Վեգա ծրագիր (ռուս.՝ Вега) խորհրդային ավտոմատ միջմոլորակային կայանների զույգ, որոնք իրականացրել են Վեներա մոլորակի և Հալեյի գիսաստղի հետազոտություններ։ Ծրագրի շրջանակներում կառուցվեցին երկու նույնական սարքեր՝ Վեգա-1 և Վեգա-2, որոնք 1984-1986 թվականներին հաջողությամբ ավարտեցին իրենց թռիչքային ծրագրերը։ Կայանները արձակվեցին Խորհրդային Միության (տրամադրեց կայանը և կրող հրթիռը) Ավստրիան[1], Բուլղարիան, Ֆրանսիան, Հունգարիան, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը, Լեհաստանը, Չեխոսլովակիան, և Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետությունը համագործակցության ներքո, 1984 թվականի դեկտեմբերին։

Վեգա կայանը ԱՄՆ Ազգային Օդագնացության և Տեզերագնացության Թանգարանում

Առաքելությունները կազմված էին երկու փուլերից՝ Վեներայի հետազոտություններ և Հալեյ գիսաստղի հետազոտություններ անցումային հետագծից։ Մասնավորապես, առաջին անգամ ուսումնասիրվեց Վեներայի մթնոլորտը օդապարիկների միջոցով։ Սա առաջին այսպիսի փորձն էր այլմոլորակային ավիագնացության պատմության մեջ։

Կայանները հիմնված էին Վեներա ծրագրի սարքավորման վրա, ավելի ուշ առաքելություններին ավելացվեց Հալեյի գիսաստղի ուսումնասիրությունները, այսպիսով առաքելությունը անվանվեց Վեգա՝ Վեներա և Հալլեյ անվանումներից (համապատասխանաբար՝ Венера և Галлей, ռուսերեն «Վեներա» և «Հալեյ» բառերը)։

Երկու կայանները արձակվել են համապատասխանաբար 1984 թվականի դեկտեմբերի 15-ին և 21-ին։

Վեգա կայան խմբագրել

Վեգա-1-ը և Վեգա-2-ը նույնական քույր կայաններ էին։ Կայանը ավելի վաղ արձակված Վեներա ծրագրի կայանների զարգացումն էր։ Կայանները նախագծվել են Բաբակինի տիեզերական կենտրոնի կողմից և կառուցվել են որպես 5ՎԿ Լավոչկինի ԳԱՄ-ում։ Կայանը սնուցվում էր երկու մեծ արևային մարտկոցներով, իսկ գիտական գործիքները ներառում էին ալեհավաք, տեսախցիկներ, սպեկտրոմետր, մագնիսաչափեր, պլազմային զոնդեր և այլն։

Կայանի զանգվածը կազմում էր 4,920 կգ, դրանք արձակվել են Պրոտոն կրող հրթիռներով Բայկոնուր տիեզերակայանից։ կայանների վրա տեղադրված էր հատուկ վահան գիսաստղի փոշուց պաշտպանելու համար։

Գիտական գործիքներ խմբագրել

  • Լուսանկարման համակարգ
  • Ինֆրակարմիր սպեկտրոմետր
  • Ուլտրամանուշակագույն, տեսանելի, ինֆրակարմիր սպեկտրների սպեկտրոմետրներ
  • Վահանի ներթափանցման դետեկտոր
  • Փոշու դետեկտորներ
  • Փոշու զանգվածային սպեկտրոմետր
  • Չեզոք գազային զանգվածի սպեկտրոմետր
  • Պլազմային էներգիայի անալիզատոր
  • Էներգետիկ մասնիկների անալիզատոր
  • Մագնիսաչափ
  • Ալիքների և պլազմայի անալիզատորներ

Վեներա առաքելություն խմբագրել

 
Վեգայի իջեցվող սարքերի վայրէջքի վայրերը. Կարմիր կետերը նշանակում են մակերևույթից լուսանկարների ուղարկման վայրեր, իսկ սև կետերը՝ մակերեսի նմուշի վերլուծության վայրեր: Քարտեզը հիմնված է Պիոներ Վենուս Օրբիտեր-ի, Մագելան-ի և Վեներա-15/16-ի քարտեզագրման վրա:

Վեգա-1-ը Վեներա է ժամանել 1985 թվականի հունիսի 11-ին, իսկ Վեգա 2-ը՝ 1985 թվականի հունիսի 15-ին, կայաններից յուրաքանչյուրը արձակել է 1500 կգ, 240 սմ տրամագծով գնդաձև իջեցվող սարք։ Սարքերը արձակվեցին Վեներա հասնելուց մի քանի օր առաջ և մտան մթնոլորտ՝ առանց ակտիվ հետագծի փոփոխությունների։ Նրանցից յուրաքանչյուրը պարունակում էր իջեցվող սարք և օդապարիկ։

Իջեցվող սարք խմբագրել

 
Վեգա կայանը Վեներայի վրա, նկարչի տպավորություն

Իջեցվող սարքերը նույնական էին նախորդ հինգ Վեներա առաքելություններին և պետք է ուսումնասիրեին մթնոլորտն ու մակերեսը։ Յուրաքանչյուրն ուներ ջերմաստիճանը և ճնշումը չափելու գործիքներ, ուլտրամանուշակագույն սպեկտրոմետր, ջրի կոնցենտրացիայի չափիչ, գազաֆազային քրոմատոգրաֆ, ռենտգենյան սպեկտրաչափ, զանգվածային սպեկտրոմետր և մակերեսի նմուշառման սարք։

Վեգա-1-ի Իջեցվող սարքը մակերևութին իրականացվելիք փորձերը սխալմամբ ակտիվացրել է մակերևույթից 20 կմ բարձրության վրա, առանձնահատուկ ուժեղ քամու ցնցման հետևանքով, և այդպիսով արդյունք չեն տվել։ Այն վայրէջք է կատարել հյուսիսային 7,5°, արևելյան 177,7°-ի վրա։

Վեգա-2-ի Իջեցվող սարքը վայրէջք է կատարել 1985 թվականի հունիսի 15-ին ժամը 03:00:50-ին UT 8,5° հարավ, 164,5° արևելյան, Ափրոդիտե Տերրայի արևելյան մասում։ Հպման վայրի բարձրությունը մոլորակի միջին շառավղից 0,1 կմ էր։ Չափված ճնշումը վայրէջքի վայրում եղել է 91 մթնոլորտ, իսկ ջերմաստիճանը՝ 463 °C: Մակերեւույթի նմուշում հայտնաբերվել են անորթոզիտ-տրոկտոլիտ [[մագմատիկ ապար]ներ]։ Իջեցվող սարքը մակերեսից տվյալներ է փոխանցել 56 րոպե։

Օդապարիկ խմբագրել

 
Վեգա կայանի օդապարիկը ցուցադրվում է Սմիթսոնյան ինստիտուտի Ուդվար-Հազի կենտրոնում: Լուսանկարը՝ Ջեֆրի Ա. Լենդիսի:

Երկու օդապարիկ զոնդերը նախագծված էին մակերևույթից 54 կմ վրա թռչելու համար՝ Վեներայի ամպային համակարգի ամենաակտիվ շերտում։ Զոնդը հագեցած էր բավականաչափ մարտկոցի հզորությամբ 60 ժամ աշխատելու համար և չափում էր ջերմաստիճանը, ճնշումը, քամու արագությունը և մթնոլորտի խտությունը։ Փուչիկները ծածկված էին պոլիքառաֆտորէթիլենով, որպեսզի դիմակայեն քայքայիչ մթնոլորտի ազդեցությանը։ Վեգա-1-ի և Վեգա-2-ի օդապարիկները գործել են ավելի քան 46 ժամ[2]։

Փուչիկները գնդաձև էին 3,54 մ տրամագծով, լցված հելիումով։ 6,9 կգ քաշով և 1,3 մ երկարությամբ գոնդոլը միացված էր օդապարիկին 13 մ երկարությամբ լարով։ Ամբողջ զոնդի ընդհանուր զանգվածը 21 կգ էր։

Գոնդոլի վերին հատվածը ծածկված էր կոնաձև ալեհավաքով, որի բարձրությունը 37 սմ էր և հիմքը 13 սմ։ Ալեհավաքի տակ դրված էր մոդուլ, որը պարունակում էր ռադիոհաղորդիչ և համակարգի կառավարման էլեկտրոնիկան։ Գոնդոլների ստորին հատվածը կրում էր գործիքի օգտակար բեռը և մարտկոցները։

Օդապարիկները արտաներվել են իջեցվող սարքերից մոլորակի մութ մակերևույթի վրա 55 կմ բարձրության վրա, ապա նրանք ընկել ենմ մինչև 50 կմ, մինչ նրանց փուչիկները լցվում էին։ Լցվելուց հետո զոնդերը բարձրացան մինչև 54 կմ և կայունացան[3]։ Այս բարձրության վրա Վեներայի ճնշման և ջերմաստիճանի պայմանները նման են Երկրի պայմաններին 5,5 կմ բարձրության վրա[3]։

Օդապարիկները արագ շարժվեցին մոլորակի գիշերային կողմով դեպի ցերեկային կողմը, որտեղ նրանց մարտկոցները վերջապես դադարեցին գործել, և զոնդերի հետ կապը դադարեց։ Արդյունքներով պարզվել, որ օդապարիկների շարժումը ներառում էր անսպասելի ուղղահայաց բաղադրիչ, որը բացահայտում էր մոլորակի մթնոլորտում օդային զանգվածների ուղղահայաց շարժումները, որոնք չեն հայտնաբերվել ավելի վաղ առաքելությունների կողմից։

Հալեյի առաքելություն խմբագրել

Վեներայի մոտով անցումից հետո կայանների հիմնական մոդուլները վերահղվեցին դեպի Հալեյ գիսաստղը, օգտագործելով Վեներայի ձգողականությունը՝ իրենց հետագիծը փոխելու համար։

Վեգա 1-ն իր ամենամոտ մոտեցումը գիսաստղին կատարեց 1986 թվականի մարտի 6-ին՝ գիսաստղի միջուկից մոտ 8890 կմ հեռավորության վրա, իսկ Վեգա 2-ը մոտեցավ մարտի 9-ին՝ 8030 կմ հեռավորության վրա։ Գիսաստղի տվյալների ինտենսիվ հետազոտությունն ընդգրկեց մոտեցման ընդամենը երեք ժամ։ Դրանք նախատեսված էին գիսաստղի միջուկի ֆիզիկական պարամետրերը չափելու համար՝ չափերը, ձևը, ջերմաստիճանը և մակերեսային հատկությունները, ինչպես նաև ուսումնասիրելու վարսի կառուցվածքն ու դինամիկան, միջուկին մոտ գազի բաղադրությունը, փոշու մասնիկների կազմը և զանգվածի բաշխումը, և գիսաստղ-արևային քամի փոխազդեցությունը։

Ընդհանուր առմամբ Վեգա-1-ը և Վեգա-2-ը վերադարձրել են Հալլի գիսաստղի մոտ 1500 լուսանկարներ։ կայանների հետ կապն ընդհատվեց Հալեյի մոտով անցումից մի քանի շաբաթ անց։ Կայանները ներկայումս գտնվում են հելիոկենտրոն ուղեծրերում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Besser, Bruno Philipp; European Space Agency (2004). Austria's history in space. Noordwijk, the Netherlands: ESA Publications Division. ISBN 92-9092-545-0. OCLC 56103655.
  2. Preston; և այլք: (1986). «Determination of Venus Winds by Ground-Based Radio Tracking of the VEGA Balloons». Science. 231 (4744): 1414–1416. Bibcode:1986Sci...231.1414P. doi:10.1126/science.231.4744.1414. PMID 17748082. S2CID 29444555.
  3. 3,0 3,1 Jay Gallentine (2016). «The First Flight on Another Planet (from Infinity Beckoned. Air & Space Smithsonian. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել