Վիբորգի Ե. Ն. Հեյդենի անվան տարրական ուսումնարան

Վիբորգի Ե. Ն. Հեյդենի անվան տարրական ուսումնարան, տարրական կրթական հաստատություն, որը գործել է Վիբորգում 1862-1918 թվականներին։ Վիբորգի կենտրոնում՝ Վիբորգսկայա փողոցի և Լադանովի փողոցի անկյունում գտնվող նախկին ուսումնարանի շենքը ընդգրկված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

19-րդ դարի առաջին կեսին Վիբորգի նահանգի քաղաքներում գերակշռում էին շվեդական և գերմանալեզու կրթական հաստատությունները, որոնցում ռուսերենը պարտադիր առարկաների թվում էր։ Բայց 1860-ականներին, Ֆինլանդիայի Մեծ դքսությունում, սկսվեց ֆիննական լեզվի ներդրումը պաշտոնական գրագրությունում։ 1856 թվականին ընդունված ուսումնարանական նոր կանոնադրության համաձայն, Վիբորգի գիմնազիայում, ինչպես Ֆինլանդիայի այլ կրթական հաստատություններում, ռուսերեն և գերմաներեն լեզուների ուսուցումը սկսեց աստիճանաբար նվազել, ինչը հանգեցրեց գիմնազիստների թվի կրճատմանը, իսկ 1862 թվականին գիմնազիան լուծարվեց «այդտեղ սովորողների աննշան թվաքանակի պատճառով»։ Բայց նույն թվականին, քաղաքաբնակների նախաձեռնությամբ, հիմնվեց տարրական ուսումնարանը, որը մինչև 1880-ական թվականները մնաց Վիբորգի միակ ռուսական կրթական հաստատությունը։

1862 թվականի հոկտեմբերի 1-ին բացված ուսումնարանը սկզբում բաղկացած էր երկու ինքնուրույն մեկ դասարանանոց դպրոցներից՝ տղաների և աղջիկների համար։ Հիմնականում այդտեղ սովորում էին աղքատ ընտանիքների երեխաները, ռուս մեծահարուստ քաղաքաբնակները նախընտրում էին իրենց երեխաներին ուղարկել մասնավոր գիշերօթիկ դպրոցներ։

 
Վիբորգի հիմնական դպրոցը (աջից)` նախահեղափոխական բացիկի վրա
 
Կողային ճակատ

Տղամարդկանց դպրոցը չէր ֆինանսավորվում Ֆինլանդիայի Մեծ դքսության բյուջեից և գոյատևում էր մասնավոր նվիրատվությունների հաշվին՝ տեղակայվելով վարձով բնակարանում։ Նրա միակ աշխատակիցը, ով երեխաներին սովորեցնում էր, պաշտոնաթող գործավար Գեորգի Աֆանասևն էր։ Միայն 1869 թվականին, քաղաքաբնակների բողոքից հետո, կայսր Ալեքսանդր II-ի ցուցումով, գանձարանից տարեկան 1500 ֆիննական մարկ հատկացվեց դպրոցի պահպանման համար և այդ պահից աշխատանքի ընդունվեց առաջին ուսուցիչը։ Կանանց դպրոցը նույնպես լավագույն վիճակում չէր, որտեղ անվճար դասավանդում էր մահացած գեներալ Ա. Բոգաևսկու դուստրը։ 1878 թվականին տղաների ուսումնարանն արդեն երկու դասարանանոց էր՝ 50 աշակերտով։ Նույն թվականին բացվեց տղաների և աղջիկների ընդհանուր նախապատրաստական դասարանը։ 1879 թվականի սեպտեմբերի 1-ին այնտեղ սովորում էր 47 աշակերտ՝ 24 տղա և 23 աղջիկ, որոնց մեծ մասը (40) ցածր դասի զինվորականների երեխաներ էին, իսկ 7-ը՝ գյուղացիների և արհեստավորների ընտանիքներից էին։ 1881-1882 թվականների սկզբին արական և իգական դպրոցները նախապատրաստական դասարանի հետ միավորվեցին մեկ կրթական հաստատության մեջ։ Այն տեղավորված էր նեղ, խարխուլ շենքում, որը պատկանում էր ռազմատեխնիկական վարչությանը և հարմար չէր ուսումնական նպատակների համար։ Բայց Ֆինլանդիայի նորանշանակ գեներալ-նահանգապետ, կոմս Ֆեոդոր Լոգինովիչ Հեյդենի 1881 թվականին Վիբորգ գալուց հետո բնակչության ռուսական կրթության վիճակը սկսեց բարելավվել։ Ֆինլանդիայի ռուսական դպրոցների տնօրեն Պավել Վասիլևիչ Արշաուլովի, Ֆինլանդիայի ռուսական դպրոցների խորհրդատվական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Հագեմեյստերի և ժողովրդական կրթության նախարար Ալեքսանդր Նիկոլայի ակտիվ աջակցության շնորհիվ 1882 թվականին հանդիսավորությամբ բացվեց Վիբորգի ռեալական ուսումնարանը, նույն տարվանից տարրական ուսումնարանի ուսուցիչների աշխատավարձերի համար պետական գանձարանից տարեկան հատկացվում էր 2400 ֆիննական մարկ, որտեղ արդեն սովորում էին 131 աշակերտ և դասավանդում 6 ուսուցիչ։ Դպրոցը դարձավ Վիբորգի բոլոր ռուսական ծխական բարեգործական ընկերությունների մշակութային կենտրոնը։

Քաղաքաբնակների բազմիցս դիմումներից հետո՝ 1894 թվականի մայիսի 6-ին, կայսր Ալեքսանդր III-ի բարձրագույն հրամանով, 20 հազար ռուբլու անտոկոս վարկ տրամադրվեց 20 տարով՝ նոր ուսումնարանի շենքի կառուցման համար։ Այդ ժամանակ մահացավ կոմսուհի Էլիզավետա Հեյդենը, որը հայտնի էր իր բարեգործությամբ։ Ի պատիվ ֆիննական գլխավոր նահանգապետի կնոջ, որը հովանավորում էր ռուսական դպրոցները, 1894 թվականի հոկտեմբերի 8-ից կրթական հաստատությունը ստացավ «Վիբորգի տարրական ուսումնարան՝ ի հիշատակ Էլիզավետա Նիկոլաևնա Հեյդենի» անվանումը։

Հեյդենյան դպրոցի շենքի կառուցման համար հողամաս հատկացվեց Սոբորնայա հրապարակում՝ Վիբորգի ռեալական ուսումնարանի շենքի հարևանությամբ, նույն թաղամասում էր գտնվում նաև Կանանց ռուսական գիմնազիան։ 1896 թվականին Ցարսկայա և Գոֆգերիխսկայա փողոցների անկյունում բացվեց նոր դպրոց։ Երկհարկանի շենքը նախագծել է ճարտարապետ Լեանդեր Իկոնենը։ Հատկանշական է, որ նա նախագիծ էր մշակել նաև Ֆիննական ուսումնարանի շենքի համար, որը կառուցվել էր մոտակայքում 1903 թվականին։ Ռուսական ոճով սիմետրիկ ճակատով քարե շենքը, որը ներդաշնակորեն համակցված էր ռեալական ուսումնարանի հարևան շենքի հետ, առանձնանում է կենտրոնական մասում տեղակայված շքամուտքով, բայց չէր անցնում կարմիր գծից այն կողմ։

Հարմարավետ նոր շենք տեղափոխվելուց հետո Հեյդենի դպրոցն ուներ մոտ 10 ուսուցիչ և 200 աշակերտ և անցավ քառամյա կրթության։ Շենքում տեղակայված էր նաև անվճար գրադարան՝ ընթերցասրահով։ Իսկ 1912 թվականին Հեյդենի դպրոցում բացվեց կարի և դերձակագործության գծով կանանց արհեստագործական բաժինը։ Այդ ժամանակահատվածում, երբ ևս երկու տարրական ռուսական ուսումնարաններ բացվեցին Վիբորգի արվարձաններում, դպրոցը հաճախ կոչվում էր «Հայդենյան թիվ 1 ռուսական տարրական ուսումնարան»։ Ուսումնարանը դադարեցրեց աշխատանքը 1918 թվականին Ֆինլանդիայի քաղաքացիական պատերազմի արդյունքում, երբ դպրոցի շենքը բռնագրավվեց Ֆինլանդիայի Հանրապետության կառավարության կողմից ոչ ֆիննական բնակչության ջարդերից հետո։ Հետագայում աշակերտներից ոմանք տեղափոխվեցին ռուսական ռեալական լիցեյ-համատեղ միջնակարգ դպրոց, որը բացվել էր նախկին կանանց ռուսական գիմնազիայի շենքում։ Իսկ Հայդենյան ուսումնարանի շենքում 1919 թվականին տեղակայվեց Ռոզենտալի մասնավոր ֆիննական ռեալական լիցեյը։ 1922-1923 թվականներին, ճարտարապետ Ալլան Շուլմանի նախագծով կառուցվեց շենքի երրորդ հարկը։ Այդտեղ տեղակայվեց միացյալ առևտրային և գյուղատնտեսական լիցեյը։ Շենքը նոր ուսումնական հաստատության կարիքներին հարմարեցնելու ընթացքում երկրորդ և երրորդ հարկերի պատուհանները տեղադրվեցին ճակատի կենտրոնական ռիզալիտի վրա։

Խորհրդա-ֆիննական պատերազմների (1939-1944) արդյունքում Լիցեյը տարհանվեց Հելսինկի, որտեղ շարունակեց աշխատել որպես դպրոց-լիցեյ։ Ռազմական գործողությունների ընթացքում որոշակի վնասներ կրած դպրոցի շենքը վերանորոգվել է հետպատերազմյան տարիներին՝ պահպանելով հեղափոխությունից հետո ձեռք բերված արտաքին ճարտարապետական տեսքը (միայն պատուհանների շրջանակների դեկորը փոքր-ինչ փոխվել է)։

Շենքը երկար տարիներ շարունակվել է օգտագործվել ուսումնական նպատակներով՝ շենքում տեղակայված է թիվ 1 միջնակարգ դպրոցը[1]։ 2011 թվականին իրականացված վերակառուցման ընթացքում կառուցվել է դպրոցի նոր մասնաշենքը ոճավորված ճակատով, որը նման է հարևան ռեալական և տարրական ուսումնարանների շենքերին։

Գրականություն խմբագրել

  • Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
  • Мысько А.С. Архитектура Выборга разных эпох. Путешествия в прошлое. — СПб.: «Издательский центр «Остров», 2019. — 352 с. — ISBN 978-5-94500-136-7.
  • Страницы Выборгской истории. Краеведческие записки / Сост. С. А. Абдуллина. — Выборг: «Европейский дом», 2000. — 450 с. — ISBN 5-8015-0052-9.

Ծանոթագրություններ խմբագրել