Վժեսնյայի դպրոցականների ընդվզում

Վժեսնյայի դպրոցականների ընդվզում, Լեհաստանի Վժեսնյա (լեհ.՝ Września) քաղաքի լեհ երեխաների ընդվզում կաթոլիկ դպրոցի բարձր դասարաններում կրոնի դասաժամին գերմաներենի ներմուծման դեմ։ Այս ընդվզումը շարունակվել է 1901 թվականի ապրիլից մինչև 1902 թվականի նոյեմբերը և իր բարձրակետին է հասել 1901 թվականի ապրիլի 20-21-ին, երբ քաղաքում անկարգություններ են սկսվել։ Այս իրադարձության պատամականությունն ու առանձնահատկությունն այն էր, որ այն նմանատիպ առաջին դիմադրությունն էր Պրուսիայի լեհական շրջաններում ընդդեմ դպրոցներում գերմանականացման։

Վժեսնյայի դպրոցի երեխաներ

Նախապատմություն խմբագրել

Երբ 1772, 1793 և 1795 թվականներին, երբ Ռեչ Պոսպոլիտան բաժանվել է, Պրուսիայում լեհախոս բազմաթիվ մարդիկ են հայտնվել։ 1871 թվականին Գերմանիայի միավորման ժամանակ Պրուսիայի 24 միլիոն բնակիչներից 2.4 միլիոնը եղել են լեհեր, որը կազմել է ընդհանուր բնակչության մոտ 10 %-ը։ Ամբողջ կայսրության մասշտաբով, որն ուներ 41 միլիոն բնակիչ, լեհերը կազմել են բնակչության մոտ 6 %-ը[1]։ Նրանցից շատերն ապրել են պրուսական գավառներում՝ Արևմտյան և Արևելյան Պրուսիայում, Սիլեզիայում, Պոզնանում։ Այս գավառներում քիչ գերմանացի է ապրել. որոշ տեղերում բնակչության ավելի քան 60 %-ը միատարր չի եղել։

Երբ 19-րդ դարի 20-ական թվականներին կրթության ոլորտում ընդունվում են հումբոլդտյան բարեփոխումները, պրուսական դպրոցները բաժանվում են երկու մասի՝ տարրական ժողովրդական դպրոցներ (Volksschule) և միջնակարգ գիմնազիաներ (Gymnasium): Կրթությունն այնտեղ մինչև 1860-ական թվականները տարվել է դպրոցականների մայրենի լեզվով, այսինքն գերմանացի երեխաները սովորել են գերմաներենով, իսկ լեհ երեխաները՝ լեհերենով։ Սա ամրագրված էր կառավարության հատուկ որոշումներով[2]։ Համաձայն 1842 թվականի մայիսի 24-ի որոշման՝ լեհ երեխաները գերմաներենով պետք է ուսումնասիրեին դասավանդվող առարկաներից միայն մեկը։

Գիմնազիաները 1842 թվականից մինչև կայսրության ձևավորումը 1871 թվականին խմբագրել

1871 թվականին Պոզնանի գավառն ունեցել է 13 գիմնազիա (3 կաթոլիկ, 5 ավետարանական և 5 խառը) և մոտ 2.300 ժողովրդական դպրոց[3]։ Լեհ երեխաները հաճախել են բացառապես կաթոլիկ դպրոցներ։ Հարկ է նշել, որ հրեա երեխանենը առանց խնդիրների հաճախել են քրիստոնեական գիմնազիաներ, որտեղ նրանց թիվը եղել է անհամաչափ մեծ[4]։

Գերմաներենը՝ որպես դասավանդման լեզու, սկսել են ներառել կաթոլիկ գիմնազիաներում։ 1842 թվականի վերոնշյալ որոշումը սահմանել է, որ ավագ դասարաններում դասերը, բացի կրոնի դասերից, պետք է դասավանդվեն գերմաներենով, այդ իսկ պատճառով ամրապնդվել է գերմաներերնի ուսուցումը տարրական դասարաններում։ 1856 և 1860 թվականների որոշումները հաստատել են այս ուղղությունը[5]։ 1863 թվականին փակվել է Տշեմեշնոյի կաթոլիկ գիմնազիան այն պատճառաբանությամբ, որ այնտեղի սովորողները մասնակցել են 1863 թվականի լեհական ապստամբությանը։ Գիմնազիան բացվել է Բիսմարկի միջամտությունից հետո, իսկ 1872 թվականին գիմնազիա է փակվել Վոնգրովեցում, որտեղ ուսումնառությունն ավագ դասարաններում, բացառությամբ կրոնի, կատարվում էր գերմաներենով[6]։

Ժողովրդական դպրոցները 1860-ական թվականներին խմբագրել

Ժողովրդական դպրոցներում իրավիճակը փոխվել է 1865 թվականի հոկտեմբերին, երբ կրթության նախարարի հրամանով ներդրվել է գերմաներենը, որպեսզի բարձր դասարանների աշակերտների դասերը դասավանդվեն գերմաներենով, իսկ լեհերենը կիրառվի միայն դժվար բացատրելի արտահայտությունների մեկնաբանման ժամանակ[7]։ Այդ ժամանակ գերմաներենի իմացությունը դպրոցականների շրջանում պարզագույն մակարդակի է եղել, ինչը մասամբ պայմանավորված է եղել դասարաններում սովորողների մեծ թվաքանակով և ուսուցիչների պակասով։ Այսպես, Պոզնանի գավառում 1882 թվականին դասարանների 48 %-ը բաղկացած է եղել 81-150 աշակերտից[8]։ Գավառական մի խորհրդական 1858 թվականի հունիսի 10-ի իր հաշվետվության մեջ գրել է.

  Լեհական դպրոցներում դասավանդում են գերմաներեն, սակայն արդյունքները գրեթե բոլոր տեղերում աննշան են։ Սովորողների կարողությունները հազվադեպ են անցնում տեքստերի մեխանիկական ընթերցումից։ Գերմաներեն բառերի իմացությունը գյուղում այնքան ցածր է, որ երեխաները չեն կարողանում անվանել իրենց շրջապատող իրերն անգամ։ Նրանք չեն կարողանում նույնիսկ թարգմանել իրենց կարդացած բառերը՝ հայր, մայր, քույր, ուսուցիչ, տուն և այլն։ Նրանք չեն կարողանում դրանք ասել գերմաներեն, եթե փորձեն լեհերենից թարգմանել։
- [9]
 

Գերմաներենի ներմուծումը 1872 թվականից հետո խմբագրել

1872 թվականի հոկտեմբերին Պոզնանի գավառի դպրևոցներում գերմաներենը ներմուծվել է կրոնի դասերին[10]։ Ընդ որում, դա հակասել է եկեղեցական իրավունքին, որով հաստատվում է, որ երեխաները կրոնական կրթություն պետք է ստանան իրենց ծնողների լեզվով[11]։

Ժողովրդական դպրոցներում գերմաներենը դարձել էր բոլոր առարկաների դասավանդման լեզուն՝ բացի կրոնից ու եկեղեցական երգեցողությունից նախ Վերին Սիլեզիայում, ապա Արևմտյան ու Արևելյան Պրուսիայում և Պոզնանում։ Լեհերենը դառնում է միայն դասավանդվող առարկաներից մեկը։ Նշվել էր, որ երբ երեխաները բավականաչափ հասկանան գերմաներեն, ապա կրոնի ուսուցումը ևս կկատարվի գերմաներենով[12]։ Արդյունքում դա կարևոր նշանակություն ունեցավ։

Մշակույթի նախարարի՝ 1887 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ դպրոցներից ընդհանրապես հանվել է լեհերենի ուսուցումը[13]։ Նոր հրամանը (11.4.1891) հաստատում էր, որ հատուկ խնդրանքով դպրոցական շենքերում կարող են թույլատրվել լեհերենի մասնավոր դասեր[14]։ Այդ որոշումը, սակայն, չեղարկվել էր 1894 թվականին, երբ լեհերենի մասնավոր դասերն անգամ արգելվել են[15]։ Դպրոցական ծրագրի մեջ ընդգրկել են լեհերենի գրության ու ընթերցանության վարժություններ։ Այդ 1-2-ժամանոց պարապմունքները նախատեսվել են միջին ու բարձր դասարանների այն սովորողների համար միայն, որոնք կրոնի դասերն անցել էին լեհերենով։ Այսպիսի հանգուցալուծում էր նախատեսվել[16]։

Ժողովրդական դպրոցներում գերմաներենի ներմուծումը կրոնի դասաժամերին խմբագրել

1900 թվականի հուլիսին գերմաներենը Պոզնանի միջին ու բարձր դասարաններում ներմուծվել է կրոնի դասաժամերին (այդպիսի հնարավորություն ընձեռում էին դեռրս 1873 թվականի որոշումները, սակայն դա գրեթե չէր կիրառվել)[17]։ Դրան ի պատասխան՝ 12 աշակերտներ հրաժարվել են դասին պատասխանելուց։ Պոզնանից հետո գերմաներենն աստիճանաբար ներմուծվում էր ողջ գավառում[18]։ Դա նշանակում էր, որ դպրոցում վերացել է լեհերեն սովորելու հնարավորությունը։ Այս որոշումը հանգեցրել էր նրան, որ ակտիվացել էին մասնավոր դասերը, որոնք արգելված էին 1894 թվականից, և պետությունը այս օրենքին չենթարկվող ուսուցիչներին պատժում էր դրամային տուգանքով ու բանտարկությամբ[19]։

Վժեսնյայի դպրոցականների բոյկոտը 1901-1902 թվականներին խմբագրել

 
Վժեսնյայի դպրոցի շենքը

1901 թվականի մարտի 4-ին որոշվել է, որ ուսումնական տարվա սկզբից Վժեսնյայի դպրոցի ավագ դասարաններում կրոնի դասերը պետք է դասավանդվեն գերմաներենով[20]։ Այս քաղաքը գտնվում է Պոզնանից 20 կմ արևելք։ 1901 թվականին այնտեղ հաշվվում էր 5.536 բնակիչ, որոնց մոտ 70 %-ը եղել են լեհեր։ Քաղաքում եղել է չորս դպրոց. կաթոլիկ դպրոցն ունեցել է 9 ուսուցիչ, 641 աշակերտ, ավատարանական դպրոցը՝ 3 ուսուցիչ, հրեական դպրոցը՝ մեկ դասարան և ևս մեկ միջին դպրոց, որտեղ կրոնն արդեն իսկ դասավանդվում էր գերմաներենով։ Կաթոլիկ դպրոցի ավագ դասարաններում, որտեղ պատրաստվում էին ներմուծել գերմաներենը, սովորում էին 110 աշակերտ՝ 12-14 տարեկան[21]։

Մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը ապրիլի 11-ին նորամուծությունը գաղտնի էր պահվում։ Նոր կիսամյակի առաջին օրերին երեխաներին բաժանում են կրոնի գերմաներեն դասագրքեր։ Տարբեր խոսակցությունների հետո երկու աշակերտներ հրաժարվում են դասագրքերը տուն տանել, որոնց համար նրանք ստանում են պատիժ՝ մտրակի վեց հարված։ Պատժի այդպիսի տեսակն ընդունված էր այդ ժամանակաշրջանում ոչ միայն Պրուսիայում, այլև տարբեր երկրներում[22]։ Հաջորդ օրը որոշ ծնողներ դասագրքերը հետ են վերադարձրել, իսկ մայիսի 4-ին ևս երկու աշակերտ պատժվել է մտրակի չորսական հարվածներով, քանի որ նրանք ծաղրել էին այն աշակերտներին, որոնք ընդունել էին դասագրքերը։ Մինչև մայիսի 16-ը պատժվում են ևս 20 աշակերտներ, քանի որ վերջիններս հրաժարվել էին դասին գերմաներեն պատասխանելուց։ Որոշ աշակերտներ պատժվել են մտրակի երեքական հարվածներով ձեռքներին, իսկ որոշ աշակերտների էլ դասերից հետո որպես պատիժ որոշ ժամանակ պահել են դպրոցում։ Մինչև մայիսի կեսերը եղել են դիմադրության առանձին դեպքեր, ինչը դեռևս բոյկոտի չէր նմանվում։

Մայիսի 20-ին 20 աշակերտներ դասերից հետո պահվել են դպրոցում այն բանի համար, որ նրանք հրաժարվել են գերմաներեն կարդալուց[23]։ Ժամը 12-ին մոտ որոշ աշակերտներ բաց են թողնվել, մնացել են 14-ը։ Նրանք ստացել են մտրակի (1.5 սմ տրամագիծ, 60 սմ երկարություն) 2-4 հարված, որի արդյունքում սովորողների ձեռքերն ուռել են ու արյունահոսել[24]։ Երբ նրանք բաց են թողնվել, սպառնալիքներ հնչեցնելով ու գոռալով դպրոց է ներխուժել ամբոխը, սակայն շուտով դուրս է եկել։ Դրսում հորդ անձրև է եղել, և ելույթը տևել է մեկ ժամից ոչ ավել։ Այնուհետև քաղաքում հավաքվել են ագրեսիվ տրամադրված մարդիկ, որոնք, սակայն, ժամը 17:00-ին մոտ ցրվել են։ Ոչ մի բախում չի եղել։ Միայն մեկ ուսուցչի տան ապակիներն են կոտրել քարով։ Գավառի փոխնախագահը հուլիսի 3-ին գրել է. «Այս բոլոր իրադարձությունները բավական անմեղ են թվում»։

Դրանից հետո բոյկոտը շարունակվել է և ավելի է տարածվել, ինչի համար երեխաները դարձյալ պատժվել են։ Մեկ տարի անց՝ 1902 թվականի ապրիլին, մի քանի տասնյակ երեխայի չեն փոխադրել հաջորդ դասարան, սակայն մինչև 1902 թվականի նոյեմբերը բոյկոտը դադարեցվել է, և նրանք փոխադրվել են հաջորդ դասարան։ Բացի սրանից՝ եղել են աննշան դիմադրության այլ դեպքեր ևս և ցույցեր ուրիշ քաղաքներում, որտեղ 1901 թվականին գերմաներենը սահմանվել էր կրոնի առարկայի լեզու[25]։ Վժեսնյայի բոյկոտը կարևորվել է այն բանի համար, որ այն դպրոցներում գերմանականացման դեմ առաջին դիմադրությունն է եղել[26]։

Դատ խմբագրել

1901-1902 թվականներին տեղի են ունեցել մի շարք դատավարություններ՝ կապված ազգային պայքարի հետ[27]։ Դատավարություններ են կատարվել Պոզնանում, Թորունում, Գոստինում։ Դրանց արդյունքում ընդվզած աշակերտները դատապարտվել են մինչև չորս ամիս ազատազրկման։ Հետաքրքիր է, որ Գոստինում բոլոր մեղադրյալներն արդարացվել են։

1901 թվականի սեպտեմբերի կեսերին Գնեզնոյում տեղի է ունեցել երկու դատավարություն Վժեսնյայի ընդվզման մասնակիցների գործով այն դեպքում, երբ բոյկոտը դեռ շարունակվում էր։ Մեղադրվում էր 25 մարդ (6 կին, 18 տղամարդ, 2 դեռահաս)։ Նրանք մեղադրվում էին հետևյալ կետերով.

  • բռնի ներթափանցում տուն
  • ճնշում աստիճանավորի նկատմամբ՝ նրա պաշտոնեական ծառայությունները դադարեցնելու պահանջով
  • ընդվզում
  • ղեկավարությանը անհնազանդություն
  • քրեական հանցագործության դրդում
  • վիրավորանք
  • խուլիգանություն։

Դատարանը որոշել է ցուցադրական պատիժ սահմանել և մեղադրյալների համար ծանր պատիժներ է հայտարարել.

  • 2.5 տարվա ազատազրկում - մեկ կնոջ նկատմամբ
  • 2 տարվա ազատազրկում - 2 մարդ
  • 1.3 տարվա ազատազրկում - 1 մարդ
  • 1 տարվա ազատազրկում - 5 մարդ
  • 9 ամսվա ազատազրկում - 6 մարդ
  • 1-4 ամսվա ազատազրկում մնացածների համար
  • արդարացված - 4 մարդ։

Հետևանքներ խմբագրել

Այս իրադարձություններից լեհական մամուլը մեծ աղմուկ է բարձրացրել, այնպես որ նույնիսկ ժամանակի պատմաբանների աշխատություններում փաստերն աղավաղված են[28]։ Լեհ լուսանկարիչը բացիկ է պատրաստել մայիսի 20-ի 14 պատժվածներով, որոնց թվում է նաև գլխավոր մեղադրյալը՝ 41-ամյա Նեպոմուցևա Պյասեցկան (դատապարտվել էր 2.5 տարի ազատազրկման), որը, սակայն, ամուսնու ու երեխաների հետ կարողացել է փախչել Լվով (այն ժամանակ Ավստրիայի տարածք)[29]։ Այս բացիկը տարածում է գտել Եվրոպայի շատ քաղաքներում։ Այժմ այն կարելի է տեսնել լեհերեն վիքիպեդիայի էջին։ Այդ ժամանակներում ընդունված չէր ապստամբներին պատկերել բացիկներին։ 1902 թվականի ապրիլին դատարանը լուսանկարչին տուգանել է 200 մարկով և դատապարտել 40 օր ազատազրկման[30]։

Բացի նրանից՝ 1901 թվականի սեպտեմբերին 100 մարկով տուգանվել է նաև Ռոզա Լյուքսեմբուրգը, որն այդ ժամանակ 30 տարեկան էր, քանի որ նա իր «W obronie narodowości» գրքույկում կրթության նախարարին մեղադրել էր հոգեկան անդամալույծներ դաստիարակելու համար։ Հետագայում տուգանվել են ևս մի քանի մարդիկ[31]։

Դատավարությունից անմիջապես հետո Պոզնանում ձևավորվել է մեղադրյալների օգնության կոմիտե, որը սկսել է դրամական միջոցներ հանգանակել։ Մինչև 1902 թվականի հունիսը հանգանակվել է 183.306 մարկ, որից 15.000-ը հավաքվել էր Ամերիկայում, որտեղ Չիկագոյում կար լեհական ամուր համայնք։ Գումարն այնքան շատ է հավաքվել, որ ոչ միայն ապահովվել են դատավարության արդյունքում մեղադրվածներն ու նրանց ընտանիքները, այլ նաև շատ ուրիշ մարդիկ, որոնք տուժել էին նմանատիպ դատական գործընթացներից[32]։

Վժեսնյայի իրադարձությունները նշանավորվել են նաև նրանով, որ լեհ գրող Հենրիկ Սենկևիչը (1846-1916) 1901 թվականի աշնանը «Czas» անսագրում կոչ է տեղադրել գումար հանգանակելու մեղադրվածների համար, իսկ գրող Մարիա Կոնոպնիցկան (1842-1910) գրել է բանաստեղծություն՝ «O Wrześni»[33]: Ընդհանրապես թե՛ պրուսական, թե՛ ավստրիական և թե՛ ռուսական տարածքներում, որտեղ շատ լեհեր են եղել, հսկայական աղմուկ է բարձրացել. տեղի են ունեցել ցույցեր, անկարգություններ, նոր դատավարություններ։ Այս իրադարձությունների մասին գրել է եվրոպական, նույնիսկ արգենտինական մամուլը։ Ստորագրահավաք է սկսվել՝ ի պաշտպանություն լեհերի[34]։

1906-1907 թվականների համընդհանուր դպրոցական ընդվզում խմբագրել

Երբ 1906 թվականին Պոզնան գավառի 203 ժողովրդական դպրոցներում գերմաներենը ներմուծել են որպես կրոնի դասաժամերի դասավանդման միջոց, հոկտեմբերին սկսվել է համընդհանուր դպրոցական ընդվզում, որին մասնակցել են Պոզնանի 755 դպրոցների 46.886 և Արևմտյան Պրուսիայի 563 դպրոցների 14.290 աշակերտներ։ Սա շարունակվել է մինչև 1907 թվականի ամառային արձակուրդը[35]։ Կառավարությունն այդ ցույցերին արձագանքել է դրամական ծանր տուգանքներով, որոշ դեպքերում տեղական դատական իշխանությունները որոշ ծնողների զրկել են ծնողական իրավունքից այն բանի համար, որ նրանք երեխաներին լավ չեն դաստիարակել։ Սակայն ծայրահեղ այս միջոցը Բեռլինի Գերագույն դատարանի կողմից ապօրինի է ճանաչվել, և որոշումը չեղարկվել է[36]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Wehler, стр. 229.
  2. текст напечатан у Baske стр. 242—245; о нём стр. 145; Korth, стр. 38.
  3. Baske, стр. 143—145, 164—165, 169.
  4. Baske, стр. 171—173.
  5. Baske, стр. 163—164.
  6. Baske, стр. 165—169.
  7. Baske, стр. 164.
  8. Balzer, стр. 153; об этом также Neugebauer, стр. 707—708; Baske, стр. 160—161; Korth, стр. 32-34.
  9. текст доклада напечатан у Baske, стр. 245—246.
  10. Balzer, стр. 152; Korth, стр. 40.
  11. Korth, стр. 97.
  12. Balzer, стр. 152—153; Korth, стр. 41-42.
  13. Korth, стр. 46-49.
  14. Korth, стр. 49.
  15. Korth, стр. 50-51, 60.
  16. весь абзац по Balzer, стр. 155.
  17. Balzer, стр. 166 и далее; Korth, стр. 63-65.
  18. Korth, стр. 65-70.
  19. подробно об этом Korth, стр. 72-82.
  20. Korth, стр. 84 и делее; Balzer, S. 166 и делее.
  21. статистические данные из Korth, стр. 84.
  22. об этом Gotthold Rhode в книге Korth, стр. XI.
  23. про эти события Korth, стр 89 и далее.
  24. Korth, стр 97.
  25. Korth, стр. 86-87, 92-93.
  26. Korth, стр. 82.
  27. об этом Korth, стр. 95-101.
  28. об этом Gotthold Rhode в книге Korth, стр. X и Korth, стр. 83.
  29. Korth, стр. 104.
  30. Кorth, стр. 101—102.
  31. Korth, стр. 102—103.
  32. Korth, стр. 103—105.
  33. Korth, стр. 106.
  34. Korth, стр. 106—108.
  35. Balzer, стр. 233 и 172—180.
  36. Korth, стр. 152—155; Balzer, стр. 177.

Գրականություն խմբագրել

  • Balzer, Brigitte: Die preußische Polenpolitik 1894—1908 und die Haltung der deutschen konservativen und liberalen Parteien (unter besonderer Berücksichtigung der Provinz Posen), 1990.
  • Baske, Siegfried: Praxis und Prinzipien der preußischen Polenpolitik vom Beginn der Reaktionszeit bis zur Gründung des Deutschen Reiches, in: Forschungen zur Osteuropäischen Geschichte 9 (1963), S. 7-268.
  • Korth, Rudolf: Die preußische Schulpolitik und die polnischen Schulstreiks. Ein Beitrag zur Polenpolitik der Ära Bülow, Phil. Diss., Würzburg 1963.
  • Neugebauer, Wolfgang: Das Bildungswesen in Preußen seit der Mitte des 17. Jh, in: Handbuch der preußischen Geschichte, hg. v. Otto Büsch, Bd. 2, 1992, S. 605—798.
  • Wehler, H.-U.: Die Polenpolitik im deutschen Kaiserreich, 1871—1918, in: Politische Ideologien und nationalstaatliche Ordnung, Festschrift für Theodor Schieder, hg. v. K. Knixen und W. J. Mommsen, München 1968, S. 297—316.