Վազգեն (խմբապետ)
Տիգրան Տերոյան (1873, Վան - 1898, Կուռուբաշ, Արտամետ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն, առավել հայտնի Վազգեն մականվամբ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, խմբապետ, հայդուկապետ, բանաստեղծ, Հայ հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։
Վազգեն | |
---|---|
Ծնվել է | 1873 |
Ծննդավայր | Օսմանյան կայսրություն, Վան քաղաք |
Մահացել է | 1898 թվականի հունվարի 2 |
Մահվան վայր | Օսմանյան կայսրություն, Վանի նահանգ, Կուռուբաշ գյուղ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնյա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն |
Կենսագրություն
խմբագրելՍկզբնապես անդամագրվել է Արմենական կուսակցությանը, ապա ՀՅԴ-ը։ Քույր Զարուհին (Ժենյա) և կրտսեր եղբայրը Վարազդատը (Վազրիկ) նմանապես եղել են ՀՅԴ անդամներ և ակտիվորեն օժանդակել Վան-Վասպուրականում հայ ազատագրական շարժմանը։
ՀՅԴ կուսակցության անդամ։ Սովորել է Վանի Հայկազյան կենտրոնական վարժարանում։ 1893 թվականին ազատագրական գործունեության համար ձերբակալվել է։ Բանտից ազատվելուց հետո՝ 1895 թվականին անցել է Սալմաստ։ Այնտեղից Նիկոլ Դումանի 60-հոգանոց խմբի հետ, ճանապարհին կռիվներ մղելով, անցել է Վան։ Նրա ջոկատում է գործել Անդրանիկը (Օզանյան)։ 1896 թվականի հունիսին Վազգենը մասնակցել է Վանի ինքնապաշտպանությանը։ Դեմ է եղել Խանասորի արշավանքին (1897 թ. հուլիսի 25)։ Գուրգենի խմբում կռվել է Սպահան լճի մոտ։ Խուսափել է մասնակի և վաղաժամ ընդհարումներից, ձգտել գաղտնորեն զինելով ժողովրդին՝ նախապատրաստել ընդհանուր ապստամբության։ Կազմել է ընդհանուր ապստամբության առաջին հրահանգը։ Կողմ է եղել հայ-ասորական մարտական զինակցությանը։
Զոհվել է 1898 թվականի հունվարի 2-ին Վանից ոչ հեռու գտնվող Կուռուբաշ գյուղի ջրաղացում, երբ թուրքերը պաշարել էին նրան և իր զինակից ընկեր Շատախցի Միքոյին (Արշակ Չալկադրյան)։
Հիշատակ
խմբագրել1906 թվականին Ժնևում լույս է տեսնում Անդրանիկ Օզանյանի «Մարտական հարահանգներ»-ը, որը նշանավոր հայդուկը ի թիվս մյուս ֆիդայիների, նվիրում է նաև Վազգենի հիշատակին։ 1943 թվականին Աթենքում վարդապետ ձեռնադրվելիս Կարապետ Լևոն Պալճյանը, որը հետագայում հայտնի է դառնում որպես Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոս, ընդունում է Վազգենի անունը։ Վասպուրականի հետ կապված անձինք յուրօրինակ կերպով պահպանել են հայդուկի հիշատակը՝ իրենց զավակներին կոչելով Վազգենի անունով։
Գրականություն
խմբագրել- «Վազգէնի երգարան», Բոստոն, 1901։
- Խանասորի Վարդան, Յիշատակարան, Փարիզ, 1928, 2-րդ հրտ., Պէյրութ, 1990, 3-րդ հրտ., Երևան, 1992։
- Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, Բ. հատ., Թեհրան, 1982։
- Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 426։
- Ռուբէն Սահակեան, Վազգէն (Տիգրան Տէրոյեան). Նահատակութեան 100 ամեակի առթիւ, Դրօշակ, 26 մարտ - 8 ապրիլ, Երևան, 1998, էջ 22-27։
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 2, Երևան, 2007, էջ 514։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |