանը, որը պարունակում է տարբեր թեմաներով ցուցանմուշներ, այդ թվում՝ կենդանաբանությունից, բժշկությունից, ատամնաբուժությունից, հնագիտությունից, ճարտարագիտությունից և օվկիանոսագիտությունից[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Historic England, «Victoria Building, Liverpool University (1205699)», National Heritage List for England, Վերցված է 12 April 2015-ին
  2. 2,0 2,1 History of the building: Humble beginnings, University of Liverpool, Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին
  3. 3,0 3,1 3,2 University of Liverpool Victoria Building, University of Liverpool, Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 23-ին, Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին {{citation}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
  4. History of the building: Grand Opening, University of Liverpool, Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին
  5. 5,0 5,1 Pollard, Richard; Pevsner, Nikolaus (2006), Lancashire: Liverpool and the South-West, The Buildings of England, New Haven and London: Yale University Press, էջ 363, ISBN 0-300-10910-5
  6. History of the building: Facts/Quotes, University of Liverpool, Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին
  7. Visitor information, University of Liverpool, Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին
  8. Cafe/Shop, University of Liverpool, Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին
  9. Art collection, University of Liverpool, Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին
  10. What's on?, University of Liverpool, Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին
  11. Museum, University of Liverpool, Վերցված է 2011 թ․ մայիսի 10-ին

Արտաքին հղումներ խմբագրել