Վիլմա Բանկի (հունգ.՝ Bánky Vilma, անգլ.՝ Vilma Bánky; հունվարի 9, 1901(1901-01-09) կամ հունվարի 9, 1898(1898-01-09)[1], Nagydorog, Ավստրո-Հունգարիա - մարտի 18, 1991(1991-03-18)[2][3], Լոս Անջելես, ԱՄՆ[2]), համր կինոյի հունգարական ծագմամբ ամերիկացի դերասանուհի։ Հունգարիայի ամենահռչակավոր մարդկանցից մեկն է, ի նշան իր աշխատանքների ճանաչման, Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։ Նրա հարզատ եղբայրը՝ Վիկտոր Բանկին (1899-1967) եղել է հունգարական հայտնի ռեժիսոր։

Վիլմա Բանկի
Ծննդյան թիվ՝հունվարի 9, 1901(1901-01-09) կամ հունվարի 9, 1898(1898-01-09)[1]
Ծննդավայր՝Nagydorog, Ավստրո-Հունգարիա
Վախճանի թիվ՝մարտի 18, 1991(1991-03-18)[2][3]
Վախճանի վայր՝Լոս Անջելես, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
 Հունգարիա
Մասնագիտություն՝դերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0126566

Նրա դերասանական գործունեությունը սկսվել է Բուդապեշտում, այնուհետև շարունակվել Գերմանիայում, Ավստրիայում և Ֆրանսիայում։ Նրա գործունեության նոր փուլը սկիզբ է առել 1925 թվականին Հոլիվուդի հետ կնքած պայմանագրով։ Ամենաճանաչված դերասանուհիներից մեկը Վիլման դարձել է «Արծիվ» (1925) և «Շեյխի որդի» (1926) համր ֆիլմերում իր դերերի շնորհիվ, որտեղ նաև նկարահանվել է Ռուդոլֆ Վալենտինոն, և «Գաղտնի հրեշտակ» ֆիլմը (1925), որտեղ նրա գործընկերը ռոմանտիկ տեսարաններում եղել է Ռոնալդ Քոլմանը։ 1920-ական թվականներին շատ տաղանդավոր եվրոպացի դերասաններ տեղափոխվել են Ամերիկա, այդ պատճառով նրա գործունեությունը նման էր ամերիկյան աստղ՝ շվեդ դերասանուհի Գրետա Գարբոյի գործունեությանը։

Սակայն, ձայնային ֆիլմերի ի հայտ գալով Վիլմա Բանկի գործունեությունը պասիվացավ։ Նա նկարահանվել է ևս երկու ֆիլմում, սակայն դրանք չեն բերել ակնկալվող հաջողություն և եկամուտներ, ինչի հետևանքով Բանկին հեռացել է կինոբիզնեսից։ Նա մի քանի տարի անցկացրել է բեմում՝ ամուսնու հետ ելույթ ունենալով Բրոդվեյի թատրոններից մեկում։ 1930-ական թվականներից Վիլման իրեն նվիրել է բիզնեսին՝ զբաղվել անշարժ գույքի առք ու վաճառքով, և իր հոբբիին՝ գոլֆ խաղալուն։

Կենսագրություն խմբագրել

Ծագում և գործունեության սկիզբ խմբագրել

Բանկի Վիլմա Կոնչիչ (հունգ.՝ Bánky Vilma Koncsics) ծնվել է 1901 թվականի հունվարի 9-ին[4], Յանոշ Բանկի Կոնչիչի (1880-1947) և դերասանուհի Կատալինա Ուլբերտի (1880-1947) հռոմեակաթոլիկ ընտանիքում։ Նրա հայրը մինչ Բուդապեշտում ոստիկանի պաշտոն ստանալը եղել է չինովնիկ։ Վիլման ծնվել է Նադդորոգ գյուղում, ինչից հետո նրա ծնողները տեղափոխվել են Բուդապեշտ։ Մանկությունից Վիլմային, նրա մեծ եղբորը՝ Վիկտորին և քրոջը՝ Գիզելլային սովորեցրել են լինել անկեղծ։ Ընտանիքն ապրել է Յոժեֆվարոշ շրջանի Պրատեր-սթրիթ փողոցում՝ վարձակալված տանը։ Վիլման սովորել է միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել առևտրային դպրոց։ Վիլմայի դասըներները ճանաչել են նրան որպես համեստ, հանգիստ և բավականին ամաչկոտ աղջիկ։

Դպրոցից հետո Վիլման հաճախել է սղագրողների դասընթացների։ Այնուհետև ավարտել է Գեզա ֆոն Բոլվարիի և Իլոնա Մատտյասովսկու կինոդպրոցը, և իր տաղանդի շնորհիվ դարձել է Արթուր Շոմլայի մշտական աշակերտը։ Ինչից հետո նա որոշ ժամանակ հանդես է եկել «Կենտրոնական թատրոնում»։ Վիլման «Movie Star» կինոստուդիայի աջակցությամբ նկարահանվել է «Գարնանային սեր» (1921) հունգարական համր ֆիլմի դրվագներում։ Նրա դերասանական տաղանդն ակնհայտ դարձավ, ինչից հետո նրան հրավիրեցին Գերմանիա։

1920 թվականին Բեռլինում Վիլման խաղացել է իր առաջին գլխավոր դերը, ինչպես նաև նկարահանվել է մի քանի այլ միջազգային ֆիլմերում։ Բայց հայտնի է դարձել գերմանացի ռեժիսոր Բելա Բալոգի կողմից նկարահանված «Վերջին պահին» (1920) ֆիլմի դերի շնորհիվ։ 1921 թվականին Վիլման շարունակել է նկարահանվել հունգարական համր ֆիլմերում, բայց օտարերկրյա կինոստուդիաների միջև արդեն սկսվել էր պայքար նրա համար։ Այդ հանրաճանաչության շնորհիվ նա նկարահանվել է «Կրկեսի արքա» (1925) հիմար աղջկա սիրո մասին ֆիլմում, ֆրանսիացի հայտնի դերասան Մաքս Լինդերի հետ, որի նկարահանումներն անցկացվել են Վիեննայում։ Վիլման իր գործունեությունն սկսել է, երբ կինոյում սիրային տեսարանները դարձել էին ավելի անկաշկանդ, որտեղ կարևոր էր կանացիությունը, և Վիլմա Բանկին կատարյալ դերասանուհի էր այդ դերերի համար։ Այս պլանում առաջին դերերից մեկը խաղացել է «Դժոխքի վտանգի մեջ» (1921) ֆիլմում, որտեղ նրա գործընկերը Սվետիսլավ Պետրովիչն էր։

 
Ֆրիտցի Ռիդժուեյի հետ (աջից) «Այս երկինքը» ֆիլմում
 
Ռուդոլֆ Վալենտինոյի հետ «Շեյխի որդի» ֆիլմում

Այդ ժամանակ Վիլման հիմնականում ապրում էր Բեռլինում, բայց հաճախ գնում էր նկարահանումների այլ քաղաքներ՝ նույնիսկ Վիեննա։ Վիլմայի նոր կյանքն սկսվել է 1925 թվականին, երբ պայմանագիր է կնքել Հոլլիվուդի հետ։ 1927 թվականին Վիլմա Կոնչին անունը պաշտոնապես փոխել է Վիլմա Բանկիի։

Գործունեություն Հոլլիվուդում խմբագրել

1925 թվականին Հունգարիայում տեղի են ունեցել գերմանական համր ֆիլմի նկարահանումներ, երբ Բուդապեշտ էր ժամանել Սեմյուել Գոլդվինը, որը Եվրոպա էր մեկնել «Մետրո-Գոլդուին-Մայեր» նորաբաց ստուդիայի համար վառ, հայտնի դերասանների որոնումներով։ Վիլմայի անունը և նկարները արդեն հայտնի էին Սեմյուելին, այդ պատճառով նրանց առաջին անձնական հանդիպումը, վերջապես համոզեց նրան, վարձել դերասանուհուն։ Չնայած ծնողների առարկություններին, Վիլման հեռանում է Եվրոպայից և դառնում MGM կայսրության առավել նշանավոր դերասանուհիներից մեկը։ Ամերիկայում նա այդ պլանի առաջին դերասանուհին էր։ Ընկերությունը նրա համար իրականացրել է մարքեթինգ։ Դերասանուհին փխրուն էր, սպիտակ մազերով, 163 սմ հասակով և ծովի ալիքների գույն ունեցող աչքերով։

Սկզբում երիտասարդ դերասանուհուն անվանել են հունգարական ռապսոդիա, և նա անմիջապես հայտնվել է ուշադրության կենտրոնում։ ԱՄՆ-ի քաղաքների փողոցներում կախել են Վիլմա Բանկիի պաստառները, նրա անունը լուսավորվել է նեոնային ցուցանակների վրա, իսկ լուսանկարները տպագրվել են բացիկների և թերթերի վրա։ Կինոստուդիան չկորցրեց շանսերը՝ դերասանուհու վրա վաստակելով կես միլիոն դոլար։ Վիլմային արգելվում էր ինքնաթիռով թռչել, նա կարող էր միայն քայլել կամ ձի նստել, ինչպես նաև արգելվում էր փոխել դեմքի ձևն առանց թույլտվության։ Ըստ պայմանագրի՝ նրա կազմվածքը պիտի չփոփոխվեր, մշտապես պիտի պահեր սննդակարգը։ Սկզբում նա ստիպված էր պայքարել նախանձի դեմ, երբ հեռվից գալով, միանգամից հայտնի դարձավ, բայց գործընկերների կողմից այդքան էլ չսիրվեց, ապա կորցրեց իր հովանավորին։ Սակայն Նորմա Թալմաջը նրան իր վերահսկողության տակ է վերցրել և օգնել նրան գտնել ճիշտ ուղին։

Վիլմայի հեղինակությունն Ամերիկայում կասկածելի էր, և նա տխուր էր, որ սիրային տեսարաններում իր գործընկերները Ռուդոլֆ Վալենտինոն («Շեյխի որդի») և Ռոնալդ Քոլմանն էին («Մութ հրեշտակ»)։ Բայց շուտով համր կինոյի դարաշրջանի մյուս աստղերը դարձան գրավիչ ռոմանտիկ սիրային պատմությունների հերոսներ։ Բանկին դարձավ ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը, իր կարիերայի գագաթնակետին նա շաբաթական 5000 դոլար էր վաստակում, ինչն այն ժամանակ բավականին զգալի գումար էր։ Նրա և Քոլմանի զույգի հայտնիությունը նման էր Գրետա Գարբոյի և Ջոն Գիլբերտի զույգի հայտնիությանը։

1927 թվականին Վիլման դարձել է քիչ հայտնի ամերիկացի դերասան Ռոդ լա Ռոքի (1898—1969) կինը, որի հետ Վիլման ամուսնացած է եղել մինչ նրա մահը։ Ամուսնու հետ իր ծանոթության համար Վիլման պարտական էր նրանց ընդհանուր լավ ընկեր Վիկտոր Վարկոնիին։ Նրանց հարսանիքը սենսացիա էր, որը կազմակերպել էր «MGM»-ն և մեծ իրադարձություն էր Հոլիվուդում, քանի որ այդ ժամանակ նման միջոցառումները հազվադեպ էին։ 1928 թվականին Վիլման ամուսնու հետ, կարճ ժամանակահատվածով այցելել է հարազատ Հունգարիա։ Այս լուրը մեծ հետաքրքրություն է առաջացրել մամուլի շրջանում, սակայն այն պատճառով, որ նրան մշտապես շրջապատել են լրագրողները, նա չի կարողացել այցելել իր հայրենի քաղաքը։ Տեղական հոդվածում այն ժամանակ գրված էր, որ նա «գրեթե կատարյալ անգլոսաքսոնական մարդ էր, նույնիսկ ավելի անգլիական, քան այլ անգլիացիները, թեև ծնվել է Հունգարիայում»։

