Արևմտահայ կնոջ տարազ, Արևմտյան Հայաստանի կանանց բնորոշ հագուստ[1]։

Ղարսեցի հայուհիների ամառային տարազ խմբագրել

Ղարսեցի կնոջ գլխին դրվում է ավանդական վարդը՝ ոսկե ճակտնոցով, մարգարիտե գեղեցիկ քունքազարդերով։ Վրայից գցվում է նուրբ քողը։ Վերնազգեստը՝ ջուպպան կարված է ծաղկավոր կտորից, ունի երկար թևքեր։ Ոսկեթել ասեղնագործած թավշե գոգնոցը մուգ կարմիր է։ Մեջքին կապվում է մետաքսե թելերով կարված, զանազան նախշերով և փնջերով զարդարված գոտի, որի երկարությունը մոտավորապես երեք մետր է։

Ղարսեցի հայուհիների ավանդական տարազ խմբագրել

Տարազի մասը կազմող շրջազգեստը կարված է մետաքսե կտորից, բաճկոնակը՝ մուգ կարմիր թավշյա կտորից՝ ասեղնագործած շլացուցիչ ոսկեթելով։ Կնոջ գլխին դրվում է թավշյա Կարնո վարդը, ճակտնոցը պարուրված է ոսկե դրամներով և ծաղիկներով։ Մարգարիտե քունքազարդերից նույնպես կախված են ոսկե դրամներ։ Գլխին դրված Վարդի վրա գցված է ժանեկազարդ քող՝ երկու մետր երկարությամբ։

Շատախցի կնոջ ավանդական տարազ խմբագրել

Կինը գլխին կրում է կարմիր ֆեսով կեղծամ՝ արծաթե դրամների շղթաներով։ Ֆեսի եզրերի կապույտ հուլունքներն ունեին չարը խափանելու հատկություն։ Հագնում էին կարմիր կտորից կարված շապիկ և ծաղկավոր վերնազգեստ՝ երկար թևքերով։ Գոտին կարվում է եռագույն գծավոր կտորից, ունի գեղեցիկ ծոպեր և փոքրիկ փնջիկներ։ Ոտքերին կրում է կունդուրա կոշիկներ։

Շատախցի աղջկա տարազ խմբագրել

Աղջիկը գլխին ունի կարմիր թասակ՝ զարդարված արծաթե դրամներով։ Կարմիր կտորից կարված շապիկը, շերտավոր կտորից կարված վերնազգեստը կազմում են տարազի հիմնական մասը։ Արծաթե դրամներով վզնոցը զարդարված է աչքի կապույտ հուլունքներով։ Ոտքերին կապված են հուլունքներով ապարանջաններ։

Շատախցի կնոջ ամենօրյա զգեստ խմբագրել

Կանայք կրում են կարմիր կտորե կոտ՝ զարդարված գույնզգույն հուլունքներով։ Գլխին ունեն բամբակե սպիտակ գլխաշոր։ Վերնազգեստ-բաճկոնակը կարվում է չիթ կտորից, իսկ զգեստ-ջուպպայը կապույտ է։ Մեջքին փաթաթում են բրդյա երկար գոտի։ Գոգնոցը զարդարված է գունավոր թելերից խաչկարերով և երկրաչափական զարդանախշերով։

Շատախցի աղջկա ամենօրյա զգեստ խմբագրել

Աղջկա գլխին դրվում է մեծ փնջիկներով բրդյա կեղծամ։ Կարմիր ֆեսի վրա ամրացված են քունքազարդն ու դրամների շարքը։ Շապիկը կարմիր է՝ կարված բրդյա կտորից։ Շապիկի վրայից հագնում են երկար թևքերով, երեքփեշանի վերնազգեստ՝ աստառապատված բամբակյա կտորով։ Բրդյա գուլպաների վրայից հագնում են կոնդուրաներ։

Վասպուրականի Թիմար գյուղի կնոջ տարազ խմբագրել

Վասպուրականցի կինը գլխին կրում է կարմիր մետաքսե կտորով պատված, բազմագույն հուլունքներով զարդարված փայտե կոնաձև կոտ։ Կոտի վրայից գցում են քողը՝ մեջքի վրա թափված մազերը ծածկելու համար։ Վերնազգեստը կարված է կարմիր գույնի նուրբ բրդյա կտորից և կողքերից ունի ճեղքեր։ Ճեղքերը, լայն թևերը, փեշի բերանը ասեղնագործած են կարպետանախշերով։ Վերնազգեստի կրծկալի եզրին ամրացված է արծաթե թռչնազարդ։ Մեջքին փաթաթված գոտին ունի մոտ չորս մետր երկարություն և կարված է մետաքսե գծավոր կտորից։ Գուլպաները գործված են մետաքսե թելերով։

Վասպուրականցի կնոջ ամենօրյա զգեստ խմբագրել

Բրդյա թելերով ասեղնագործած գլխարկի վրայից գցում են քողը։ Վեերնազգեստը կարված է գծավոր չթից և կրծքի մասում լայն բացվածք ունի։ Կրծկալն ու գոտին կարված են մուգ կապույտ բամբակե կտորից։ Գոտին զարդարված է կապույտ հուլունքներով և սպիտակ կոճակներով։ Գոգնոցը խոշոր հյուսվածքով բրդյա կտորից է, ողջ մակերեսը ասեղնագործած է խաչկար երկրաչափական մոտիվներով։ Փեշը կարված է կարմիր չթից։

Մոքսի կնոջ տարազ խմբագրել

Կինը գլխին դնում է կարմիր մետաքսե կտորով երեսպատված փայտե կոտ։ Բաճկոնակի վրայյից, որը կարված է մանուսա գծավոր կտորից, հագնում են շալ կարմիր կտորից գործված զպուն-վերնազգեստը։ Վերնազգեստի տակից երևում է նույն կտորից կարված երկար փեշը։ Գծավոր բուրդ կտորից գոտին ունի շուրջ չորս մետր երկարություն և դրանից են կախված փնջիկները։ Գոգնոցը շատ շքեղ է և յուրահատուկ։ Այն պատրաստված է բրդե թելերից և զարդարված է կոճակներով, կարմիր մարջաններով, փնջերով և աչքի կապույտ հուլունքներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայկական տարազների մասին հավաստի տեղեկություններ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.

Աղբյուրներ խմբագրել