Սպենդիարյան փողոց (Յալթա)

փողոց Յալթայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սպենդիարյան փողոց (այլ կիրառումներ)

Սպենդիարյան փողոց (ռուս.՝ Улица Спендиарова), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի (1871-1928) պատվին։ Սկիզբ է առնում Կիևյան փողոցից և ավարտվում Յուժնոբերեժնոյե խճուղու հետ հատումով։ Երկարությունը 660 մետր է։

Սպենդիարյան փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Երկարություն660 մետր
Անվանվել էԱլեքսանդր Սպենդիարյան
Փոստային ինդեքս298612

Նկարագրություն խմբագրել

Յալթա քաղաքի Սպենդիարյան փողոցը սկսվում է Կիևյան փողոցից, հատում Հաղթանակի փողոցը, Կրիվոշտայի փողոցը և ավարտվում Յուժնոբերեժնոյե խճուղու և Դմիտրի Ուլյանովի փողոցի հանգույցում։ Փողոցի զգալի մասը Բիստրայա գետի հունին զուգահեռ է։ Փողոցում կա համարակալված 15 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 6 շենք, աջ կողմում (գույգ համարներ)՝ 9։ Երկարությունը 660 մետր է։

Սպենդիարյան փողոցի փոստային դասիչն է՝ 298612։

Փողոցն անվանվել է հայ մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի (1871-1928) պատվին։ Կյանքի 15 տարիները նա բնակվել է Յալթայում։ 1901 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանը տեղափոխվել է Յալթա՝ ամուսնանալով վաղամեռիկ եղբոր՝ Լեոնիդ Սպենդիարյանի կնոջ՝ Վարվառա Մազիրովայի հետ։ Կոմպոզիտորի հայրը որդու ընտանիքին է նվիրել առանձնատուն, որը նախկինում Սերբիայի Նատալյա թագուհու ամառային նստավայրն էր։ Սպենդիարյանների տունը շուտով դարձել է Յալթայի մշակութային կենտրոնը։ Այստեղ շատ հաճախ էին կազմակերպվում համերգներ, երեկույթներ, որոնց ներկա էին լինում Մաքսիմ Գորկին, Անտոն Չեխովը, Ալեքսանդր Գլազունովը, Անտոն Արենսկին, Ֆեոդոր Շալյապինը, Սերգեյ Ռախմանինովը, Իլյա Ռեպինը։ Յալթայում կոմպոզիտորը ծավալել է ակտիվ հասարակական, մշակութային, խմբավարական ու ստեղծագործական գործունեություն. հիմնել է երաժշտական դպրոցներ, սիրողական երգչախումբ, կազմակերպել համերգներ, գլխավորել Յալթայի Հայկական բարեգործական ընկերությունը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Ալեքսանդր Սպենդիարյան. Ղրիմյան շրջան, Յալթա». Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան. Վերցված է 2019 Ապրիլ 16-ին.

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել