Սուրբ Ամենափրկիչ վանք, հայկական առաքելական ավերված վանքային համալիր նախկին հայաբնակ, ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանարեպտության Ջուղայի շրջանի համանուն քաղաքում[1][2][3]։

Սուրբ Ամենափրկիչ վանք
Ամենափրկիչ վանքն արևմուտքից
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանական համալիր
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՋուղայի շրջան
ՏարածաշրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՀասցեՋուղա քաղաք
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ9-րդ դար
Կառուցման ավարտ10-րդ դար
Առաջին հիշատակում9-րդ դար
ՇինանյութԿիսամշակ և մասամբ սրբատաշ քարեր, կրաշաղախով
Քարտեզ
Քարտեզ

Հանդիսացել է ամենահռչակավոր հայկական վանական համալիրներից մեկը[1]։ Այժմ ամբողջովին ավերված է[4]։

Տեղադրություն խմբագրել

Ջուղայի գերեզմանատնից դեպի հյուսիս-արևմտյան կողմում գտնվում է Քամու ձոր կոչվող բավականին խոր ձոր[1][2]։ Գերեզմանատնից այդ ձորով 3 կմ հեռավորության վրա՝ բարձրադիր լեռան լանջին՝ ձորի ծայրին գտնվում էր Սուրբ Ամենափրկիչ վանքը։ Վանքի հարավային մասում՝ Մաղարդայի լեռնաշղթայի ստորոտով հոսում է Արաքս գետը։ Արևելքում՝ վանքի լեռան ստորոտում, Ջուղայի աշխարհահռչակ գերեզմանատունն էր և քաղաքատեղիի ավերակներ։ Հյուսիսից ու արևմուտքից լերկ լեռներ են[1][3]։

Պատմություն խմբագրել

Մեսրոպ Սմբատյանցի ենթադրությամբ Ամենափրկիչը հիմնվել է 1271 թվականին պարոն Վահրամի կողմից[1][5]։ Այնուամենայնիվ վանական համալիրի մասին գրավոր աղբյուրներում 1271 թվականից ավելի հին տեղեկություն կա։ Սուրբ Ամենափրկիչ վանքը հիշատակվում է Խաչիկ կաթողիկոսի՝ 976 թվականին Աշոտ Ողորմած թագավորի կողմից Դարաշամբի Սուրբ Ստեփանոս վանքին կալվածքներ նվիրաբերելու փաստը հաստատող վավերագրերում[1][6]։ Ենթադրվում է, որ վանական համալիրի սկզբնական շինությունը հիմնվել է ոչ ուշ քան 9-ից 10-րդ դարերում[1][2][3]։

Ճարտարապետական կառուցվածք խմբագրել

Սուրբ Ամենափրկիչ վանքային համալիրը կազմված էր փոքր չափսերի եկեղեցուց, գավթից, սեղանատնից, միահարկ և երկհարկ արտադրական ու օժանդակ շինություններից, որոնք շրջապատված էին պարսպով[1]։ Այժմ վանական համալիրն ամբողջությամբ ավերված է[3][4]։

Եկեղեցի խմբագրել

Եկեղեցին գտնվում էր վանքային համալիրի հարավ-արևելյան անկյունում։ Այն ավագ աբսիդով և զույգ ավանդատներով, արևմտյան ճակատի մուտքով կենտրոնագմբեթ կառույց էր։ Կառուցվել է կիսամշակ և մասամբ սրբատաշ քարերով ու կրաշաղախով։ Շինության ներսի մասը սվաղված էր և սպիտակեցված։ Գմբեթը բավականին մեծ էր և կլորավուն։ Այն ծածկված էր կլորավուն վեղարով։ Եկեղեցին չուներ ճարտարապետական հատուկ հարդարանք։ Միայն մուտքի շուրջը և որմերի այլ մասերում տեղադրված էին 16-րդ դարի մի քանի խաչքարեր, որոնց վրա առկա էին արձանագրություններ։ Մուտքն ուներ բավականին լայն բացվածք և 12-ից 13-րդ դարերի հայկական ճարտարապետության մեջ օգտագործված թեթևակիորեն սլաքավոր կամար[1][3]։

Գավիթ խմբագրել

Սուրբ Ամենափրկիչ վանքի եկեղեցու արևմտյան ճակատին կցված էր երկու մույթերի հորինվածքով թաղակապ փոքր գավիթը[1][3]։

Օժանդակ շինություններ խմբագրել

Եկեղեցու հարավային և հյուսիսային որմերին և անմիջապես պարիսպին կից՝ ներսում, գտնվում էին վանական համալիրի բնակելի սենյակները, հացատուն, խոհանոցը, սեղանատունը, սննդամթերքի պահման ամբարը և արտադրական ու օժանդակ այլ շինություններ։ Այդ շինությունների մեծ մասը ունեցել են խաչաձև և թաղակապ ծածկեր[1][3]։

Պարիսպ խմբագրել

Վանական համալիրի բարձր և ամուր պարիսպը քառանկյունի էր։ Մինչև խորհրդային ժամանակաշրջանի կեսերը դեռևս պահպանվել էին 2․5 մետր բարձրությամբ։ Կառուցված է եղել անմշակ և կրաշաղախով։ Միակ մուտքը գտնվում էր հարավային կողմում։ Իր կառուցվածքի ու տեսքի շնորհիվ բերդապարիսպի տպավորություն էր թողնում[1][3]։

Վանքի գերեզմանատուն խմբագրել

Սուրբ Ամենափրկիչ վանքն ուներ իր առանձին գերեզմանատունը, որը գտնվում էր վանական համալիրի հարավային կողմում։ Այնտեղ ամփոփված էին միաբանների և եպիսկոպոսների աճյունները։ Գերեզմանատանը կային 15-ից 16-րդ դարերով թվագրվող և հետաքրքիր զարդաձևեր ու պատկերաքանդակներ ունեցող բազմաթիվ խաչքարեր։ Եղել են նաև մատուռ-դամբարաններ[1][3]։

Վանքի աղբյուր խմբագրել

Գերեզմանատնից արևմուտք գտնվելիս է եղել երբեմնի արագահոս աղբյուր, որը շրջապատող սաղարթախիտ ծառերին ու փոքր այգուն ջուղայեցիները անվանում էին Վանքի այգի[1][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Արգամ Այվազյան, Ջուղա, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան - 1984 թվական, էջ 27-28։
  2. 2,0 2,1 2,2 «Սամվել Կարապետյան, Նախիջևան քարտեզագիրք, Երևան, 2012 թվական, էջ 24։». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները, Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1986 թվական։
  4. 4,0 4,1 «Նախիջեւանում հայկական հուշարձանները վանդալիզմի են ենթարկվում» (արխիվացված
  5. Մեսրոպ Սմբատյանց, Նկարագիր Սուրբ Կարապետի վանից երնջակայ եւ շրջակայից նորա, Տփղիս, 1904, էջ 484։
  6. Կալվածագրեր և տնտեսական այլ գործարքների վերաբերյալ արխիվային վավերագրեր, պրակ 1-ին, կազմեց՝ Հար․ Աբրահամյան, Երևան, 1941, էջ 6։