Վիլեն Ազատյան

հայ ֆիզքիմիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վիլեն Վաղարշի Ազատյան (մարտի 24, 1931(1931-03-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ֆիզքիմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կառուցվածքային մակրոկինետիկայի և նյութաբանության ինստիտուտի շղթայական հետերաֆազ պրոցեսների լաբորատորիայի վարիչ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Վիլեն Ազատյան
Ծնվել էմարտի 24, 1931(1931-03-24) (93 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Institute of Structural Macrokinetics and Materials Science?
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
«Աշխատանքային արիության համար» մեդալ և Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
ՀայրՎաղարշ Ազատյան

Կենսագրություն խմբագրել

Վիլեն Վաղարշի Ազատյանը ծնվել է 1931 թվականի մարտի 25-ին Երևանում։ Հայրը՝ Վաղարշ Ազատյանը, եղել է ԵՊՀ քիմիական ֆակուլտետի դեկանը։ Մայրն աշխատել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմում։

Կրթություն խմբագրել

1949 թվականին ավարտել է Երևանի № 29 միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ուսանելու է մեկնել Մոսկվա և 1954 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը։

1959 թվականին ավարտելով Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան՝ նա աշխատանքի է անցել ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտում՝ անմիջականորեն աշակերտելով ակադեմիկոսներ Վ. Վ. Վոևոդսկուն և Նոբելյան մրցանակի դափնեկիր Ն. Ն. Սեմյոնովին։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

Աշխատել է կրտսեր գիտաշխատող, ապա՝ ավագ գիտաշխատող և լաբորատորիայի վարիչ։ Վիլեն Ազատյանը Ն. Ն. Սեմյոնովի լաբորատորիայում կատարել է մեծանուն գիտնականի տեղակալի պարտականությունները։ Իսկ 1988 թվականից Ազատյանը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կառուցվածքային մակրոկինետիկայի և նյութաբանության ինստիտուտի շղթայական հետերաֆազ պրոցեսների լաբորատորիայի վարիչն է։

Վիլեն Ազատյանը գիտությունների թեկնածուի աստիճանը ստացել է 1963 թվականին իսկ դոկտորի գիտական աստիճանը՝ 1978 թվականին։ 1985 թվականին նա ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ 2000 թվականին Վիլեն Ազատյանն ընտրվել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։

Ստեղած մեթոդներ խմբագրել

Մինչև 1970-ական թվականները Վ. Ազատյանի գիտական աշխատանքները նվիրված էին ճյուղավորված շղթայական ռեակցիաների տեսությանը, ակտիվ միջանկյալ մասնիկների հայտնաբերմանը և դրանց ռեակցիաների ուսումնասիրմանը։ Միաժամանակ նա զբաղվում էր շղթայական ռեակցիաների օգտագործմամբ կիսահաղորդչային և դիէլեկտրիկ թաղանթներ ստանալու մեթոդների ստեղծմամբ։

Բարձր որակի թաղանթներ ստանալու մեթոդ խմբագրել

Այդ ընթացքում է ստեղծվել ցածր ջերմաստիճաններում դիէլեկտրիկ և կիսահաղորդչային բարձր որակի թաղանթներ ստանալու մեթոդը, որը թույլ տվեց 3600-ով իջեցնել տեխնոլոգիական ջերմաստիճանը։ Մեթոդը թույլ է տալիս բարձր ջերմաստիճաններում թաղանթներ ստանալ անկայուն նյութերի վրա։

Ոչ իզոթերմիկ ռեակցիաների տեսություն խմբագրել

1970-ականներից սկսած՝ Վիլեն Ազատյանը մշակում է ոչ իզոթերմիկ ռեակցիաների տեսությունը։ Այդ աշխատանքներում բացահայտված են գազերի այրման և պայթյունների հիմնական գործոնները։ Ցույց է տրված, որ, ի հակադրություն նախկինում ընդունված պատկերացումների, ճյուղավորված ռեակցիայի շղթայական մեխանիզմը որոշիչ ֆակտոր է գազերի այրման պրոցեսներում։ Եվ ոչ միայն այն ճնշումներում, որոնք մթնոլորտային ճնշումից հարյուրավոր անգամներ ցածր են, այլև ավելի բարձր ճնշումներում, որը կարևոր է տեխնիկայում։ Դրա հիման վրա գիտնականը ստեղծեց այրումը, պայթյունը և դետոնացիան կառավարելու մեթոդները։ Դրանց էությունը հատուկ փոքր խառնուրդների օգնությամբ ռեակցիոն շղթաների խզումն արագացնելն էր։

Առաջարկված մեթոդները փորձարկվել են ջրածնի, մեթանի և սինթեզ գազի այրման և դետոնացիայի օրինակներով։ Համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովներն իրենց հավանությունն են տվել առաջարկվող մեթոդներին և դիմել կառավարությանը, որպեսզի այդ մեթոդները կիրառվեն ածխահանքերում և ատոմակայաններում՝ հնարավոր պայթյունները կանխելու համար։

Կեմերովոյում կատարված փորձարկումներից հետո առաջարկված մեթոդն արժանացել է մարզի ղեկավարության բարձր գնահատականին։

Գիտական աշխատանքներ խմբագրել

Վիլեն Ազատյանը մոտ 500 տպագրված գիտական աշխատանքների և ավելի քան 30 հայտնագործությունների հեղինակ է, երկու մենագրություն է լույս ընծայել պրոֆեսոր Ե. Տ. Դենիսովի հետ, որոնցից մեկը տպագրվել է Լոնդոնում։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 25 թեկնածուական ատենախոսություն, իր աշակերտների պաշտպանած 6 դոկտորական ատենախոսությունների խորհրդատուն է։

Վ. Ազատյանի աշխատանքներին ակտիվ կերպով մասնակցում են մի շարք ինստիտուտներ և ձեռնարկություններ, այդ թվում՝ ավիացիոն շարժիչների կենտրոնական ինստիտուտը, որի հետ համատեղ աշխատանքների արդյունքները զեկուցվել են Տոկիոյում, Բուենոս Այրեսում, Հակահրդեհային պաշտպանության ինստիտուտը (միջազգային մրցանակ Անգլիայում), Ռուսաստանի Դաշնության միջուկային կենտրոնը, Մ. Պլանկի անվան ինստիտուտը (Գերմանիա) և այլն։

Վ. Ազատյանն անդամ է միջազգային այրման ինստիտուտի (ԱՄՆ), Ռուսաստանի ԳԱ նախագահությանը կից այրման և պայթյունների գիտական խորհրդի բյուրոյի “Кинетика и катализ”, «Журнал физической химии РАН» ամսագրերի և «Self-Propagating High-Temperature Synthesis» միջազգային ամսագրի խմբագրական կոլեգիաների, տեսական և կիրառական քիմիայի միջազգային կազմակերպության (IUPAC)։ Վիլեն Ազատյանի աշխատանքներն արժանացել են Ռուսաստանի Դաշնության կառավարական պարգևների։

Վ. Ազատյանի ղեկավարությամբ կատարված և պաշտպանված ատենախոսություններից երեքի հեղինակները ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի աշխատակիցներ են։ Համագործակցությունն այդ ինստիտուտի հետ շարունակվում է։ Անվանի գիտնականը համագործակցում է նաև ԵՊՀ-ի քիմիական ֆակուլտետի հետ[1][2]։

Պաշտոններ խմբագրել

Հաշվի առնելով Վիլեն Վաղարշի Ազատյան գիտնականի համաշխարհային ճանաչումը և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան 2008 թվականին նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ։

Անդամակցություն խմբագրել

  • Հիմնարար և կիրառական քիմիայի միջազգային միության, Այրման միջազգ. ինստ-ի, ՌԳԱ նախագահության այրման և պայթյունի գիտական խորհրդի բյուրոյի անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել