Վասպուրականի տարազ, հայկական ազգային տարազի բաղկացուցիչ մասերից է, որն աշխարհագրական առումով ընդգրկում է Շատախը, Վանա լճի շրջակայքը, Մանազկերտը, Սասունը։ Այս տարազախմբում իշխող գույնը կարմիրն է։ Վասպուրականի տարազը հայկական բոլոր նահանգների տարազային համալիրներիի մեջ թերևս ձեռարվեստով ամենահարուստ տեսակներից մեկն է։ Այստեղ ասեղնագործված են ոչ միայն կանացի այլև տղամարդկանց հագուստները։ Վասպուրականի հանդերձի ոչ միայն գոգնոց-մեզարներն են առատորեն պատված կարպետանախշ ասեղնագործությամբ, այլև զգեստի փեշերը ու հատկապես թևքերի եզրերը։

Պատմություն խմբագրել

 
Գավաշի հայկական տարազ

Մեծ Եղեռնի և հետագա տարիներին հայ ժողովրդին վիճակված փորձությունների հետևանքով ոչնչացան հայ մշակույթի համար բացառիկ արժեք ունեցող անթիվ մասունքներ, այդ թվում՝ հայկական տարազի բազմատեսակ նմուշներ։ Օսմանյան Թուրքիայի բարբարոսութան հետևանքով Արևմտյան Հայաստանի բոլոր նահանգներից տեղահանված ու գաղթած հայության կենտրոնը դարձավ Սուրբ Էջմիածինը։ Հենց այստեղ էլ հայ մեծանուն նկարիչներ Վարդգես Սուրենյանցը, Արշակ Ֆեթվաճյանը և Սարգիս Խաչատրյանը, ովքեր շրջում և օգնում էին թշվառ գաղթականությանը, ձեռնամուխ եղան նաև նրանց պատկերմանը։ Այս կերպ պահպանվեցին արևմտահայ տարբեր գավառները ներկայացնող տարազային համալիրները, որոնք հետագայում խթան հանդիսացան տարազի պատմության ուսումնասիրման համար[1]։

Վասպուրականի և հարակից շրջանների տարազների մեջ սերնդե սերունդ պահպանվել են ազգային գույներն ու ձևերը։ Վան-վասպուրականը որպես ասեղնագործության կենտրոն առանձնանում էր զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով։

Վանա լճի ավազանի գավառներում նկատվում էր կանացի զգեստենրի երկու համալիր։ Առաջինը ավանդականն էր, որի տարատեսակները տարածված էին Տուրուբերանի, Աղձնիքի և Փոքր Հայքի որոշ գավառներում։ Սակայն 1915 թվականի կոտորածների հետևանքով վերացան։ Վասպուրականի կանացի տարազի երկրորդ համալիրը, որն առաջինի կատարելագործումն էր, մշակվել էր 19-րդ դարի վերջերին Վան քաղաքում։ Այս համալիրը նույնպես վերացավ 1920-ական թվականների վերջերին։

 
Շատախի հայկական տարազ

Կանացի զգեստներ խմբագրել

Կանանց տարազի մեջ իշխող ձևը երկար շրջազգեստներն էին` գոգնոցի զուգակցությամբ։ Բնորոշը բոլոր շրջազգեստների քղանցքների շրջագծերը ցուցադրելու սովորությունն էր։ Յուրաքանչյուր զգեստ ներքևից վերև մեկը մյուսից 5-6 սմ բարձր էր. երևում էին կարմիր ոտաշորի ծայրերը, սրա վրա հագնվող շապիկի զարդարուն փեշերը, վերջինիս վրա հագնվող պճղնավոր զբուն և կոլոտիկ – բաճկոնը։ Տոն օրերին կայանք հագնում էին 2-5 զբուն, որոնց տարբեր գույները պետք է երևային։ Կար նաև հագնելու մի այլ ձև, որ վերջին շրջազգեստը ծածկում էր տակի զգեստները` բացառությամբ շապկի քղանցքի։ Բոլոր շրջազգեստները կրծքաբաց էին. լանջը ծածկվում էր ասեղնագործված կրծքակալով։ Կոլոտիկ – բաճկոնի վրա փաթաթվում էր 2 – 4 մ երկարությամբ կարմիր կտավից մեջկապը[2]։ Մանուսա գծավոր կտորից կարված երկարաթև բաճկոնակի վրայից հագնում էին նուրբ շալ կարմիր կտորից կարված զպուն - վերնազգեստը։ Նույն կտորից էր նաև փեշը, որը երկար էր և երևում էր վերնազգեստի տակից։ Գոտին գծավոր բուրդ կտորից էր և ունենում էր շուրջ 4 մետր երկարություն։ Այն փաթաթում էին մեջքին։ Նրա ծայրերից կախվում էին փնջիկներ։ Գոգնոցը բացառիկ էր իր տեսակի մեջ, պատրաստվում էր բրդե թելերից և զարդարվում կոճակներով՝ օրոճկներով (խխունջներ) կարմիր մարջաններով, կապույտ աչքի հուլունքներով և փնջերով[3]։

Գուլպան և ոտնամանը հայոց տարազի անբաժան մասն էր կազմում։ Կին թե տղամարդ հագնում էին կաշվե սրածայր ոտնաման՝ տրեխ։ Տարազի կարևոր բաղադրիչ էր նաև զարդը։

Կանանց և աղջիկների գլխի հարդարանքը տարբերվում էր։ Աղջիկների ֆեսանման գլխակները զարդարված էին բազմաթիվ զարդերով։ Պարանոցը, կուրծքը և բազուկները զարդարված էին մի քանի շարք արծաթե վզնոցներով և ապարանջաններով։ Կանանց գլխի հարդարանքը հետևյալն է. երկու՝ իրարից անջատ գլաններ և 3-5 գլխաշոր[2]։

 
Թիմարի (Վասպուրական) հայկական գյուղական տարազ։

Տղամարդկանց զգեստներ խմբագրել

Արևմտահայ տղամարդու տարազը տարբերվում է արևելահայ տղամարդու տարազից։ վերջինիս վրա առավել ազդեցություն է թողել կովկասյան տարազային ոճը։ Վասպուրականի տղամարդու տարազը կազմված էր ասեղնագործ տարրերով տաբատից, կարճ անթև զգեստից, վերնաշապիկից, կարճ վերնազգեստից։ Շապիկի թևքերը հարդարված էին ասեղնագործություններով։ Մեջքին կապվում էր բրդյա գոտի ու դնում սպիտակ, կոնի ձևով գլխարկներ։

Անդրավարտիքը կարվում էր հատուկ գործված զոլավոր, սպիտակ կամ սև շալից։ Կարճ իշլիկի և անդրավարտիկի վրայից կապվում էր գոտին։ Մինչև գոտկատեղ հասնող մեծ մասամբ կիսաթև բաճկոնը, որը «արա» էր կոչվում, պատրաստվում էր այծի մազից։ Հագնում էին նաև մահուդե բաճկոն, որը զարդարված էր գեղեցիկ ասեղնագործությամբ։ Գդակը կոնի ձև ուներ, 15-20 սմ բարձրությամբ քոլոզն էր, որին փուշի էին փաթաթում։ Տաք եղանակներին քոլոզին փոխարինում էր գլանաձև, 15-20 սմ երկարությամբ արախճիմը, որը գործվում էր գույնզգույն բրդաթելերից կամ կարվում կտավից ու ասեղնագործվում։ Վասպուրականի տղամարդու տարազի թևերը` թևքի բերանից ասեղնագործվում էին և ունեին բազմաթիվ փնջեր (ջալահիկներ)։ Այդպիսի տարազը հագնում էին տոն օրերին։ Ոտքերին հագնում էին գույնզգույն նախշերով գուլպաները, տրեխները և սոլերը։

Վասպուրականում, տղամարդկանց ոտնամաններից տարածված էր տրեխը, սոլերը և տրեխի մի տեսակը` վուշի և այծի մազը խառնած թելով գործած ոտնամանը, որը կոչվում էր խորունկ։ Այս ոտնամանը շատ դիմացկուն էր լեռնային վայրերի համար։ Դրանից հագնում էին նաև Մուշում, Մոկսում, Բաղեշում և Սասունում[4]։

Պատանիները գլխին կրում էին ասեղնագործ արախչի (գլխարկ) նեղ ու լայնակի գծանախշերով[5]։ Ուսերն ի վար ձգվում էին ձեռագործ թեզանիք-ջալահիկները, որոնցից կախված էին երկար փնջազարդ ծոպեր։ Տաբատը երիզված էր երկրաչափական զարդատարրերով։ Նախշազարդ գործվածքի (շալի) արտադրությունը տարածված էր հատկապես Շատախում, որտեղից և վաճառքի էր հանվում հարևան գավառներ։ Աղձնիքում տարածված էր նաև, այսպես կոչված, մատանի շալվարը, որը զարդարված էր ասեղնագործությամբ։ Այսօրինակ ասեղնագործ տաբատի և թեզանիքների կիրառությունը լայն տարածում ուներ թե Աղձնիքում, թե Տուրուբերանում[5]։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Նազիկ Ավագյան Հայկական ժողովրդական տարազը. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, 1983.
  • Առաքել Պատրիկ Հայկական տարազ. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1967.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ՏԱՐԱԶԸ ՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԳՈՐԾԵՐՈՒՄ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 «Հայ կնոջ տարազ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին.
  3. «Մոքսի կնոջ տարազ (Վասպուրական)». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 3-ին.
  4. «Հայ տղամարդու տարազ». OST АРМЕНИЯ. 2010 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
  5. 5,0 5,1 Ավագյան, Նազիկ. Հայկական ժողովրդական տարազը. Երևան. էջ 59.