Սուրբ Մակարի վանք

11-րդ դարի քրիստոնեական եկեղեցի Կիպրոսի Հանրապետության Կիրենիայի շրջանում

Սուրբ Մակարի վանք, առավել հայտնի է որպես Մակարավանք (հուն․՝ Μονή Αγίου Μακάρ), 11-րդ դարի քրիստոնեական եկեղեցի, որը գտնվում է Կիպրոսի Հանրապետության Կիրենիայի շրջանում։

Մակարավանք
Սուրբ Մակարի վանք
Μονή Αγίου Μακάρ
Մակարավանքի արևելյան կիսավեր հատվածը
Հիմնական տվյալներ
Տեսակհայ առաքելական եկեղեցի
ԵրկիրԿիպրոսի Հանրապետություն Կիպրոս
ՏեղագրությունԿիրենիա, Հյուսիսային Կիպրոս
ՏարածաշրջանԱրևելյան Միջերկրական
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Surp Magar Monastery Վիքիպահեստում

Հայ մշակութային հուշարձանի պատմական հետաքրքրությունից բացի, Սուրբ Մակարի վանքը նաև կարևոր զբոսաշրջային օբյեկտ է, որտեղից գեղատեսիլ տեսարան է բացվում դեպի Անատոլիական և Միջերկրածովյան լեռներ։ Նախկինում վանքը սերտ կապեր է ունեցել Լիբանանի Անթիլիաս քաղաքում գտնվող Կիլիկիայի հայոց կաթողիկոսության հետ։

Պատմություն

խմբագրել
 
Մակարավանքի ավերակների ընդհանուր տեսքը։ Կրոնական կառույցն ավերվել է 1974 թվականին՝ Կիպրոս ներխուժած թուրքերի կողմից։

Մակարավանքը ղպտի ուղղափառ եկեղեցու կարգավիճակով հիմնադրվել է 11-րդ դարում և նվիրված էր մ․թ․ա․ 395 թվականին վախճանված Սուրբ Մակարիոս Ալեքսանդրիացուն[1]։ Մակարավանքի ղպտիական պատմությունից մեզ ոչինչ հայտնի չէ, սակայն գրավոր ապացույցները հավաստում են այն մասին, որ 1425 թվականից ի վեր եկեղեցին ծառայել է հայ առաքելական եկեղեցու հավատացյալներին։ Հայերը Կիպրոսում հաստատվել են դեռևս հնագույն ժամանակներից, սակայն նրանց թիվը զգալիորեն աճում է 1375 թվականից սկսած։ Դա մեծապես պայմանավորված էր այն հանգամանքով, որ Կիլիկիայի համահայկական թագավորության վերջին արքա Լևոն V-ը մամլուքներից փախչելով ապաստանում է Կիպրոսում՝ Լուսինյանների արքունիքում[2]։ Լուսինյանները ունեին ֆրանսիական ծագում և իշխում էին Կիպրոսում, իսկ Հեթումյանների արքայատոհմի ժառանգական իշխանության անկումից հետո վերջիններս հաստատվել էին նաև Կիլիկիայի հայոց թագավորությունում։ Հայերի գաղթը շարունակվում է հետագա դարերում ևս՝ պայմանավորված Անատոլիայում և Կիլիկիայում հաստատված իսլամադավան երկրների վարած կրոնահալած քաղաքականությամբ։ Մակարավանքի հատկացումը հայերին, ամենայն հավանականությամբ պայմանավորված էր հենց այս իրադարձություններով, ինչպես նաև հայ համայնքի աճող կարևորությամբ։ Մակարավանքը հայ առաքելական եկեղեցու կարգավիճակը պահպանում է նաև այն ժամանակ, երբ Կիպրոսը հայտնվում է Վենետիկի հանրապետության և Օսմանյան կայսրության ազդեցության ոլորտում։ Օսմանյան ժամանակաշրջանում վանքը կոչվում էր Կապույտ վանք՝ դռների և պատուհանների կապույտ գույնի կապակցությամբ։ 1642 թվականին օսմանյան սուլթան Իբրահիմ I-ը վանական համալիրն ազատում է հարկերից։ 1660-1701 թվականներին ևս Մակարավանքը թուրքական գանձանակ հարկ չի վճարում։ 1735 թվականին Մակարավանքն առաջին անգամ վերակառուցվում է, մասնավորապես՝ բարելավվում են երկու մատուռների ենթակառուցվածքները[3]։ Իր գոյության ընթացքում Մակարավանքը քանիցս կատարել է բազում հասարակական գործառույթներ, մասնավորապես՝ կից գործել է վանական դպրոց, ինչպես նաև հյուրատուն՝ ուխտագնացների համար։ 1974 թվականի թուրքական ներխուժումից հետո վանքը դուրս է մնում հայ համայնքի վերահսկողության ոլորտից և հիմնովին ավերվում։ Այնուամենայնիվ, կիպրոսահայ համայնքը իր ուշադրության կենտրում է պահում պատմամշակութային ժառանգությունը։ 2010 թվականի գարնանը Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր Վարդգես Մահտեսյանի ջանքերով կազմակերպվում է ուխտագնացություն դեպի Մակարավանք։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Hadjilyra, Alexander-Michael (May 2009). «The Armenians of Cyprus» (PDF). Kalaydjian Foundation. Վերցված է 2010 թ․ հունիսի 29-ին.
  2. Hill, George (1948-52). A History of Cyprus, 4. vols. Cambridge: Cambridge University Press.
  3. Hadjilyra, Armenians of Cyprus, pp. 13, 26. George Jeffery, A Description of the Historic Monuments of Cyprus (Nicosia, 1918, reprint. ed. London, 1983), p. 334 records that there was a tablet over the door with an Armenian inscription and the date.