Սակայն ձայնային կինոյի ի հայտ գալով, նրա կարիերան ավարտվեց։ Նա անգլերեն խոսում էր հունգարական ակցենտով, նրան շատ հնարավորություններ էին տալիս, բայց նա կորցրել էր ամերիկյան հանդիսատեսի հետաքրքրությունը։ Նրա մասնակցությամբ ֆիլմերն այլևս սպասված եկամուտ չեն բերել, և այդ պատճառով նա հայտնել է կարիերան ավարտելու մասին։ Դրանից հետո, Վիլման երկար տարիներ ամուսնու հետ միասին խաղաց Բրոդվեյի թատրոնում․ վերջին դերը խաղացել է 1933 թվականին։

Գործունեությունից հետո Հոլիվուդում խմբագրել

1930-ական թվականներից նա գործնական կյանք է վարել և զբաղվել է անշարժ գույքի առք ու վաճառքով։ Բարեգործական նպատակներով Վիլման ստեղծել է շահույթ չհետապնդող հիմնադրամ (Բանկիի Լա Ռոկա հիմնադրամ), որը գործում է մինչ օրս։ Հիմնադրամը զբաղվել է բազմաթիվ գործունեությամբ, այդ թվում աջակցել է երեխաների և կենդանիների բազմաթիվ սիրողական մարզական միջոցառումներին։ Նրա Հոլիվուդի տունը յուրօրինակ հունգարական մշակութային կենտրոն էր։ Նա սիրով ընդունեց իր հայրենակիցներին և օգնեց նրանց զարգացնել իրենց տաղանդները։ Նրանց թվում են եղել Ֆերենց Մոլնարը, Լասլո Բուս Ֆեկտեն և Մենխ Լենգելը։

Երկրորդ համաշխարհային պատերազմը ծանր փորձություն էր նրա համար, քանի որ նա ամբողջովին կտրված էր իր ընտանիքից, ինչպես նաև իր ծնողներին գումար ուղարկելու և նրանց այցելելու անհնարինության պատճառով։ Նրա ծնողները մահացել են Հունգարիայում, աղքատության մեջ, վերջին անգամ նրանք տեսել են իրենց դստերը 1928 թվականին։ Ձայնային ֆիլմերի ի հայտ գալուց հետո նա գործնականորեն մոռացված էր։ 1930-ական թվականներին նա նկարահանվել է միայն երկու ֆիլմերում, իսկ 1930 թվականից մինչև 1955 թվականի ընթացքում Վիլման իր ամուսնու հետ հանդես է եկել թատրոնում։ Վիլման և նրա ամուսինը երեխաներ չեն ունեցել, բայց միասին նվիրաբերել են ավելի քան մեկ միլիոն դոլար՝ այլ երեխաների ուսման համար։ Նրա եղբորորդին արտագաղթել է Արգենտինա, սակայն նա կապ է ունեցել նրա և նրա ընտանիքի հետ։

1950-ական թվականներին նա գոլֆի կանանց մրցաշարերում մասնակցել է որպես խաղացող։ Այս ոլորտում հասնելով լուրջ հաջողությունների՝ կրկին դարձել է տաբլոիդների աստղ։ Նա շարունակել է ակտիվորեն խաղալ գոլֆ, նույնիսկ 80 տարեկանից հետո։

1969 թվականին ամուսնու մահից հետո Բանկին ոչ մի տեղ այլևս չի նկարահանվել և հանդես չի եկել, և անցել է թոշակի։ Նա սերտ հարաբերություններ է ունեցել ամուսնու եղբոր կնոջ՝ Մոնիկայի հետ, որն այցելել է տարեց դերասանուհուն։ Վիլման մահացել է 1991 թվականի մարտի 18-ին 90 տարեկան հասակում՝ սրտային անբավարարությունից, Հոլիվուդի հիվանդանոցներից մեկում։ Ինչպես հաղորդվել է, մահվանից առաջ նա չի ցանկացել հանդիպել իր ընկերների հետ, որոնք այցելել են նրան, այդ պատճառով նա խնդրել է իր փաստաբանին չհրապարակել իր մահվան օրը[5]։ Վիլմայի և նրա ամուսնու աճյունը լցվել է ծովը։

Հիշատակ խմբագրել

26 ֆիլմերից, որոնցում նկարահանվել է Բանկին, մեծ մասը կորել է։ Միայն 8-ն են ամբողջությամբ պահպանվել․ «Վերջին ժամ», «Կրկեսի թագավոր» Մաքս Լինդերի հետ, «Շեյխի որդի», «Արծիվ», «Բարբարա Վորտի հաղթանակը», «Սիրո գիշեր», «Կին, որին արժե սիրել», «Ապստամբը»։ Երեքից մնացել են միայն մի քանի հատվածներ․ «Գարնանային սեր», «Կախարդական բոց» և «Սիրահարների զույգ»։

2010 թվականին Ռեյչել Ա․ Շիլտգենը հրատարակել է «Ավելին, քան երազանք․ Վիլմա Բանկի կյանքի և ֆիլմերի կրկնակի բացահայտում» գիրքը։

Վիլմա Բանկին կինոարտադրության զարգացման գործում ունեցած ներդրման համար Հոլիվուդյան փառքի ծառուղում արժանացել է աստղի։ Նա գտնվում է Հոլիվուդի բուլվարում, նրա համարը 7021-ն է[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասանուհի
Տարեթիվ Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1919 Վերջին պահին Im letzten Augenblick
1921 Դժողքը վտանգված է Veszélyben a pokol
Գարնանային սեր Tavaszi szerelem
Գալատեյա Galathea
1922 Փողի երջանկության ստվերում Schattenkinder des Glücks
Մեռած սեր A halott szerelme
Մարիետ-ակցիաների գնումներ Kauft Mariett-Aktien
1923 Պատկեր Das Bildnis
1924 Վերջին ժամ Die letzte Stunde Մեյբլ (Mabel)
Արգելված երկիր Das verbotene Land
Հիասքանչ արկած Das schöne Abenteuer Բիսսի Ֆերգյուսոն (Bessy Ferguson)
1925 Կրկեսի թագավոր Der Zirkuskönig
Գաղտնի հրեշտակ The Dark Angel Կիտի Վեյն (Kitty Vane)
Պե՞տք է ամուսնանալ Soll man heiraten?
Արծիվ The Eagle Մաշա Տրոեկուրովա (Mascha Troekouroff)
1926 Շեյխի որդի The Son of the Sheik Ժասմին (Yasmin)
Բարբարա Վորտի հաղթանակը The Winning of Barbara Worth Բարբարա Վորտ (Barbara Worth)
1927 Սիրո գիշեր The Night of Love Արքայադուստր Մարի (Princess Marie)
կախարդական բոց The Magic Flame Բյանկա, ազատ նկարիչ (Bianca, the Aerial Artist)
Փաչիզյան օրիորդ Die Dame von Paris
1928 Երկու սիրահարներ Two Lovers Դոննա Լեոնորա դե Վարգաս (Donna Leonora de Vargas)
Զարթոնք The Awakening Մարի Դյուկրո (Marie Ducrot)
1929 Այդ երկինքը This Is Heaven Եվա Պետրի (Eva Petrie)
1930 Կին, որին արժե սիրել A Lady to Love Լենա Շուլց (Lena Shultz)
Կանացի ցանկություններ Die Sehnsucht jeder Frau Միցցի (Mizzi)
1933 Ապստամբը The Rebel Էրիկա Լերոյ (Erika Leroy)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #1031195645 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Find A Grave — 1996.
  4. National Archives of Hungary: microfilm 30790, image 291, fiche 3.
  5. Donnelley, Paul (2003 թ․ հունիսի 1). Fade To Black: A Book Of Movie Obituaries (2 ed.). Omnibus Press. էջ 108. ISBN 0-7119-9512-5.
  6. «Hollywood Walk of Fame - Vilma Bánky». walkoffame.com. Hollywood Chamber of Commerce. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 13-ին.