«Իշխան (տիտղոս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Իշխան''', ավանդական տոհմական ժառանգական տիտղոս, որը փոխանցվում է սերնդե սերունդ նույն տոհմի անդա...»:
(Տարբերություն չկա)

10:30, 28 Հունիսի 2014-ի տարբերակ

Իշխան, ավանդական տոհմական ժառանգական տիտղոս, որը փոխանցվում է սերնդե սերունդ նույն տոհմի անդամների մեիջև: Իշխանի կինը կրում է «իշխանուհի», իսկ չամուսնացած որդին և դուստրը համապատասխանաբար՝ «իշխանազն» և «իշխանադուստր» տիտղոսները: Այլ տոհմական տիտղոսների պես, իշխան տիտղոսը շնորհում (կամ՝ բնածին տոհմերի պարագայում ճանաչում) են միապետները (կայսրներ, արքաներ կամ թագավորներ), կամ էլ վերջիններիս կողմից տիտղոսադրման իրավունք ստացած բարձրաստիճան անձիք:

Ծագումը

Գիտկանանների մեծ մասը համամիտ են առ այն, որ հայկական իշխան տիտղոսը ունի հին արիական (հնդևրոպական) ծացում և համապատասխանում է արիական xshatriya տիտղիսին, որը հնում նշանակել է ռազմիկ, ռազմական առաջնորդ[1]:

Եվրոպա

Կենտրոնացված պետության առաջացմամբ իշխանները ընդգրկվել են նրա մեջ` կազմելով արտոնյալ, ժառանգական ավագանին` տիտղոսավորված ազնվականությունը։ Եվրոպայում հայկական իշխանին համապատասխանում են պրինց, լորդ, ժուպան և այլ համարժեք տիտղոսները:

Մեծ Հայք

Մեծ Հայքում իշխաները առաջանում էին երկու եղանակով: Նախ, իշխան էին դառնում հնագույն հայկական ցեղախմբերի առաջնորդները (բնական իշխաններ): Նրանց մեծ մասը իրենց ծագումնաբանությունը համարում էին Հայկ Նահապետի սերունդներից: Այդպիսիք էին Հայկազնունի, Խորխոռունի, Մանավազյան, Բզնունի, Սլկունի, Վահևունի, Ռշտունի, Զարեհավանյան, Բագրատունի, Արծրունի, Առանշահիկ և այլ տոհմերը: Ըստ Մովսես Խորենացու վկայության, վերոհիշյալ բնական իշխանական տոհմերին առաջին անգամ գրանցեց արքայական Գահնամակում Վաղարշակ Արշակունի արքան:

Առաջացման երկրորդ եղանակը տիտղոսադրումն է, ըստ որի ռազմական կամ այլ պետական բնագավառներում մեծագույն ծառայություններ մատուցած բազմավաստակ անձիք ստանում են իշխանի տիտղոսը հայոց արքայից կամ թագավորից: Օրինակ, այդպիս էին առաջացել Մամիկոնյանների կամ Դիմաքսյանների իշխանական տոհմերը:

Մեծ Հայքում, բոլոր հին իշխանները համարվում էին նախարարներ (ըստ որոշ հետազոտողների մեկնաբանության՝ «նախա» և «արար» իմստով, համապատասխանում է իրանական լեզուներում naharar-ին): Բոլոր հայ իշխանները ունեին իրենց գավառները կամ աշխարհները, որտեղ իրենք համարվում էին «տեր» (հնում օգտագործվում էր բացառապես իշխանի իմաստով): Օրինակ, Տուրուբերանի Բզնունիք գավառը ժառանգաբար պատկանում էր Բզնունի իշխանական-նախարարական տոհմին: Իսկ Սյունիք աշխարհը ամբողջությամբ պատկանում էր Սյունի իշխանական-նախարարական տոհմին: Իշխանական ոստանում գտնվում էր իշխանանիստ բերդը կամ դղյակը: Տարբեր դարերում, Բզնունիների իշխանանիստ ավաներն էին Խլաթը և Դատվանը, իսկ Սյունիներինը՝ Շաղատը, Երնջակը և Կապանը:

Բացի այդ, հայ իշխան-նախարարներից շատերը ավանդաբար զբաղեցնում էին գործակալություններ Հայոց Արքունիքում. այդ գործակալությունները նույնպես ժառանգաբար փոխանցվում էին տոհմի անդամների միջև: Օրինակ, հայոց քրմապետությունը պատկանում էր Սլկունի իշխանական տոհմին, հայոց սպարապետության գործակալությունը պատկանում էր Մանդակունի տոհմին, իսկ այնուհետև անցավ Մամիկոնյաններին, իսկ որսապետության գործակալությունը Բզնունի տոհմի ժառանգական գործակալությունն էր:

Բոլոր հայ իշխանները ունեին իրենց իշխանական զինված գնդերը, որոնք համարվում էին հայոց բանակի մասը: Պատերազմի ժամանակ, բոլոր հայ իշխանական տները պարտավոր էին ներկայանալ Հայոց Արքայի կողմից սահմանված բանակատեղի՝ ամեն իշխանական տոհմը իր իշխանագնդով: Իշխանական-նախարարական տոհմերի ներկայանալի իշխանական հեծյալ գնդերի քանակությունը սահմանված էր արքունի Զորանամակով: Ռազմական առումով, Մեծ Հայքի ամենահզոր իշխանական տոհմը Սյունիներն էին. նրանք պարտավոր բանակումներին ներկայանում էին 19000-ից ավելին հեծյալ իշխանագնդով: Հատկաշնական է, որ պատերազմի ժամանակ իշխանական տների բոլոր հասուն արու զավակները (բացառությամբ հոգևորականների) պարտավոր էին մասնակցել ռազմական գործողություններին: Իշխաններն ու իշխանազնները միշտ մարտնչում էին հեծյալ:

Հայոց իշխանական դասը իր առաջին ծանրագույն հարվածը կրեց արաբ զավթիչների օրոք: Արաբները՝ հասկանալով որ իրենք երբեք չեն կարողանա լիովին տիրապետել Մեծ Հայքին քանի դեռ գոյություն ունի երկրի իշխանական տետերի խավը, արաբները սկսեցին հատուկ դաժանությամբ պայքարել հայ իշխանների դեմ: 705 թվին Նախիջևանում հաստատված արաբ ոստիկանը խաբեությամբ հրավիրեց իր մոտ հայ իշխաններին՝ իբր թե խաղաղ բանակցության համար. սակայն երբ իշխանները ժամանեցին, նա փակեց նրանց մի մասին Նախիջևանի, իսկ մյուսներին Խրամի եկեղեցիներում և հրկիզեց դրանք: Պատմիչները հիշատակում են այդ արաբների կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը որպես Կրակի Տարի: Չնայած զգալի կորուսների, հայոց իշխանական դասը գոյատևեց և շարունակեց իր պայքարը արաբ զավթիչների դեմ՝ ընդհուպ մինչև Բագրատունի իշխանատոհմի ներկայացուցիչ Աշոտի նախ Իշխանաց-իշխան իսկ հետո Հայոց Արքա հռչակումը:

Միջնադարյան Հայաստան

Միջին դարերում (12-13-րդ դարեր) առաջացան մի շարք նոր իշխանական տոհմեր, որոնք բոլորն էլ սերում էին ավելի հին իշխանատներից: Դրանցից հզորագույնը՝ Զաքարյանները ազատագրված Հայաստանում վարչական բաժանումներ կատարեցին և ավանդական հայկական իշխանությունների օրինակով ստեղծեցին միջնադարյան իշխանություններ՝ Վաչուտյանների, Օրբելյանների, Պռոշյանների, Վահրամյանների, Խաչենի տերերի գլխավորությամբ և դրանց գլուխ նշանակեցին կամ իշխանական հին տոհմերի ներկայացուցիչների, կամ իրենց զորավարների։ Վերջիններս իրենց ենթակա կողմնակալությունում առանձնաշնորհ տարբերակվեցին իրենց տոհմակից և այլ տոհմերի իշխաններից։ Նորանշանակ կողմնակալ-հրամանատարները սկզբում ունեին զինվորական-վարչական պաշտոն, սակայն շատ արագ ստացած պաշտոնն ու կոչումը վերածեցին ժառանգական մենաշնորհի։

Հայ միջնադարյան իշխանությունները կրեցին երկրորդ հարվածը մոնղոլ-թաթարական հորդաներից: Հայ իշխանությունների զգալի մասը (այդ թվում Վահրամյանները, Դոփյանները, Իվանյաները, Խաղբակյան-Պռոշյանները) կործանվեցին. միայն մի քանի իշխանական տներին հաջողվեց պահպանել իրենց իշխանությունները. մասնավորապես Խաչենի Հասան-Ջալալյաններին, Սյունիքի Օրբելյաններին: ՀԱյ իշխանական տոհմերից ոմանք փրկվեցին Վրաց Թագավորությունում և ընդրկվեցին վրաց իշխանական դասի մեջ (այդ թվում Թումանյանները, Ամատունիները, Արղությանները և այլոք):


Նոր դարաշրջան

Թաթար-մոնղոլական նվաճումից հետո պահպանված հայ իշխանական տներից ծագեցին հայոց ուշ միջնադարի և նոր ժամանակների իշխանական տոհմերը, որոնք հայտնի են որպես հայ մելիքություններ: Բուն մելիք բառը սեմական ծագման է և նշանակում է «թագավոր», «տեր»: Իրենց ռազմա-քաղաքական հզորությամբ հատկապես աչքի էին ընկնում Արցախի, Սյուիքի, Գարդմանքի և Գեղարքունիքի մելիքությունները: Նրանք համարվում էին իրենց իշխանությունների (մելիքությունների) տերերը և ենթարկվում էին միայն Պարսկաստանի շահին (նույն սկզբունքով, ինչպես հայոց իշխանները ենթարկվում էին հայոց արքաներին): Միջնադարյան հայոց իշխանների պես, մելիքները ունեին իրենց զինված գնդերը («մելիքաց գունդ»), համարվում էին իրենց գավառների գերագույն կառավարիչները, վարում էին դատը, ոմանք մահապատժի իրավունք ունեին (իրավունք, որը բացառապես միապետներինն է կամ բարձր իշխաններինը): Բացի այդ, հայ իշխան-մելիքները վարում էին հատուկ արտաքին քաղաքականություն, որի վերջնական նպատակն էր անկախ Հայոց Արքայության վերականգնումը՝ Եվրոպական տերությունների կամ Ռուսաստանի օժանդակությամբ: Այդ նպատակով, 1699 թ. Անգեղակոթում և 1714 թ. Գանձասարում հավաքված մելիքական ժողովները նամակագրություն էին հաստատել եվրոպական և ռուսական միապետների հետ:

Հյուսիս-արևելյան Հայաստանի Ռուսաստանի կազմում ընդգրկվելուց հետո, մի շարք հայկական իշխանական տոհմեր ընդգրկեցին կամ առաջացան Ռուսական Կայսրությունում:

Տերմինաբանական խառնաշփոթը

Հայոց պատմության սկզբնաղբյուրներում հաճախ տիրում է տիտղոսների խառնաշփոթ: Նույն հեղինակը նույն պատմական անձին հաճախ ներկայացնում է տարբեր՝ ոչ համարժըք տիտղոսներով, օրինակ՝ իշխան, մեծ իշխան, պարոն, տանուտեր, մեծամեծ, թագավոր: Այս իրավիճակը կենտրոնացված հզոր պետության բացակայության արդյունք է:

Բացի այդ, նորագույն ժամանակներում հայոց լեզվի մեջ կատարվել է նենգափոխություն՝ «իշխան» և «իշխանություն» բառերը նույնացվել են «կառավարիչ» և «կառավարություն» բառերին (ինչը լեզվաբանական և ծագումնաբանական տեսանկյունից սխալ է):


Գրականություն[խմբագրել] Адонц Н. Г. Армения в эпоху Юстиниана. СПб, 1908 (2 изд. Ереван։ Изд-во Ереванского Университета, 1971, 526 с.) (անգլ., 1969, հայ., 1987) Сукиясян А. Г. Общественно-политический строй и право Армении в эпоху раннего феодализма. Ереван, Изд-во Ереванского Университета, 1963, 512 с. Հայկական սովետական հանրագիտարան։ Հ. 4: Երևան, 1978 թ., էջ 375: Գրիգոր Գրիգորյան, Սյունիքը Օրբելյանների օրոք, Երևան, 1981 թ.։ Գարեգին Ա Հովսեփյանց, Խաղբակեանք, մաս ա։ Վաղարշապատ, 1928 թ.: Արտաշես Շահնազարյան, Վահրամյանների իշխանության պատմությունից։ ՀԽՍՀ ԳԱ ,, Լրաբեր,, հաս.գիտությունների հանդես, 1974 թ., թիվ 4: Բագրատ Ուլուբաբյան, Խաչենի իշխանությունը 10-14-րդ դարերում։ Երևան, 1975 թ.:

  1. Տե՛ս [Адонц Н. Г. Армения в эпоху Юстиниана. СПб, 1908 (2 изд. Ереван։ Изд-во Ереванского Университета, 1971, 526 с.) (անգլ., 1969, հայ., 1987)]